Կայացավ Newmag Winter Fest-ը
Newmag հրատարակչության գործունեության 5-ամյակն այս տարի նշանավորվեց նաև Գրքի ձմեռային երկրորդ փառատոնով։ Ընթերցասերների համար փառատոնի ընթացքում տեղի ունեցան 5 նոր գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների և ընթերցողների հետ, պանելային քննարկումներ ու գրքերի վաճառք: Հրատարակչության ամենակարևոր միջոցառումներից են ամառային և ձմեռային փառատոնները, որոնք գրքառատ տոնի են վերածվում: Փետրվարյան Winter Fest- ի ընթացքում գործակցության 5 նոր հուշագրեր կնքվեցին, կայացավ ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերան։
«Այս փառատոնը մեզ համար հանգրվանային է, փառատոնին ներկայացնում ենք մեր 100-րդ գիրքը, ընդհանուր տպագրել ենք 104 գիրք։ Դժվար է ասել` շատ է, թե քիչ, որովհետև քանակը երբեք մեզ համար ինքնանպատակ չի եղել, որակը եղել է, կա ու կլինի Newmag-ի գլխավոր չափանիշը։ Newmag-ի կրեդոն ժամանակակից գրականությունն է՝ ժամանակակից գեղարվեստական և ոչ գեղարվեստական։ Ամենայն հավանականությամբ մենք տպագրում ենք գրքեր, որոնք մարդկանց պետք են այսօր և հիմա»,- ասում է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Newmag-ի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը: Այցի նպատակը «Ռոջավա» գրքի հայերեն հրատարակությունն է: Արգենտինահայ լրագրող, գրող Մագդա Թախտաջյանը ծնվել է Բուենոս-Այրեսում, թղթակցել է մի շարք պարբերականների, իսկ 2018-ից սկսել է գրական կարիերան։ Լրագրողի և գրողի գրչին պատկանող բոլոր հերոսներին մի բան է կապում՝ հիմքում հայրենիքի, հայոց պատմության և հայ ժողովրդի մասին պատումներն ու անուրջներն են։ Պատահական չէ, որ իսպանալեզու հեղինակը Հրանտ Դինքի անվան մրցանակի դափնեկիր է, իսկ 2022 թվականից` Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
«Ես անչափ շնորհակալ եմ Newmag-ին իմ աշխատանքը հենց հայերեն թարգմանելու համար է, ինչն անչափ կարևոր է ինձ համար։ Ես Սիրիական Քրդստանի՝ Ռոջավա շրջանի քուրդ կանանց ջոկատի մասին առաջին անգամ լսել եմ 2014 թվականին և դրանից հետո մամուլն ուղղակի ողողված էր նրանց մասին նյութերով։ Գրքի հայ հերոսուհու պատմությունը զուգահեռվում է քուրդ կանանց պայքարին։ Եվ այն պատմում է սարսափելի ահաբեկիչների դեմ պայքարող քաջ կանանց մասին։ Այս պատմությունը շատ կարևոր է ցեղասպանություն ապրած հայերիս համար»,- ասում է գրողը։
Գրողն իր «Ռոջավա» գրքում պատմում է քուրդ կանանց մաքառման ու մարտունակ ոգու մասին։ Կանանց բարդ ու վտանգով լի կյանքի մասին, որոնք պայքարում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ։ Գրքում իրար են միախառնվում բարդ ապրումներն ու էմոցիոնալ ներուժը։
Ձմեռային փառատոնի ընթացքում հրատարակչությունն այս անգամ նաև անակնկալ էր պատրաստել մանկապատանեկան տարիքի ընթերցողների համար։ Յուվալ Նոյ Հարարի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գիրքը հրատարակչությունը թարգմանել է հայերեն։ Մարդկության պատմության ողջ ընթացքում մարդուն հետապնդող տարբեր հարցերի պատասխաններն այս անգամ ներկայացվել են կոմիքսների տեսքով։
«Այս գիրքը պատկերազարդ պատմություն է մեր մոլորակի մասին։ Ինչպես կա Աստվածաշունչ մանուկների համար, այսպես էլ այս պատումը կարող է դառնալ, բայց նաև մեծահասակների համար։ Ես ևս մեծ հետաքրքրասիրությամբ ուսումնասիրել եմ։ Թվում է, թե այն սեղմագիր է, որովհետև շատ արագ ես կարդում, սակայն պետք է այն ուսումնասիրել, հասկանալ, որը կդառնա երեխաների հետ կարևոր բաներից խոսելու լավ առիթ։ Այդտեղ կա նաև լավ հումոր՝ արևմտյան հումոր, որին մենք մի փոքր սովոր չենք։ Այն շատ կարևոր է՝ նախևառաջ միասին մտածելու համար»,- ասում է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
Հրատարակչությունը համագործակցության հուշագրեր է կնքել նաև այլ հրատարակչությունների հետ։ Մայր Աթոռի հետ համագործակցության արդյունքում էլ լույս կտեսնեն գրքեր քրիստոնեական հավատի մասին։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 692