«Նվիրատուներ և նվիրատվություններ. Արամ Իսաբեկյան». Համալրվեց ՀԱՊ-ի դիմանկարների հավաքածուն

Հայաստանի ազգային պատկերասրահն այսօր ունի 40 հազարից ավելի ցուցանմուշ։ Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասում է՝ հավաքածուում ընդգրկված ցուցանմուշների մեծ մասը մեզ է հասել նվիրատվություների, նվիրյալների շնորհիվ։  Նկարիչների, նրանց ժառանգների, հավաքորդների նվիրատվությունները մշտապես առանցքային դեր են ունեցել Ազգային պատկերասրահի հավաքածուի ձևավորման գործում: Այդ նվիրատվությունները հարստացնում են թանգարանի ֆոնդերն իրական գլուխգործոցներով։

Ամենասկզբում էլ պատկերասրահի հավաքածուն համալրվել է հենց նվիրատուների շնորհիվ։

Azgayin patkerasrah 1

«Երբ 1923-ին լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը դիմում է Ֆրանսիայի հայ նկարիչներին` խնդրելով ուժերի ներածին չափ օգնել թանգարանին, նրա կոչին խանդավառությամբ արձագանքում են Վ. Մախոխյանը, Զ. Զարդարյանը, Տ. Եսայանը, Ս. Խաչատրյանը, Ռ. Շիշմանյանը և ուրիշներ` պարբերաբար, մինչև 1935 թ. նվիրելով շուրջ 40 ստեղծագործություն: Առաջին տասնամյակների նվիրատու-բարերարներից են նաև նկարիչներ Մ. Սարյանը, Ե. Թադևոսյանը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Գայֆեճյանը, կոլեկցիոներներ Վ. Վահանյանը, Տ. Խան-Քելեքյանը, Վ. Քանանյանը: Թանգարանին իրենց աշխատանքներն են նվիրել անվանի ռուս նկարիչներ Ա. Բենուան, Ա. Օստոումովա-Լեբեդևան, Ե. Լանսերեն, իսկ Իսահակ Բրոդսկու շնորհիվ ռուսական արվեստի հավաքածուն հարստացել է 20-րդ դարի մեծանուն նկարիչներ Կ. Յուոնի, Բ. Գրիգորևի, Բ. Անիսֆելդի, Ի. Մալյավինի գործերով»,- նշված է պատկերասրահի կայքում։

Այսօր էլ շարունակվում է նվիրատվությունների «ավանդույթը»։

2021 թվականին  Ազգային պատկերասրահը նախաձեռնել է  «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը, որի առաջին ցուցադրությունը ներկայացնում էր Հովհաննես Այվազովսկու և նրան առնչվող հայ ծովանկարիչների ստեղծագործությունները:

Azgayin patkerasrah 1

Դեկտեմբերի 22-ին  Ազգային պատկերասրահում բացվել է այս նախագծի երկրորդ ցուցադրությունը, որը ներկայացնում է Արամ Իսաբեկյանի ստեղծագործության կարևոր մաս կազմող դիմանկարների յուրահատուկ շարքը: Մտահղացումից իրականացում ստեղծագործական ճանապարհը բացահայտող ցուցադրությունն ընդգրկում է 20-21-րդ դարերի հայ նշանավոր տարբեր գործիչների դիմանկարներ ու գրաֆիկական ճեպանկար-էսքիզներ: Ցուցադրության համադրողն է Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

«Դեռևս 2021 թվականին թանգարանում մեկնարկեց «Նվիրատուներ և նվիրատվություններ» կարևոր նախագիծը։ Ինչո՞ւ կարևոր։ Որովհետև ոչ միայն մեր թանգարանը, հայաստանյան թանգարանները, այլ աշխարհի գրեթե բոլոր թանգարանները, հատկապես պետական, համալրվում են հենց նվիրյալների, մեկենասների, ժառանգների, հեղինակների նվիրատվությունների շնորհիվ։ Եթե չլինեն այդ նվիրատվությունները, չեն լինի մեր ահռելի ու հարուստ հավաքածուները»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Մ. Հակոբյանը։

Azgayin patkerasrah 3

Նա նշեց, որ այս տարի «Նվիրատուներ և նվիրատվություններ» ցուցահանդեսը նվիրված է  Արամ Իսաբելյանին։ Հավելեց, որ սա Ա. Իսաբեկյանի առաջին նվիրատվությունը չէ թանգարանին։

«Բայց այսօրվա մեր ցուցադրությունն ընդգրկում է  խորհրդանշական հավաքածու։ Դա Արամ Իսաբեկյանի հավաքածուի կարևոր մաս կազմող դիմանկարներն են։ Ոչ պարզապես դիմանկարներ։ Պատահական չէ, որ թանգարանի  համար հենց այս հավաքածուն է ընտրված։ Դա 20-21-րդ դարերի հայ նշանավոր գործիչների, ոչ միայն մշակութային, դիմանկարների շատ կարևոր ընտրանին է»,- ասաց Մարինա Հակոբյանը։

Azgayin patkerasrah 4

Այսպես է բնութագրում Արամ Իսաբեկյանին արվեստաբան Մարինա Հակոբյանը. «Ստեղծագործական գերհագեցած և կտրուկ տրանսֆորմացիաներով բնութագրվող իր արվեստում Իսաբեկյանը դասական կանոններով ռեալիստական, մանրակրկիտ մշակվածությամբ, արտաքին նմանության և ներքին բովանդակային-կերպարաստեղծ հատկանիշների համադրմամբ առանձնացող դիմանկարներից, կոմպոզիցիաներից, ապա՝ սյուռեալիստական շեշտադրումներով պատկերումներից հասել է աշխարհի սեփական տեսողության ընդհանրացված և վերացարկված նյութականացմանը»։

Հիշելով Իսաբեկյանի խոսքերը՝ դիմանկար անելը դժվար գործ է, պետք է զգալ, ճանաչել պատկերվողի հոգին, ցուցահանդեսի համադրողն ասաց. «Այդպես էլ իրականում արվեստաբանի գործն է։ Ցուցադրությունը կազմակերպելուց առաջ հոգեբանի նման ուսումնասիրում ենք հեղինակին։ Ճիշտ այդպես՝ երկու ամիս ուսումնասիրել եմ պարոն Իսաբեկյանին՝ զրուցելով, ուսումնասիրելով հոդվածները, նյութերը»։

Azgayin patkerasrah 5

Ցուցադրությունը երկու ցուցադրատարածքից է կազմված. մեկում ամփոփված են  մեր անվանի գործիչների՝ Իսաբեկյանի ժամանակակիցների դիմանկարները՝ Արկադի Տեր-Թադևոսյան, Էդիկ Վարդանյան, Վիգեն Ղազարյան, Սահակ Պողոսյան, Փարավոն Միրզոյան,  երկրորդում՝ նկարչի հոր՝ հայտնի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի դիմանկարը։

Պատկերասրահի տնօրենի ու այս ցուցադրության համադրողի համար առանցքայինը հենց երկրորդ ցուցադրատարածքն է.

«Նկարչի հոր՝ անվանի նկարիչ Էդվարդ  Իսաբեկյանի դիմանկարն է այդտեղ և դրան վերաբերող մտահղացումից ճանապարհ ընթացքը՝ ճեպանկար-էսքիզները։ Մեր թանգարանի համար հսկայական ներդրում է ունեցել Էդվարդ Իսաբեկյանը։ Նա մոտ 20 տարի եղել է թանգարանի տնօրենը։ Այնպես որ սա, կարծես, մեզ համար շնորհակալական ցուցադրություն է, ոչ թե պարզապես ցուցահանդես»։

Azgayin patkerasrah 6

Արամ Իսաբեկյանն էլ հիշեց՝ երբ հայրը եղել է պատկերասրահի տնօրեն, հաճախ է եկել այստեղ, իր համար հարազատ օջախ է։

«20 տարի հայրս տնօրինել է։ Այդ տարիներն է կառուցվել պատկերասրահի շենքը, բացվել մասնաճյուղերը։ Երիտասարդ էի, հաճախ էի գալիս։ Հետո արդեն ընթացքը ցույց տվեց, որ Ազգային պատկերասրահը մեր բոլորի ամենակարևոր օջախն է, որտեղ հանգրվանում են մեր նկարիչների աշխատանքները,  լրացնում մեր շատ հարուստ  հավաքածուն»,- ասաց նկարիչը։

Նա ցանկանում է պատկերասրահի բոլոր հարկերը բացվեն, հնարավորինս շատ լինի ցուցադրությունը, որպեսզի բոլորը կարողանան տեսնել այն գեղեցիկ հավաքածուն, որն ունի Ազգային պատկերասրահը։ Արամ Իսաբեկյանն իր այդ ցանկությունը հնչեցրեց հենց ցուցահանդեսի բացմանը ներկա կառավարության անդամների առջև։

«Այստեղ ներկայացված իմ աշխատանքներում անվանի մարդիկ են պատկերված։ Նրանց նկարել եմ ոչ այն պատճառով, որ հայտնի մարդիկ են, այլ իմ հարազատ ընկերներն են։ Պարզապես ցանկություն էր առաջացել անպայման իրենց նկարել։ Առանձնացնեմ Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի դիմանկարը։ Փառք Աստծո, որ չտվեցի Շուշիի թանգարանին։ Այդպես էինք որոշել իրար հետ։ Հասկանում եք, թե ինչ ճակատագիր պետք է ունենար։ Հիմա իր արժանի տեղն ունի Ազգային պատերասրահում։ Դրա համար շատ ուրախ եմ, բայց տխուր եմ, որ մեզ հետ չէ»,- ասաց Արամ Իսաբեկյանը։

Ցուցադրությունը կգործի մինչև հունվարի 8-ը։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 659

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: