Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական նղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսատեսի համար պատրաստել է գեղեցիկ, տոնական համերգաշար, որը կգոհացնի երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին ու տարիքային տարբեր խմբերին:

Դեկտեմբերի 24-ին և 25-ին, ժամը՝ 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կսպասեն Ֆրենկ Սինատրայի երգերի սիրահարներին: ‹‹Ամանորը՝ Սինատրայի երգերով›› խորագրով համերգին, Ֆիլհարմոնիկի և հայ լավագույն էստրադային երգիչների կատարմամբ, կհնչեն Ֆրենկ Սինատրայի սիրված հիթերը: Դիրիժորի վահանակի մոտ կլինի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը: Քանի որ հանդիսատեսի հետաքրքրությունը շատ մեծ է այս համերգի նկատմամբ և բոլոր տոմսերը վաղուց սպառված են, համերգը կկրկնվի նաև հունվարի 14-ին և 15-ին:

filharmonik amanor1

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահն իր դռները կբացի երեխաների առջև: Ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի ‹‹Պետյան և գայլը›› սիմֆոնիկ հեքիաթը: Հեքաթասացի դերում հանդես կգա մանուկների սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանը, դիրիժոր՝ Ներսես Մկրտչյան:

filharmonik amanor2

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածեն վիեննական պարահանդեսային երաժշտության հնչյունները: Մուտքից սկսած՝ հանդիսատեսին կդիմավորեն պարահանդեսային պարային զույգերը: Դահլիճում, ‹‹Վիեննա Գալա›› խորագրով համերգային ծրագրում, կհնչեն Յոհան Շտրաուսի վալսերն ու պոլկաները, ինչպես նաև նախերգանքներ, հայտնի արիաներ ու դուետներ Կալմանի օպերետներից: Մենակատարներ՝ Լուսինե Մակարյան և Հովհաննես Անդրեասյան, դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան:

filharmonik amanor3

  • Created on .
  • Hits: 1529

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: