• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Մենք գիտակցելով գալու ենք վերածննդի․ «Վերածնվածը» ֆիլմը պետական աջակցություն ստացած կինոնախագծերի շարքում է

Մենք գիտակցելով գալու ենք վերածննդի․ «Վերածնվածը» ֆիլմը պետական աջակցություն ստացած կինոնախագծերի շարքում է

Հայաստանի ազգային կինոկենտրոնի 2021-2022 թվականների մրցույթում պետական ֆինանսավորման արժանացած ֆիլմերի ցանկում է նաև արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմը, որին հատկացվել է 40 միլիոն դրամ։

Կինոռեժիսորի խոսքով՝  պետության աջակցությունը հայկական ֆիլմերի արտադրության համար շատ կարևոր դեր ունի և օգնում է ֆիլմի հետագա առաջխաղացմանը։ Ասում է՝ հուսադրված էին, որ ֆիլմը կարող էր ստանալ աջակցությունը։

«Դա շատ ուրախալի է, որ 40 միլիոն դրամ աջակցություն ենք ստացել։ Մեր 3 ֆիլմերն էլ` «Դրախտի դարպասը», «Վերջին բնակիչը» և «Թևանիկը» աջակցություն են ստացել պետությունից։ Սա շատ կարևոր է, որ պետությունը աջակցում է հայ կինոարտադրողին։ Ունենալով այդ աջակցությունը՝ դու կարողանում ես համագործակցել միջազգային ֆոնդերի հետ։ Համատեղ արտադրության համար աշխարհի տարբեր ֆոնդերը կամ ընկերությունները պահանջում են նախ քո երկրի աջակցությունը»,- մեզ հետ զրույցում նկատեց կինոռեժիսորը։

Jivan Avetisyan2

Նրա խոսքով՝ պետությունը աջակցել է նաև կինոռեժիսորի նոր՝ «Վերածնվածը» կինոնախագծի  զարգացման փուլի, հիմա նաև արտադրական փուլի ժամանակ։ Բացի ստացած պետական աջակցությունից` ֆիլմի ստեղծման համար ֆինանսական միջոցներ են հավաքվում նաև դրամահավաքի շնորհիվ, որի ընթացքում տարբեր անհատներ, ընկերություններ կարող են դրամական աջակցություն հանգանակել ֆիլմի ստեղծման համար։

«Մեկ տարի առաջ սկսել ենք դրամարշավ ֆիլմի համար։ Տարբեր մարդկանց ներդրումների շնորհիվ հավաքվել է արդեն 120 հազար ԱՄՆ դոլար։ Սա խոսում է ոչ միայն պետության վստահության մասին մեր նկատմամբ, այլ նաև տարբեր անհատների, տարբեր ընկերությունների։ Փորձում ենք «Վերածնվածը» կինոնանախագիծը առաջ մղել։ Այս տարի նույնպես Կաննի կինոշուկայում էինք խմբով՝ ինչպես նախորդ տարիներին, արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել տարբեր ֆոնդերի ներկայացուցիչների, տարբեր պրոդուսերների, մասնավորապես, վիզուալ էֆֆեկտի աշխատանքներ իրականացնող մի քանի ընկերությունների հետ։ Նաև վաճառքի գործակալների հետ ենք հանդիպել՝ ֆիլմի հետագա վաճառքն իրականացնելու համար»,- ասաց Ավետիսյանը։

«Վերածնվածը» ֆիլմը մի քանի մարդկանց զուգահեռ պատմություն է, իսկ հերոսները իրական կյանքից վերցրած հավաքական կերպարներ են: Բոլորի պատմության հիմքում հերոսների ինքնության փնտրտուքն է, որը տանում է դեպի Արցախ: Այնտեղ կատարված դեպքերը հիմնովին քանդում, փոխում են մարդկանց ճակատագրերը: Արդեն ավարտված են ֆիլմի սցենարական աշխատանքները, սակայն այն երկու ընդհատում է ունեցել։

Jivan Avetisyan1

«Ընդհատումները եղել են կորոնավիրուսային համավարակի և 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն հիմա փորձում ենք հստակ քայլերով առաջ գնալ։ Լավ սցենար, լավ պատմություն, հետաքրքիր էլեմենտներ կան մեր ֆիլմում։ Արհեստական բանականության, գիտաֆանտաստիկ ժանրի էլեմենտներ կան, ու այդ ամենը միահյուսված է 2020 թվականի պատերազմի հետ։ Այս ֆիլմն այն մասին է, որ մենք գիտակցելով գալու ենք վերածննդի: Մենք պետք է նայենք ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս: Հասկանանք` ով ենք մենք և ինչ ենք կորցրել»,- շեշտեց արցախցի կինոռեժիսորը։

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են առաջիկայում՝ թե՛ արտերկրում, թե՛ Արցախում։ Արդեն կա հետաքրքություն տարբեր երկրների և պրոդյուսերների կողմից:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 1087

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: