• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Թանգարանների ուժը»․ այս տարի «Թանգարանային գիշեր» և «Թանագարանների միջազգային օրվա» միջոցառումներին մասնակցում են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ

«Թանգարանների ուժը»․ այս տարի «Թանգարանային գիշեր» և «Թանագարանների միջազգային օրվա» միջոցառումներին մասնակցում են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ

Մոտ 40 տարի առաջ  մարդիկ հնարավորություն ստացան տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելելու տարբեր թանգարաններ։

ֆրանսիական թանգարանների նախաձեռնությամբ մայիսի 18-ը հռչակվեց որպես Թանգարանների միջազգային օր։ Տարիների ընթացքում այդ նախաձեռնությանը միացան նաև  եվրոպական այլ երկրների թանգարաններ` մարդկանց հնարավորություն տալով ոչ միայն մեկ օր անվճար լինելու թանգարանում, այլ նաև ներկա գտնվելու տարբեր հետաքրքիր միջոցառումներին։ Թանգարանների միջազգային օրվան հաջորդող շաբաթ օրը եվրոպական թանգարանները կրկին անվճար իրենց դռները բացեցին այցելուների առաջ, այս անգամ արդեն` մինչև կեսգիշեր՝ սկիզբ դնելով «Թանգարանային գիշեր» կոչվող միջոցառմանը, որին արդեն երկար տարիներ է մասնակցում է նաև Հայաստանը։

Այս տարի Թանգարանների միջազգային օրվա ընթացքում և հետո մայիսի 21-ին անվճար սկզբունքով այցելուներին կընդունեն Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ։ Թանգարանների միջազգային օրվա խորագիրը այս տարի կրում է «Թանգարանների ուժը» խորագիրը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը այսօր «Թանգարանների միջազգային օրվան» և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ շեշտեց, որ մայիսի 18-ը նպատակ ունի արժևորելու թանգարանները՝ որպես մշակութային, կրթական և հետազոտական կարևոր հաստատություններ․ «Պետք է կարևորենք թանգարանները՝ որպես պատմական, ազգային արժեքներին հաղորդակից, ստեղծագործական ներշնչանքի կենտրոններ։ Այս տարի թանգարանները բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ են ներկայացնելու այցելուններին․ լինելու է 122 ժամանակավոր և մշտական ցուցադրություններ, 124 մշակութային միջոցառումներ, 30 կրթական ծրագրեր, 40 համերգային ծրագրեր»,- ասաց Քոչարյանը։

ԿԳՄՍ փոխնախարարը շեշտեց, որ այս ընթացքում թանգարաններին տրամադրվում են նաև դրամաշնորհներ, որի համար պետական բյուջեից հատկացվել է 50 միլիոն դրամ։ Թանգարանները մինչև հունիսի 3-ը կարող են դիմել և օգտվել այդ դրամաշնորհներից, սակայն այն չեն կարող օգտագործել կապիտակ ծախսերի համար։ Դրամաշնորհը պետք է ուղղված լինի տարբեր ծրագրերին և միջոցառումներին։  

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ ասուլիսի ընթացքում շեշտեց՝ այս տարվա խորագիրը նպատակ ունի բացահայտելու թանգարանների ներուժը․ «Բացահայտել թանգարանների ներուժը կայուն զարգացման, կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Կայուն զարգացման համատեքստում թանգարանները կարևորագույն ներդրում ունեն», - նշեց նա։

Մայիսի 18-ին «Թանգարանների միջազգային օրվա» առթիվ տարբեր միջոցառումներ էր կազմակերպել նաև «Ե. Չարենցի տուն-թանգարանը»։ ՊՈԱԿ-ի տնօրեն Ժաննա Մանուկյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ  այդ օրը թանգարանում մեկնարկել է «Չարենց. երկու հասցե» կրթական ծրագիրը, որն իրականացնում են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ: Մանուկյանը պարզաբանեց, որ հաճախ այցելուները շփոթում են թանգարանները, և ծրագիրը կնպաստի երկու թանգարանների հանրահռչակմանը: Կրթական ծրագիրը կմեկնարկի 12-ից բարձր տարիքային խմբի այցելուների համար: «Թանգարանների գիշերը» ակցիայի շրջանակում մայիսի 21-ին` 11:00-24:00-ն, բաց կլինի թանգարանի մշտական ցուցադրությունը, հետո տեղի կունենա «Ճանապարհ գրքով. Չարենց-125» ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է բանաստեղծի ծննդյան օրը՝ մարտի 13-ին: Այն Չարենցի գրադարանին ծանոթանալու, բացահայտումներ անելու հնարավորություն է տալիս:

Տուն-թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ վերջերս Կենտրոնական բանկը թողարկել է «Եղիշե Չարենց-125» ոսկե հուշադրամը, և բանկը երկու հուշադրամ կնվիրի թանգարանին, որոնցից մեկը կներկայացվի մշտական ցուցադրությունում՝ հոբելյանական անկյունում, իսկ մյուսը կհամալրի ֆոնդային պահոցը:

«Թանգարանների միջազգային օրվա» ընթացքում բոլոր թանգարանները բաց են լինում միայն աշխատանքային ժամերին։ Մայիսի 21-ին՝ «Թանգարանային գիշեր միջոցառմանը» այցելուները անվճար կարող են այցելել թանգարաններ ժամը 11։00-ից մինչև 24։00։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 2503

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: