Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 19-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որն անցկացվելու է մայիսի 17-ից 20-ը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնեց՝ «Նվագախումբը ստացել է հրավեր` մասնակցելու կամերային նվագախմբի միջազգային փառատոնին Մոսկվայում, որը նվիրված է «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի 30-ամյակին: Այս փառատոնը համընկել է նաև Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական  հարաբերությունների 30-ամյակի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակի հետ»,- ասաց նա:

Նվագախումբը նախ դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես կգա համերգով՝ կատարելով հայ և օտարազգի հանրահայտ հեղինակների ստեղծագործություններ: Այդ օրը որպես մենակատար ելույթ կունենա դաշնակահար Սոնա Բարսեղյանը: Մայիսի 19-ին  հինգ կամերային նվագախմբեր կնվագեն միասին, նրանց դիրիժորը կլինի փառատոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմենտը: «Մեզ հետ հանդես են գալու չորս նվագախմբեր՝ «Մոսկվայի մենակատարներ» նվագախումբը, Ուզբեկստանի, Նիժնի Նովգորոդի և Նովոսիբիրսկի կամերային նվագախմբերը»,- ասուլիսի ընթացքում ասաց Բաբուրյանը:

Ըստ նրա՝ նման փառատոներին մասնակցությունը շատ կարևոր է և մեծ փորձ է Հայաստանի կամերային նվագախմբի համար: Նա նշեց, որ նմանատիպ փառատոները նպաստում են կամերային նվագախմբի զարգացմանը և օգնում աշխարհին ներկայացնել հայկական երաժշտությունը:

Դիրիժոր Անտոն Շաբուրովն էլ ասուլիսի ժամանակ, կիսվելով իր կարծիքներով նվագախմբի վերաբերյալ, ասաց, որ հիացած է նվագախմբով. «Նվագախմբի հետ ծանոթացել եմ դեռ հոկտեմբերին: Արդեն փորձեր ենք կազամակերպում և անցկացնում: Նվագախումբը կարողանում է գործիքներին տիրապետել և ցանկանում է անել դա: Կան նվագախմբեր, որոնք կարող են նվագել, սակայն չեն ցանկանում, կան, որ ցանկանում են նվագել, սակայն չունեն համապատասխան հնարավորություններ: Երբ ես ինչ-որ բաներ եմ առաջարկում, նրանք շատ ջերմ են ընդունում ու կարողանում ենք գտնել ու հասկանալ միմյանց լեզուն»,- նշեց նա:

Շաբուրովի խոսքով՝ կարևոր է հատկապես այն, որ նվագախմբի այն երաժիշտները, որոնք ժամանակին հնարավորություն են ունեցել կատարել հենց Էդվարդ Միրզոյանի ներկայությամբ  նրա` Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը, դիրիժորի հետ քննարկում ու դրական են ընդունում երաժշտության վերաբերյալ նրա մոտեցումներն ու հայացքները, ինչի արդյունքում այն նոր գույներ է ստանում:

Նվագախմբի՝ փառատոնին մասնակցությանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Փառատոնից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 30-ին համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ համագործակցելով իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ: Կներկայացնեն «Բիթլսի» և Ֆրենկ Սինատրայի լավագույն ստեղծագործությունները, որոնց գործիքավորումն իրականացրել է իտալացի տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին: Կլինեն համագործակցություններ նաև այլ երաժիշտների և կոմպոզիտորների հետ:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 1008

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: