Երևան գալիս ասես տուն եմ գալիս. Օլեսյա Պետրովա
Փետրվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում երաժշտասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Մալերի թիվ 2 «Հարություն» սիմֆոնիան` գրված նվագախմբի և երգչախմբի մեծ կազմերի և երկու մենակատարների համար : Հայաստանի ազգային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան) կատարմամբ հնչած խոհափիլիսոփայական սիմֆոնիայի մենակատարներն էին գերմանաբնակ հայազգի երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանը և մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովան:
«Առաջին անգամ Հայֆիլհարմոնիայի հետ բեմ բարձրացա 17 տարեկանում Արամ Խաչատրյան համերգասրահում. շատ լավ եմ հիշում այդ օրը: Ես անկեղծորեն սիրում եմ այստեղի մարդկանց, աշխատողներին, նրանք ինձ հոգեհարազատ են: Սիրելի մարդկանց հետ համատեղ աշխատանքի արդյունքն էլ սա է` «Հարության» նման գործը, որովհետև մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ունենք այդ հոգևոր հարության կարիքը»,- ասաց Ռուզան Մանթաշյանը: Հաջորդ համերգին էլ, որը կլինի մարտին, Մանթաշյանը կերգի 4-րդ սիմֆոնիան՝ Էդուրադ Թոփչայնի հրավերով:
«Շատ եմ սիրում Մալերին, երգել եմ նրա գրեթե բոլոր սիմֆոնիաները, երրորդ անգամ է, որ երգում եմ նրա 2-րդ սիմֆոնիան: Երջանիկ եմ, որ մաեստրո Թոփչյանից ստացա այս հրավերը, նվագախումբն ուղղակի հրաշալի է: Մաեստրոյի խոսքով՝ ես արդեն մի քիչ հայուհի եմ և Երևան գալիս ասես տուն եմ գալիս»,- ընդգծում է Օլեսյա Պետրովան:
Ոչ այնքան հաճախ կատարվող սիմփոնիայի գնահատականն էին հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները և ներկաների հիացմունքի խոսքերը:
Նատալի Մկրտչյան
- Created on .
- Hits: 3666