«ԱՐԱՐԱՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ». ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ապրիլի 25-ին «Լոֆթ» կենտրոնում կայացավ իսպանացի գրող Մարկ Մորտեի «Արարատի զավակները» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև հեղինակը, ով Հայաստան է ժամանել «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակներում: Սա Մորտեի ութերորդ այցն է Հայաստան: Կովկաս կատարած ճամփորդության ժամանակ մոտ մեկուկես ամիս ապրել է Երևանում: Դրանից հետո էլ բազմիցս այցելել է և՛ աշխատանքի բերումով, և՛ արձակուրդներն անցկացնելու նպատակով: Այս անգամ Մորտեն մեր երկիր է ժամանել՝ կարևորելով Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումները:
Մարկ Մորտեի հեղինակած գիրքը անդրադարձ է Հայոց ցեղասպանության թեմային: Լույս է տեսել իսպաներենով (այժմ թարգմանիչ Հակոբ Սիմոնյանը զբաղվում է գրքի հայերեն թարգմանությամբ, որը պատրաստ կլինի մինչև տարեվերջ):
Իսպանացի գրողն ասում է՝ թեմայից անտեղյակները շատ են թե՛ Իսպանիայում, թե՛ Թուրքիայում. «Իսպանիայում գիտեն, օրինակ, Կամբոջայի դեպքերի մասին, քանի որ դրանք վերջերս են եղել, բայց Հայոց ցեղասպանության մասին տեղյակ չեն, քանի որ դա եղել է վաղուց և լավ չի լուսաբանվել: Թուրքիայում էլ կա հանրության երկու մաս՝ մարդիկ, ովքեր հերքում են ցեղասպանությունը, որովհետև այդպես է ասում կառավարությունը, կա նաև մարդկանց մի ստվար զանգված, ովքեր ուղղակի անտեղյակ են: Նրանք ոչ դպրոցում են ծանոթանում թեմային, ոչ էլ մեկ այլ հաստատությունում: Քանի որ Ստամբուլում եմ ապրել, ունեմ նաև թուրք ընկերներ: Նրանցից շատերն ինձ խնդրում են պատմել այդ տարիների իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ոչինչ չգիտեն»,- պատմում է Մարկ Մորտեն:
Մորտեն հույս ունի մյուս այցի ժամանակ Հայաստանը տեսնել մի քանի քայլ առաջ, քանի որ կարծում է՝ անցյալի հետ հարցերը պետք է պարզել. «Տեսնում եմ, թե ինչպես են հայերը վերապրում իրենց ցավը, վերքերը դեռ բուժված չեն: Մարդիկ ներկայում ապրում են անցյալով, բայց անցյալը չպետք է բեռ դառնա և չթողնի ապրել ներկայով ու գնալ դեպի ապագան: Թուրքիան նույնպես, մերժելով անցյալի փաստերը, մնում է անցյալում. եթե ընդունի դրանք, մի քայլ առաջ կգնա»:
Մարկ Մորտեն լուսանկարիչ-լրագրող է։ Մորտեի առաջին գիրքը՝ «Մետաքսի ճանապարհի կորսված անուրջները» (2003 թ.), ներկայացնում է Մետաքսի ճանապարհին ճամփորդությունից ստացած նրա տպավորությունները։ Միջին Արևելքի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի մասին ճանապարհորդական և քաղաքական հոդվածների հեղինակ Մարկը երկար տարիներ ապրել է Ստամբուլում: Տարածաշրջանն ավելի լավ ճանաչելու համար ճանապարհորդել է Թուրքիայում և հարևան երկրներում։ Ավելի քան մեկ տարի Կովկասում ապրելու արդյունքում Մարկ Մորտեն գրել է Հայոց ցեղասպանության մասին «Արարարտի զավակները» վեպը:
Մարկ Մորտեի հետ հանդիպումը կայացավ «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի (ապրիլի 20-29) շրջանակներում:
Փառատոնն անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպութունը: «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3360