ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողովը:
Հանրապետական գիտաժողովը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
Մինչ ելույթները գիտաժողովի մասնակիցները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև մասնակիցներին ողջունեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և Ուսանողական գիտական ընկերության նախագահ Միքայել Մալխասյանը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ԵՊՀ-ի կողմից իրականացվող միջոցառումները բավականին բազմաբնույթ են ու բազմաբովանդակ: Մի քանի տասնյակ միջոցառումների շարքում շատ է կարևորվում երիտասարդական այս գիտաժողովը, քանի որ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողների սերնդափոխությունը մեր բոլորի խնդիրն է: Ուստի նմանօրինակ գիտաժողովները մեծ ներդրում ունեն երիտասարդ գիտնականների կայացման գործում»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը և բարի երթ մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:
«Նմանաբնույթ միջոցառումները շատ կարևոր հանգրվաններ են Հայոց ցեղասպանության պահանջատիրական, ճանաչման, դատապարտման և հատուցման խնդիրները վերհանելու համար»,- ասաց նիստը նախագահող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Գիտաժողովն ացկացվում է 3 նիստերով՝ «Հայոց ցեղասպանության իրավական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները», «Հայոց ցեղասպանության անդրադարձը մամուլի և գրականության մեջ» և «Հայոց ցեղասպանության պատմական հիմնախնդիրները»:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Մանուկ Թովմասյանի զեկուցումն էլ վերաբերում էր ամերիկացի հայտնի տեսաբան Գրեգորի Ստենտոնի՝ Հայոց ցեղասպանության տեսությանը, որը նշանավորվել է հեղինակի կողմից առաջ քաշած ութ փուլերով:
Բանախոսների հիմնական մասն անդրադարձել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործին, որը լուրջ ազդեցություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացների վրա:
Հանրապետական երիտասարդական գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության, փիլիսոփայության և հոգեբանության, ռոմանագերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, հայ բանասիրության, սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի, պատմության, ռուս բանասիրության ֆակուլտետների, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ուսանողները, ինչպես նաև ասպիրանտները:
Մասնակիցներ կային նաև այլ բուհերից՝ Վանաձորի պետական համալսարանից, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից:
Հավելենք, որ գիտաժողովում ներկայացված զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:
- Created on .
- Hits: 3246