«Տառեր քարերին». ժողովածու, որ խոսում է երկու լեզվով

    «…Երկրները, ազգերը, լեզուները ունեն, ի սկզբանե ունեն մի անօտարելի պատվախնդրություն, որ իրենք ամուլ չմնան, որ իրենք իրենց պսակեն կուլտուրայով, մշակույթով: Լեզուն պետք է չլռի, լեզուն պետք է գեղարվեստանա, մի բան դառնա, որպեսզի ուրիշ լեզուների մեջ կարողանա բլբլալ, խոսել, ասել, իմաստավորել: Ժամանակը նույնպես էդ պատվախնդրությունը ունի: Չի ուզում ինքը անապատ մնալ»:
Հրանտ Մաթևոսյան, Բանի աշխարհը
 
    Բազմալեզու ժողովածուները մի առավելություն ունեն՝ միաժամանակ խոսում են մի քանի լեզուներով: «Տառեր քարերին» պոեզիայի ժողովածուն հայերեն և ռուսերեն է սահուն խոսում: Այն համախմբել է 22 հայ և 22 ռուսագիր՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հեղինակների երկեր՝ միաժամանակ հայերեն և ռուսերեն: Գրքում կարելի է ոչ միայն մեր կողքին ապրող հեղինակների կարդալ, այլև գրականության մեջ իրենց անհերքելի հետագիծը թողած բանաստեղծների (Պարույր Սևակ, Համո Սահյան, Հովհաննես Գրիգորյան, Սլավիկ Չիլոյան...) նոր թարգմանություններ:
   Ինչպես խոստովանում են ժողովածուն կազմողները՝ բանաստեղծներ Վիկա Չեմբարցևան, Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, Գևորգ Գիլանցն ու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, գիրքը խելագար մի մտահղացում էր, և մեկմեկու ներկայացնելու գաղափարի շուրջ համախմբված հեղինակներն ու թարգմանիչները չէին էլ պատկերացնի, որ այն մի օր գիրք կդառնա: Ժողովածուն լույս է տեսել ռուսական և հայկական կողմերի աջակցությամբ:
   Գիրքը հրատարակվել է ՌԴ-ում: Սա, ինչպես նշեց Դավիթ Մաթևոսյանը, կհեշտացնի գրքի տարածումը ռուսալեզու շրջանակներում: Ո´չ գրքի խորագիրը, ո´չ էլ ձևավորումը (Մինաս Ավետիսյանի կտավներն են) պատահական չեն ընտրված. «Ավելի ուշ էլ պիտի գար միտքը՝ այս ժողովածուն «Տառեր քարերին» կոչել: Քանի որ Հայաստանը քարերի երկիր է: Քանի որ քանդված անծայրածիր կայսրության քարերից մենք շարունակում ենք կամուրջներ կառուցել դեպի կորսված ափերը: Եվ բանաստեղծի քարը տառն է, բառն է, լեզուն է»,- գրքի առաջաբանում գրում է բանաստեղծուհի Վիկա Չեմբարցևան:  

                                                                                                                           Ռուզաննա Ոսկանյան
  • Created on .
  • Hits: 3027

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: