Ընթերցելով ազատագրվեցին

    «Ընթերցելով կարելի է և՛ ազատագրել, և՛ ազատագրվել»,- ապրիլի 20-ին Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում տեղի ունեցած գրական ընթերցումների սկզբում նշեց միջոցառման համադրող, արձակագիր Նառա Վարդանյանը:
    Ժամանակակից գրողների հետ հանդիպումը կրում էր «Ընթերցելով ազատագրել» խորագիրը, և կազմակերպվել էր Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոնի շրջանակներում: Փառատոնի նպատակը նոր տաղանդների հայտնաբերումն ու քաջալերումն է, նրանց հասարակությանը ներկայացնելու համարձակությունը: «Ստեղծագործողը նման է հրաշագործի, ով հազարամյակներ շարունակ պայքար է մղում զավթված ժամանակն ազատագրելու համար»,- նշված է փառատոնի ծրագրում: 
    Նառա Վարդանյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, անցկացման կարգը, հեղինակներին. «Ես կկարդամ հեղինակի անունը, հետո իր գործից մի հատված և կհրավիրեմ այստեղ` իրեն ազատագրած գործը կարդալու: Հատվածներն ինքս եմ ընտրել, կապ չունի՝ այսօր ընթերցվելիք գործից են, թե ոչ: Կարծում եմ՝ հաճելի զգացողություն է գրողի համար ուրիշից լսել իր գրած տողը: Ինձ համար, համենայն դեպս, հաճելի է եղել»,- ասաց նա:
   Ապա ժամանակակից բանաստեղծներն ու արձակագիրները սկսեցին ընթերցել իրենց գործերը: Նրանք ընթերցեցին հին ու նոր գործեր, տպագրված և անտիպ: Հանդիպումն անցավ գրական ջերմ մթնոլորտում:
Ընթերցելով ազատագրվել էին փորձում Էդուարդ Հարենցը, Հովհաննես Թեքգյոզյանը, Լուսինե Եղյանը, Մանե Գրիգորյանը, Արամ Պաչյանը, Արամ Մամիկոնյանը, Աշոտ Գաբրիելյանը, Թոնդրակը, Մհեր Արշակյանը, Նանորը, Սաքո Արյանը, Նշան Աբասեանը, Անահիտ Հայրապետյանը, Կարեն Անտաշյանը, Հայգն ու Հասմիկ Սիմոնյանը: Այն փաստը, որ Հովհաննես Իշխանյանը ներկա չէր հանդիպմանը չխանգարեց լսել նաև նրան: Նորարությունը օգնության հասավ. Իշխանյանի գործը հանդիսատեսին ներկայացվեց ձայնագրության միջոցով:
    Հանդիպումը ևս մեկ անգամ առիթ ստեղծեց մտածելու,որ ընթերցանությանը ոչինչ չի կարող փոխարինել, որքան էլ մեր կյանքում շատ լինեն ամեն տեսակի նորարարությունները:
                                                                                                                             Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2785

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: