Ուրուագիծ դիմանկարի համար. Թլկանտիցի (Յովհաննէս Յարութիւնեան )
Խարբերդ, 1860-1915
Խարբերդի շրջանի Թիլ Կաթի գյուղի անունը արևմտահայ գրականության պատմության մեջ նշանավորվեց Թլկատինցու երևումով․ սա ամենևին էլ ծածկանուն չի կարելի համարել, այլ գրողը ինքզինք իրավունք է վերապահել հավերժացնելու իր բնիկ որտեղացի լինելը, առ իր ծննդավայր ունեցած խորագույն սերո եւ նվիրվածության հիշատակման նպատակով։
Խարբերդի Սմբատյան վարժարանում ծնողազուրկ պատանին կրթություն ստանալլուց հետո 1884 թ․ նշանակվել է նույն վարժարանի ուսուցիչ, այնուհետև աշխատել է Խարբերդի Կեդրոնական վարժարանում։
Թլկատինցու գրական նորամուտը ողջունել է Արփիար Արփիարյանը 1893 թ․ իր խմաբագրած «Հայրենիք» օրաթերթում՝ հրատարակելով «Գյուղական նամակներ» շարքը, ինչպես նաև գյուղն ու հողագործի բնանկարային ճշգրտությամբ ներկայացվող հոգեբանական այլազան վիճակներ,- միջանկյալ նշենք, որ արևմտահայ գյուղագիրների կամ գյուղական ողջ մթնոլորտը վերամարմնավորողների՝ Թլատինցու, Առանձարի, Մշո Գեղամի, Հրանդի և մյուս գրողների գյուղապատկերումներում։ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արեւմտահայ գավառը իր անկրկնելի անկորնչելիությամբ հիրավի մեր պատմական հիշողողության մեջ կարոտի զգացումներ են արթնացնում, այստեղից՝ կարոտի գրականություն անվանումն են ստացել, որը հետագա տարիներին զարգացում ունեցան արդեն տեղանքային նշանակությամբ, հանձին՝ Հակոբ Մնձուրու, Համաստեղի, և այլոց, որոնց երկերում միշտ ակնհայտ է գյուղական աշխարհի ողջ համապատկերը՝ «Ցաւն հաճոյքին ու հաճոյքները ցաւին» բանաստեղծի արտահայտած գերզգայուն, թվացյալ առօրյականություն, բայց իրականում հավերժի միտող նվիրականություն արթնացնող հոգեպոռթկումներով, որ ցայսօր իր ազդեցությունը թողնում է ընթերցողի վրա Երկիր դրախտավայրի կորուստի գիտակցումն ապրելիս․․․
Ընդհանրապես, Թլկատինցու նորավեպերում, հրապարակագրական պատումներում չափազանց ակներև է 1877-1878թ․թ․ ռուս-թուրքական պատերազմի թողած ավերածությունները, որոնք Արևմտյան Հայաստանում քաղաքական, ընկերային կյանքում աննկարագրելի իրավիճակ էին ստեղծել․ «Գլխուդ ջուր դիր» /1896, «Գեղի նամակներ» /1892/ շարքերում արևմտահայ գյուղացու,- Հակոբ Օշականի բնորոշմամբ պարզ մարդու»,- հոգեվիճակի ողբերգականությունը, մանավանդ 1894-96 թվականների կոտորածների արձագանքներն են անլռելիորեն լսելի․․․
Թլկատինցին աշխատակցելով ժամանակի պոլսահայ մամուլին /«Հայրենիք», «Մասիս», «Արևելյան մամուլ»/ նաև «ժամանակի մը շունչ ու ոգին զգացած» անկարող էր, ինչպես սակավ գրողներ, չդիմել դրամատիկական ժանրին, որտեղ տեսանելի ներկայություն կար իր ապրած միջավայրի․ և բոլորովին այլ գեղագիտություն ու փիլիսոփայական ընկալում էր տիրում՝ հատկապես մարդոց հոգեբանությունը բացահայտելու իմաստով։ Այդ թատերախաղերից «Ո՞ր մէկուն ետեւէն», «Ճամբորդն ու ճամբորդները», «Կտակը», ներկայացնում էին մարդկային բարքերի այնպիսի մի աշխարհ, որ մինչ այդ արևմտահայ դրամատուրգիային տեսարանների կառուցման և երկխոսությունների առումով՝ «անծանոթ էր»։ Այնպես որ ամենևին չպետք է սահմանափակվել Թլկատինցու գյուղագրական արձակի տիրույթներում՝ նրան ներկայացնելով գավառի տարեգիր։ Ընդհանուր առմամբ Թլկատինցու գրական ժառանգության ամենահմուտ մեկնաբանը՝ Արշակ Չոպանյանը «Թլկատինցին ու իր գործը» ընդարձակ առաջաբանով հրատարակել է գրողի ժողովածուն /1927/, որտեղ մեկտեղված են ժամանակագրություններ, նորավեպեր, թատերգություններ, գեղարվեստական նամակներ ։
․․․Որքան աննկարագրելի, նույնքան ավելի քան ողբերգական վախճան է ունեցել Թլկատինցին, անհամեմատելիորեն տարբեր մեր մյուս եղեռնավախճան գրողներից։ Անագորույն 1915 թվականին ջարդարարների մի խումբ թաքստոցից հայտնաբերում է ողջ ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին և անպատմելի դաժանությամբ սպանում։ Այսպիսով սպանվում է ոչ միայն գրողը, այլև ժամանակաշրջանի Տարեգրությունը ընդհանրապես, արևմտահայոց ապրած անագորույն պատմության արյունաթաթախ էջերով լեցուն, որը առկա է Թլկատինցու ստեղծագործություններում։
Արթուր Անդրանիկեան
WhatsApp +374 91 423 159