Արթուր Անդրանիկեան․ Ւրականութենէն կու գայ․ տխուր է - 1

Փորձագրութիւն

Վերջերս տեղեկացա որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հրահանգ է իջեցվել․ հանրակրթական դպրոցների աշակերտները ուսումնառության ընթացքում պետք է․․․․ էսսե գրեն։ Այսինքն՝ փարձագրություն՝ արեւմտահայերեն բանաձեւմամբ։ Արեւելահայ գրականությունը բնավ էսսեագրության ավանդույթներ չունի եւ արեւելահայ գրականությանը բնորոշ ժանր չէ։ Այն առավելապես բնորոշ է արեւմտահայ-սփյուռքյան գրականությանը։ Այդ պատճառով էսսե բառի համարժէքը փորձագրությունն է ապացույցն  ու հիմնավորումը վերոհիշյալի։

Էսսե-փորձագրությունը ենթադրում է որոշակի կենսափորձ, եթե ոչ՝ կենսափիլիսոփայություն, թե ինչ փորձառություն պետք է ունենան պատանիները, կյանքի ինչ անցած ուղի, գիտելիքների ինչ պաշար․․․ սա արդեն աներեւակայությունից դուրս է, թե՞ եվրոպական կրթահամակարգը կուրորեն ընդօրինակելու պարտադրանք՝ ստանձնած անիրագործելի պարտաւորութիո՞ւն։

Դժվար չէ «փորձարկել» հետեւյալը․ հանձնարարել ավագ դպրոցի մի շարք օրինակելի աշակերտների որեւէ թեմայով գրել էսսե՝ ըստ էության շարադրություն եւ ստեղծել հանձնախումբ՝ ստուգելու համար նրանց գրական, այո, գրական, քերականական,- ինչ որ չափազանց անհրաժեշտ է,- իմացական մակարդակը։ Այս պարագային միայն պարզ կդառնա էսսե գրել «կարողանալու» նրանց ունակությունները։ Ավելին, գրական որոշակի հմտություն ունենալը նույնիսկ բավարար չէ հաղթահարելու էսսեագրության «պատնեշները», ինչ որ մեր,- արեւելահայ,- ավագ եւ հետագա սերնդի գրողներին չի հաջողվել՝ առավելապես «ստացվել» են արձակ բանաստեղծություններ կամ գրական-նկարագրական պատումներ։ Իսկ արեւմտահայ-սփյուռքյան գրողների կողմից «արդարացվել է» ոչ թե միայն կենսափորձի առկայությամբ, այլ արեւմտաեվրոպական ավանդույթների իմացական ընկալման շնորհիվ։

Երբեմն իրարու կամ ․․․ իրերու հետ տարուած մարդիկ կը դժգոհին իրականութէնէն՝ ուր կ՛ապրին․ պատճառը հոս կրնանք արձանագրել, պատճառները իրենք ալ չեն գիտէր, միայն կ՛ըսէն, թէ ժամանակներն են վայր ի վերոյ, իսկ կարելի՞ բան է անմասն մնալ ժամանակներէն, ուր կ՛ապրին․․․

Հոգւոյ ժամանակներ․․․ Երբըւնէ՞ կը համարուի՝ ՄԹԱ՝ Քրիոստոսի ծննդէն առաջ, թէ՞ յետ Քրիստոսեան շրջանէն սկսեալ։ Շեշտ տարբերութիւն մը կա՞յ հրամցուելիք յոխորդ սնափառութեան սերունդներուն, զորս տակաւին հիւըծող ասպարէզի մը մէջ շրջափակ կը յիշեն պատմութեան «մագաղաթեայ» դրուագներու հերոսացումն։ Պարզ է, ասիկայ ճշմարտութեան կը կարօտի ու այնքան ալ ժառանգուած չէ՝ անվաւէր ըլլալով։ Կ՛անցնիմ․․․ Բայց, անցնի՞նք, երբ տարիներէ ի վեր քունի մը մէջ ընկողմուած պատմագէտները կեդրոնացած են ու ազգային բարոյականին շուքին տակ կը փնտռեն․․․ իրենք ալ չեն գիտէր,- գուցէ եւ չգիտնալով, բայց անյագուրդ մոլուցքով մը,- պատմութեան բեմերէն հեռացած նախնիներու մոռցուած ստուերները․ Փարաճանովի գտած ատեն անօրինակ մթնոլորտ մը կը տիրէր․ եւ մարդիկը՝ հիացած, հիասթափ խնկարկած էին․ այդպէս ալ կ՛ըլլայ, եւ վերազգային նշանակութիւն կ՛ունենայ ազգային սնապարծութեան ամէն նկրտում։

Կը կարծէք ուրացու՞մ կը հոտի այս բոլոր հասկցուած կամ չհասկցուած «գաղտնիքներու» ընդմէջէն, գաղտնագրուած ազգային պատմութեան մը ելեւէջող յորձանքներէն ի վեր։ Տամկցող խաւարի՞ կը հանդիպինք ու երեւոյթներու դժգունութեան «սաւառնումէն» կը շլմորի՞նք, երբոր անյայտ մնացած են խորունկ փոսեր, թերեւս փոսորակներ՝ ուրկէ այսօրուան լուսարձակի տակ չի նշմարուիր, թէ ինչպէս կրնանք թելադրական դարձներ մեր բաղձանքները՝ զրկուած չըլլալու համար մեր ունայն հերոսապատումէն․ թէ՞ «որովհետեւ կ՛ապրինք, կը տառապինք, կը ստեղծենք երազային ոլորտի մը մէջ», որ գայ, բայց հեռաւորապէս անդին է եւ բնաւ  զանցառութիւն չի պահանջէր, վասնզի զառածումներու տեղի տուած է՝ տարապայման։

Միայն մեր չգիտնալիքէն ու գիտնալիքէն եթէ խուսափած ըլլայինք դարերէ ի վեր մեր սողացող արիւնը չէինք նուիաբերէր տկարութիւն չզգալով․ նուիրաբերութեան խորհուրդին հաւատ ընծայելով,- ինքնութեան փնտռտուքը տակաւին կը շարունակուի․․․ Կոտոյին սպասելն ալ ազգային դարձուցած ենք՝ անդիմադրելի շքթան՞նք, թէ՞ շքեղութիւն։

Ինքնաճանաչումէ զուրկ ըլլալը կամ զրկուիլը կամէութիւն չի նշանակէր, երբ գիտենք մեր պատմութեան նախաբանը գրած ատեն իսկ չենք կարդացած, այլ միայն արտաքին հմայքով մը տարուած՝ խոհունակ արտաբերած ենք մեր մտասեւեռ հայեացքները՝ հաւատալով մեր ճակատագրապաշտ ըլլալուն, արդարացնելով զայն, այլոց յորդորանքով․ կախարդուածութիւն մը՝ ինքզինքնիս գոտեւորող․ ինքնալլկման աստիճան; Ասկէ վեր միայն ունայն երազանքներ․ իրականութիւնը հեռու կը գտնուի երազանքներէ ու երազամոյն ըլլալն ալ չի պատշաճիր ցանկացած ազգի մը եւ բանաստեղծներու ազգն ալ միշտ գոց վարագոյրին առջեւ կը մնայ՝ չսթափած, տմոյն հաւատալիքներ ժառանգած ու չես գիտէր ուրկէ իրականութենէն քաղուած ոչ մէկ հաւատընծայ պատգամ՝ ստեղծագործ հոգերէն փրցուած եւ ասիկա ամենեւին պատահական չէ՝ ի պատասխան իրականութեան հարցումներու, որ միայն իրականութենէն կու գայ՝ կը թլպատուի նախանձախնդրութեամբ մը, զոր կը կոչուի․․․ «Համամարդկային»։

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

WhatsApp +374 91 423 159

208
Ապրիլ 17, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: