Ուրվագիծ դիմանկարի համար․ Թամար Տասնապետեան

․․․սկզբնապես,- ինչպես այս հույժ առանձնահատուկ գոնե ինձ համար ոգեսնող,- դիմանկարը ուրվագծելիս․․․ «Հաւատով խոստովանիմ», որ Թամար Տասնապետեանին Երևանում, թե Բեյրութում հանդիպելիս միշտ ունեցել եմ այն  զգայնացունց զգացողությունը, որ ինքը ․․․ «մեզմէ հեռու կ՛ապրի ու մենք տակաւին չենք գիտեր գնահատել զինքը»։

 Այս տողերը ինքնաբերաբար արևմտահայերեն մտահղացա՝ ինձնից անկախ, և չգիտես թե ինչ ներքին ճշմարտորոշ հորդորով, միևնույն ժամանակ գիտեմ․ մի պահ պատկերացրի ամոթխածությամբ շղարշված իր դեմքը՝ կարծես թե զորում էր  ի դիմաց իմ՝ առ իր տքնաջան գիտական վաստակն ունեցեած սքանչացումի՝ մեղմաշուք, նույնիսկ բռնազբոսիկ ասել․ «Ի՞նչ ըրած եմ»։

Հիմա նաև գլխահակ, խոնարհուն հայացքն եմ տեսնում․․․․ այս տողերը եթե Թամարը կարդա, առավելս կշիկնի, ինչ որ իր «Թող գործը խօսի» սկզբունքի առհավատչյան է։ Բայց Թամար Տասնապետյանի «Ինչ ըրած եմ» խոսքը երեսուն և ավելի տարիների նրա հայ հին և միջնադարյան աստվածաբանական գրականության ուսումնասիրությունների ոլորտում է․ առանց խուսափելու կարող եմ ասել հայրաբանական գրականության այն եզակի և տեսողունակ բանասերներից է։ Ինձ և որևէ մեկին գրեթե անհայտ՝ նրա հեղինակած ուսումնասիրությունների ճշգրիտ թիվը,- կարծում եմ հարյուրն անց,- հայտնի չէ, միով բանիվ Մխիթարյան հայրերի զտարյուն ժառանգորդ-դուստրը, աներկբայորեն կարելի է համարել Թամար Տասնապետեանին՝ սերված Տասնապետեանների զարմից․ մեծ հայրը՝ Եդուարդ Տասնապետեանը բանիբուն լեզվագետ-ուսուցչապետ, հայրը՝ Հրաչ Տասնապետեանը ազգային կուսակցական համբավավոր գործիչ, պատմագետ, քույրը՝ Շուշիկ Տասնապետեանը՝ բանաստեղծ, գրադատ․․․

Այս հպանցիկ նշումով Թամարի ազնվատոհմության նշանակալիությունը շեշտադրելուն չէր միտված, այլ թե ինչ միջավայրում է թրծվել, ոգեղինացել նրա գիտական կերպարը, այո, զուտ գիտական կերպարն ու կերպընկալումը։ Նրա մարդկային կերպարը, կերպարային բնութագրումն իմ ուժերից չափազանց վեր է, քանզի նրան այս առումով ճանաչելը գրեթե ․․․ երևակայության ոլորտից է, եթե մեկ բառով բնորոշենք՝ կենցաղազերծ, առ առօրյան, շրջակա միջավայրը և ընդհանրապես իրականությունը ունեցած նրա անթաքույց,- որքան էլ զարմանալի թվա,- անհետաքրքրությունը չափազանց  բնական է, ըստ այդմ՝ հույժ և նշանակալից գիտական։

Ամեն առօրեականից դուրս ու խորաթափանցորեն իր, միմիայն իր ինքնօրինակ աշխարհն ունեցած հետաքրքրությունները, ավելին՝ պրպտումները Թամարի էության անբաժանելի մասն են, հետևանքը՝ իրապես այն  գիտական անտարակուսելի հեղաշրջումները, որոնք ընդգծյալ նկատելի են հայրաբանական գրականության մեջ նրա ունեցած վաստակի․ ահավասիկ այն ուսումնասիրությունների ոչ լրիվ ցանկը․ «Մարիամ Աստուածամայր․ Լոյս եւ աշխարհ» /1991/, Գրիգոր Նարեկացի․ «Ներբող Աստուածածին» /1991/, «Հայ Հայրաբանութիւնը»՛ /1994/, Մովսէս Խորենացի «Պատմութիւն սրբոււհւոյն Աստուածածնի եւ պատկեր նորա․ քննական բնագիր» /1994/, «Մարիամին աղջիկները․ քրիստոնէական աւանդութիւն եւ ֆեմինիստ աստուածաբանութիւն» /2004/ և այլն։

Թամար Տասնապետեանի գիտական-աստվածաբանական և ընդհանրապես Հայ եկեղեցվո պատմությանը, մշակույթին վերաբերղ ուսումնասիրությունների շրջանակը անընդգրկելի է ու բազմաշերտ։  Ավելին, ֆրանսերեն գրված նրա տեսաբանական հոդվածները տարիներ շարունակ հրատարակվել են եվրոպական հանդեսներում, առանձին ժողովածուներում, բայց, այնուամենայնիվ մեր «ուրվագծային» նպատակը բանասեր-հայագետի գիտական վաստակին չէր միտված, որքան էլ զորեցինք, բայց չկարողացանք զանց առնել որոշ աշխատությունների թվարկումը, որոնք  ոչ այնքան, բայց որոշապես տեսանելի պատկերացում տալիս են նրա խորունկ ու անխորտակ զարգացումի։

Թամար Տասնապետեանի անօրինակ մարդկային նկարագիրն ու անմնացորդ եռանդի ականատեսը լինելու մեծ ու պարտավորեցնող պատիվն ունենալու բարեպատեհությունն այս պահին ինձ չի լքում, բայց մտովի պատկերացնում եմ Թամարի դժգոհալից հայացքն ինձ ուղղված՝ իր ինքնատիպ ու խոհուն լռությունը՝ երբևէ ինձ հանդիպած «անձինք նուիրեալք» մտավորականներին խիստ առանձնորոշ։

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 12742

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: