Դեպի Դեր Զոր. Արամ Անտոնյան (1879-1951)

Հատված «Մեծ ոճիրը» հուշագրությունից

 

«Հալեպից Ռես-Յուլ-Այնի գաղթականների տեղափոխման պաշտոնյային ուղարկված հրահանգները չէին գործադրվում,- գրում է իր հիշողություններում։ Աբդուլահատ Նուրի բեյը գաղթականների տեղափոխման պաշտոնյան, Ադիլ բեյը նրան վիրավորելով հասկացավ, որ այնտեղ գտնվող հայերի դեպի անապատ «առաքման» հակառակորդը՝ նույն ինքը, Դեր Զորի կառավարիչ Սուատ բեյն է։

Նուրի բեյը Հալեպից վերադառնալուց այս իրողությունը տեղեկագրեց կուսակալ Աբդուլահալիգ բեյին, որը անմիջապես ծածկագրով հրամայեց Ալի Սուատ բեյին․ «Հազարավոր հայերի Ռես-Յուլ-Այնում թողնելը կառավարության սրբազան նպատակին հակասում է, վտարեք նրանց այնտեղից»։

Ալի Սուատ բեյը պատասխանեց․ «Տեղափոխության միջոցներ բնավ չկան, որպեսզի կարողանամ ժողովրդին տեղահանել, եթե նպատակը նրանց սպանելն է՝ ոչ կարող եմ անել, ոչ էլ հրամայել»։

Մուսաֆա Աբդուլհալիգ բեյը այս հեռագիրը ուղարկեց նախարարություն՝ կցելով հետևյալ տեղեկագիրը Ալի Սուտ բեյի մասին․

«Ներքին գործերի բարձր նախարարությանը․

Քննելով անցյալի իրադարձությունները՝ Ռես-Յուլ-Այինի ընդհանուր տեսուչի փոխանորդի տեղեկագրից պարզվում է, որ այնտեղ տարհանված հայերը մինչև այսօր կազմակերպված են՝ այնտեղ կառուցել են տներ և նրանց հաստատվելուն թույլատրողը Դեր Զորի կառավարիչ Ալի Սուատ բեյն է։

Թեև արդեն գրել ենք, որ Ռես-Յուլ-Այնի պես փոքր, բայց տեղական կարևորություն ունեցող գյուղաքաղաքում հազարավոր հայերի գոյության համար փոխադրության միջոցներ չունենք։ Այդ պատճառով է, որ տեղափոխում չենք կարող կատարել, առայժմ ոչ մի արդյունքի չենք հասել։

Ալի Սուատ բեյի նրանց /հայերի/ նկատմամբ  ցույց տված կողմնակալությունն ու պաշտպանությունը զարմանալի արդյունքների են հասել։ Ըստ պատմածի, նա որդեկորույս հայ ծնողների աղետը տեսնելով՝ ողբում է։ Այն կողմերը տարհանված հայերը այս կերպով միայն երջանիկ կենցաղով են ապրում, այդ պատճառով է, որ երախտապարտ են Ալի Սուատ բեյին։

Բայց որովհետև այդ կացությունը շարունակվում է՝ Հալեպից գաղթականների տեղափոխումը ակամա հետաձգման պատճառ է դառնում։ Ձեր նախարարական բարձրությանը դիմելով, խնդրում ենք  անհրաժեշտ կարգադրություն։

23 դեկտեմբեր, 915, կուսակալ՝ Մուստաֆա Աբդուլհալիգ

 Այս տեղակագրի պատճառով էր, որ որոշ ժամանակ անց Ալի Սուատ բեյը պաշտոնանկ արվեց։

 ***

Այս դրությունը պահպանվեց մինչև 1916 թ․ փետրվարը։ Հենց այս ամսին էր, որ Ռես-Յուլ-Այն ժամանեց հայկական կոտորածների ամենաանողորմ ու վատահամբավ կարգադրիչներից մեկը՝ Վանի նախորդ կուսակալ Ջեվդեթ բեյը, պատերազմի նախարար Էնվեր փաշայի քրոջ ամուսինը։ Նա Վանի ջարդերը կազմակերպելուց հետո տեղափոխվել էր Մուշ, այնտեղից անցել էր Բիթլիս՝ Մուստաֆա Աբդուլ Հալիգ բեյի ջարդարարությունը շարունակելու։ 1916 թ․ փետրվարին, որպես Ադանայի կուսակալ, մեկնում է իր պաշտոնատեղին, հասնում Ռես-Յուլ-Այն, ուր այդ ժամանակ գտնվում էր 50․000 հայ գաղթական։ Գայմագամը իսկույն ընդառաջ էր գնացել նրան իր հետևորդներով, որտեղ պատահմամբ գտնվում էր նաև Բաղդատի երկաթուղու ընկերության շինարարության բաժնի հայ բժիշկներից դոկտոր Հրեշտակյանը։ Ըստ դոկտորի պատմածի, Ջևդեթ բեյը առաջինն է նկատում այն բլրակը, որի վրա գտնվում էին հայ գաղթականների հազարավոր վրանները և մի պահ նրան թվացել է, թե դրանք զինվորական վրաններ են, նույնիսկ հարցրել է, թե ո՞ր ուղղությամբ են շարժվելու այդ զինվորները։  Գայմագամը պատասխանել է, որ զինվորներ չեն, այլ հայ գաղթականներ։ Ջևդեթ բեյը բնավ չպատկերացնելով, որ իր շուրջ խմբված մարդկանց մեջ հայ կա, գոռում է․

-Դեռևս այդ շները մնացե՞լ են․ հրամայում եմ, որ բոլորին ոչնչացնես։

Գայմագամը մերժում է՝ չի հնազանդվում, առարկելով, որ անկարող է այդքան անմեղների արյունը հեղել, որոնք ընդհանրապես իրեն չեն վնասել։

-Ուրեմն անտեղյա՞կ ես, թե ինչ է ծրագրավորել կառավարությունը,- ասում է Ջևդեթ բեյը՝ սպառնալով, որ իրեն պաշտոնից կզրկի։ Եւ անմիջապես իր մոտ է կանչում հեռագրական պաշտոնյային՝ իրավիճակը Պոլիս տեղեկացնելու համար։ Բնական է, որ հետևանքը՝ պաշտոնանկությունն էր, և այդպես էլ եղավ։ Յուսուֆ Զիա բեյը հեռացվեց Ռես-Յուլ-Այնից /15/։ Եւ տասը օր հետո, մարտ ամսվա սկզբներին նրան փոխարինեց նոր գայմագամ՝ Ռումելիի Քոչանա գավառակից մի երիտասարդ, Քերիմ Ռեֆի բեյը, որ Ջևդետ բեյի մտերիմներից էր։

Հայկական տեղահանության առթիվ հատուկ նպատակով կառավարությունը պաշտոնների էր նշանակում մասնավորապես այն մարդկանց, որոնք Բալկանյան պատերազմի ժամանակ ընտանյոք հանդերձ շատ տաժանելի տարագրության մեջ լինելով Պոլիս էին գաղթել։ Նրանց հոգում իրենց անցյալ տառապանքի ողջ դառնությունն ու վրեժի ծարավը դեռևս բաբախում էր։ Եւ այդ պատճառով է, որ զարհուրելի վայրենիություն էին ցույց տալիս նրանք, հակառակ այն բանի, որ հայերը նրանց երբեմնի տառապանքների համար մեղավոր չէին։ Նույնիսկ Բալկանյան պատերազմի ընթացքում՝ բոլոր ճակատներում գտնվող հայ զինվորները հերոսաբար էին կռվում, ինչպես վկայեցին թուրք հրամանատարները։ Իրենց վրեժը լուծեցին նրանք բուլղարացիների, սերբերի, հույների փոխարեն՝ հայերից։

Ռես-Յուլ-Այնի նոր գայմագամը շատ օգտակար գործիք եղավ Հալեպի բորենիների ձեռքին, որոնց առջև ասպարեզը բոլորովին բաց էր, որովհետև նրանց հաջողվել էր հրաժարեցնել նաև Դեր Զորի կառավարչին՝ Ալի Սուատ բեյին։ Մարտի 17-ին Քերիմ Ռեֆի բեյը սկսեց տեղահանությունը; Այս գործը վստահված էր չեչեններին, որոնց գլխավորն էր Ռես –Յուլ-Այնի թաղապետության տնօրեն Արսլան բեյը և որոնց մասին Նայիմ բեյը հետևյալն է գրում իր հիշողություններում։

 -----------------------------------

/15/․ Իրոք, ճակատագրի կամոք էր, որ Յուսուֆ Զիա բեյն էլ ոչ մի մեղադրանքից զերծ չմնաց։ Նա էլ բուրսացի երկու քույրեր փրկեց, նույնիսկ ասում են թե նրանցից մեծի հետ ամուսնացավ, բայց հետո երբ Հալեպում նրան հանդիպեցինք, լքված էր ու սովահար։

«Ռես-Յուլ-Այնում չեչեներից կազմվեց հրոսակախումբ, իբր տեղի գաղթականներին հարձակումներից զերծ պահելու համար։ Այս հրոսակախումբը զինված էր, նրանց ցուցում էր տրված գաղթականներին կողոպտելու, սպանելու։

Այս եղերական դեպքի հրամանը տրվել էր ուղղակի Հալեպից՝  հրոսակախումբը գլխավորողներին։ Նրանցից մի քանիսը հետագայում Հալեպում հանդիպեցին կուսակալ Մուստաֆա Աբդուլհալիգ բեյի հետ /16/։ Նրանց վերադարձից 4-5 օր հետո Ռես-Յուլ-Այնի գայմագամը /Քերիմ Ռեֆի բեյը/ ծածկագրով տեղեկացնում է նրանց տեղ հասնելու և հրահանգները կատարելու մասին»։

Ջարդերին գրեթե հետևեց տեղահանությունը, դրանք տեղի ունեցան մոտակայքում, մեծ մասամբ Ճըրճպի ափերին մերձ և դեպի Շտատատե տանող ճանապարհի վրա։ Հայերը խումբ-խումբ տեղահանվելով սպանվում էին ամենավայրագ պայմաններում։ Երբեմն նրանցից ոմանց հաջողվում էր փախչել Ռես-Յուլ-Այն, որովհետև անհնարին էր ուրիշ տեղ գնալ և պատմում էին զարհուրելի տեսարանների մասին։ Աներևակայելի էին այդ պատմությունները․ խեղճ, անպաշտպան ժողովուրդը ինչ ահավոր զգացողություն էր ունենում՝ սոսկումի մատնվելով, երբ գալիս էին խարազանով, հրացանի կոթերով, գավազաններով, իրենց տեղահանում էին և քշում սպանդանոցները, ոչ հիվանդների էին խնայում,․ ոչ երեխաների և ոչ էլ ծերերի։

Ջարդերը տևեցին ամիսներ։ Մինչև հունիս դեռևս շարունակվում էին, երբ տեղի գաղթականների  տեղափոխման պաշտոնյան՝ Ադիլ բեյը, այլևս իր գործը կատարած համարելով, ուղևորվեց դեպի Հալեպ՝ իր հետ տանելով հազարավոր ոսկիներ։ Գաղթականները տեղափոխման ժամանակ գրեթե ոչինչ չէին կարողացել վերցնել իրենց հետ։ Իմանալով, որ մի քանի ժամ հետո սպանվելու են, չէին ցանկացել

-------------------------------------------------------

/16/․ Նրանց մեջ էր մասնավորապես Արսլան բեյի եղբայր՝ Հյուսեյին բեյը, որը Արսլան բեյի մահվանից հետո, 1917թ․, հաջորդեց նրան իբր Ռես-Յուլ-Այնի թաղապետության տնօրեն։ Երկու եղբայրն էլ մեծ դեր խաղացին նաև Դեր Զորի ջարդերի ժամանակ։ Հյուսեյն բեյը մշտապես Հալեպ էր գնում՝ վաճառելու համար այն առարկաները, որոնք ինքն ու եղբայրը կողոպտել էին գաղթականներից։

 

 որևէ բեռ տանել։ Իրենց կարասիները, վրանները կողոպտվել էին շաբաթներ առաջ, և նրանք մնում էին այն բլրակի վրա, որտեղ ապրում էին։ Իսկ ամենավերջում ընդհանուր թալան էր տեղի ունեցել։ Ադիլ բեյը նույնպես մեկնում էր այդ թալանում իր խոշոր բաժինն առած։ Մեկնելուց առաջ իրեն ողջերթ մաղթողներին հրապարակավ պատվիրել էր․

-Չլինի, թե որևէ մարդու ողջ թողնեք․ մանավանդ՝ երեխաներին,  մինչև 7-8 տարեկանները, կոտորեցեք անխնա, որովհետև եթե ողջ մնան, վաղը նրանք մեզնից անպայման վրեժ կլուծեն /17/։

Իր մեկնումից հետո, Քերիմ Ռեֆի բեյը ստիպված էր կասեցնել տեղահանությունն ու ջարդերը։ Այդ ժամանակ Զեքի բեյը Դեր Զոր էր հասել որպես կառավարիչ Սաուտ բեյի փոխարեն և տեղի ջարդերը շարունակելու օգնության կարիք ուներ՝ իր դիվային գործը ավարտելու համար։ Մոտավորապես 200․000 հոգի կոտորելը դյուրին չէր, ինքը շփոթված էր, ստիպված էր Դեր Զոր կանչել Ռես-Յուլ-Այնի ջարդարար բոլոր չեչեններին, որոնք գնացել էին  միանալու Սեֆայի իրենց ազգակիցներին։ Բայց նորից ջարդարարները չէին բավականեցնում, որպեսզի կոտորեին բազմահազար հայերի։ Հասկանալով, որ չեչենների միջոցով իրենց նպատակին չեն հասնի, Զեքի բեյը, որ Դեր Զորի շրջակա արաբ աշիրեթներին խոստացել էր զոհերի հագուստները՝ դիմեց նրանց,  եթե օգնեն, նրանք ընդունեցին պայմանները․ մեծագույն մասը կոտորվեց նրանց ձեռքով։

Չեչենների այս ժամանակավոր բացակայության պատճառով Ռես-Յուլ-Այնում մնացած շուրջ 200 ընտանիքներ մի պահ շունչ քաշեցին։ Բայց այս դադարը երկար չտևեց։ Այն ժամանակ, երբ Ռես-Յուլ-Այնի և Դեր Զորի ջարդերը տեղի էին ունենում, Ջևդեթ բեյը գնացել էր Ադանա և ճանապարհին հանդիպել էր Ինթիլլի՝ որտեղից փութով ընթանում էր Բաղդատի երկաթուղու թունելի շինարարությունը։ Ավելի քան 50000 հայ, որոնք մահվան քարավաններից անջատվել և մնացել էին այնտեղ, մի պատառ հացի համար աշխատում էին տեղահանության սկզբից։ Շատ հարուստ և պաշտոնյա մարդիկ դարձել էին սովորական բանվոր, և գոհ էին, որովհետև այդպես գոնե զերծ էին մահվան ճիրաններից։ Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ էին, որոնք նույնպես աշխատում էին։

---------------------------------------------

/17/․ Սա կարծես կարգախոս էր։ Ամեն տեղ և ամեն պաշտոնյա պատվիրում էր ջարդերը կազմակերպողներին։

 

Այդ աշխատավորներին տեղահանելու հրաման եղավ 1915 թ․ վերջերին։

Նայիմ բեյը այդ մասին գրում է․

«Թե երկաթուղու շինությունների և թե վարչության պաշտոնյաների մեծագույն մասը հայեր էին։ Կառավարությունը իբր թե նրանց անհարմար վիճակից վախենալով՝  հրամանագրել է․

«No. 801

«Հալեպի կուսակալությանը․

Առհասարակ բոլոր հաստատություններին․ երկաթուղու և այլ շինությունների մեջ ծառայող հայերին իրենց տարագրության վայրերը տեղափոխելը՝ որոշված է և այս մասին պատերազմի նախարարությունից բանակի հրամանատարությանը տեղեկություն տրված է։ Արդյունքը հաղորեք։

26․դեկտ․ 915․ Ներքին գործերի նախարար՝ Թալեաթ։

Այս պատճառով երկաթուղու զինվորակական կոմիսարությունից նրանց անունները պահանջեցին․ և երկաթուղու կոմիսար Քայրի բեյը և թե Ջեմալ փաշան մարդասիրություն դրսևորեցին։ Թալեաթ փաշայի անիրավության ապացույցը այն էր, որ երկաթուղու պաշտոնյաների մեծամասնության նկատմամբ,- քանի որ նրանք հայ էին,- խժդժություններ կատարվեցին, չնայած 4-5 տարի տևող պատերազմի ընթացքում բոլորն էլ հավատարմությամբ էին աշխատել։ Երկաթուղու շրջակայքում ոչ մի միջադեպ տեղի չէր ունեցել, բայց քիչ հետո խնդիրը նորից արծարծվեց և ստացվեց հետևյալ հեռագիրը։

 

No. 840

«Հալեպի կուսակալությանը․

Տեղյակ ենք, որ Ինթիլլի, Այրանի շրջաններից սկսած մինչև Հալեպ երկարող գծերի ճանապարհների վրա 40․-50․000 հայեր են գտնվում՝ մեծ մասը կանայք և երեխաներ։ Ամենախիստ ձևով կպատժվեն այն անձինք, որոնք զինվորների տեղափոխման համար մեծ կարևորություն ունեցող այս դիրքերի վրա թշվառության համախմբմանը խոչընդոտեն։ Հետևաբար Ադանայի կուսակալության հետ բանակցելով, և անմիջապես շրջանցելով Հալեպը, նրանց հետիոտն տեղափոխել իրենց տարագրության վայրերը՝ /անապատները/․ բոլոր հայերին ։ Անհանբեր սպասում եմ, որ մինչև շաբաթ հաղորդեք արդյունքների մասին։

16 հունվար, 916   Ներքին գործերի նախարար՝ Թալեաթ

Ճիշտ նույն օրը ստացվեց նաև այս տեղեկությունը ամբողջացնող հետևյալ հեռագիրը․

«Հալեպի կուսակալությանը․

Հավելված 16, հունվար, 1916 և No. 840 հեռագրի․

«Ինթիլլի և Այրանի դիրքերի վրա թողնված հայերից /երկաթուղու/ շինարարությունում աշխատողներ մի ուղարկեք մինչև շինությունների ավարտը։ Բայց իրենց ընտանիքի հետ բնակվելու թույլատվություն չտաք, Հալեպի շրջակայքում առժամանակ բնակեցրեք։ Մնացած կանանց և երեխաներին՝ նախորդ հայտարարության համաձայն շտապ տեղափոխեք /դեպի անապատ/։

16 հունվար, 1916                 Ներքին գործերի նախարար Թալեաթ

Այս հավելվածի պատճառը երկաթուղու շինարարական ընկերության ինժեներների կողմից եղած բողոքն էր /18/։

-------------------------------------------------

/18/․Առանձին հիշատակության են արժանի նույն տեղում գտնվող շվեյցարիացի ինժեներները, մասնավորապես Ինթիլլի ինժեներների ղեկավար Պ․Կոպպելը։ Նրանք ամեն ճիգ գործադրեցին իրենց մոտ աշխատող հայերի կյանքը,- չնայած զուր,- փրկելու համար։

 

Որովհետև հայ աշխատողների հեռացմամբ շինարարությունը դադարում էր և ընտանիքներին խմբերով տեղափոխեցին Հալեպ, որոնք պետք է գյուղերում բնակվեին։ Նրանց անունները արձանագրեցին՝ խեղճերին հուսադրելով,- բայց սին հույս,- ոստիկանությունը տեղահանում էր, նրանք համառորեն խնդրում էին, բայց այդ խնդրանքները նկատողություն համարվեցին, խեղճ կանայք իզուր դիմում էին այս կամ այն պաշտոնյային։ Անցան օրեր, և աղերսագիր գրելու անհրաժեշտություն այլևս չկար։ Ներքին գործերի նախարարությունը Հալեպի կուսակալների կողմից եղած հարցումը անտեսում էր՝ նախապես տրված հրամանով, որի համաձայն այդ կանայք Հալեպի շրջակա գյուղերում պետք է բնակվեին․ և ուղարկվեց հետևյալ կտրուկ հեռագիրը․

 

No.860

«Հալեպի կուսակալությանը․

Ի  պատասխան հունվարի 27-ի 916 ծանուցագրի․

Համոզեցեք իրենց, որ տղամարդիկ ի վերջո կմիանան իրենց և ուղարկեք տարագրության վայրերը։

2․փետրվար, 916, Ներքին գործերի նախարար՝  Թալեաթ

Այդպես էլ եղավ, և խնդրարկու կանանց մի օր հանկարծ տեղահանեցին Մեզքենեի անապատ՝ այնտեղից Դեր Զոր ուղարկելու համար։

Բայց բոլորը չէին տեղահանվել։ Մեծ մասամբ մնացել էին Ինթիլլիում, Այրանում, Պահչեում՝ շնորհիվ կաշառքի և ընկերության ինժեներների օժանդակության, այնպես որ Ջեվիդ բեյի ժամանակ մեծամասնությունը դեռ այնտեղ էր, մանավանդ տղամարդիկ։ Առանց կարևորություն տալու շվեյցարիացի ինժեներների բողոքին, Պահչէի ժանդարմիայի հրամանատար Յաշար բեյի՝ զարհուրելի մի հրեշի միջոցով, որին օժանդակում էին այդ շրջաանների գրեթե բոլոր թուրք պաշտոնյանները ու ժողովուրդը, Ջևդեթ բեյը հայերին խումբ-խումբ տեղահանում էր՝ մասնավոր պատվերներ տալով։

Բայց իրականում տեղահանություն չէր, այլ կատարյալ ջարդ։ Ժողովուրդը տարագրվեց Մարաշի և Այնթապի ճանապարհով։ Ամենասկզբում առանձնացված 1800 երիտասարդները սպանվել էին։ Մյուս խմբերը նրանց դիակները կողկրտելով անցել էին այն ցավի ճամփաներով, որոնց վրա տասնյակներով ծառերի ճյուղերից իրենց մազերից կախված մերկ աղջիկներ էին, նրանք սպանվել էին պղծվելուց հետք։/19/

Երբ բոլոր խմբերը տեղահանվեցին՝ ճանապարհներին մնացել էին հարյուրավոր մանկահասակ երեխաներ, որոնք ծառերի տակ, երբեմն դիակներին մոտիկ ճչում էին մերկ ու սովահար։ Պ․Կոպպելը նրանց հավաքելով կարգադրեց լցնել դինամիթի դատարկ սնդուկների մեջ և բերեց Ինթիլլի, որտեղ իր հաստատած որբանոցում ապաստան տվեց։ Մի քանի օր հետո Բաղդատի շինարարական ընկերության գերմանացի տնօրեն՝ իր ղեկավարը խստորեն հանդիմանել էր իրեն ցուցաբերած մարդասիրության համար։

Մարաշի և Այնթապի ճանապարհով տեղահանված այդ խմբերը ճանապարհին կոտորվելով տեղահանվեցին Մերտին։ Նրանցից մոտ 500 հոգի տարվել էին Ռես-Յուլ-Այն և միացել էին այնտեղ մնացած մի քանի հարյուր հայ ընտանիքների, որոնք Դեր Զորում չեչենների զբաղված լինելու պատճառով դեռ չէին կոտորվել, բայց երբ Դեր Զորի տեղահանությունը ավարտվեց և կոտորածները տեղի էին ունեցել, չեչենները, վերադառնալով Ռես-Յուլ-Այն,  տեղահանեցին այնտեղ մնացած, ինչպես նաև Ինթլլիից եկած ժողովրդին Շետտատեի մերձակայք, ուր պիտի կոտորվեին Դեր Զորի հայոց վերջին մնացորդների հետ։

1916 թ․ ապրիլին, մինչդեռ Ռես-Յուլ-Այնի կոտորածները տեղի կունենային և ճանապարհները լցված էին նույնիսկ նորածին երեխաներով և կրծքերը կտրած աղջիկներով, ցցի հանված կանանց և տղամարդկանց դիակներով, շվեդացի գերմանասեր Պ․ Սվեն-Հետին ամենի ականատեսն էր։ Քար պետք է լիներ, որ խղճահարվեր խողխողված այդ անմեղ մարտիրոսների դիակները տեսնելով։ Պ․Սվեն-Հետին նույնիսկ այդ քարի կտորն էլ չուներ իբր սիրտ։ Պոլսում՝ թուրքերին նա գովաբանելուց հետո Եվրոպա անցնելով, հերքեց համատարած կոտորածները․․․

------------------------------------------

/19/․ Գրեթե նույն օրերին այդ ճանապարհների վրա սպանվեցին նաև անգլիացի և հնդիկ գերիներ, որոնց մի մասը աշխատում էր Ինթիլլիի թունելի շինարարությունում։

Գրեթե միևնույն ժամանակ Ռես-Յուլ-Այնից անցնելով Ճարապլուս գնաց մեծ համբավ վայելող «Էմտեն» մարտանավի հրամանատար՝ Ֆոն Մյուքքեն։ Այդ ժամանակ Ճարապլուսում էր գտնվում Բաղդատի երկաթուղու շինարարական ընկերության բժիշկներից՝ դոկտ․ Հրեշտակյանի կինը, որը գերմանուհի էր։ Տիկին Հրեշտակյանը ինքը անձամբ մեզ ասաց, որ Ֆոն Մյուքքեին պատմել է հայկական կոտորածների մասին, և ծեծտել՝ խաղաղություն կնքելուց հետո Գերմանիան ինչ պատասխան պիտի տա քաղաքակիրթ աշխարհին այդ բարբարոսությունների վերաբերյալ, որոնք իր աչքի առաջ են տեղի ունեցել։

Ֆոն Մյուքքեն պատասխանել է․

-Այնտեղ անելու բան չկա, տիկին, խաղաղություն կնքելուց հետո այնքան խնդիրներ կան և կլինեն, որ թեկուզ մի հավ իր փետուրը չի շարժի հայերի համար։

Արևմտահայերենից արևելահայերենի վերածեց Արթուր Անդրանիկեանը

  • Hits: 3747

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: