Հուսիկ Արա․ Աստծո հետ խոսելու ժամանակը

Հուսիկ Արա․ Աստծո հետ խոսելու ժամանակը

Հատված «ԱՍՏԾՈ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ» պոեմից 

Քաղվածք մոռացվածների օրագրից 

 

Անօթևան մարդու աղոթքը  

 

Նորից Սուրբ ծնունդ էր երկրի վրա ու Հայտնություն երկնքում.

Քո տան մեջ` վառվող մոմերին, ձեռքերն էր տաքացնում

հույսի վերջինը կորցրած անտունին.

- Լույսը քիչ-քիչ ու բարակ առու է երկնքի տակ,

անհսկելի, հավասար չէ մեկիկ-մեկիկ սպասողներին,

և անտեսվածները անկարող են իրենց մասին աղաղակել:

Իսկ շողշողուն ճեմողները, որ անծագում են ու փոխատեղված,

իրենց ստվերով մի քիչ սերն են ծածկում ու գեղեցիկը մեր նմանների:

Անաղոթք են բառերը, ու ճանապարհը ոչ մի տեղ է տանում.

եկել եմ, որ մոռացվածներին Քո հայացքով հիշես,-

այդպես էր խոսում թշվառը, երբ նորից ծնվում էր Աստված:

 

Ընդմիջարկում 

 

Դու ես ճանապարհը ու եկողը միակ.

Քեզ կուղեկցեմ ստվերն ու ծածուկ տեղերը լռության,

որ անսովոր են վերում` լույսին վարժված հայացքիդ.

երկրաբնակի մեր աչքերով նայիր ներքևի իշխանությանը 

և կտեսնես ելևէջները անուն-անուն ժամանակների…

Դեպի հյուսիս աքսորը օրագիր է ու կեցություն,

Դեպի արևմուտք` ընդերքում կրակ և ընդերքից վերև վազք է,

տուր երկրորդ ճաշաբաժին այդ ընչաքաղց որկորներին:

Հարավում մի ամբողջ լռություն լացը լցվելու չի դատարկվում.

Արևելքի տեսիլքներում ծանր դռներ են ու փականներ,

այնտեղ ավազի վրա երկինք են նկարում, որ արևը տեսնեն:

Զգույշ քայլիր, Աստված, խոտոր է երկրի ուղին.

որքա՜ն երկար ես մոռացել այս շատ ներքևում Քո նմանին:

 

Ռազմագերու աղոթքը 

 

- Ո՞վ է մեղավորը, զինվոր,- ինձ հարցրեց պատերազմը: Ես լռեցի:

Պատասխանը կյանքի գինն է, որ չեմ  վերցրել, բայց տալիս եմ.

միայն գիտեմ հիմա, երբ քայլում եմ, թիկունքիս` երկու ատրճանակ:

Հեռվում տունս, ագռավն ասաց, արկ ու ականից ավերակ է.

անընտանիք ու մեն-մենակ` զենքի հետ եմ:

Դիմացը մահվան պատն է: Ե’տ դարձ: Ու ես կշրջվեմ:

Ընկերներս ինձնից առաջ այս պատի տակ կանգնեցին,

չհասցրեցի իմանալ` երազ տեսե՞լ էին կամ գիտեի՞ն հեքիաթ…

Քո կարեկցող հայացքով տարածությունն ես չափում, Տեր,

մարդու ու փամփուշտի միջև

և փորձում ես հասկանալ, թե ինչո՞ւ է օրը այսքան կարճ երկրի վրա:

Եղել ու չի եղել աշխարհը, հիշում ու չեմ հիշում կյանքը.

սկիզբն ու վերջը, ավաղ, այս մի պահի կրակոցն է…

Ես քանդում եմ իմ մեջ և ինձնից դուրս 

տաճարները բոլոր աստվածների և կամարը միակ Աստծո.

դեռ խրամատում եմ սպանել հրեշտակին թե’ սև, թե’ սպիտակ:

Խաղաղության մասին ես պատմություններ գիտեմ մի հին գրքից,

դրանք, որպես երկրի չծլած սերմեր, վերցնում եմ ինձ հետ:

 

Ընդմիջարկում  

 

Մենք եկվորն ենք, Դու` բնիկը. տերը Դու ես ելքի ու մուտքի,

և իրականը Քո լինելն է, իսկ մեր գոյությունը 

պարտադիր մանրուք է Քո կանոնիկ ընթացքին:

Հեշտաքայլ, բազմուղի են մահին տանող հմայքները,

իսկ կյանքի ճանապարհը մեկն է, որ բերում է Քեզ.

անկերպափոխ ու երկնաստույգ` որպես սերն է բոլորական:

Եվ ինչպես արթնություն մոլորեցնող երազի մեջ`

մեր երկրաչուն ես հսկում, որ մոտենալով հեռանում է,

ու թե հոգնության տեսիլքի մեջ հասնում ենք Քեզ,

մենք դու ենք և ուրիշը չենք,

ու երկրահոս քացախին մեղր է ծորում և շաղվում է կաթ:

 

Մարմնավաճառ կնոջ աղոթքը 

 

Ահա իմ մարմինը, որ ամեն ընթրիքի իր մասին է տագնապում,

հանել եմ վաճառքի, առանց աճուրդ, նախնական գնով,

որ պահեմ պատվիրանը` գողանալու, սպանելու առիթով:

Եվ հաց է մարմինս, հագուստ, անկողին է ու տանիք,

որ ուտում եմ ու բաժանում` հոգիներին կարեկցանքի.

և դու, Տեր, մեր մարմնի աղը փորձիր, ոչ թե հոգու անալին:                       

Ես հսկել եմ դուռը հասարակաց տան, որ անցուդարձն է կյանքի,

մի ձեռքով այրության մեղրն եմ քամել, իսկ մյուսով` քրտինքը իմ էգության,

այդպես մեկնել եմ գաղտնիքը մարդու ու երկնային ժամանակի:

Որպես թերմացք ու հատակի ճշմարտություն` ասում եմ Քեզ.

երկրի մեղքը ծանր է երկնքի թողությունից,

խավարը լույսից է մեծ ու վերքը խորն է սպեղանուց…

Ահա մարմինս` նախնական գնով, ս¨ շուկայում է,

փոխարենը հոգիս եմ փրկում այդ մեղսավոր շահույթով…

բայց իմ հոգին, որ ճմռթած անձեռոցիկ է, Քո ինչի՞ն է պետք, Տեր, չէ՞ որ 

երկնքում ինձ վճարելու ես այնքան, որքան արժեմ երկրի վրա.

դժոխքում մի տեղ պահիր, ուր պատիժը մեղմ կլինի ու չի լինի առուծախ: 

 

Ընդմիջարկում 

 

Քո ինքնության ծավալն առավել է

անչափելի մթնոլորտից խորը խորքերի,

որ պարուրել ես երկիրը,

ինչպես մրգի մարմինը կորիզն է պատում.

և մարդկային միտքն, ավաղ,

անկարող է ամբողջությունդ ընկալել.

Ամենաբուդդա, Ամենաքրիստոս,

Ամենամուհամեդ, Զրադաշտ ամենա…

հավաքական ու միածավալ ամբողջություն

բոլոր-բոլոր ծիրերի:

 

Փողոցի տղայի աղոթքը 

 

Քրտնած քաղաքապետը, համայնքի առաջ ճառ ասելուց հետո,

բամփում է գլխիս, իբրև վերջաբան, ու հավելում`

այս երեխայի տեսքով է փողոցի աղքատությունը:

Իսկ նրա խնամված կինը` հարազատ դուստրը քաղաքի,

արևելյան մրգերով շուկայի թերմացքն է ինձ նմանեցնում…

Ես չունեցա մանկություն ու երբեք էլ չմեծացա,

և շարունակ ինձնից վերև ինձ որոնեց Քո հայացքը, Տեր,

իմ աղոթքը նկուղներում հորանջեց` մարդկանց ծնկներից ներքև,

և չլսվող ձայնիս համար վզակոթիս են շրխկացրել.

միայն թափառող շներին կարող եմ իմ հեքիաթն ու երազը պատմել:

Ես տեսնում եմ լույսը ինձնից առաջ և ինձնից հետո,

նույնն է Քո խոսքը` խղճի լռությունը հոգիների մեջ,

և Դու այլևս ճշմարիտ, ճշմարիտ չես ասում, Տեր:

Սա է Քո քաղաքը. հրեշտակի թ¨երից փետուրներ են ընկնում տանիքներին,

իսկ ներքևում ժամանակը մանուկների աչքերով է թաց ու խեղճ.

որտե՞ղ ես, երկինք, մոտեցիր, և մենք Աստծուն կվերադարձնենք քեզ: 

 

Ընդմիջարկում 

 

Ցպահանջ ու անանձնական դիտակ` երկրի հայացքին անընտել.

Մո լույսն ենք փնտրում օրվա թեթև մակերեսին 

ու չգիտենք, որ մեր աղոտ ուրվապատկերն ենք գտնում,

և մեր խոսքը Քո անունով աղոթք է` ուղղված մեզ:

Երբ մեկնում ենք քեզ, մեզ ենք ընդունում,

երբ քեզ ենք խոնարհվում, երկրպագում ենք մեզ,

իսկ երբ նայում ենք Քեզ, մեզ ենք տեսնում Քո տեղում:

Մենք Քո մատաղը չենք, Դու ես մեր զոհը,

և Քեզ սպանելը այստեղ՝ երկրում, մեր կեցությունն է: 

 

Մոռացվածների աղոթքը 

Մենք ծնվեցինք, երբ արդեն հոգնած ու ծեր էինք մեր մոր արգանդում.

կյանքը եզրով անցավ ու անտարբեր` կես լռություն մեր մարմիններին:

Մարդու ձեռած ժամանակ, քո ոսկեկարերում մենք չունեցանք 

ծննդյան տոն ու անվանակոչություն, որ շնորհ է մահականացուին,

մեզ չտրվեց առավոտը պսակադրության ու սեր առագաստում,

և չղողանջեց հիշատակի օր, երբ զարդատուփ էր դրվում հողին:

Ծես ու կանանից անդին՝ համաքայլ մաշկում է իր երկրուղին 

մեր միօրինակ բազմությունը մոռացվածների,

աշխարհի սկզբից ենք գալիս ու վերջին ենք հասնելու`

իբրև բեռնակիր վկա. արժե՞ր ապրել այսքան տարի`

համոզվելու համար, որ անիմաստ է ծնունդը.

ո՞րերորդ Սիմեոն ծերունին ենք` Քո տան մեջ Քեզ սպասող:

 

Ընդմիջարկում 

 

Միայնակ բնակություն, մերկ ու անպաշտպան,

անթիկնազոր ու ձեռնահաս… ինչպես միայն Դո՛ւ ես, Աստված,

¨ Քո անունով ապրողների ուրացումն է Քեզ ուղեկից.

Քեզ հիշում ենք, երբ պետք է շնորհես ու երբեք չզրկես,

ընդունես ատելություն և փոխանցես սեր,

պարտադիր խոցվես, սակայն երբեք չխոցես…

Մեր մարմնի արդարացում ու քավություն մեր կրքերի:

Բաժանվում ես ամեն պարզած ձեռքի ու անմնացորդ,

բայց դեռ ոչ մի հնչյուն չի գումարվել Քեզ խնդրող շուրթերից:

Ամենաբաց ու մատչելի ձեռքբերում,

խոնարհ ու հեզ, փխրուն ու բոլորովին խոցելի:

 

Ընդհանուրի ձայնը 

 

Խոստացված լույսի ժամանակը,

որ մեզ սպասում է երկնքում` Քո ոտքերի առաջ,

մեր ձեռքերին շնորհիր հիմա` քանի դեռ կյանքը մեր մեջ է:

Պտտվում է արյունը, փխրուն միտքը, կարծր երկիրն անգամ,

¨ մահը կայուն չէ, թեր¨ս, անեզրության ծավալի մեջ:

Ստույգ ու աներկբա միայն Քո հրաշքն է`

լուսակար հագուստներով ճեմելու իրավունքը դրախտում,

ըր իր կերպն է խարսխել մեր կեցության հենարանին.

ով Շնորհաշապիկ, մեր պարգևը տուր մեզ այսօ՛ր,

քանի դեռ իրական ենք:

 

Ամփոփող ձայն 

 

Առավոտի սավաններով փաթաթված, տաք համբույրը ճակատին,

թեթև, մաքուր ու թափանցիկ շրջում էր Աստված 

երկրում՝ այստեղ, բոբիկ, առանց հողաթափերի:

Նայում էր ճանապարհի դանդաղ երկարությամբ`

քաղաք էր, հետո էլի քաղաք ¨ ավելի մեծ քաղաք.

տեսավ դրսից, ներսը նայեց ամեն շինության 

և զարմացավ, երբ ասացին,

թե ամեն բան այստեղ` երկրում Քո կամքով է կառուցվել:

Լսում էր, որ մարդիկ անավարտ դատ են բացել իր դեմ 

և ապշում մեղքի համար, որ իբր իրենն է:

Տեսավ, Աստված, լսեց մարդկանց ու նրանց գործերը.

շվար ու մոլոր, ձեռքերը երկինք ուինքն իրեն պարզած՝ կանչեց.

 - Առավել դժվարից ազատիր, որ պատմելու են իմ մասին:

Ու գիշերվա արահետով` բոբիկ, առանց հողաթափերի,

Աստված հեռացավ երկրից: 

 

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: