Հասան Բելասեմ. Իրաքցի Քրիստոսը
Մենք տեղավորվել էինք օրիորդաց մի դպրոցում։ Ասացին, որ գնում են ապաստարան։ Քրիստոնյա Դանիել մաստակ ծամողը վերցրեց իր վերմակն ու սավանը և դրանք փռեց դպրոցի բակի հեռու մի անկյունում։ Արմավենու պես բարձրահասակ մի զինվոր, որի բերանը լի էր չոր հացով, ասաց. «Պարզ է, տղե՛րք, քրիստոնյա մաստակ ծամողը խելագար է»: Մյուս զինվորն ասաց. «Գուցե պարզապես չի ուզում մեզ՝ մուսուլմաններիս հետ քնել»: Այս երիտասարդները մի խումբ կապիկներ էին և Դանիել մաստակի իրական էությունը չէին ճանաչում։ Նրանց միտքն ու խոսակցությունները միայն իրենց կենդանական բնազդների շուրջ էր պտտվում՝ այն նստարանների մասին, որոնց վրա աղջիկներն էին նստել։ Միայն մեկ հրթիռը բավական էր, որ բոլորին վերածեր ածխացած սեռական օրգանների։ Այսպիսի անիմաստ պատերազմներում Դանիելի շնորհը փրկարար հրեշտակի պարգև էր։ Մենք միասին էինք Քուվեյթի պատերազմում, և եթե չլինեին նրա զարմանալի ունակությունները, երբեք չէինք փրկվի։ Եթե չլիներ նրա՝ տխրությամբ լի էությունը, ընդհանրապես դժվար կլիներ նրան Ադամի կավից ստեղծված մարդ համարել։ Նա մեղմ ու անուշ զեփյուռի պես էր։
Վերմակս փռեցի նրա կողքին և ինչպես նա, մեջքի վրա պառկեցի ու աչքերս հառեցի երկնքին։ «Քնիր, ընկե՛րս։ Քնիր, Ալի՛։ Այս գիշեր հերթապահություն չկա։ Քնիր»: Շատ չանցած՝ նրա շնչառությունը դարձավ հանդարտ։ Քանի որ Դանիելը միշտ մաստակ էր ծամում, զինվորները նրան «Մաստակ ծամող Իսա[1]» էին կոչում։ Բազմիցս զգացել էի, որ Դանիելի մաստակը նրա համար ուղեղը լիցքավորող սարքի դեր էր կատարում։ Նրա կյանքի ամենամեծ երազանքը ռադարային ստորաբաժանումում ծառայելն էր։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա կամավոր դիմել էր ռազմաօդային ուժերում ծառայելու։ Սակայն նրա դիմումը մերժել էին, հավանաբար այն պատճառով, որ յոթանասունական թվականներին նրա հայրը Կոմունիստական կուսակցության ղեկավար կազմի անդամ էր։ Ուրիշները որքան խելահեղ սիրում էին կանանց կամ ֆուտբոլը, այնքան էլ նա սիրահարված էր ռադարին։ Ռադարի լուսանկարներ էր հավաքում, իսկ ազդանշանների ու հաճախականությունների մասին խոսում էր այնպես, ասես մերկացած երկու սիրահար խաղողի այգում իրար հետ գաղտնի զրույց ունենային։ Մինչ օրս հիշում եմ այն խոսքերը, որ Քուվեյթի պատերազմի ժամանակ ասաց ինձ. «Ալի՛, մարդը, մյուս կենդանիների համեմատ, ամենահզոր ռադարային սարքն է։ Պարզապես պետք է, որ իր հոգին շնչի պես իրենից դուրս բերի և նորից վերադարձնի իր մեջ»:
Դանիելը նույնիսկ ռադարին վերաբերող մի մաթեմատիկական բանաձև էր դաջել իր աջ ձեռքին։
Երբ նրա՝ ռազմաօդային ուժերին միանալու երազանքը փշրվեց, նա կամավոր միացավ բժշկական ստորաբաժանմանը, բայց երբեք չհրաժարվեց ռադարի հանդեպ իր սիրուց։ Ով ճանաչում էր նրան, բոլորովին չէր զարմանում այդ սիրուց, որովհետև մեր «Մաստակ ծամող Իսան»՝ Դանիելը, ինքն աշխարհի ամենազարմանալի ռադարն էր։ Քուվեյթի պատերազմի այն սարսափելի օրերը դեռևս պարզ հիշում եմ։ Սարսափահար զինվորները, ինչպես բադի ձագեր, նրա ետևից էին գնում, և ուր էլ նա ոտք էր դնում, բոլորը հոսում էին նրա ետևից։ Դաշնակից ուժերի ինքնաթիռները ռմբակոծում էին մեր դիրքերը, իսկ մենք ասես կանգնած լինեինք ոչ թե պատերազմի, այլ մի վերերկրյա, անհաղթելի ուժի դեմ, անզոր էինք անգամ մեկ կրակոց արձակելու։ Մենք միայն ավելի ու ավելի շատ խրամատներ էինք փորում և, ինչպես անապատային մկները, մի տեղից մյուսն էինք սողում։ Ի վերջո ճամբար խփեցինք անապատի եզրին։ Այլևս մեզ ոչինչ չէր մնացել, բացի Աստծո հանդեպ հավատից և քրիստոնյա Դանիելի կարողություններից։ Մի գիշեր, երբ մյուս զինվորների հետ բլինդաժում ընթրում էինք, Դանիելի ստամոքսը ցավեց։ Զինվորներն անմիջապես դադարեցրին ուտելը, վերցրին իրենց զենքերը և, հայացքները հառած Դանիելի շուրթերին՝ պատրաստ կանգնեցին՝ ցանկացած պահի վեր կենալու։ Վերջապես Իսան ասաց. «Ես ուզում եմ հանգստանալ այն մեծ ջրամբարի ստվերում»՞
Բոլոր զինվորները միացան նրան։ Նրանք այնպես էին իրար հրում և փորձում հնարավորինս մոտ կանգնել նրան, ասես Դանիելն ինքն էր հակահրթիռային վահանը։ Բոլորը ջրամբարի ստվերում հավաքվեցին նրա շուրջը, և ընդամենը երեսունհինգ րոպե անց երեք ռումբ ընկավ մեր խրամատի վրա։ Բայց սա միայն մեկ դեպք չէր։ Նրա կանխազգացումները բազմաթիվ զինվորների կյանք էին փրկել։ Այդ պատերազմի ընթացքում Դանիելի հետ միասին ականատես եղանք այնպիսի դեպքերի, որոնք ավելի շատ մուլտֆիլմի էին նման, քան իրականության։ Աչք թարթելու չափ կարճ ժամանակում իրականությունը ձգվում էր, կորցնում իր ամբողջականությունը և մարդուն մատնում զառանցանքի։ Ի վերջո, ինչպե՞ս կարելի էր բացատրել Իսայի ամորձիների անդադար քորը, որը նախապես զգուշացնում էր ամերիկյան ուղղաթիռի՝ սպաների հրամանատարական կետի վրա ընկնելու մասին։ Կամ՝ ինչպե՞ս կարելի էր հավատալ, որ Իսայի երեք անընդմեջ փռշտոցները ծովի կողմից սպասվող խելահեղ հրթիռային հարձակման նախազգուշացումն էին։ Մենք՝ զինվորներս, ոչխարների պես ոտք էինք դրել մի ծիծաղելի պատերազմից ներս: Շատերն ասում էին, թե Իսայի արկածների մասին զեկույցներն արդեն հասել էին բարձրագույն հրամանատարությանը։ Սակայն այդ օրերի քաոսն ու մեր բանակի պարտությունը, որը ճզմվում էր ճանճի պես, իշխանություններին թույլ չտվեցին որևէ ուշադրություն դարձնել այդ գործին։
Նախագահի՝ աճպարարների, կախարդների և գերբնական ուժերի տեր մարդկանց նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրության մասին էլ անընդհատ խոսակցություններ էին պտտվում։ Ասում էին, թե ութսունական թվականներին պարահոգեբանության մասին բոլոր գրքերի հանկարծակի թարգմանությունը կատարվել էր հենց նախագահի ցուցումով, որովհետև իբր նա լսել էր, որ զարգացած երկրները զարգացրել են տելեպատիայի կարողությունները և դրանք օգտագործում են լրտեսական գործողություններում։ Նախագահը համոզված էր, որ գիտությունն ու աճպարարությունը, ըստ էության, նույն բանն են․ դրանք պարզապես տարբեր ճանապարհներ են՝ բացահայտելու աշխարհի գաղտնիքները։
Իսան չէր մեծամտանում կանխատեսելու իր ունակությամբ և այն որևէ արտառոց կամ զարմանալի երևույթ չէր համարում։ Նա մարդկության պատմությունից ինչ-որ բաներ էր պատմում, որոնց առանցքում մարդու կանխատեսելու կարողությունն էր։ Ես Դանիելին ճանաչում էի և գիտեի, որ նրա թաքուն վիշտը երբեք թույլ չէր տա, որ նման շնորհը նրան իսկապես ուրախացնի կամ հիացմունք պատճառի։ Նույնիսկ ռադարի հանդեպ ունեցած նրա հրապուրանքը չէր կարող նրան երջանկացնել։ Նա երջանկությանը խորհրդավոր հայացքով էր նայում և վախենում էր մարդկային բնության մութ խորքերից։ Նա համոզված էր, որ իր բացառիկ կարողությունը պարզապես ևս մեկ վկայությունն է այն բանի, թե որքան խորն են մարդկային անզորությունն ու մոլորությունը այս՝ գաղտնիքներով ու առեղծվածներով լի աշխարհում։
Մի օր նա ինձ պատմեց մի իրաքցի գրողի պատմվածքի մասին՝ մի պատմություն, որը կարդացել էր դեռ մանկության տարիներին։ Այդ գրողը հեգնական բացառիկ շնորհ ուներ, սակայն նրա գրական աշխարհը միաժամանակ սարսափազդու էր։ Նրա պատմվածքի հերոսը, երևակայական Ժամանակի գետում շնաձկան դեմ մղած հերոսական պայքարից հետո, հայտնվում է այդ արյունարբու ջրային գազանի փորի խավարում։ Նա մենակ նստում է անթափանց մթության մեջ և ինքն իրեն ասում. «Ինչպե՞ս կարող եմ իմ անձնական կյանքը ներդաշնակեցնել այն ըմբռնման հետ, որ ունեմ այս փլուզման եզրին կանգնած աշխարհի մասին»: Իսան ասում էր. «Այդ հարցը դարձավ իմ հոգու ամենածանր բեռը և, ինչպես բաց վերք, գիշեր առ գիշեր քունը փախցրեց աչքերիցս»:
Հաջորդ օրը, երբ արթնացանք, ամերիկյան զորքերն արդեն հասել էին Բաղդադի մատույցները, իսկ մի քանի ժամ անց տապալեցին բռնապետի արձանը։ Դա մի իսկական սյուրռեալիստական ցնցում էր։ Մենք բոլորս քաղաքացիական հագուստ հագանք և վերադարձանք մեր ընտանիքներին: Այն ամենը, ինչ թողել էինք մեր հետևում, ոչ այլ ինչ էր, քան ևս մեկ կույր պատերազմ։ Մեր գումարտակից ոչ ոք նույնիսկ մեկ կրակոց չէր արձակել։ Պատերազմից հետո Դանիելին մի քանի անգամ տեսա։ Նա վերադարձել էր տուն՝ իր ծեր մոր հետ ապրելու։ Այն բանից հետո, երբ երկիրը համակվեց քաոսով, գնացի նրանց տուն՝ Բաղդադում, նրան տեսնելու։ Ուզում էի նրա հետ խոսել բանակ վերադառնալու մասին։ Նա պատասխանեց. «Ես միշտ ատել եմ բռնապետին, բայց երբեք չեմ միանա նաև օկուպանտների հովանավորությամբ ստեղծված բանակին»:
Այդ հանդիպումից հետո այլևս նրան չտեսա։ Ես վերադարձա բանակ, իսկ Դանիելը շարունակեց խնամել իր մորը։ Նրա երկու քույրերը վաղուց արտագաղթել էին Կանադա, իսկ մյուս հարազատներն էլ նրանց հետևից հեռացել էին երկրից։ Անընդմեջ պատերազմները, խելագարությունն ու կրոնական մոլեռանդությունը ցրել էին նրանց աշխարհով մեկ։ Այդ մեծ ընտանիքից միայն մայրն էր մնացել։ Դանիելն իր ժամանակն անցկացնում էր տանը՝ վեպեր կարդալով և հանրագիտարաններ ուսումնասիրելով։ Միաժամանակ երբեք աչքաթող չէր անում պատերազմի մասին լուրերը։ Նրա գիշերներն ու օրերը լցված էին մոր խնամքով։ Նա արդեն կորցրել էր լսողությունը, տեսողությունն ու հիշողությունը։ Ծերությունն աստիճանաբար կտրել էր նրան աշխարհից և նույնիսկ զրկել էր սեփական բնական կարիքները հոգալու կարողությունից։ Իսան մի քանի ժամը մեկ փոխում էր նրա տակդիրն ու մեզի պարկը։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում նա երբեք չէր մտածում արտագաղթի մասին։ Նրա ավագ քույրը երկար նամակով աղաչում էր, որ փախչի երկրից, բայց Իսայի համառությունը ոչնչով չէր զիջում մոր կամակոր համառությանը։ Երկուսն էլ մերժեցին սատանայի գայթակղությունը և չցանկացան լքել իրենց կորուսյալ դրախտը։
Մի կիրակի՝ եկեղեցու արարողությունից հետո, Իսան իր մորը տարավ մի ռեստորան, որը հայտնի էր իր քյաբաբով։ Նրա մորը դուր էին գալիս և՛ այդ վայրի մաքրությունը, և՛ այն, որ այնտեղ երեխաների համար հատուկ աթոռներ կային։ Ռեստորանը շատ էր փոխվել։ Չէր հիշում, թե վերջին անգամ երբ էր այնտեղ եղել։ Նա անկյունում մի ազատ սեղան ընտրեց և մորը նստեցրեց աթոռին։ Նրա ուշադրությունը գրավեց մատուցողի հումորը։ Հաճախորդների պատվերներն ազդարարելիս նա ուտեստների անունները խառնում էր մահվան մասին առօրյա լուրերից վերցված բառերի հետ։ Օրինակ՝ ասում էր «ռմբակոծված քյաբաբ՝ ուղեղն ու փորը պատառոտելու համար», «պայթուցիկ խաշ», «հրթիռային բրինձ ու լոբի»:
Իսան պատվիրեց մեկուկես բաժին քյաբաբ՝ կծու պղպեղով, մեկ բաժակ թան և մեկ շիշ սառը մրգահյութ։ Մատուցողը բերեց պատվերը և նրա ականջի մոտ թեքվելով՝ մի կատակ էլ արեց քիթը ամեն տեղ խոթող մարդկանց մասին։ Իսան, քաղաքավարությունից դրդված, ժպտաց։ Հետո մեղմորեն բարձրացրեց մոր մատները, որպեսզի նա կարողանա շոշափել տաք քյաբաբն ու տապակած կարտոֆիլը։ Այնուհետև նրա ձեռքը նորից դրեց սեղանին և ժպիտը դեմքին, զարմանալի, գրեթե աստվածային քնքշությամբ՝ մի համեղ պատառ պատրաստեց մոր համար ու դրեց նրա բերանը։
Քիչ անց մի երիտասարդ մոտեցավ և թույլտվություն խնդրեց նրանց սեղանի մոտ նստելու։ Չնայած նրա թիկնեղ մարմնին ու կոպիտ դիմագծերին՝ կարելի էր հեշտությամբ կռահել տարիքը․ նոր էր քսան տարեկան դառնում։ Նա պատվիրեց քյաբաբ՝ հավելյալ սոխով։ Գեղեցիկ երիտասարդ էր, սակայն նրա աչքերը շարունակ մի կետից մյուսն էին սահում, իսկ ինքն անընդհատ քորում էր վիզը, ինչպես քոսով տառապող մարդիկ։ Դանիելը աղցանի ափսեն մոտեցրեց մոր մատներին, որպեսզի պառավը կարողանա շոշափել բանջարեղենը։ Հետո ևս մեկ պատառ պատրաստեց նրա համար։ Երիտասարդը աչքի պոչով հետևում էր նրանց։ Նրա պահվածքում ինչ-որ տարօրինակ բան կար։ Նա պատառները չափազանց դանդաղ էր ծամում, դժվարությամբ էր կուլ տալիս, և արցունքները հոսում էին նրա գեղեցիկ աչքերից։
Դանիելը նկատեց նրան։ Մի փոքր առաջ թեքվեց և հարցրեց, թե արդյո՞ք կարող է որևէ կերպ օգնել։ Նա իր հարցը կրկնեց ևս մեկ անգամ։ Սակայն երիտասարդը հայացքը չէր կտրում իր ափսեից, ասես ընդհանրապես չէր լսում Դանիելի ձայնը։ Մի քանի րոպե նա, արցունք թափելով, շարունակեց ծամել, ապա անձեռոցիկ վերցրեց, սրբեց աչքերը և մաքրեց քիթը։ Շուրջը նայեց, հայացքով չափեց ամբողջ սրահը և վերջապես աչքերը հառեց Իսաին։ Հանկարծ նրա դեմքի գծերը փոխվեցին, և մի ուրիշ դեմք երևաց, ասես դիմակն ընկներ։ Նա բռնեց բաճկոնի փեշից, փոքր-ինչ մի կողմ քաշեց այն՝ կարծես ուզում էր ցույց տալ իր կուրծքը, և շշնջաց. «Սա պայթուցիկ ժիլետ է։ Մի բառ անգամ ասես՝ անմիջապես ինձ կպայթեցնեմ»: Այս խոսքերն ասելուց հետո երիտասարդը սպառնալից հայացք նետեց պառավին։
------
Ես զոհվեցի ընկերական կրակից։ Ամերիկյան զորքերի հետ անցկացվող մի գիշերային համատեղ պարեկության ժամանակ գյուղական մի տնից կրակ բացեցին մեր ուղղությամբ։ Ամերիկացիները, կարծելով, թե կրակողը մենք ենք, խուճապահար բոլոր կողմերից պատասխան կրակ բացեցին։ Երեք գնդակ էլ դիպավ գլխիս։
Իսային գտա մեր նոր աշխարհում և նրա հետ հանդիպելուց անչափ ուրախացա։ Նա պատմեց, թե այդ ռեստորանում ինչպես էր ենթարկվել այն երիտասարդի հրամանին։ Նրա վիճակը բառերով նկարագրել հնարավոր չէր։ Նա քարացել էր, բայց ոչ միայն վախից․ այդ պահին նրա մեջ ծնվել էր նաև ազատագրվելու մի տարօրինակ, անբացատրելի ցանկություն։ Իսան մի քանի ակնթարթ լուռ նայում էր երիտասարդի դեմքին։ Անկոչ հյուրը թեքվեց դեպի նա և խնդրեց վեր կենալ, որպեսզի միասին գնան ռեստորանի զուգարան։ Նա էլ մի քանի վայրկյան անշարժ նստեց՝ քարի պես, ապա համբուրեց մոր ճակատը և վեր կացավ։
Երիտասարդը նրան տարավ զուգարան։ Դուռը կիսաբաց թողեց, պայթուցիկ ժիլետի կոճակի վրա պահեց իր մատի ծայրը, իսկ մյուս ձեռքով հագուստի տակից ատրճանակ հանեց, ուղղեց Դանիելի գլխին և, տարածքի նեղության պատճառով, ակամա նրան գրկեց։ Ապա իր պահանջը ձևակերպեց ընդամենը մեկ բառով. «Փոխանակում։ Ժիլետը՝ պառավի կյանքի դիմաց»:
Չնայած իր խուճապին՝ երիտասարդը քիչ թե շատ կարողանում էր իրեն տիրապետել։ Նա ասաց, որ դրսում՝ փողոցում, ինչ-որ մեկին թողել են, որպեսզի պայթյունի պահը լուսանկարի, և եթե ինքը չպայթեցնի իրեն, անկասկած նրան կսպանեն։ Դանիելը ոչ մի բառ չպատասխանեց։ Երկուսի դեմքերից էլ քրտինքն առատորեն հոսում էր։ Այդ պահին մի հաճախորդ փորձեց բացել զուգարանի դուռը։ Երիտասարդը հազաց, ապա կրկին խոստացավ Իսային, որ նրա մորը անվնաս դուրս կբերի այնտեղից։ Բայց միաժամանակ շեշտեց, որ եթե Դանիելը ինքը չպայթեցնի իրեն, ինքը կսպանի պառավին։ Մոտ երեսուն վայրկյան լռություն տիրեց։ Այնուհետև Իսան, ապշահար ու երիտասարդի աչքերի մեջ սևեռված, գլխի թեթև շարժումով համաձայնություն տվեց։ Երիտասարդը խնդրեց, որ նա հանի պայթուցիկ ժիլետը և հագնի այն իր վրա։ Տեղը նեղ էր, և դա հեշտ գործ չէր։
Երիտասարդը զգուշորեն մի քանի քայլ հետ գնաց և Դանիելին՝ պայթուցիկ ժիլետը հագին, մենակ թողեց զուգարանում։ Այնուհետև շտապ մոտեցավ պառավին, որը սրահի մի անկյունում նստած էր։ Նա մեղմորեն ձեռքը դրեց նրա ուսին, բռնեց ձեռքը, և պառավը, ինչպես հնազանդ մի երեխա, վեր կացավ ու հետևեց նրան։ Այդ ընթացքում ռեստորանը գնալով ավելի էր լցվում մարդկանցով, իսկ աղմուկն ավելի ու ավելի էր բարձրանում։ Բերանները ծիծաղում էին, իսկ գդալների ու պատառաքաղների զրնգոցը սրերի բախման ձայն էր հիշեցնում։ Իսան ծնկի էր իջել հատակին։ Նա դժվարությամբ էր շնչում։ Տաբատը թրջել էր։ Նա բացեց զուգարանի դուռը և սողալով շարժվեց դեպի սրահ։ Մարդկանցից մեկը նրան տեսավ զուգարանի դռան մոտ, իսկույն խուճապահար փախուստի դիմեց և գոռաց.
«Մահապարտ… մահապարտ…»:
Այն խուճապի ու սարսափի մեջ, երբ երեխաներն ու մեծահասակները միմյանց ոտքի տակ էին գցում՝ փրկության ճանապարհ գտնելու համար, Իսան տեսավ, որ մոր աթոռն արդեն դատարկ է։
Եվ նա սեղմեց կոճակը…
Անգլերենից թարգմանեց Անի Հովսեփյանը
[1] Իսա – Հիսուս (պարսկ.):