Շիրզադ Հասան․ Լոզան

Շիրզադ Հասանը  ծնվել է 1951 թվականին իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում։ Նրա հայրը զինվորական էր, որը,  ինչպես բոլոր բռնապետերը, տանը ոչ մեկին թույլ  չէր տալիս իր դեմ խոսել, եւ միշտ առաջին ու վերջին խոսքը վերապահված էր իրեն։ Նման պայմաններում ապրելը Շիրզադ Հասանին դարձրեց ամաչկոտ եւ անվստահ դեռահաս։ Դժվար մանկություն եւ պատանեկություն ունենալով՝  նա հետագայում սկսեց պատմություններ գրել՝  իր հետ կատարվածը արտահայտելու համար։ Հետեւաբար Շիրզադ Հասանի շատ պատմություններում  կարելի է տեսնել նրա կյանքի արտացոլումը։ Շիրզադ  Հասանի համար մոր եւ տատիկի կարդացած պատմությունները նույնպես խթանեցին նրա հետաքրքրությունը  գրականության նկատմամբ։

Շիրզադ Հասանը 1975 թվականին ստացավ  անգլերեն լեզվի եւ գրականության բակալավրի աստիճան Բաղդադի Ալ-Մուստանսիրիա համալսարանում։ Մի քանի տարի անգլերեն  դասավանդելուց հետո սկսեց գրել հոդվածներ եւ պատմվածքներ։

Իրաքի Քրդստանի շրջանից ելած այս ականավոր գրողը փորձեց իր ստեղծագործություններով պայքարել իր երկրի ժողովրդի հետամնացության դեմ եւ վերականգնել կանանց կորցրած իրավունքներն ու ազատությունն իր երկրում։

 Լոզան

Լոզանը, հետ քաշելով իր մուգ-սաթե, մինչեւ կզակը հասնող մազերի խոպոպը, համեստորեն բարձրացրեց գլուխը  եւ թեթեւ նկատողության տոնով խնդրեց ինձ մի փոքր դադար առնել եւ իրեն թույլ տալ, որ շունչ քաշի։ Այդ հանգիստ ու մեկուսի բարում նա  պաղատագին խնդրեց ինձ գոնե մեկ անգամ չխոսել Քրդստանի պառակտման մասին, քանի որ Քրդստանի խաչելության պատմությունը տանջալից ու հիվանդագին է։

Անհարմար զգացի, երբ նա իրեն տհաճություն պատճառող բաների մասին խոսեց եւ զգուշացրեց ինձ, չնայած  գիտեր, որ մեր ողբերգական պատմության մասին ազգային եւ անձնական մակարդակով խոսելը իմ հիմնական թեման է,  եւ դա շատ բան է նշանակում ինձ համար, եւ նույնիսկ ավելին։

Հանկարծ աչքերս մթագնեցին մի ամպամած ստվերից։ Ամոթխածությամբ նայեցի նրան, ասես շուրջբոլորը ծածկված էր թանձր մառախուղով. նրա զայրույթն ու վատ տրամադրությունն այլանդակում էր իր դրախտային դեմքն ու նուրբ դիմագծերը։

Կարմիր եւ դեղին լույսերի արտացոլումը բավարար չէին ինձ՝ տեսնելու նրա կախարդական եւ դյութիչ գեղեցկությունը, բայց նրա լուսաշող, մեղրագույն աչքերն արբեցնում էին ինձ, թեեւ մի ձայն հուշում էր, որ այդ աչքերը հավանաբար երբեւէ արցունք չեն թափել որեւէ մեկի կամ որեւէ բանի համար, բայց ո՞վ գիտե: Գուցե սխալ եմ թույլ տվել՝ մի անգամ նրան ասելով, թե ինքը նման է այն կին հրեշտակին, որը երբեք չի լացել եւ չգիտի՝ ինչպես տխրել դրախտում: Նա խոժոռվել էր իմ կասկածամտությունից։ Նկատեցի` նա ժամանակ առ ժամանակ իր նուրբ մատներով վերեւ է հավաքում մազերը, բայց  երբ կախում է գլուխը, մազերն ազատ թափվում են՝ թաքցնելով դեմքն ու կուրծքը։

Ես նկատեցի, թե ինչպես նա բարձրացրեց բաժակը եւ հպեց շուրթերին, միայն այդ կանացի շարժումը բավական էր՝ գայթակղելու  ինձ որպես սիրող տղամարդու։ Արաբական սեւ սուրճի մրուրը նստեց նրա ստորին շուրթի բարակ ճաքերի միջեւ, եւ դա ինձ տեղափոխեց «Էյֆելյան աշտարակի» վերեւում անցկացվող մեր  այն երեկոները, որտեղ ես ճաշակեցի այդ հյութալի  շուրթերը։ Այդ պահին կարծես օդում  մի անուշաբույր զեփյուռ էր օրորվում, եւ ինձ հետ տանում դեպի այն պահը, երբ ամբոխի առջեւ գրկեցի նրան՝ փարիզյան հազարավոր լույսերով շրջապատված։ Նրա խորամանկ աչքերն ինձ կարծես ասում էին.

- Բռնիր ձեռքս, գրկիր ինձ, համբուրիր ինձ...

Նրա ձախ աչքը սիրով եւ քնքշանքով էր լցված, աջը՝ կրքով։ Իսկ այս գիշեր նրա ձախ աչքը անշարժ էր, աջը՝ գերլարված։ Հանկարծ նա իմ մեջ արթնացրեց մի զգացում, որ կարծես ամբողջովին հակառակ էր մինչ այդ զգացածիս։

- Քավա՛, դու Քուրդիստանի չորս կամ հինգ մասեր ես խցկել իմ մեջ։ Եվ հիմա ես ավելին գիտեմ աշխարհի այդ անիծյալ հատվածի եւ պատառոտված քարտեզի մասին, ես լիուլի հագեցած եմ այդ ամենով։ Կարո՞ղ ես այս գիշեր խնայել ինձ՝ առանց որեւէ դրամատիկ անհեթեթության։

Նա նայում էր ինձ, մինչ ես գարեջուրս էի խմում։ Իմ արձագանքը ժպիտ էր՝ միայն ամաչկոտությունից եւ վերահաս թախծից։

- Ինչի՞ վրա ես ժպտում:

- Քո տեսքի...

- Անհարմա՞ր։

- Այո, բայց դեռ գեղեցիկ եւ շքեղ:

- Հիշում եմ՝ նույն տեղում էր, մի անգամ ինձ ասացիր, որ այնքա՜ն դժբախտ ես եղել կյանքումդ, որ միշտ մոռանում ես երջանիկ լինել կամ վայելել կյանքը, թեեւ դու պնդում ես, որ այս աշխարհի թաքնված գեղեցկության իսկական սիրահար ես, բայց կարծում եմ՝ դեռ չես կարող դա անել, չնայած` պատկերացնում եմ ձեր ողբերգական պատմությունը՝ որպես մարդու եւ որպես ազգի:

Ես որոշ ժամանակ ոչինչ չունեի ասելու նրա ելույթի մասին, քանի որ նա իրավունք ուներ ինձ մեղադրելու, քանի որ ինքս ամբողջապես նրան չէի տրվում: Նա ավելի լավին էր արժանի, քան գիշեր առ գիշեր ինձ հետ շփվելը, իմ դժբախտությունները լսելը: Բայց նա գիտեր, որ չի կարող գտնել մեկ այլ տղամարդու, որը կզվարճացներ եւ կվազեր դեպի իրեն, ինչպես ես։

- Այո, դու հարվածեցիր նշանակետին։ Ես չեմ կարող վայելել գեղեցկությունը, եթե այն ինչ-որ կերպ չի խառնվել տխրության եւ մելամաղձության հետ։ Կարծում եմ՝ իմ սերնդի տղաներից շատերին կրծքով սնում էին մեր մայրերի կաթին խառնած թույնով՝  նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք մեզ օրորում էին, որ քնեցնեն: նրանք մեզ կերակրեցին իրենց աղի արցունքներով, եւ նրանց տենդագին տեսիլքներն ու լացը դեռ արձագանքում են իմ ականջներում:

- Դու կարող ես ամբողջ կյանքում միայնակ մնալ, ինչպես մեր ռոմանտիկ վիպասանը:

- Ո՞ւմ նկատի ունեք:

- Գուստավ Ֆլոբերին:

- Ինձ դուր է գալիս նա իր գլուխգործոցի՝ «Մադամ Բովարի»-ի համար: Նա ասում էր, որ ինքը ամենաանհաջող տղամարդն է, քանի որ չի կարող նկատել կնոջ մարմնի գեղեցկությունը։

- Ի՞նչը նկատի ունես։

- Նա խոստովանել է, որ երբ նայում է կանանց, տեսնում է միայն նրանց կողերն ու ոսկորները, եւ ոչ մաշկի տակի միսը:

- Ուրեմն... Ի՞նչ ես մտադիր բացահայտել։

- Կարծում եմ, որ նա հանճարեղ էր, եւ միշտ այսպես է լինում, որ ստեղծագործող գրողները աննորմալ են, եւ իրենց հիվանդությունները ներառում են իրենց գրքերում, կամ ավելի շուտ կարող եմ ասել, որ նա ողբերգական զգացում է ունեցել կյանքի կամ գոնե կանանց նկատմամբ:

- Բայց իմ տեղեկություններով, Ֆլոբերը հարաբերություններ է ունեցել բանաստեղծուհի Լուիզա Կոլետի հետ։

- Ոչ ոք չի շեշտել նրանց սիրային կապերի մասին, պահպանվել են միայն իր սիրային նամակները նրան ուղղված:

- Այնուամենայնիվ, նա երբեմն այցելում էր Փարիզ եւ Լոնդոն, որտեղ, ըստ երեւույթին, սիրուհի ուներ:

- Լո՞ւրջ,  դու գուշակո՞ւմ ես եւ կերտում սիրո պատմություն պարոն Ֆլոբերի համար միայն այն փաստով, որ նա ճանապարհորդե՞լ է Փարիզի եւ Լոնդոնի միջեւ:

- Ուզո՞ւմ եք ապացուցել, որ նա միասեռական էր։

- Բնավ ոչ . . . Դու կատակում ես:

-  Մոռացիր, բայց դու պատրաստվում ես դառնալ հերթական Ֆլոբե՞ր:

- Ոչ, ամենեւին, մեր մշակութային ծագումից ելնելով՝ ինձ դուր է գալիս, որ նա մերժում է բոլոր տեսակի գրաքննությունները:

- Այդ հանճարեղ գրողների նման քեզ աննորմա՞լ ես համարում, թե՞ հոգեկան հիվանդ։

- Այո, բայց մի տարբերությամբ. ես հանճարեղ չեմ։

Հանկարծ նա ինձ հրամայեց մոռանալ Գուստավ Ֆլոբերի մասին:

- Ինչո՞ւ ես ինձնից փախչում: Անկեղծ եղիր եւ ասա ինձ, թե ինչու երեկ գիշեր չմնացիր ինձ հետ: Չես կարող պատկերացնել, թե ինչքան էի ես քո կարիքը զգում: Քո գնալուց հետո ես ողջ գիշեր տառապում էի անքնությունից։ Ես աղաչեցի քեզ չլքել ինձ։ Չե՞ս ամաչում կնոջը մենակ թողնելուց:

Նա ճիշտ էր: Ես ջենտլմեն չէի եւ  ամաչում էի նրան աչքաթող անելուս համար: Ես պետք է գոնե մնայի ու գրկեի նրան, չէի համարձակվում ասել նրան իմ ոչ տղամարդկային վիճակի իրական պատճառը։

Նա ծաղրեց ինձ՝ ասելով.

- Զորբան[1] մտածում էր, որ տղամարդը դժոխք կգնա, եթե հիասթափեցնի միայնակ կնոջը:

- Օհ. . . Ի՜նչ հետաքրքի՜ր ասացվածք, նա խելք ու իմաստություն է ունեցել։

- Բոլոր տղամարդիկ ցանկանում են վարվել Զորբայի պես, իսկ բոլոր կանայք պաշտում են Զորբայի նման մեկին:

- Ներողություն եմ խնդրում քեզանից:

Դրանից ավելի հետաքրքիր էր մեր ճակատագիրը։ Սորբոնի բոլոր տղաների մեջ նա ընտրել էր ինձ։ Դա կարող էր լինել այն պատճառով, որ մենք կիսում էինք մեր հետաքրքրությունը գրականության հանդեպ: Կամ դա կարող է ավելին լինել: Նա կարծում էր, թե ես ռոմանտիկ եմ, բայց ես մտածում էի, որ պատրաստ եմ թանգարանում դրվելու։

Եվս մեկ անգամ նա վերցրեց բաժակը, նայեց սուրճի մրուրին եւ ժամանակին գլխով Կապույտ Դանուբի երաժշտության հետ տակտ պահեց, որը որպես ֆոն տարածվում էր շրջապատում։ Երեք գիշեր առաջ փիլիսոփայության դեպարտամենտից մի արաբուհի գուշակ կանխատեսեց, որ Լոզանը կամուսնանա անծանոթի հետ: Լոզանը գիտեր, որ դա սուտ է: Նա հավատում էր միայն խղճին, բայց ուրախանում էր ստով:

- Տարօրինակ չես համարո՞ւմ, որ Սորբոնի փիլիսոփայության բաժնի շվեյցարացի աղջիկը հավատում է պատահականությանը:

- Թող դա. եկ խոսենք մե՛ր իսկ քաոսային սիրո մասին։

Ես ատում էի պատահականությունը: Ես ուզում էի նրան ասել, որ իմ երկրում ամեն ինչ կապված է պատահականության հետ՝ կյանքը, մահը, ամուսնությունը, նույնիսկ մեր հեղափոխություններն ու փլուզումները։ Ուզում էի ասել, որ պատահականությունն իմ թշնամին է։ Իմ ազգը պատմության ընթացքում հանձնվել է պատահականությանն ու ճակատագրին։

Նա նայեց շուրջը: Մի զույգ գրկախառնվում եւ համբուրվում էր մեր կողքի սեղանի մոտ, եւ ես զգացի նրա խանդը: Նա խցկեց իր մատները իմ մատների մեջ: Նրա ներկած եղունգները խունացել էին, մատները՝ ծխախոտից դեղնել։ Նրան ասացի՝ ազատ արձակի այն, ինչ ներքուստ ունի իմ դեմ, ես խնդրեցի բացահայտել թաքնված զայրույթն ու հույզը, եւ նա շտապեց դիմելով ինձ.

- Երեկ երեկոյան հարցրիր, թե ինչու չեմ փոխում իմ անունը, ինչը տարօրինակ էր: Ինչո՞ւ է սխալ իմ անունը:

- Լոզանը հրաշալի երաժշտական անուն է, բայց աղետ ու աննախադեպ դավաճանություն է քուրդ ժողովրդի համար։

-Ի՞նչ աղետ: Ի՞նչ դավաճանություն։ Ե՞ս եմ դրանց պատճառը։

- Մի՛ բարկացիր, ինչպես դա արեցիր նախորդ գիշեր, ես այլ ելք չունեմ՝ բացի Քրդստանի մասնատման մասին խոսելուց:

- Մենք այնքան շատ ենք խոսել Լոզանի պայմանագրի մասին, ես անգիր եմ հիշում այդ աղմկահարույց ողբերգության ամեն մի մասնիկը, եթե իմանայի մեր սիրավեպի մասին, ծնողներիս կհամոզեի այլ անուն ընտրել: Ես չգիտեմ՝ հազարավոր անունների մեջ ինչու են ինձ անվանել Լոզան։

Նա կամաց քաշեց իր մատները իմ ձեռքից եւ  հոգոց հանելով ծխախոտ հանեց։ Կրակայրիչն ուղղեցի։ Ինչ-որ բան ունեի ասելու նրան, բայց ինձ անհրաժեշտ էր ամբողջ տիեզերքի էներգիան՝ այն արտասանելու համար: Մի քիչ նայեցի նրան։

- Քավա՛, դադարեցրու քո մեռելոցը: Խնդրում եմ, ինձ ասա, թե ինչ եմ արել:

- Այդ գիշեր մեր անկողնում ես վարանեցի: Ես զգացի, որ օձը խայթել է ինձ։

- Մի՛ հիշեցրու. ես ատում էի ինքս ինձ, քանի որ իմ անունը կաթվածահար արեց քեզ. զգում եմ, որ ես նույնպես քո դուրը չեմ գալիս։

- Էլ երբեք դա չասես: Ես չէի կարող այստեղ հասնել առանց քեզ: Դա քեզ հետ կապ չուներ։ Դա քո մեղքը չէ, եւ նույնիսկ քո ծնողները մեղավոր չեն քեզ Լոզան անվանակոչելու համար։ Քո անունը կրկնելն ինձ ստիպեց հիշել այդ անիծյալ պայմանագիրը: Ես սկսեցի զգալ, որ ես մարդ չէի կամ պարզապես արեւելյան տղամարդ, որը կարոտում էր քեզ նման կրքոտ լեդիի: Գիտեմ, որ տարօրինակ է, բայց ես զգացի, որ ես Քրդստանի նման մի մասնատված երկիր եմ: Թմրեցի եւ այնքան անդամալուծվեցի, որ չկարողացա գրկել քեզ։ Ես ամաչեցի իմ եւ քո մերկությունից։ Կներես, չկարողացա շարունակել: Զգացի, որ ջարդուփշուր եմ։ Զգացի, որ արյունահոսում եմ: Այնքան թույլ էի, որ չկարողացա գլուխս բարձր պահել, հանկարծ շրթունքներս սեղմվեցին իրար, երբ համբուրում էի քեզ։ Զգացի իմ աջ ձեռքը մազերիդ մեջ եւ չէի կարողանում այնտեղից հանել այն, նույնիսկ դու չկարողացար հեռացնել այն, եւ ես կորցրի իմ ձախ ձեռքը քո մեջքի տակ, ես ամեն ձեւ փորձեցի գոռալ, բայց լեզուս խրվեց քիմքիս մեջ, եւ ատամներիս մեծ մասը դուրս պրծան տեղից եւ ցրվեցին քո կրծքերի վրա, միայն աչքերս էին բաց մնացել, եւ ես կարող էի իմ ու քո շուրջ գտնվող մանր իրերը, մարմնիս բոլոր մասերը տեսնել, որ քայքայվել ու քանդվել են աչքիս առաջ, արյունս ներկել է քեզ ու ամբողջ անկողինը, մինչդեռ կրծքերդ ծաղիկների պես ծաղկել էին՝ սպասելով, որ ես տխուր շոյեմ նրանց, ինչպես քո սիրեցյալը։ Սիրահարի արյունը հեղեղեց աստիճանաբար, եւ մենք քիչ էր մնում խեղդվեինք։ Իմ բոլոր օրգանական մասերը լողում էին արյունոտ լողավազանի վրա, ես անհույս փնտրում էի քեզ։ Ես կամաց-կամաց կտոր-կտոր էի լինում․ ես քանդվում էի, կարծես ոտքերս հալչում էին ներսից։ Լողավազան, որի մեջ իմ արյունը թթու էր հիշեցնում: Ես լողում էի կրիայի պես, դու լաց էիր լինում կարեկցանքից։ Խնդրում եմ, հասկացիր ինձ, ես գիտեմ, որ դու դրան արժանի չես, դա ես եմ՝ արյունոտ հրեշը, դա հիվանդագին է եւ հոգեբանական ցնցում: Երբեմն ես զգում եմ, որ ես արյան ծով եմ, որը խեղդում է քեզ՝ անմեղիդ եւ ամենասիրելիիդ:     

Ես զարմացա, որ հարյուրավոր շվեյցարացի աղջիկների միջից Լոզան անունով մեկը՝ իմ սիրելին, պետք է միշտ հիշեցնի մեր պատմական ողբերգությունը: Տանը երբեք սիրային հարաբերություններ չեմ ունեցել, նույնիսկ երազներումս։ Ցանկանում էի, որ կարողանաս ենթադրել իմ տագնապալի վիճակը, իմ հոգեվիճակն ու նեւրոզները կապված իմ բաժանված հողի հետ, իսկ մնացածը կապ ունենար հորս անցյալի հետ՝ որպես մսավաճառ Էրբիլում եւ ամենածեր մսավաճառը Երկրի ամենահին բնակեցված քաղաքում։ Ես ուզում էի, որ նա կարեկցեր ինձ՝ խոսելով քրդերի հետ կապված ողբերգական իրադարձությունների մասին, բացի իմ դրամատիկ կյանքից, ես բեմի դերասանի պես եղա՝ գրգռելով նրան իմ պատմություններով։

- Երբ ես երեխա էի, ես նայում էի, թե ինչպես է նա մորթում կենդանիներին՝ նայելով իմ առջեւ գտնվող արյան հոսքին։ Ես նրա հանցակիցն էի։ Նա պարտավորեցրեց ինձ՝ բռնել նրանց ոտքերը, որ հանգիստ մորթվեն։ Երբ ես դրանք շատ թույլ էի պահում, նա դանակը շպրտում էր ինձ վրա: Վստահ եմ, որ հորս պես քարսիրտ մարդ ոչ մի տեղ չես գտնի. ես զգում եմ, որ նա իսկապես կտոր-կտոր արեց ինձ իր այծերի ու ոչխարների հետ։

Ես լռեցի՝ նրա արձագանքը տեսնելու համար, բայց նա նման էր զգացմունքից զուրկ արձանի, որը խոժոռված ինձ հակիրճ հարցրեց.

- Էլ ի՞նչ, փոքրի՛կ մսավաճառս։

- Ու նաեւ կնամոլ էր։ Նա այրիներին անվճար միս էր տալիս, իսկ ոմանք սիրախաղ էին անում եւ սիրահետում էին նրան՝ ավելին ստանալու նպատակով։ Նա ամուսնացավ նրանցից երկուսի հետ։ Թափառում էր տարբեր երկրներում։ Մայրս վստահ էր, որ այլ քաղաքներում ու գյուղերում ուրիշների հետ է ամուսնացել։ Հիմա ես այնքան շատ եղբայրներ եւ քույրեր ունեմ, որոնց անուններն անգամ չգիտեմ՝ լքված կամ կորած Թեհրանում, Ստամբուլում, Դամասկոսում եւ Բաղդադում, որտեղ նրանք մաքառում են հաց վաստակելու համար:

-  Զարմանալի է, նման է նրան, ինչ տեղի ունեցավ «Հազար ու մի գիշերներ»-ում։ Դա՞ է  քո խնդիրն ինձ հետ: ինչո՞ւ չես պատմել ինձ այդ արյունոտ պատմությունները այսքան ամիսների ընթացքում, երբ միասին ենք անցկացրել։

- Լոզա՛ն, ես ավելի թույլ եմ, քան գլխատելու համար կապած այծը, որը մորթելուց առաջ ի վիճակի է մկկալ։ Ես նույնիսկ դա՛ չեմ կարող անել:

Ես այլեւս չկարողացա զսպել արցունքներս, ինչը ցնցեց Լոզանին, եւ նա չէր պատկերացնում, թե ինչպես մխիթարել մի մարդու, ով այնքան ամոթ չուներ, որ իր լացը զսպեր։ Նա չէր պատկերացնում, թե որքան ցավալի է իր անունը ինձ համար, եւ ես չգիտեի՝ ես դերասանությո՞ւն եմ անում, թե՞ արյունոտ հիշողություններն ու իմ տխուր կարոտն է ինձ նման մելամաղձոտ վիճակի մեջ գցել։ Նա իր մատի ծայրով ծխախոտի մոխիրը նետեց մոխրամանի մեջ: Ի վերջո, նա նրբանկատորեն հրամայեց ինձ.

- Խնդրում եմ, լացիդ վերջ տուր, դու ինձ սպանում ես, իսկ նրանցից ոմանք նայում են մեզ, արի գնանք բարիս:

Ես ամաչկոտ հառաչեցի՝ իմանալով, որ նա շփոթված կզգա, եթե մարդիկ ինձ այսպես տեսնեն: Ես չէի կարողանում չխոսել, ոչ ոք չէր կարող խանգարել իմ մենախոսությանը.

- Մենք սովոր ենք լացին, ամբողջ աշխարհն այսքան ժամանակ հետեւում է քրդերի լացին, ամենաքաղաքակիրթ հասարակություններն ընտրեցին լռությունը մեր դժբախտությունների եւ արյունահեղությունների հանդեպ, բայց ես պետք է խոստովանեմ ու գնահատեմ այն, որ Արեւմուտքում հազարավոր մարդիկ կարեկցում էին մեզ ողջ այդ ընթացքում, մեր «Ելքը»-ը՝ 1991-ի մեր հեղափոխության ձախողումից հետո, եւ դա մեզ փրկեց ամբողջովին այծերի ու ոչխարների պես մորթվելուց։

- Դու իրավացի, ես ամեն ինչ կանեի իմ անունը փոխելու համար։ Ի՞նչ քրդական անուն կնախընտրեիր:

- Ինչ էլ որ լինի քո անունը, դու դեռ կմնաս որպես Լոզան։

- Արդար չէ. ինչո՞ւ ես ինձ մեղադրում: Այդ անիծյալ պայմանագիրը կազմակերպել էին գերտերությունները, նրա՛նք բաժանեցին ձեր երկիրը, ո՛չ թե ես։

Նա նորից զայրացավ, որից ցավեց իմ սիրտը:

- Ես գիտեմ, որ դա քո մեղքը չէ: Դու պետք է հասկանաս եւ օգնես ինձ՝ դուրս գալ այս թակարդից եւ երկընտրանքից: Ինձ համար դու նման ես թերապեւտի:

Նրա հայացքը փոխվեց. աչքերը, շուրթերը, դեմքի արտահայտությունն այլեւս նրանը չէին։

- Ինձ բավական է: Այլեւս չեմ կարող դիմանալ: Այն, ինչ դու ասում ես, հիմա ինձ վախեցնում է։ Չեմ ուզում՝ այնպես ստացվի, որ գեյ լինես, ինչպես քո շրջապատի բոլոր երիտասարդ ուսանողները: Մի քանի րոպե առաջ դու ինձ տարար իսկական մղձավանջի եւ կերպարանափոխված վիճակի մեջ, երբ զգում էիր, թե ինչպես ես կտոր-կտոր դարձել, պատկերեցիր սեւ տեսարան նախորդ գիշերվա մասին, երբ մենք անկողնում էինք, սիրում եւ գրկում էինք միմյանց՝ ի՛մ անվան պատճառով: Դու դա արտահայտեցիր մեր զգայական սիրուց՝ կորցնելով ձեռքերն ու ոտքերը, մինչդեռ դու իմ ձեռքերի արանքում էիր, Օ՜․ . . Իսկ մետամորֆ կարգավիճակդ՝ իսկական սիրեկանի փոխարեն կրիայի վերածվելդ, վախեցնող էր, մի՞թե արդարացի է այդպիսին լինել, ինչը մենք անվանեցինք սեր եւ մտերմություն:

- Բայց առանց քեզ ես կխեղդվեմ:

Ես գիտեի, որ նա արդեն հոգնել էր ինձնից: Ես չկարողացա բավարարել նրա կարիքները, չէի կարող նույնիսկ ռոմանտիկ սիրեկանի պես շոյել նրան։ Բայց ես կապված էի, նրա ձայնի տոնը լցված էր հուսահատությամբ, երբ դառնորեն շշնջաց, ասես պատրաստվում էր խեղդվել։

- Իմ ապագան քեզ հետ պարզ չէ: Ես ատում եմ ինձ այն բանի համար, որի մեջ ես հայտնվել դու:

Ես դա էլ գիտեի։ Նա հայտնվել էր հիվանդ տղամարդու մոտ։ Նա զայրացած եւ հուսահատ լինելու եւ ընդմիշտ ինձ թողնելու բոլոր իրավունքներն ուներ ։

- Խնդրում եմ լինել համբերատար։ Ես կարող եմ ավելի լավանալ:

- Ես լիովին հիասթափված եմ մեր հարաբերություններից, ես տեսնում եմ, որ սա մեզ համար վերջն է:

Նա վեր կացավ եւ նայեց ինձ: Նրան ասացի, որ պատրաստվում եմ մնալ նրա հետ այս գիշեր:

- Մի՛ կրկնիր քո սովորական մղձավանջն ու ողբերգական տեսարանը։

Նա գիտեր, որ ես ամբողջ գիշեր չեմ քնի: Ամեն անգամ, երբ նա վերջացնում էր ինձ հետ գործերը, ապա գիտեր, որ ես հետագայում կաղաչեմ նրան՝ ինձ եւս մեկ հնարավորություն տա, ինչ ցավալի է՝ մի քիչ մտերմության եւ զգացմունքների մուրացկանը լինել: Ես չկարողացա անգամ մեկ բառ գտնել՝ դադարեցնելու այդ դրաման, որը հասավ գագաթնակետին:

- Դա կարող է ինձ վերջ տալ, գուշակո՞ւմ ես:

- Բայց դու Սորբոնում ես, Քավա՛, կարող ես գտնել ․ . .

- Անիծյա՛լ լինի քո Սորբոնը:

- Դու եկել ես այստեղ՝ գռեհիկ սիրեկանի պես մտածելով, երբեք չես կարող փոխվել:

- Ինձ նորից թերագնահատո՞ւմ ես։

- Քավա՛, ես ուղղակի ճշմարտությունն եմ ասում։  Երբ նա ձայնը բարձրացրեց, ես նայեցի շուրջս։

- Մի՛ անհանգստացիր, ոչ ոքի հետաքրքիր չէ լսել: Տե՛ս, նրանք բոլորը մեր շուրջը վայելում են իրենց ժամանակը: Դու պետք է լսես այս երեկո: Քեզ համար եւ քո պատճառով ես իմ կուսությունը պահպանել եմ։

- Ասացիր, որ պահպանողական ընտանիքից ես, Լոզանի մոտ գտնվող գյուղից:

- Այո, բայց հիմա ես ապրում եմ Փարիզում եւ ազատ լեդի եմ:

- Եթե հիասթափվել ես կուսությունից, մի՛ սպասիր ու գնա՝ ազատվի՛ր դրանից:

Նա հանգցրեց ծխախոտը մոխրամանում, իսկ հետո անձեռոցիկով մաքրեց մատները։ Դեմքից երեւում էր, որ նա պայքարում էր արցունքների դեմ։ Ես չէի կարող սահմանել նրա գեղեցկությունը: Ես ավարտեցի իմ գարեջուրը մեկ ումպով։ Լոզանը վեր կացավ եւ բացեց իր պայուսակը, խուզարկեց այն եւ վերցրեց ծխախոտի տուփը:

- Խնդրում եմ, արի՛, սա արդար չէ, դեռ նոր բան ունեմ քեզ ասելու, ինձ մի՛ հիասթափեցրու։

- Դու ինձ հիասթափեցրիր այս գիշեր․ ես էլ քեզ եմ հիասթափեցնելու։

- Ինձ մենակ ես թողնում, չե՞ս տեսնում, որ արյունահոսում եմ։

- Դա իմ գործը չէ, Քավա՛, կուզենայի կարողանալ քեզ շտկել, բայց ես չեմ կարող գործ ունենալ փշրված մարդու հետ եւ չեմ կարող ստել, որպեսզի քեզ խորհուրդներ տամ: Ինձ ցավ է պատճառում քեզ վիրավորելը:

Նա իր աչքերը սեւեռեց ինձ վրա։

- Խնդրում եմ, մի քիչ կանգ առ ու ինձ այսկերպ մի՛ թող։

- Կցանկանայի  կարողանալ հավաքել քո փշուրները եւ դրանք միմյանց փակցնել, բայց իմացիր, որ ես վիրաբույժ չեմ, ինչը դու գիտես:

- Միակտոր մարդ կգտնե՞ք:

- Էլի քեզ հետ կապ չունի։ Սիրում ես վերջապես այդքա՞ն դաժան լինել,  ա՛յս կերպ չի՛ ստացվի։

Մեր շուրջը ոչ ոքի չէր անհանգստացնում մեր վեճը, որը սուզվել էր կապույտ Դանուբի երաժշտության մեջ։ Լոզանը երեսը թեքեց ինձնից եւ դուրս վազեց։ Պատուհանից դեռ տեսնում էի նրա բարձրահասակ ու նիհար մարմինը՝ լույսերի տակ փայլող մազերով։ Ես նայում էի, մինչեւ նա անհետացավ՝ խլելով սիրտս ինձանից։ Երաժշտությունից բացի՝ ձայն չկար։ Ես նորից լցրեցի բաժակս ու նայեցի եվրոներին։ Հոգնություն զգացի, նստեցի եւ գլուխս բարձրացրի առաստաղի կողմը:

Խմիչքը վերջացնելուց հետո ես ամաչեցի այնտեղ մենակ մնալ։ Փորձեցի կանգնել, բայց չկարողացա։ Զարմացած էի այն ամենից, ինչ տեսա սեղանի տակ, տեսա իմ ձեռքերն ու ոտքերը՝ մասնատված մարմնիցս։ Մեջքս վերածվեց հաստ քրտինքի շերտի: Մի քիչ սպասեցի։ Կարծում էի՝ կա՛մ թմրած եմ, կա՛մ հարբած։ Շուրջս նայեցի, մնացած ամեն ինչ նորմալ էր։ Մի որոշ ժամանակ ես հանձնվեցի երաժշտությանը, որպեսզի տեսնեմ՝ արդյոք երաժշտությունը կարո՞ղ է օգնել ինձ հանգիստ լինել։ Դա չօգնեց։ Պետք է լացեմ, որ բոլոր սիրահարներն ու մատուցողները հավաքվե՞ն մոտս։ Ո՛չ։ Նրանք շուտով դուրս կգային անձամբ ինձ օգնելու։ Զգում էի, որ Փարիզն իր ողջ փայլով չի կարող լուսավորել իմ մթագնած սիրտն այդ գիշեր։

Բարի անձնակազմը երբեք չհարցրեց, թե ինչու եմ անդամահատված կամ արյունահոսում։ Նրանք գրպանումս գտան Լոզանի հասցեն, ինձ արագ նստեցրին մեքենա եւ գցեցին նրա բնակարանի դիմաց: Նրանց չէր հետաքրքրում, որ մեքենան լցվել է իմ արյունով։ Այն գրավել է շրջակայքի թափառող շներին։ Երբ նրանք մոտեցան, ես փակեցի աչքերս, պատսպարվեցի իմ երեւակայության մեջ եւ թույլ տվեցի շներին՝ հյուրասիրվել այն ամենով, ինչ մնացել էր ինձանից։

Այդ գիշեր ուշ երեկոյան Լոզանը վերադարձավ մի կապուտաչյա տղամարդու հետ։ Երբ նրանք պատրաստվում էին ոտնահարել ինձ, նա կռացավ եւ ճանաչեց ինձ։ Շները հետ քաշվեցին։ Նա խղճաց ինձ եւ խնդրեց իր նոր զուգընկերոջը՝ օգնել իրեն՝ ինձ իր սենյակ տանելու համար: Ես շարունակ արյունահոսում էի, նրա սենյակը լցված էր իմ արյունով: Իրականում չափազանց շատ էր այդ արյունը միայն մեկ մարդուց արտահոսելու համար:

Լոզանը մտավ սենյակ։ Մտածեցի, որ նա շտապօգնություն է կանչել ինձ համար, բայց արագ հայացք նետելով ինձ՝ դուրս եկավ եւ կողպեց դուռը: Ամբողջ ուժերս հավաքեցի ինչ-որ բան ասելու․ հարցնելու նրան՝ արժանի՞ եմ  նման արհամարհանքի ու անտեսման։ Ես ամեն կերպ փորձում էի մոտիկից հայտնել Լոզանի նոր ընկերոջը, խորը կենտրոնանալով՝ պարզելու, թե արդյոք նա արեւելքցի՞ է, թե՞ արեւմտյան՝ անգլիացի, ֆրանսիացի, ռուս, թե՞ իտալացի, բայց դա անհնար էր իմ արյունոտ աչքերով, երբ ես լողում էի իմ անդամահատված ոտքերից ու ձեռքերից հոսող արյան լճակի վրա, բայց երկու սիրահարներն արբենում էին համբուրվելով ու գրկախառնվում։ Երբեմն ես խեղդվում էի արյունոտ ավազանի հատակում ծանր կրիայի նման, քիչ էր մնում շատ արյուն կուլ տալով խեղդվեի։ Բայց նրանք անզգույշ էին, եւ ես վախենում էի կամ նախանձում, քանի որ նրանք վայելում էին միմյանց այնքան շատ ու անդադար համբույրներով։ Ես զարմացա եւ խելագարվեցի, երբ տեսա, թե ինչպես են նրանք օգնում իրար՝ մերկանալու, բայց ես զգում էի, որ դրանք հագուստի կտորներ չեն, դա իմ արյունոտ վերարկուն կամ թիկնոցն էր։ Թքելով իմ դառը արյունը, որն ասես ժամկետանց կարմիր գինի լիներ, ես ամեն ինչ արեցի՝ ականջներս լցնելու մակարդված արյունով, որպեսզի չլսեմ նրանց հառաչանքն ու խելագարությունը: Նրան բացարձակ չէր հետաքրքրում, թե ինչպես իմ արյունը ողողեց իր բնակարանը։ Երբ նրանք խորտակվեցին դրա մեջ, Լոզանն ու իր նոր սիրեկանը շարունակեցին գրկախառնվել եւ լողալ, սեքսուալ մոլագարների կամ իսկական հարբած սիրահարների նման: Բայց ես չէի կարող գոռալ կամ լաց լինել, որպեսզի դադարեցնեմ իմ արյունը եւ նրանց խելահեղ հառաչանքներն ու լպստոցները` ցույց տալու համար, որ նա ողորմած է ինձ հետ որպես խեղդված նախկին սիրեկանի: Նա ամեն կերպ փորձում էր ինձ բարձրացնել որպես կրիայի, բայց դա անօգուտ էր, եւ նա արագ ու անհամբեր վերադարձավ իր սիրելիի գիրկը:

Մինչ նրանք լողում էին, ես տեսնում էի նրանց, ասես կարմիր մառախլապատ վարագույրի հետեւում էին, արյունոտ ալիքները նրանց բարձրացնում էին մինչեւ առաստաղը, կարծես պարում էին միասին։ Լոզանը եւ նրա նոր սիրելին շարունակում էին իրենց սիրախաղը եւ շոյում միմյանց, մինչդեռ ես արյունահոսում էի, այնքան թույլ էի, որ քիչ էր մնում՝ խեղդվեի եւ սուզվեի իմ արյան մեջ։

Ափսոս, նրանք չէին հոգում իմ մահացու ճակատագրի մասին, և վերջին ձայնը, որ լսեցի, նրանց էրոտիկ ծիծաղն էր ու իմ մահը ողողելու ձայնը։

 Նշում  հեղինակի կողմից

Քրդստան, 2000 թ.

«Լոզանը» այս պատմության հերոսի սիրելցյալի անունն է։ Բայց դա Լոզանի ողբերգական պայմանագրի խորհրդանշական դիմակն է, որը հանգեցրեց Քրդստանի բաժանմանը Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի կողմից գաղութացված չորս շրջանների, բայց օրհնվեց գերտերությունների կողմից՝ այն ժամանակվանից առ այսօր։

Անգլերենից թարգմանեց Անի Հովսեփյանը

[1] Ժամանակակից հույն վիպասան Նիկոս Կազանձակիսի (1883-1957) «Ալեքսիս Զոռբայի կյանքն ու արկածները» վեպի հերոսը (Ծ․թ)։

469
Հունիս 21, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: