Ռեյմոնդ Քարվեր. Ինչի մասին ենք մենք խոսում, երբ խոսում ենք սիրո մասին (1981)

Իմ ընկեր Մել ՄաքԳընիսն էր խոսում։ Մել ՄաքԳընիսը սրտաբան է, և երբեմն դա նրան իրավունք է տալիս։

Մենք չորսով նստած էինք նրա խոհանոցում՝ սեղանի շուրջ, և ջին էինք խմում։ Լույսը խոհանոց էր լցվում լվացարանի հետևի մեծ պատուհանից։ Այնտեղ էինք ես և Մելը, նրա երկրորդ կինը՝ Թերեզան – Թերին, ինչպես մենք ենք նրան կոչում, և իմ կինը՝ Լաուրան։ Այդ ժամանակ մենք ապրում էինք Ալբուկերկեում։ Բայց ոչ մեկս տեղացի չէինք։

Սեղանի վրա սառույցի դույլ կար։ Ջինն ու տոնիկը շարունակ պտտվում էին, և ինչ-որ կերպ խոսակցությունը հասավ սիրո թեմային։ Մելը կարծում էր, որ իսկական սերը ոչ այլ ինչ է, քան հոգևոր սերը։ Նա ասաց, որ հինգ տարի անց է կացրել ճեմարանում մինչ բժշկական համալսարան դիմելը։ Ասաց, որ մինչ այսօր էլ ճեմարանական տարիները համարում է իր կյանքի ամենակարևոր տարիները։

Թերին ասաց, որ տղամարդը, որի հետ ապրում էր նախքան Մելը, իրեն այնքան էր սիրում, որ փորձել էր սպանել։ Հետո Թերին ասաց.

– Մի գիշեր նա ինձ ծեծեց։ Կոճերիցս բռնած ինձ քարշ էր տալիս հյուրասենյակով մեկ՝ շարունակ կրկնելով՝ ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ, այ պոռնիկ։ Նա շարունակում էր ինձ քարշ տալ հյուրասենյակով մեկ։ Գլուխս անդադար խփվում էր իրերին։– Թերին նայեց սեղանի շուրջը նստածներին․– Ի՞նչ անես նման սիրո հետ։

Նա ոսկրոտ, նիհար կին էր՝ գեղեցիկ դեմքով, մուգ աչքերով և շագանակագույն մազերով, որոնք թափված էին մեջքն ի վար։ Նա սիրում էր փիրուզե վզնոցներ և երկար կախովի ականջօղեր։

– Տե՛ր Աստված, հիմար մի՛ եղիր։ Դա սեր չէ, ու դու դա լավ գիտես,– ասաց Մելը։– Չգիտեմ՝ ինչպես կկոչես դա, բայց հաստատ գիտեմ, որ սեր չես կոչի։

– Ինչ ուզում ես ասա, ես գիտեմ, որ դա սեր էր,– ասաց Թերին։– Միգուցե քեզ համար դա խելագարություն է, բայց, միևնույնն է, դա այդպես է։ Մարդիկ տարբեր են, Մե՛լ։ Իհարկե, երբեմն նա կարող էր իրեն խելագարի պես պահել։ Համաձայն եմ։ Բայց նա ինձ սիրում էր։ Գուցե իր ձևով, բայց սիրում էր։ Այնտեղ սեր կար, Մե՛լ։ Մի ասա, թե չկար։

Մելը շունչը բաց թողեց։ Նա բռնեց բաժակը և դարձավ դեպի ինձ ու Լաուրան․

– Այդ մարդը սպառնում էր սպանել ինձ։– Նա դատարկեց բաժակը և ձեռքը տարավ դեպի ջինի շիշը։– Թերին ռոմանտիկ է։ Թերին «խփիր ինձ, որ հասկանամ՝ սիրում ես» դպրոցին է պատկանում։ Թե՛րի, քաղցրս, այդպես մի նայիր,– Մելը ձգվեց սեղանի վրայով և մատներով հպվեց Թերիի այտին։ Լայն ժպտաց նրան։

– Հիմա էլ ուզում է մեղքը քավել,– ասաց Թերին։

– Ի՞նչ մեղք քավեմ,– ասաց Մելը։– Ի՞նչ կա մեղք քավելու։ Ինչ գիտեմ՝ գիտեմ։ Այդքանը։

– Ո՞նց բացվեց այս թեման ընդհանրապես,– ասաց Թերին։ Նա բարձրացրեց բաժակը և մի կում խմեց։– Մելի մտքում միշտ սերն է,– ասաց նա։– Չէ՞, քաղցրս։– Նա ժպտաց, և ես մտածեցի, որ դրանով հարցը փակվեց։

– Պարզապես ես Էդի վարքը սեր չէի անվանի։ Ասածս դա է, քաղցրս,– ասաց Մելը։– Իսկ դո՞ւք ինչ եք կարծում,– հարցրեց Մելը՝ դիմելով ինձ ու Լաուրային։– Դուք դա սեր կկոչեի՞ք։

– Սխալ մարդու ես հարցնում,– ասացի ես։– Ես այդ մարդուն անգամ չեմ ճանաչել և նրա անունը միայն հպանցիկ եմ լսել։ Ես ի՞նչ իմանամ։ Պիտի մանրամասներն իմանաս։ Բայց եթե ճիշտ եմ հասկանում, դու ասում ես, որ սերը բացարձակ է։

– Այն սերը, որի մասին ես եմ խոսում, այո։ Այն սերը, որի մասին ես եմ խոսում, մարդկանց չեն փորձում սպանել,– ասաց Մելը։

– Ես ոչինչ չգիտեմ Էդի կամ իրավիճակի մասին,– ասաց Լաուրան։– Բայց ո՞վ կարող է դատել ուրիշ մեկի դրությունը։

Ես հպվեցի Լաուրայի ձեռքին։ Նա հպանցիկ ժպտաց ինձ։ Ես վերցրի նրա ձեռքը։ Այն տաք էր, եղունգները՝ խնամված, անթերի լաքապատ։ Մատներովս օղակեցի նրա լայն դաստակն ու գրկեցի նրան։

– Երբ հեռացա նրանից, նա մկնդեղ խմեց,– ասաց Թերին։ Նա ձեռքերով սեղմեց  բազուկները։– Նրան տեղափոխեցին Սանտա Ֆեի հիվանդանոց։ Այդ ժամանակ այնտեղ էինք ապրում՝ քաղաքից մոտ տասը մղոն դուրս։ Նրա կյանքը փրկեցին։ Բայց լնդերի հետ ինչ-որ բան կատարվեցին։ Նկատի ունեմ՝ ատամներից հետ քաշվեցին։ Դրանից հետո նրա ատամները ժանիքների պես ցցվել էին։ Տեր Աստված,– ասաց Թերին։

Նա մի պահ լռեց, հետո բաց թողեց բազուկները և վերցրեց բաժակը։

– Ինչի ասես ընդունակ են մարդիկ,– ասաց Լաուրան։

– Նա հիմա խաղից դուրս է,– ասաց Մելը։– Մեռած է։

Մելը ինձ մեկնեց լայմի ափսեն։ Ես մի կտոր վերցրի, ճզմեցի ըմպելիքիս վրա և մատով խառնեցի սառույցի խորանարդները։

– Ամեն ինչ ավելի է վատանում,– ասաց Թերին։– Նա կրակում է բերանի մեջ։ Բայց այդտեղ էլ է ձախողում։ Խեղճ Էդ,– ասաց նա՝ գլուխը տարուբերելով։

– Չէ մի, «խեղճ Էդ»,– ասաց Մելը։– Նա վտանգավոր մարդ էր։

Մելը քառասունհինգ տարեկան էր, բարձրահասակ, բարեկազմ, փափուկ, գանգուր մազերով։ Նրա դեմքն ու բազուկները թխացել էին թենիս խաղալուց։ Երբ սթափ էր, նրա բոլոր ժեստերը, բոլոր շարժումները ճշգրիտ էին և շատ զգույշ։

– Բայց նա ինձ սիրում էր, Մել։ Գոնե դա ընդունիր,– ասաց Թերին։– Ընդամենը դա եմ խնդրում։ Նա ինձ այնպես չէր սիրում, ինչպես դու ես ինձ սիրում։ Դա չեմ ասում։ Բայց նա ինձ սիրում էր։ Գոնե հանուն ինձ ընդունիր դա, լա՞վ։

– Ի՞նչ նկատի ունես «ձախողել» ասելով,– հարցրի ես։

Լաուրան իր բաժակով առաջ թեքվեց, արմունկները դրեց սեղանին և բաժակը բռնեց երկու ձեռքով։ Նրա հայացքը սահեց Մելից Թերիին։ Նա սպասում էր դեմքի շփոթված արտահայտությամբ, կարծես ապշած, որ նման բաներ կարող են պատահել մտերիմ մարդկանց հետ։

– Ինչպե՞ս կարող էր «ձախողել», եթե սպանել է իրեն,– հարցրի ես։

– Ասեմ՝ ոնց եղավ,– ասաց Մելը։– Նա վերցրեց այդ քսաներկու տրամաչափի ատրճանակը, որ գնել էր Թերիին ու ինձ սպառնալու համար։ Լուրջ եմ ասում, այդ մարդը միշտ սպառնում էր։ Դուք պիտի տեսնեիք՝ ինչպես էինք մենք ապրում այդ օրերին։ Փախստականների պես։ Ես անգամ ինքս ատրճանակ գնեցի։ Պատկերացնո՞ւմ եք։ Իմ պես մարդը զենք գնի։ Բայց արեցի։ Գնեցի մեկը ինքնապաշտպանության համար, որը պահում էի մեքենայի պահոցում։ Երբեմն լինում էր, որ գիշերվա կեսին ստիպված էի դուրս գալ տնից։ Որ հիվանդանոց գնայի։ Այդ ժամանակ Թերին ու ես դեռ ամուսնացած չէինք, տունը, երեխաներն ու շունը առաջին կնոջս էին մնացել, իսկ ես ու Թերին ապրում էինք այս բնակարանում։ Երբեմն, ինչպես ասացի, ուշ ժամի զանգում էին, և ես ստիպված էի լինում գիշերը երկուսին կամ երեքին գնալ հիվանդանոց։ Կայանատեղիում մութ էր լինում, ու քրտինքը վրաս էր տալիս, մինչև մեքենայիս էի հասնում։ Երբեք չգիտեի՝ նա թփերից դուրս կգա, թե մեքենայի հետևից ու սկսի կրակել։ Ասում եմ՝ այդ մարդը խելագար էր։ Նա ընդունակ էր ռումբ տեղադրելու կամ էլ ինչի ասես։ Նա տարբեր ժամերի զանգում էր իմ ծառայությանը, ասում էր՝ բժշկի հետ է ուզում խոսել, և երբ հետ էի զանգում, ասում էր․ «Շան որդի, քո օրերը հաշված են»։ Նման մանր բաներ։ Սարսափելի էր, ասում եմ ձեզ։

– Ես դեռ խղճում եմ նրան,– ասաց Թերին։

– Մղձավանջի պես է հնչում,– ասաց Լաուրան։– Բայց կոնկրետ ի՞նչ եղավ, երբ նա կրակեց իր ։

Լաուրան իրավաբանական քարտուղար է։ Մենք ծանոթացել ենք մասնագիտության բերումով։ Մինչ գլխի կընկնեինք, ծանոթությունը վերածվել էր ռոմանտիկ հարաբերության։ Նա երեսունհինգ տարեկան է, ինձանից երեք տարով փոքր։ Բացի այն, որ սիրահարված ենք, մենք նաև հավանում ենք իրար և վայելում ենք միմյանց ընկերակցությունը։ Նրա հետ հեշտ է։

– Ի՞նչ էր եղել,– հարցրեց Լաուրան։

– Նա կրակել էր բերանի մեջ իր սենյակում,– ասաց Մելը։– Ինչ–որ մեկը լսել էր կրակոցը և հայտնել կառավարչին։ Նրանք համաբանալիով բացել, ներս էին մտել, տեսել էին՝ ինչ է պատահել և շտապօգնություն էին կանչել։ Այնպես ստացվեց, որ ես այնտեղ էի, երբ նրան բերեցին՝ կենդանի, բայց արդեն անհույս վիճակում։ Նա երեք օր ապրեց։ Նրա գլուխն ուռել էր, դարձել սովորական գլխի երկու չափը։ Ես նման բան երբեք չէի տեսել և հույս ունեմ՝ էլ երբեք չեմ տեսնի։ Երբ Թերին իմացավ այդ մասին, ուզեց գնալ նստել նրա մոտ, ինչի պատճառով մենք կռվեցինք։ Ես գտնում էի, որ նա չպիտի տեսնի նրան այդ վիճակում։ Ես գտնում էի, որ նա չպիտի տեսնի նրան և հիմա էլ եմ այդ կարծիքին։

– Ո՞վ հաղթեց այդ կռվում,– ասաց Լաուրան։

– Ես նրա մոտ էի, երբ նա մահացավ,– ասաց Թերին։– Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Բայց ես նստեցի նրա մոտ։ Նա ուրիշ ոչ ոք չուներ։

– Նա վտանգավոր էր,– ասաց Մելը։– Եթե դա եք սեր կոչում, ձեզ լինի։

– Դա սեր էր,– ասաց Թերին։– Իհարկե, մարդկանց մեծ մասի աչքին դա աննորմալ է։ Բայց նա պատրաստ էր մեռնել դրա համար։ Եվ նա մեռա՛վ դրա համար։

– Ես հաստատ դա սեր չէի անվանի,– ասաց Մելը։– Ի վերջո, ոչ ոք չգիտի՝ ինչի համար նա դա արեց։ Ես շատ ինքնասպանություններ եմ տեսել, և չէի ասի, թե որևէ մեկը երբևէ հասկացել է, թե ինչի համար են նրանք դա արել։

Մելը ձեռքերը դրեց պարանոցի հետևը և աթոռը հետ թեքեց։

– Այդպիսի սերն ինձ հետաքրքիր չէ,– ասաց նա։– Եթե դա սեր է, թող ձեզ լինի։

Թերին ասաց.

– Մենք այնքան վախեցած էինք, որ Մելը նույնիսկ կտակ կազմեց ու նամակ գրեց իր եղբորը, որ Կալիֆոռնիայում է և մի ժամանակ «կանաչ բերետավոր» է եղել։ Մելը նրան հայտնել էր՝ ում փնտրի, եթե իր հետ ինչ–որ բան պատահի։

Թերին խմեց իր բաժակից և ասաց․

– Բայց Մելը ճիշտ է, մենք փախստականների պես էինք ապրում։ Վախեցած էինք։ Մելը վախեցած էր, չէ՞, սիրելիս։ Ես նույնիսկ մի անգամ ոստիկանություն զանգեցի, բայց ոչ մի օգուտ։ Ասացին՝ ոչինչ չեն կարող անել, քանի դեռ Էդը ինչ–որ բան չի արել։ Մի՞թե դա ծիծաղելի չէ։

Թերին իր բաժակի մեջ լցրեց ջինի վերջին կաթիլները և թափահարեց շիշը։ Մելը վեր կացավ սեղանից, գնաց դեպի պահարանը և մեկ ուրիշ շիշ հանեց։

– Դե, ես ու Նիկը գիտենք, թե ինչ է սերը,– ասաց Լաուրան։– Մեզ համար, նկատի ունեմ,– ավելացրեց նա։ Նա ծնկով դիպավ ծնկիս։

– Հիմա ենթադրվում է, որ դու պիտի ինչ–որ բան ասես,– ասաց Լաուրան՝ ժպիտը դեպի ինձ շրջելով։

Որպես պատասխան ես վերցրի Լաուրայի ձեռքը, տարա դեպի շուրթերս ու մեծ հանդիսավորությամբ համբուրեցի այն։ Դա զվարճացրեց բոլորին։

– Մեր բախտը բերել է,– ասացի ես։

– Հեյ,– ասաց Թերին,– հենց հիմա դադարեցրեք։ Սրտխառնոց եք առաջացնում։ Դուք դեռ մեղրամսի մեջ եք, Աստծված կսիրեք։ Դուք դեռ խենթ եք։ Դեռ սպասեք։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միասին եք։ Ինչքա՞ն եղավ։ Մի տարի՞։ Մի տարուց ավե՞լ։

– Մոտ մեկուկես տարի,– ասաց Լաուրան՝ կարմրելով ու ժպտալով։

– Ահա,– ասաց Թերին։ Սպասեք մի քիչ։–

Նա պահեց իր բաժակը և նայեց Լաուրային։

– Կատակ եմ անում,– ասաց նա։

Մելը բացեց ջինի շիշը և պտտվեց սեղանի շուրջը` լցնելով բաժակները։

– Ժողովուրդ,– ասաց նա,– եկեք կենաց խմենք։ Ես ուզում եմ կենաց առաջարկել։ Խմենք սիրո կենացը։ Ճշմարիտ սիրո։

Մենք խփեցինք բաժակները․

– Սիրո կենացը։

Ետնաբակում շներից մեկը սկսեց հաչել։ Բարդու տերևները, որ թեքվել էին դեպի պատուհանը, խփվում էին ապակուն։ Կեսօրի արևը՝ թեթևության ու մեծահոգության լայնարձակ լույսը, այս սենյակում էր որպես ներկայություն։ Մենք կարող էինք լինել ցանկացած մի տեղ, որևէ տեղ կախարդված։ Մենք կրկին բարձրացրինք բաժակները և ժպտացինք միմյանց ինչպես երեխաներ, որ համաձայնության էին եկել ինչ–որ արգելված բանի շուրջ։

– Ասեմ ձեզ, թե ինչ է իրական սերը,– ասաց Մելը։– Այսինքն՝ ձեզ մի լավ օրինակ բերեմ, հետո դուք ձեր եզրահանգումները կանեք։

Նա նորից ջին լցրեց իր բաժակի մեջ։ Ավելացրեց սառույցի մի խորանարդ ու լայմի մի բարակ շերտ։ Մենք սպասեցինք՝ կում անելով մեր խմիչքներից։ Ես ու Լաուրան նորից դիպանք ծնկներով։ Ես ձեռքս դրեցի նրա տաք ազդրին ու թողեցի այնտեղ։

– Իրականում մենք ի՞նչ գիտենք սիրո մասին,– ասաց Մելը։– Ինձ թվում է՝ մենք բոլորս սկսնակներ ենք սիրո հարցում։ Մենք ասում ենք, որ սիրում ենք միմյանց, և դա այդպես է, չեմ կասկածում։ Ես սիրում եմ Թերիին, Թերին սիրում է ինձ, դուք էլ իրար եք սիրում։ Դուք գիտեք՝ ինչ սիրո մասին եմ ես հիմա խոսում։ Ֆիզիկական սիրո մասին, այն ազդակը, որը քեզ մղում է դեպի ինչ–որ հատուկ մեկը, ինչպես նաև սերը մյուս մարդու գոյության, նրա էության հանդեպ։ Մարմնական սիրո և այսպես ասած, զգացմունքային սիրո, որ օր առ օր մյուս մարդու մասին հոգ տանելն է։ Բայց երբեմն ես դժվարանում եմ բացատրել առաջին կնոջս սիրելու փաստը։ Բայց սիրել եմ։ Գիտեմ, որ սիրել եմ։ Այսպիսով, այդ առումով երևի նման եմ Թերիին։ Ինչպես Թերին ու Էդը։– Նա մի պահ մտածեց, հետո շարունակեց։– Կար ժամանակ, երբ կարծում էի, որ առաջին կնոջս սիրում եմ կյանքիցս էլ շատ։ Բայց հիմա ես նրան ատում եմ։ Այո, ատում եմ։ Ինչպե՞ս կբացատրեք դա։ Ի՞նչ պատահեց այդ սիրուն։ Թե ինչ պատահեց՝ հենց դա եմ ուզում իմանալ։ Երանի մեկը կարողանար ինձ ասել։ Եվ հետո՝ Էդը։ Լավ, նորից վերադարձանք Էդին։ Նա Թերիին այնքան է սիրում, որ փորձում է սպանել նրան, և դա ավարտվում է նրանով, որ իրեն է սպանում։– Մելը դադարեց խոսել և կում արեց իր բաժակից։– Ահա դուք միասին եք արդեն տասնութ ամիս և սիրում եք իրար։ Դա ձեր վրայից երևում է։ Դուք փայլում եք։ Բայց երկուսդ էլ մինչև իրար հանդիպելը ուրիշ մարդկանց եք սիրել։ Երկուսդ էլ նախկինում ամուսնացած եք եղել, ինչպես մենք։ Եվ հավանաբար դրանից առաջ էլ ուրիշ մարդկանց եք սիրել։ Ես ու Թերին միասին ենք արդեն հինգ տարի, ամուսնացած՝ չորս տարի։ Եվ սարսափելին, սարսափելին, բայց նաև լավը, սփոփիչ կողմը, եթե կարելի է այդպես ասել, այն է, որ եթե մեզնից մեկի հետ — կներեք, որ ասում եմ սա — բայց եթե մեզանից մեկի հետ վաղն ինչ–որ բան պատահի, կարծում եմ՝ մյուսը, մյուս անձը միառժամանակ կվշտանա, հասկանալի է, բայց հետո կենդանի մնացած կողմը դուրս կգա ու նորից կսիրի, մեկ ուրիշին կգտնի շուտով։ Այս ամբողջը, այս ամբողջ սերը, որի մասին մենք խոսում ենք, պարզապես հուշ կդառնա։ Գուցե անգամ հուշ էլ չէ։ Ասեք՝ սխա՞լ եմ։ Սխա՞լ եմ հասկանում։ Որովհետև ուզում եմ, որ ինձ ուղղեք, եթե կարծում եք, որ սխալ եմ։ Ուզում եմ իմանալ։ Նկատի ունեմ՝ ես ոչինչ չգիտեմ, և առաջինն եմ, որ դա խոստովանում է։

– Մել, Աստծո սիրուն,– ասաց Թերին։ Նա մեկնեց ձեռքը և բռնեց նրա դաստակը։– Հարբո՞ւմ ես, քաղցրս։ Հարբա՞ծ ես։

– Քաղցրս, ես պարզապես խոսում եմ,– ասաց Մելը։– Լա՞վ։ Պարտադիր չէ՝ հարբած լինեմ, որ ասեմ այն, ինչ մտածում եմ։ Նկատի ունեմ, մենք բոլորս էլ պարզապես խոսում ենք, չէ՞։

Նա հայացքը հառեց Թերիի վրա։

– Սիրելիս, ես քեզ չեմ քննադատում,– ասաց Թերին։

Նա վերցրեց իր բաժակը։

– Այսօր հերթապահ չեմ,– ասաց Մելը։– Թող հիշեցնեմ քեզ դա։ Ես այսօր հերթապահ չեմ,– կրկնեց նա։

– Մել, մենք քեզ սիրում ենք,– ասաց Լաուրան։

Մելը նայեց Լաուրային։ Նա նայեց նրան այնպես, կարծես չէր կարողանում տեղավորել նրան իր մտքում, կարծես Լաուրան այն կինը չէր, ով իրականում էր։

– Ես էլ եմ քեզ սիրում, Լաուրա,– ասաց Մելը։– Եվ քեզ էլ, Նիք, քեզ էլ եմ սիրում։ Գիտե՞ք ինչ,– ասաց Մելը,– դուք մեր ընկերներն եք։

Մելը վերցրեց բաժակը։

– Ուզում էի ձեզ մի բան պատմել,– ասաց Մելը։– Նկատի ունեմ, ուզում էի ասածս հստակեցնել։ Տեսեք, սա տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, բայց իրականում դեռ շարունակվում է, և մենք պիտի դրանից ամաչենք, երբ խոսում ենք այնպես, կարծես գիտենք՝ ինչի մասին ենք խոսում, երբ խոսում ենք սիրո մասին։

– Լա՛վ էլի,– ասաց Թերին։– Եթե հարբած չես, հարբածի պես մի խոսիր։

– Կյանքումդ մի անգամ լռի՛ր,– շատ հանգիստ ասաց Մելը։– Ինձ մի լավություն կանե՞ս․ մի րոպե կլռե՞ս։ Ուրեմն, ինչպես ասացի, այդ ծեր զույգն էր, որ ավտովթարի էր ենթարկվել մայրուղու վրա։ Մի ջահել խփել էր նրանց, և բոլորն այնպես էին ջարդուխուրդ եղել, որ ոչ ոք հույս չուներ, որ կապրեն։

Թերին նայեց մեզ, հետո նորից Մելին։ Նա տագնապած էր թվում, բայց գուցե «տագնապած» մի քիչ ուժեղ է ասված։

Մելը շիշն էր փոխանցում սեղանի շուրջ։

– Այդ գիշեր հերթապահ էի,– ասաց Մելը։– Մայիս էր, կամ գուցե հունիս։ Թերին ու ես հենց նոր էինք նստել ընթրելու, երբ հիվանդանոցից զանգեցին։ Մայրուղու վրա այդ դեպքն էր եղել։ Հարբած ջահելը՝ դեռահաս, հոր պիկապով մխրճվել էր այդ անվավոր շարժատնակի (camper) մեջ, որի մեջ այդ ծեր զույգն էր։ Նրանք յոթանասունն անց էին։ Տղան՝ տասնութ-տասնինը տարեկանի կարգի, տեղում մահացել էր։ Ղեկը խրվել էր նրա կրծոսկրի մեջ։ Ծեր զույգը․․․ նրանք ողջ էին, հասկանո՞ւմ եք։ Այսինքն՝ հազիվ։ Բայց ամեն ինչ ունեին։ Բազմակի կոտրվածքներ, ներքին վնասվածքներ, արյունազեղում, կապտուկներ, խորը կտրվածքներ, ինչ ուզես, և երկուսն էլ ուղեղի ցնցում էին ստացել։ Հավատացեք, վատ վիճակում էին։ Եվ, իհարկե, գումարած տարիքը, որ իրենց դեմ էր խաղում։ Ես կասեի՝ կինն ավելի ծանր վիճակում էր, քան ամուսինը։ Այդ ամենի հետ էլ՝ փայծաղի պատռվածք։ Երկու ծնկների կոտրվածք։ Բայց նրանք երկուսն էլ ամրագոտիները գցած էին եղել, և Աստված վկա, հենց դա էր նրանց այդ պահին փրկել։

– Ժողովուրդ, սա Ազգային անվտանգության խորհրդի գովազդ է,– ասաց Թերին։– Եվ ահա ձեր խոսնակը՝ բժիշկ Մելվին Ռ. ՄաքԳինիսը։– Թերին ծիծաղեց։– Մել,– ասաց նա,– երբեմն դու պարզապես ծայրահեղություն ես։ Բայց ես քեզ սիրում եմ, քաղցրս։

– Քաղցրս, սիրում եմ քեզ,– ասաց Մելը։

Նա առաջ թեքվեց սեղանի վրայով։ Թերին ընդառաջ եկավ նրան։ Նրանք  համբուրվեցին։

Թերին ճիշտ է,– ասաց Մելը, երբ նորից տեղավորվեց աթոռին։– Կապեք այդ անվտանգության գոտիները։ Բայց լուրջ, այդ ծերերն իսկապես վատ վիճակում էին։ Մինչ ես հասա այնտեղ, տղան, ինչպես ասացի, արդեն մահացած էր։ Նա պառկած էր պատգարակի վրա մի անկյունում։ Ես հայացք նետեցի ծեր զույգի վրա ու ասացի շտապ օգնության բուժքրոջը, որ անմիջապես կանչի նյարդաբանի, օրթոպեդի ու մի քանի վիրաբույժի։

Նա մի կում արեց իր բաժակից։

– Փորձեմ կարճ կապել,– ասաց նա։– Երկուսին էլ տարանք վիրահատարան ու գրեթե ամբողջ գիշերը խելագարի պես աշխատեցինք նրանց վրա։ Անհավանական պաշարներ ուներ այդ երկուսի օրգանիզմը։ Երբեմն նման բաներ պատահում են։ Ինչ հնարավոր էր, արեցինք, և առավոտվա կողմ նրանց հիսուն–հիսուն շանս ենք տալիս, կնոջը՝ գուցե ավելի քիչ։ Եվ ահա՝ հաջորդ առավոտ նրանք դեռ ողջ են։ Դա նշանակում է՝ նրանց տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նրանք երկու շաբաթ միացված են մնում ապարատներին՝ օրեցօր լավացնելով ցուցանիշներով։ Հետևաբար՝ նրանց տեղափոխում ենք հիվանդասենյակ։

Մելը լռեց։

– Եկեք վերջացնենք էս անտեր ջինը,– ասաց նա։– Հետո գնում ենք ընթրելու, չէ՞։ Ես ու Թերին մի նոր տեղ գիտենք։ Ահա թե ուր կգնանք, այդ նոր տեղը։ Բայց ոչ մի տեղ էլ չենք գնում, մինչև չվերջացնենք այս էժան, ցածրորակ ջինը։

– Իրականում մենք դեռ այնտեղ չենք եղել,– ասաց Թերին։– Բայց դրսից լավն է երևում։

– Ես սիրում եմ ուտել,– ասաց Մելը։– Գիտեք, եթե ամեն ինչ նորից սկսելու լինեի, խոհարար կդառնայի։ Ճի՞շտ է, Թերի։

Նա ծիծաղեց։ Մատով կպավ բաժակի սառույցին։

– Թերին գիտի,– ասաց նա։– Թող Թերին ասի։ Բայց մի բան ասեմ։ Եթե կարողանայի նորից հետ գալ մի այլ կյանք, այլ ժամանակում և այլն, գիտե՞ք ինչ կանեի։ Կուզեի հետ գալ որպես ասպետ։ Այդ բոլոր զրահներով բավական ապահով էիր։ Ասպետ լինելը լավ էր, մինչև վառոդը, մուշկետներն ու ատրճանակները հայտնվեցին։

– Մելը կուզեր ձի հեծնել ու նիզակ կրել,– ասաց Թերին։

– Կնոջ թաշկինակը կրել քեզ հետ ամենուրեք,– ասաց Լաուրան։

– Կամ հենց կնոջը,– ասաց Մելը։

– Ամոթ քեզ,– ասաց Լաուրան։

– Պատկերացրու վերադառնում ես որպես ճորտ,– ասաց Թերին։– Ճորտերի կյանքը հեշտ չէր այդ օրերին։

– Ճորտերի կյանքը երբեք հեշտ չի եղել,– ասաց Մելը։– Բայց, ինձ թվում է, անգամ ասպետները ինչ–որ մեկի վեսըլներն (vessels/անոթ) էին։ Այդպես չէ՞ր ամեն ինչ գործում։ Բայց, ի վերջո, բոլորս էլ ինչ–որ մեկի վեսըլն ենք։ Այդպես չէ՞։ Թերի՞։ Բայց ասպետների հետ կապված ինձ դուր էր գալիս այն, բացի նրանց կանանցից, որ նրանք զրահ ունեին ու հեշտ չէին վիրավորվում։ Ոչ մեքենաներ կային այդ օրերին, գիտեք։ Ոչ հարբած դեռահասներ, որ գան քամակդ մտնեն։

– Վասալներ,– ասաց Թերին։

– Ի՞նչ,– ասաց Մելը։

–  Վասալներ,– ասաց Թերին։ – Վասալներ էին կոչվում, ոչ թե վեսլըներ (անոթներ)։

– Վասալներ, վեսըլներ,– ասաց Մելը,– սակայն ի՞նչ տարբերություն։ Դու հասկացար, ինչ էի ուզում ասել։ Լավ, դե ես կրթված չեմ։ Իմ անելիքը սովորել եմ։ Սրտաբույժ եմ, իհարկե, բայց ես զուտ մեխանիկ եմ։ Մտնում եմ ներս, խառնշտում եմ ու սարքում ինչ-որ բաներ։

– Համեստությունը քեզ չի սազում,– ասաց Թերին։

– Խեղճն ընդամենը համեստ բժիշկ է,– ասացի ես։– Բայց երբեմն նրանք խեղդվում էին այդ զրահի մեջ, Մել։ Նույնիսկ սրտի կաթված էին ստանում, եթե շատ շոգ էր լինում, իսկ իրենք՝ հոգնած ու հյուծված։ Մի տեղ կարդացել եմ, որ ընկնում էին իրենց ձիերից ու չէին կարողանում վեր կենալ, քանի որ ահավոր հոգնած էին լինում, որ կանգնեն այդ ծանր զրահը վրաները։ Երբեմն իրենց իսկ ձիերն էին նրանց ոտնակոխ անում։

– Սարսափելի է,– ասաց Մելը։– Սարսափելի բան է, Նիկի։ Ինձ թվում է, նրանք ուղղակի պառկում ու սպասում էին, մինչև մեկը գար ու քյաբաբ սարքեր նրանցից։

– Մի այլ վեսըլ (անոթ),– ասաց Թերին։

– Ճիշտ է,– ասաց Մելը։– Մի վասալ կգար ու կխոցեր նրան նիզակով սիրո անունից։ Կամ ինչ որ է այդտեղ, ինչի համար նրանք կռվում էին այդ օրերին։

– Նույն բաների, ինչի համար այսօր ենք կռվում,– ասաց Թերին։

– Ոչինչ չի փոխվել,– ասաց Լաուրան։

Լաուրայի այտերը դեռ կարմիր էին։ Աչքերը պայծառ էին։ Նա բաժակը մոտեցրեց շուրթերին։

Մելը իրեն ևս մի բաժակ լցրեց։ Նա ուշադիր նայեց շշի պիտակին, կարծես երկար թվաշարն էր ուսումնասիրում։ Հետո դանդաղ դրեց շիշը սեղանին ու դանդաղ ձեռքը մեկնեց տոնիկին։

– Իսկ ի՞նչ եղավ ծեր զույգի հետ,– հարցրեց Լաուրան։– Դու չավարտեցիր պատմությունդ։

Լաուրան չէր կարողանում վառել ծխախոտը։ Լուցկիներն անընդհատ հանգչում էին։

Արևի լույսը սենյակում այլ էր հիմա․ փոխվում էր, նոսրանում։ Բայց տերևները պատուհանից դուրս դեռ ցոլցլում էին, և ես հայացքս հառեցի նախշերին, որ նրանք թողնում էին լուսամուտի շրջանակի ու խոհանոցային աշխատասեղանի վրա։ Դրանք, իհարկե, նույն նախշերը չէին։

– Իսկ ի՞նչ եղավ ծեր զույգի հետ,– հարցրի ես։

– Ծեր, բայց իմաստուն,– ասաց Թերին։

Մելը հայացքը հառեց նրա վրա։

–  Շարունակիր պատմությունդ, քաղցրս,– ասաց Թերին։– Պարզապես կատակ էի անում։ Հետո ի՞նչ եղավ։

– Թերի, երբեմն,– ասաց Մելը։

– Խնդրում եմ, Մել,– ասաց Թերին։– Այդքան լուրջ մի եղիր։ Կատակ չես հասկանո՞ւմ։

– Ո՞ւր է կատակը,– ասաց Մելը։

Նա բաժակը բռնած՝ անթարթ նայում էր կնոջը։

– Ի՞նչ եղավ,– ասաց Լաուրան։

Մելը աչքերը հառեց Լաուրայի վրա և ասաց․

– Լաուրա, եթե ես Թերիի հետ չլինեի ու նրան այդքան չսիրեի, և եթե Նիքը իմ ամենամոտ ընկերը չլիներ, ես կսիրահարվեի քեզ,– ասաց նա։– Քեզ կգողանայի, քաղցրս։

– Պատմությունդ պատմիր,– ասաց Թերին։– Հետո կգնանք այն նոր տեղը, լա՞վ։

– Լավ,– ասաց Մելը։– Ո՞ւր էի հասել։– Նա հայացքը հառեց սեղանին, և ապա սկսեց․

– Ամեն օր նրանց երկուսին էլ այցելում էի, երբեմն օրը երկու անգամ, եթե ես էի կանչերի վրա այսպես թե այնպես։ Գիպսերի ու վիրակապերի մեջ՝ ոտքից մինչև գլուխ, երկուսն էլ։ Ֆիլմերում տեսած կլինեք։ Հենց նույն տեսքն ունեին, ինչ ֆիլմերում։ Աչքերի փոքր անցքեր, քթի անցքեր ու բերանի անցք։ Իսկ կնոջ ոտքերը, դրան գումարած, բարձր կախված էին։ Դե, ամուսինը երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էր։ Նույնիսկ երբ իմացավ, որ կինը կապրի, դեպրեսիան չանցավ։ Ոչ թե պատահարի պատճառով, սակայն։ Նկատի ունեմ՝ պատահարը դրա մի մասն էր, բայց ոչ ամբողջը։ Ես ձգվում էի դեպի բերանի անցքը, և նա ասում էր, որ հենց պատահարը չէր պատճառը, այլ որ նա չէր կարողանում տեսնել կնոջը իր աչքերի անցքերից։ Ասում էր՝ դա է, որ իրեն ցավ է պատճառում։ Պատկերացնո՞ւմ եք։ Նրա սիրտը կոտրվում էր միայն այն պատճառով, որ չէր կարողանում գրողի տարած գլուխը շրջել ու տեսնել իր գրողի տարած կնոջը։

Մելը նայեց սեղանի շուրջը ու տարուբերեց գլուխը հաջորդ ասելիքի կապակցությամբ․

– Ուզում եմ ասել, բիձուկին սպանում էր այն, որ չէր կարող նայե՛լ էդ անտեր կնոջը։

Բոլորս նայեցինք Մելին։

– Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում,– ասաց նա։

Գուցե մենք արդեն մի քիչ հարբած էինք։ Գիտեմ, որ դժվար էր կենտրոնանալը ինչ-որ բանի վրա։ Լույսը դուրս էր հոսում սենյակից՝ հետ գնալով նույն պատուհանով, որով ներս էր եկել։ Բայց ոչ ոք տեղից չէր շարժվում լույսը վառելու։

– Լսեք,– ասաց Մելը։– Եկեք էս անտեր մնացած ջինը վերջացնենք։ Բավականչափ մնացել է մեկական բաժակի համար։ Հետո գնանք ուտելու։ Եկենք գնանք այդ նոր տեղը։

– Նա դեպրեսիայի մեջ է,– ասաց Թերին։– Մել, ինչո՞ւ մի հաբ չես խմում։

Մելը տարուբերեց գլուխը․

– Ինչ կար, խմել եմ,– ասաց Մելը։

– Ժամանակ առ ժամանակ բոլորիս էլ մի հաբ պետք է,– ասացի ես։

– Ոմանք ծնվում են դրանց կարիքն ունենալով,– ասաց Թերին։ Նա մատով սեղանի վրա ինչ–որ բան  էր տրորում։ Ապա դադարեց տրորել։

– Կարծում եմ՝ ուզում եմ երեխաներիս զանգել,– ասաց Մելը։– Եթե դա խնդիր չէ մյուսների համար։ Զանգեմ երեխաներիս,– ասաց նա։

– Իսկ եթե Մարջորի՞ն պատասխանի,– ասաց Թերին։– Ժողովուրդ, դուք լսե՞լ եք մեզ Մարջորիի թեմայով խոսելիս։ Քաղցրս, գիտես, որ չարժի Մարջորիի հետ խոսել։ Դա միայն կվատացնի վիճակդ։

– Ես Մարջորիի հետ  չեմ ուզում խոսել,– ասաց Մելը։– Բայց երեխաներիս հետ խոսել ուզում եմ։

– Չկա մի օր, որ Մելը չասի՝ կուզեր, որ նա նորից ամուսնանար։ Կամ մեռներ,– ասաց Թերին։– Մի բանի համար․ նա մեզ սնանկացնում է։ Մելն ասում է՝ միայն իր ինատու է, որ նա նորից չի ամուսնանում։ Նա զուգընկեր ունի, որ նրա ու երեխաների հետ է ապրում, ինչը նշանակում է, Մելը նաև նրան է պահում։

– Նա մեղուներից ալերգիա ունի,– ասաց Մելը։– Եթե չեմ աղոթում, որ նա նորից ամուսնանա, ապա աղոթում եմ, որ մեղուների պարսի խայթոցներից մեռնի։

– Ամոթ քեզ,– ասաց Լաուրան։

– Բզզզզ,– ասաց Մելը՝ մատները մեղուներ դարձնելով և Թերիի կոկորդի մոտ նրանց բզզացնելով։ Հետո ձեռքերը թույլ ցած թողեց։

Նա կատաղած է,– ասաց Մելը։– Երբեմն մտածում եմ՝ գնամ այնտեղ մեղվապահի պես հագնված։ Գիտեք, ինչ նկատի ումեմ՝ այն սաղավարտանման գլխարկով, երեսիդ իջնող, մեծ ձեռնոցներով և հատուկ բաճկոնով։ Կթակեմ դուռը, և մի փեթակ մեղու ներս կթողնեմ տուն։ Բայց, իհարկե, նախ կհամոզվեմ, որ երեխաները տանը չեն։

Նա ոտքը ոտքին գցեց։ Երևում է, դա նրանից բավական ժամանակ խլեց։ Հետո երկու ոտքը դրեց գետնին և առաջ թեքվեց՝ արմունկները՝ սեղանին, կզակը՝ հենած ձեռքերին։

– Գուցե չզանգեմ երեխաներին, ամեն դեպքում,– ասաց նա վերջապես։– Գուցե դա այնքան էլ զիլ գաղափար չէր։ Գուցե ուղղակի գնանք ուտելու։ Ի՞նչ կասեք։

– Ինձ համար հրաշալի է,– ասացի ես։ – Ուտել, թե չուտել։ Կամ շարունակել խմել։ Ես պատրաստ եմ ուղղություն վերցնել ուղիղ դեպի արևամուտը։

– Դա ի՞նչ է նշանակում, քաղցրս,– ասաց Լաուրան։

– Դա նշանակում է հենց այն, ինչ ասացի,– ասացի ես։– Դա նշանակում է, որ ես պատրաստ եմ շարունակությանը։ Զուտ դա է նշանակում։

– Ես էլ մի բան կուտեի,– ասաց Լաուրան։– Երևի կյանքումս երբեք այսքան քաղցած չեմ եղել։ Մի բան չունե՞ք ուտելու։

– Պանիր ու կրեկեր բերեմ,– ասաց Թերին։

Բայց Թերին մնաց նստած։ Նա վեր չկացավ՝ ինչ-որ բան բերի։

Մելը շրջեց բաժակը։ Ամբողջը թափեց սեղանին։

– Վերջ ջինին,– ասաց Մելը։

– Հիմա՞ ինչ,– ասաց Թերին։

Ես լսում էի իմ սրտի զարկերը։ Լսում էի բոլորի սրտերը։ Լսում էի մարդկային աղմուկը, որ մենք անում էինք այնտեղ նստած՝ առանց որևէ մեկիս շարժվելու, անգամ երբ սենյակը մթնեց։

Թարգմանությունը անգլերենից՝ Հ․ Խ․-ի

182
Փետրվար 28, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: