Իվան Բունին․ Վերադառնալով Հռոմ

Նա մահացավ Նիցայի մերձակայքում, Գալիայից Հռոմ վերադառնալիս։

Սպասում էին, որ նոր պատերազմը երկար, դժվար և, միգուցե, ճակատագրական կլինի նրա համար․ ճակատագիրը բարեգութ էր նրա հանդեպ, բայց դա նրա կյանքի իններորդ արշավն էր, իսկ ինը թվին վատ նշան էին վերագրում։ Այդուհանդերձ պատերազմը երջանիկ ստացվեց, նույնիսկ բոլոր նախորդներից ավելի երջանիկ ու կարճ, թշնամին  խոցված էր այնպիսի դիպուկ հարվածներով, որ, առ իրենց առաջնորդի աստղը ողջ հավատով հանդերձ, զարմացած էր հենց հաղթական բանակը․ և առաջ միայն նրա տեսքը, ամեն անգամ զորքի առջև հայտնվելիս, ցնցում էր նրան հիացմունքով, իսկ հիմա, երբ Գալիայում հրաժեշտի զորատեսին, դանդաղորեն շարժվում էր ռազմիկների շարքերի կողքով ոսկե արծվի մեծաշուքությունը և դրա ստվերի տակ ընթանում էր այդ մշտապես լռակյաց և տրտում մարդը՝ հողագույն, վատ սափրած դեմքով, մարդիկ մահու չափ գունատվում էին, զգում իրենց ասես վիհի եզրին, իսկ հետո բռնկվում էին այնպիսի տարօրինակ ճիչերով, ասես նրանց համակում էր դիվոտությունը։

Պատերազմն ավարտելով՝ նա պետական նպատակներով ուղևորություն կատարեց Իսպանիա․ արտասովոր անխոնջությունը զուգակցվում էր մարմնի թուլությանը։ Եվ այդ ուղևորությունը նույնպես միանգամայն բարեհաջող և արգասավոր էր։ Ուշ աշնանը փոքր ջոկատով և մի քանի մերձավորներով նա վերադառնում էր Հռոմ։ Զովասուն, պայծառ օրեր էին։ Գնում էին ծովափով։ Ինչպես միշտ, նա լռակյաց և անխռով էր, դժգույն և վտիտ դեմքով։ Այդուհանդերձ նրա առողջությունը ոչ ոքի երկյուղ չէր ներշնչում կապույտ ծովախոցերով և բոսոր ծովափներով այդ ուղևորության ընթացքում։ Բայց ահա, Նիցա չհասած՝ վերջին անցմանը, նա հանկարծակի զրկվեց ձայնից, ուժերի այնպիսի կորուստ զգաց, որ շտապեցին կանգ առնել առաջին պատահած վիլլայում։

Այն միանգամայն վայել էր դեպքին։ Նշանավոր Օջախ էր, հայտնի ամբողջ Հռոմում՝ շնորհիվ իր տիրոջ փառապանծ անվան և իր պատկառելի գեղեցկության։ Անմարդ հրվանդանը հեռվում մխրճվում էր ծովը։ Այն ամբողջովին ծածկված էր ցածլիկ սոճու անտառի արծաթե կանաչով։ Իսկ տունը՝ փռված այդ անտառում, ընդարձակ ու հասարակ էր, ճերմակին էր տալիս պատերի մարմարով, փայլում էր մեծ պատուհանների նուրբ ապակիով, շրջապատված էր ծաղկանոցներով, հրեղեն գեորգիններով։  Տիրոջ հեռանալուց հետո վիլլան դատարկ էր, և անսպասելի հյուրերին դիմավորում էր միայն կառավարիչը։ Քաղաքավարի  ապաստան խնդրեցին նրանից։

Շուտով՝ լոգանքից և կազդուրիչ ըմպելիքից հետո, նա մնաց մենակ։ Նրա մահիճն այնպես էր դրված, որ մի կողմից նրա առջև կլոր սոճու կատարներից անդին ձգվող ծովի տեսարանն էր, մյուս կողմից՝ Նիցայի ծովացոծն ու մշուշա-հեռավոր դալկությունը։ Ալպը՝ իր ձներով անկենդան երկինք խոյացող, նման մեծ դամբարանների։ Իրիկնանում էր, սառը միգապատվում։ Նիրհուն ալեկոծվող ծովի դատարկ տարածութունում անհուսություն, աննպատակություն, տրտմալի առեղծվածայնություն էր։ Ալիքների սպիտակ կատարները համաչափորեն հայտնվում, անհետում էին։ Սոճու կատարները՝ մաքուր և սառը, ապակու միջից հստակ երևացող, պիրկ և զնգուն  խշշում էին։ Երկու կանթեղները համաչափ դողում էին մահճի շուրջը զմռսե հրով։ Եվ այդ դողի ու զնգզնգացող փշատերևային աղմուկի տակ նա խոր քուն մտավ։ Իսկ երբ արթնացավ, արդեն սև գիշեր էր։ Ծովը շառաչում էր լռության մեջ ավելի լսելի ու ավելի հանդիսավոր, ասես մոտենալով։ Կանթեղները հոսում և շողում էին, դրանց լեզվակները, հիմա ոսկե, հստակ, լազուրե հիմքով, դողալով, խոյանում էին վեր։ Եվ ելնելով, կռթնելով սնարքին՝ նա իր հայացքը հառեց իր առջև սևացող ապակիներին։ Ծովը շառաչում էր շարունակ ավելի մոտ, ավելի պարզորոշ, և դրան խառնվում էր հար սաստկացող փշատերևային աղմուկը։ Նա հայում և լսում էր իրեն շրջապատող այդ սև գիշերային տարերքը։ Նա հասկացավ, որ իր ժամը մոտ է։ Ջանք գործադրելով՝ նա փոքր-ինչ բարձր նստեց և վերցնելով գիշերասեղանից ամենը, ինչ պետք էր գրելու համար՝ սկսեց դանդաղ, բայց աներեր գրել։

Նա գրում էր մինչև լուսաբաց։ Նա կատարեց վերջին պետական կարգադրությունները և արտահայտեց իր որոշ մահառաջ մտքերը։ Նա այսպես ասաց՝ անունս կվերապրի ինձ, մարդիկ կխոնարհվեն իմ ոսկե ու մարմարե պատկերների առաջ, գուցե, դեռ շատ դարեր, քանզի մեծ կամ գոնե մեծությամբ օժտված մարդու մեջ, մենք մեծարում ենք բարձրագույն ուժերի այն կենտրոնացվածությունը, որ որոշ չափով առկա է մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Նա ասաց, որ Սոկրատը, կոչելով մարդուն ինքզինքի ճանաչմանը, նկատի ուներ մարդու մեջ առկա առանձնահատկությունների,արատների կամ առաքինությունների ճանաչումը, բայց փնտրտուքն ու արթնացումն իր մեջ այն «աստվածայինի», որ հենց մարդու բուն էությունն է։ Իսկ երբ սկսեց ճերմակել պատուհանից այն կողմ, դեղնեցին կանթեղի կրակները և համատարած ճերմակությամբ պատեց հանդարտած ծովից եկող վաղորդյան մեգը, նա պառկեց և ծածկեց դեմքը ռազմերթի թիկնոցով, տրվելով բոլոր մահկանացուների ճակատագրին։

Ռուսերենից թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի

  • Hits: 263

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: