Դիմիտրիս Խաձիս. Շիրիմը

Դիմիտրիս Խաձիսը (1913-1981 թթ.) հույն հայտնի արձակագիր է, պատմաբան, լրագրող և հեղափոխական: Նրա գործերն աչքի են ընկնում իրենց զգացմունքայնությամբ ու մարդասիրությամբ: Ամենաարժեքավորը համարվում է «Մեր փոքրիկ քաղաքի վերջը» պատմվածքների ժողովածուն, որի յոթ պատմվածքներն ասես կարմիր թելով կապված լինեն միմյանց և ներկայացնում են Հունաստանի տնտեսական ու սոցիալական փոփոխությունները 1930-ական թթ. ու դրանց ճակատագրական նշանակությունը հերոսների կյանքում: «Շիրիմը» ժողովածուի երկրորդ պատմվածքն է, որն ընթերցողին գրավում է իր հուզականությամբ, պատկերավոր լեզվով ու մարդկային հոգեբանության ճշմարտացի արտացոլմամբ:

 

Շիրիմը

(«Մեր փոքրիկ քաղաքի վերջը»[1] պատմվածքների ժողովածուից)

Փոքրիկ գավառական քաղաքի ծայրին` այնտեղ, որտեղ մայրուղին թեքվում էր աջ, ձախից սկսվում էր դեպի գետ իջնող կածանը: Բոլոր քաղաքապետները մինչ պաշտոնի անցնելը խոստանում էին այնտեղ մի կարգին ճանապարհ կառուցել վերջապես, որի երկարությունը մինչև քաղաք չէր լինի ավելի քան երեքից չորս հարյուր մետր: Բայց միշտ դրժում էին նախքան ընտրվելն իրենց տված խոստումները, և քաղաքացիները բարկանում էին ու հաջորդ անգամ ընտրում ուրիշի, որովհետև շատ-շատ էին ուզում, որ կառուցվի այդ ճանապարհը: Գետափը նրանց համար  քաղաքից դուրս ինչ-որ վայր չէր: Գետը, որ լայնանում էր այնտեղ՝ իր մաս-մաքուր ջրերը գլորելով կլորավուն քարերի վրայով, սոսիները, որ շրջափակել էին տարածքը և կանաչում էին գարնանն ու խշխշում ամռանը, քաղաքից ներքև գտնվող այդ ողջ տարածքը` հարթ ու մանրախիճով ծածկված զբոսանքի համար, կարծես հենց իրենց համար ստեղծված լինեին: Եւ այդ բոլորը այնքա՜ն ամուր էին կապված թվում քաղաքին ու նրա կյանքին։ Դա մի վայր էր` լի հուշերով, լի հենց իրենց կյանքով: Դեռևս երեխաներ` այնտեղ էին գնում, երբ փախչում էին դասերից: Այնտեղ էին առաջին անգամ ծխախոտը բերանին դնում: Քիչ ավելի ուշ երիտասարդներն էին երբեմն այնտեղ գնում զվարճանալու` հեռու ծնողների ու հարևանների ականջներից: Ամառային կիրակիներին այնտեղ էին զբոսնում աղջիկները, և աչքերով սկսվում էին ռոմանտիկ սերերը, որ օժիտի համար անհրաժեշտ սակարկություններից հետո ավարտվում էին պատշաճ ամուսնություններով: Այսպես՝ մեծանալով, հետո ծերանալով` կիրակիները շարունակում էին այնտեղ անցկացնել իրենց հետկեսօրյա հանգիստը կանանց և երեխաների, զոքանչների և մորաքույրների հետ գարունից մինչև աշուն: Եվ որովհետև երեկոյան վերադառնալով` շնչակտուր էին լինում զառիվերը բաձրանալիս, անհրաժեշտ էին համարում, որ վերջապես ճանապարհ կառուցվի այնտեղ՝ մի կանոնավոր ճանապարհ, և իրենց ամբողջ հույսը կապում էին նոր քաղաքապետի հետ:

Ու բոլորից շատ` պարոն Անտոնիսը` Ցիաղալոս կոչվածը, որը արդեն քսան տարի էր, ինչ քաղաքապետարանից վարձակալել էր գետափնյա երկու կրպակներից մեկը:

Արդեն քսան տարի պարոն Անտոնիս Ցիաղալոսը սպասում էր այդ ճանապարհի կառուցվելուն, որպեսզի ժողովուրդը հեշտությամբ իջնի այնտեղ սովորական կամ տոն օրերին, ինքն էլ հարստացնի իր կրպակը, ավելի լավ օրեր տեսնի: Ճանապարհը նրա համար անձնական խնդիր էր: Ավելին՝ դա նրա կարիքավոր կյանքի երազանքն էր: Ու դեռ էլ ավելին՝ դա մի կապիտալ էր, որ մի օր իր արդյունքներն էր տալու: Այնտեղ էր իր աղջիկների օժիտը, կնոջ անդորրն ու իր ծերության օրերի հենարանը: Արդեն քսան տարի պարոն Անտոնիս Ցիաղալոսը մեծ հույսերով պատրաստվում էր քաղաքապետի ընտրություններին, հետո նորից դասավորում իր երկաթե սեղաններն ու նոր հույսերով սպասում ճանապարհի կառուցվելուն: Սեղանները մնում էին չներկված: Աթոռների վրայի խսիրը տրորվում էր, պատռվում ու քրքրվում: Կրպակի տանիքին մետաղները թռչկոտում էին մի փոքր քամուց: Ռադիոընդունիչ դեռ չէր դրել, չշշալցված գարեջուր չուներ, շշերովն էլ դժվարությամբ էր հայթայթում: Ամառային օրերին ցնցուղով ջրում էր շրջակայքը և սպասում այն մեծ օրվան, երբ պոմպ կսարքի, փողրակ կգնի և կլուծի մնացած բոլոր հարցերը:

Իսկ մինչ այդ ոչինչ չէր ուզում անել, ոչինչ չէր ուզում փոխել: Ժողովուրդն այսպես թե այնպես գետափ կգնար, կնստեր իր սեղանների մոտ, ու թող որ ներկված չլինեին: Եթե փող էլ ունենար, էլի ոչ մի դեպքում չէր ծախսի, ինչպես ասում էր, մինչև չկառուցեն ճանապարհը. ինչ-որ մեկը վերջիվերջո այն բոլոր քաղաքապետներից, որոնց այդքան ջերմեռանդորեն պաշտպանում էր ընտրություններին, կիրականացներ խոստումը: Ճշմարտությունն այն է, որ պարոն Անտոնիսն իր էությամբ այնպիսին էր, որ չէր սիրում փոփոխություններ ու նորամուծություններ: Կշռադատող մարդ էր ու սիրում էր հաստատունը:

Նրան շատ էր դուր գալիս, որ այդպես աղքատ լինելով հանդերձ՝ իր հինգ երեխաներով (լավ է հնչում), անբիծ վարքով կնոջով (անհրաժեշտաբար), քաղաքում գտնվող հայրական տնով, քաղաքական ընտրություններին իր ակտիվ մասնակցությամբ և Սուրբ Թեոդորոս եկեղեցու հավատացյալների միությունում իր ունեցած դերով դասվում էր հասարակության հենակետ հանդիսացող, հայրենասեր դասին պատկանող արժանապատիվ քաղաքացիների շարքում: Եւ իր կրպակը հենց նրանց` արժանապատիվ քաղաքացիների համար էլ էր: Հոկտեմբերից մինչև մարտ փակում էր այն ու նստում քաղաքում` մի փոքրիկ խարխլված հրուշակեղենի խանութում, որին ամռանը կինն էր հետևում: Հենց որ եղանակը լավանում էր, իջնում էր գետափ ու բացում կրպակը: Ունենալով շատ քիչ հաճախորդներ` սովորական օրերին կեսօրից շուտ այն չէր բացում և փակում էր երեկոյանալուն պես: Հենց որ սկսում էր մթնել, եթե հաճախորդներ էլ ունենար, վռնդում էր և բարձրանում ու գիշերում էր քաղաքում: Կիրակի օրերին կրպակը բաց էր առավոտից երեկո այնքան ժամանակ, մինչև հարգարժան պարոնները վերադառնային իրենց տները:

Մյուս կրպակը բաց էր ամառ-ձմեռ: Քաղաքից այնտեղ էին իջնում գինեմոլներ, ձմեռներն այնտեղ էին հավաքվում որսորդներ, ջորեպաններ ու գյուղացիներ` անցնելով քիչ ներքևում գտնվող կամուրջը: Ձմեռային օրերին, սովորական` ոչ տոն օրերին ու հատկապես գիշերները այս կրպակը վատահամբավ էր համարվում: Ամառային կիրակիներին հարգարժան քաղաքացիները նախընտրում էին պարոն Անտոնիսի սեղանները և միայն անհրաժեշտության դեպքում, երբ այնտեղ ազատ տեղ չէր լինում, նստում էին և մյուսի սեղանների մոտ:

Այս մյուս կրպակի վարձակալը նույնիսկ պարոն էլ չէր, մի ծերուկ էր` քեռի Սպուրղոսը կամ էլ ուղղակի Սպուրղոսը: Քնում էր կրպակում ու քաղաք բարձրանում էր միայն գնումների համար: Օտարական, տարօրինակ ու մեն-մենակ մի մարդ էր, որ ընկերություն, մտերմություն չէր անում ոչ ոքի հետ, ոչ ոքից շահ չուներ ու ոչ ոքի դեմ քեն չէր պահում: Առավոտյան հեռանում էր ու քաշվում գետափի բարձրադիր վայրերը` կարմրախայտ որսալու: Հետո նստում էր ժայռերին ու հաճախ խորասուզվում մտքերի մեջ: Չէր մտահոգվում շատ բաների մասին. ոչ էլ՝ իր խանութի: Ու թվում էր նույնիսկ, թե ուզում է թաքնվել այնտեղ, կորչել, այլ ոչ թե գործ անել, կարծես գնում ու պահ էր մտնում այնտեղ: Ու երբ մի անգամ նրան հարցրին` այդ ինչպես է, որ ծեր լինելով՝ չի վախենում այդ ամայի վայրում գիշերները մենակ մնալուց, ծիծաղեց ու ասաց՝ ոչինչ չունի, որ վերցնեն իրենից, դրա համար էլ չի վախենում գողերից: Իսկ երբ նրան հարցրին, թե ինչ է անում վաստակած փողերը, պատասխանեց, որ ոչինչ էլ չի վաստակում, միայն մի փոքր գումար, որով հարկ է վճարում քաղաքապետարանին, մի փոքր էլ պահում է ձմռան համար, երբ աշխատանքը չափազանց քիչ է, ու բացի այդ՝ շատերն իրեն այդպես էլ չեն վճարում պարտքով վերցրած ապրանքի դիմաց: «Բայց թող հալալ լինի նրանց»,-ասաց ու ժպտաց մի քիչ ամաչկոտ, ինչպես սովորություն ուներ: Նրա համար բավական էր, որ կար այդ խաղաղ ու գեղեցիկ վայրը այդ կրպակով, ուր անխռով անցկացնելու էր իր ծերությունը, մինչև աչքերը վերջնական փակեր: Ավելին չէր ուզում:

Գիշերային հաճախորդները երբեմն ծաղրում էին նրան.

-Մի էստե՛ղ արի, Սպո՛ւրղո, մենակ ենք, նստի՛ր մեզ հետ։ Ասա՛ մեզ. քանի՞ հոգու ես սպանել։ Ոչ ոքի ոչինչ չենք ասի:

Նստում էր նրանց կողքին, բաժակը լցնում գինով ու նորից ծիծաղում իր այն ծիծաղով, որ կարծես ամաչելիս լիներ: Մի այլ խաղաղ վայր` օրհնված, հեռավոր, Պելոպոնիսոյից[2]  ներքև, նորից պատկերանում է իր աչքերի առջև. բլուրը` խաղողի այգիներով, որ բարձրանում էին մինչև գագաթ, ու բլրի վերևում՝ կարմիր տունը... տունը` լի մարդկանցով, որոնք սիրում ու փայփայում էին իրենց փոքրիկ Սպուրղոսին` մի կլորիկ երեխա, որ անընդհատ թռչկոտում էր անհոգ: Այնտեղ մեծացավ: Չէր հասցրել հասկանալ` ինչն է  հատկապես սիրում այդ վայրում, որտեղ կարմիր տունն էր` իր մարդկանցով, և որտեղ որթատունկերը սև ածուխ էին դառնում ձմռանն ու հանկարծ ծաղկում գարնանը՝ կանաչով ողողելով բլուրը, որն իրենցն էր մինչև ներքև` մինչև դաշտեր, և չէր հասցրել հասկանալ, թե ինչ կարող էին իրապես նշանակել իր կյանքում այն մի զույգ սև աչքերը բլրի այն կողմում. ևս մի տուն` թզենիների մեջ թաղված, նորից խաղողի այգիներ, որթատունկեր արևի տակ... պարզապես ամեն երեկո բարձրանում էր բլրի գագաթը ու կանգնում ճանապարհին, մինչև երևային դրանք... երբ չարիքը վրա հասավ. հանկարծակի, որպես տարափ չհասած խաղողի վրա: Մահացավ մայրը, որից շատ չանցած` նաև հայրը: Բայց կործանման պատճառը մահը չէր, այլ ունեցվածքը, որ մնացել էր մահից հետո: Իրենից մեծ երկու եղբայրները պատերազմեցին բարեկամների հետ ունեցվածքը բաժանելու հարցում: Կռվեցին քրոջ ու փեսայի հետ: Հետո պատշաճ համարեցին հենց իր՝ Սպուրղոսի բաժինն ուտել: Վերջում կռվեցին նաև իրար հետ, դանակահարեցին իրար. արյուն, թշնամություն, բանտարկություն, դատարան ու փախուստ: Կարմիր տունը կործանվեց մի ձմեռվա ընթացքում, խաղողի այգիները մնացին անխնամ գարնանը: Կռիվը հեռուն գնաց: Սև աչքերն այլևս չէին պտտվում իրեն նայելու, որպեսզի ցանկություն ունենա նախ կայանալու որպես տղամարդ, կարգավորելու իր կյանքը:

Նա երբեք ոչինչ էլ չկարգավորեց. ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո: Շատ կուզեր` կարողանար հաշտեցնել երկու եղբայրներին: Փոքր էր, դա նրան չհաջողվեց: Հետո անցավ քրոջը, փեսային, զարմիկներին, որոնց հետ խաղալով էր անցկացրել մանկությունը. բոլորը կշտամբեցին նրան, կատաղել էին բոլորը: Մի քանի գիշեր լացով անցկացրեց և մի առավոտ թողեց նրանց իրենց կռիվների մեջ ու սկսեց իջնել բլրով: Ցտեսություն.․․ ո՞ւմ դա ասեր: Այլևս սիրելի մարդ չէր մնացել այնտեղ:

Քայլերն ուղղեց դեպի ծով: Չգիտեր` ինչ է դա: Վերևից` գագաթից նայում էր նրան ու ծիծաղում՝ տեսնելով՝ ինչպես է ծփում  հեռվում իր բաց կապույտով, երբեմն էլ մռայլվում անհունորեն: Գնաց: Ու նորից հայտնվեց մարդկանց մեջ, որոնք այնտեղ էլ կարծես կատաղած ու անիծված լինեին: Ոչ էլ այնտեղ կանգ առավ՝ ստեղծելու իր սեփական տնտեսությունը: Բռնեց անհայտ ուղի ու գնաց՝ ուր աչքը կտրում էր: Տարիներն անցնում էին, և Սպուրղոսը պտտվում էր այս ու այն կողմ՝ այդպես էլ չհասկանալով` ինչպես են մարդիկ տնտեսություն ստեղծում: Ոչ մի տեղ հաջողություն չունեցավ ու չհաստատվեց: Մնաց այնպես, ինչպես որ կար` սրտում պահելով բլրի ճնճղուկների երգն ու լացը մի խաղաղ վայրի մասին, որ սուզվեց բարկության ամպի մեջ, և երկու սև աչքերի երգը, որ նախ ուզում էին իրեն կայացած տեսնել որպես տղամարդ, ու կրկին լացը... Եվ երբ գտավ այս խաղաղ վայրը` փոքրիկ քաղաքի ներքևում, գեղեցիկ գետափին գտնվող աղքատիկ կրպակով ու կարմրախայտներով քիչ այն կողմ` ժայռերի մոտ, կանգ առավ հոգնած:

Ժպտում է. կարծես ամաչում է, որ ոչ ոքի չի սպանել:

-Ե՞ս, ա՛յ երեխեք...

-Դե լավ, է՜...

Բոլորը համոզված էին, որ այս ծերուկը մի ինչ-որ գաղտնիք ունի։ Մի մարդ, որ երբեք քաղաք չէր բարձրանում, եկեղեցի չէր գնում, չէր մտահոգվում իր խանութի մասին, չէր պահանջում պարտքերը, չէր վախենում գողերից, ու որ ամենաահավորն ու անհավատալին էր, չէր ծաղրում, չէր չարախոսում ու չէր ուզում վնասել ոչ ոքի, ամենաքիչը երեք սպանություն պետք է որ գործած լիներ. այդպես էին կարծում մարդիկ:  Բայց այս քաղաքում եթե մեկն իրենց շահին չէր կպչում, նրան հանգիստ էին թողնում, եթե նույնիսկ տասը սպանություն գործած լիներ:

Այլ էր հարցը պարոն Անտոնիս Ցիաղալոսի դեպքում: Նրա դեպքում շահի հարց կար: Երբ այս Սպուրղոսը գնաց այնտեղ ու քաղաքապետի հետ համաձայնության եկավ երկրորդ կրպակի բացման համար, նա ամեն ինչ արեց, որ թույլ չտա, բայց քաղաքապետը նրան չլսեց: Այսպես՝ ծերուկը մնաց ու հաստատվեց այնտեղ: Պարոն Անտոնիսը, սակայն, չհամակերպվեց դրան, ու երբ ավելի ուշ ինչ-որ հարբեցողների միջև դանակահարություն եղավ, նորից փորձեց վռնդել նրան: Հիշատակեց այն կարևոր առաքինությունները, որոնք վտանգի տակ էին դրվում այդ անառականոցի պատճառով, ու հատկապես կրկին բոլորին հիշեցրեց այն փաստը, թե ինչ կասկածելի անձ է այդ Սպուրղոս կոչվածը, որ թաքնվել է գետափին: Քաղաքապետը կրկին մերժեց նրա պահանջը: Ի վերջո այնքան գոռգոռաց, որ քաղաքապետը երկու կրպակներն էլ աճուրդի հանեց։ Պարզվեց, որ միակ գնորդները նրանք երկուսն են` նա և Սպուրղոսը` ամեն մեկն իր կրպակի, և երկուսն էլ պայմանագիր կնքեցին հինգ տարով: Հինգ տարին անցավ, հետո՝ հինգ տարի ևս, ու նորից աճուրդ եղավ, որի ժամանակ նորից նրանք երկուսով միակ գնորդներն էին և շարունակեցին մնալ իրենց տեղերում:

Տարիներն անցնում էին, բայց Պարոն Անտոնիսը չէր համակերպվում այն մտքի հետ, որ Սպուրղոսը հավերժ այնտեղ է մնալու: Այն քիչ փողը, որ հավաքել էր, տրամադրեց` բացահայտելու, թե ով է իրապես այդ Սպուրղոսը: Ու իմացավ, որ Սպուրղոսը ոչ մի վատ բան չի արել ու ոչնչի համար չի թաքնվում: Նրա փաստաբանը, որ աշխատում էր Պելոպոնիսոյում գտնվող մի այլ փաստաբանի հետ, նրան ասաց, որ կարող են ծերուկին խառնել իր ընտանիքի կռիվներին ու դանակահարություններին, որոնք երեսուն տարվա ընթացքում չէին դադարել: Ասաց, որ երբ որ գործ հարուցվի նրա դեմ, նրան կտանեն այնտեղից որոշ ժամանակով (կապկպած, իհարկե), և մինչև գնա իր ծննդավայր ու անմեղ դուրս գա, այդ ժամանակահատվածում նրանից կխլեն կրպակը:

Պարոն Անտոնիս Ցիաղալոսը մտքում պահեց այդ հիանալի գաղափարը, բայց անմիջապես քայլեր չձեռնարկեց: Ամենևին հիմար չէր նա: Տեսնում էր, որ Սպուրղոսն ամենալավ հարևանն ու մրցակիցն է, որ կարող էր ունենալ: Սպուրղոսի կողքին ինքը ևս կարող էր ոչինչ չանել, ոչինչ չփոխել, ոչինչ չբարելավել... մինչև կառուցվեր ճանապարհը: Ա՜խ, իսկ այդ ժամանակ միանգամից ամեն ինչ կփոխվեր: Սպուրղոսի հետ էլ հաշիվները կմաքրեր, ծերուկն իր ձեռքերում էր...

Եւ մի օր նոր քաղաքապետը կատարեց իր խոստումը: Երբ այդ մասին գրեցին ու գրեցին թերթերը, և դրա շուրջ խոսեցին ու խոսեցին սրճարաններում, հունվար ամսին` տոներից հետո, որոշեցին աշխատանքները սկսել, մանավանդ որ եղանակն էլ չորային էր, առանց ձյան: Եղավ պաշտոնական բացում, որին ներկա էին մի պատգամավոր, եպիսկոպոսը, որը օրհնության կարգ կատարեց, քաղաքապետը, որը հանդես եկավ ելույթով, ու սկսեցին: Սկսեցին ու բացեցին ճանապարհը. մի իսկական ճանապարհ, որի շնորհիվ քաղաքացիներն այլևս չէին չարչարվելու Ցիաղալոսի կրպակից վերադառնալիս, մի ճանապարհ, որ, ինչպես ասաց քաղաքապետը, իր կանոնավոր թեքությամբ, լայն պտույտներով, ավելի ուշ նաև գետափով անցնելով՝ մայրուղի էր հասնելու: Այդ ժամանակ արդեն ավտոմեքենաներն էլ կանցնեին այնտեղով, կանգ կառնեին Ցիաղալոսի կրպակի առջև` ժողովուրդը սուրճ խմելու, վարորդներն էլ մի բան ուտելու, և անցուդարձ կլիներ ամեն օր, ամառ թե ձմեռ...

Դեռևս ժամանակը չէր, որ պարոն Անտոնիսը կրպակը բացեր: Հաշվարկում էր, որ մինչև մարտ ճանապարհի կեսին հասած կլինեն: Այդ ժամանակ կիջներ և այնտեղ աշխատող բանվորներին էլ իր հաճախորդները կդարձներ. ևս մի առավելություն: Իսկ մինչ այդ ամեն ինչ զիջում էր Սպուրղոսին: Նրա հարցը պիտի լուծեր մարտից մինչև հուլիս, երբ ըստ պլանավորածի` ճանապարհը գետափին պիտի հասած լիներ:

Ամեն օր առավոտ շուտ` արթնանալուն պես, գնում էր ու կանգնում բանվորների գլխին, նայում` ինչպես են աշխատում, ինչքան են առաջ գնացել, արդյոք պակաս մարդ չկա՞, հաշվում էր` ինչքան են աշխատել «երեկ», ինչքան կաշխատեն «այսօր», նայում էր երկնքին՝ հանկարծ չանձրևի, ու մի օր անգամ չկորչի: Հաշվարկում էր, որ մինչև հուլիս ինքն էլ Սպուրղոսի հետ հաշիվները մաքրած կլիներ, նրան վռնդած ու կրպակը սեփականացրած կլիներ` մենակ մնալով գետափին. իր սեփական գետափին: Այդ ընթացքում պետք է կարողանար ստանալ ոստիկանի համաձայնությունը, որ թղթերը գալուն պես բռնի Սպուրղոսին և փրկի քաղաքը կասկածելի ու վտանգավոր մարդուց: Պետք է նաև համոզեր քաղաքապետին, որը այս անգամ իր ընկերն էր, որ Սպուրղոսի կրպակը ո՛չ աճուրդի հանի, ո՛չ էլ ուրիշի տա, այլ իրեն դարձնի երկու կրպակների վարձակալ մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը. դեռ երեք տարի կար` բավականին երկար ժամանակ: Մի փոքր բարդ էր խնդիրը ոստիկանի հետ. որտե՞ղ բռնացներ նրան, որտեղի՞ց սկսեր: Քաղաքապետի հետ կապված էլ որոշ դժվարություններ կային, թեկուզ և իր ընկերն էր, որովհետև շատերը կուզեին տիրանալ Սպուրղոսի կրպակին այս նոր ճանապարհի կառուցումից հետո...

Մտածել էր այդ բոլոր հարցերի մասին, բացի մտածելուց ուրիշ ոչինչ չէր անում:  Պետք է բոլոր հարցերը լուծած լիներ մինչև հուլիս, ինչպես որ ծրագրել էր արդեն քսան տարի` հաշվելով օրերը, ամեն օրվա հետ կրելով շատ դառնություններ: Գնաց նաև Սուրբ Թեոդորոս եկեղեցի, ուր ծառայում էր այսքան տարի, ընկավ ծնկների վրա ու արցունքներն աչքերին՝ խնդրեց Աստծուն իրեն ուժ ու կարողություն տալ, որ հաղթանակած դուրս գա,  ինչպես նաև պայծառացնի ոստիկանի միտքը Սպուրղոսին այնտեղից հեռացնելու համար: Քաղաքապետինը՝ ևս, որպեսզի իրեն տա այդ մյուս կրպակը:

Քիչ ավելի ուշ գնաց գետափ ու բացեց կրպակը: Ճանապարհը իջնում ու իջնում էր, աշխատանքն առաջ էր գնում կանոնավոր կերպով, առանց ընդհատումների: Հիմա արդեն բանվորներին էլ էր վաճառում ձիթապտուղ, ծովատառեխ, պանիր, գինի, նաև մեծ քանակությամբ հաց և ուրախանում էր եկամտով. ճանապարհից ստացած առաջին շահույթն էր դա: Բայց ավելի շատ մտածում էր այլ` ավելի մեծ ու լուրջ բաների մասին, որոնք ևս վատ ընթացք չունեին: Ոստիկանին հասնելու ուղին գտավ: Եւ եթե նույնիսկ իր պատկերացրած լավագույն ուղին չէր, համենայն դեպս, վստահելի էր: Հանդիպեցին, կարողացան ազատ զրուցել, նրան ցույց տվեց հավաքած բոլոր թղթերը, և ոստիկանը գործի անցավ: Սկսեց ծերուկին խառնել ինչ-որ գործերի մեջ, որ հասնում էին հեռավոր Պելոպոնիսո: Փաստաբանի մոտ էլ գնաց, որն իր հերթին կապ հաստատեց Պելոպոնիսոյի գործընկերների հետ և պատասխան ստացավ, որ այնտեղ էլ սկսել են գործընթացը, ու ամեն ինչ լավ կլինի: Պարոն Անտոնիսը խոր շունչ քաշեց. Սպուրղոսի հետ հարցերը լուծված էին: Հարևանների մեջ բամբասանքներ էին պտտվում ոստիկանի` Ցիաղալոսի տուն գալ-գնալու վերաբերյալ: Ասում էին, որ հարգարժան ու աստվածավախ մարդ լինելով` պարոն Անտոնիսը չէր ընդունի իր տուն այդ երիտասարդ ու գեղեցիկ տղային ոչ արժանավայել նպատակներով, և սպասում էին, որ շուտով կհայտարարվի երիտասարդի նշանադրությունը Ցիաղալոսի մեծ աղջկա հետ, որին տեսնելով` ըստ երևույթին, ոստիկանը մտածել էր, որ պատվարժան աղջիկ է, ու ոչինչ այլևս կարևոր չէ:

Պարոն Անտոնիսը որոշեց, որ քաղաքապետին չի ասի՝ ինչ են ծրագրում ու պատրաստում Սպուրղոսի համար մինչև նրան ձերբակալելը: Բայց ընդհանուր կերպով խոսեց մնացած հարցերի շուրջ` գետափի, կրպակի, ճանապարհի, ավելի մեծ գործ դնելու իր նպատակի և այլն, ու քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց օգնելու նրան: Այս հարցում էլ հանգստացավ: Եւ նորից ընկավ ծնկների վրա ու արցունքներն աչքերին՝ շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ վերջապես պարգևատրում էր իրեն այդ զրկանքներով լի ու առաքինի կյանքի դիմաց:

Մայիսյան մի առավոտ էր: Պարոն Անտոնիսը դեռ չէր իջել կրպակը բացելու: Մի մարդ` գեղեցիկ հագնված, պայուսակը ձեռքին, անցավ կրպակների դիմացով: Կանգ չառավ: Գնաց մինչև գետ, շրջեց այս ու այն կողմ, վերադարձավ, տնտղեց ամբողջ տարածքը, հետո կանգնեց ու սկսեց նայել երկու կրպակներին։ Ուսումնասիրեց բոլոր կողմերից, հետո գնաց, տարածքից դուրս եկավ, խցկվեց ծառերի մեջ, կանգնեց ու սկսեց նայել. մոտ մեկ ժամ երևի: Վերջապես վերադարձավ, նստեց Սպուրղոսի սեղաններից մեկի մոտ ու սուրճ պատվիրեց: Հիշատակության արժանի այլևս ոչինչ տեղի չունեցավ: Պարզ էր, որ այնտեղ է գնացել ոչ թե զբոսնելու, այլ տարածքն ուսումնասիրելու համար: Միգուցե ճանապարհաշինարար էր: Պարոն Անտոնիսը չտեսավ նրան, Սպուրղոսն էլ մոռացավ:

Հաջորդ օրը նորից եկավ մեկ այլ մարդու հետ, սա էլ` պայուսակը ձեռքին: Սպուրղոսը պառկած էր արևի տակ` իր կրպակի դիմաց, և նրանց էր նայում: Նորից դուրս եկան տարածքից, հասան ծառերին: Նրանցից մեկը մի ժապավեն հանեց գրպանից, ու սկսեցին չափել ու գրել ծոցատետրում: Չափեցին այստեղից, չափեցին այնտեղից, կանգնեցին ու խոսեցին, հետո էլի չափեցին ու էլի գրեցին: Պարզ էր, որ ուզում են ինչ-որ բան անել այնտեղ։ «Գուցե գետափից մայրուղի ձգվող ճանապարհի հետ կապված հարցերն են քննարկում»,-մտածեց Սպուրղոսը։ Իրե՞ն ինչ, կրկին կիսափակ արեց աչքերն ու մոռացավ նրանց մասին:

Իր ժամին իջավ նաև պարոն Անտոնիսը: Նա էլ տեսավ այն երկուսին: Կանգ առավ կրպակի դռան մոտ ու զարմացած սկսեց նրանց նայել: Նա գիտեր, որ քաղաքապետարանի ճանապարհը տարածքից դուրս չէր գալու: Իսկ այդ մյուս ճանապարհը, որ պետք է հասներ մինչ մայրուղի, դեռ կառուցվելու ծրագրերի մեջ չէր:

Վերջապես երկու անծանոթներն ավարտեցին իրենց գործը, հավաքեցին իրենց ժապավեններն ու թղթերը, դրեցին պայուսակների մեջ և նորից գնացին ու նստեցին Սպուրղոսի սեղաններից մեկի մոտ: Այդ ժամանակ Սպուրղոսն արդեն վեր էր կացել տեղից:

-Ուտելու ի՞նչ ունես:

-Կարմրախայտ:

Պատվիրեցին նաև գինի: Սպուրղոսը ներս գնաց ու սկսեց տապակել ձուկը: Ցիաղալոսը նրանց էր նայում իր դռան մոտից: Սպուրղոսը նրանց մատուցեց ուտելիքը, գինին ու մի պահ զգաստ կանգնեց սեղանի կողքին:

-Ի՞նչ, քեռի՛ ջան:

-Նստի՛ր, քեռի՛,-ասաց նրան «երեկվանը»:

Երկուսն էլ սկսեցին ախորժակով ուտել: Սպուրղոսը նրանց բաժակների մեջ գինի էլ լցրեց, և «երեկվանը» նայեց նրան ու ծիծաղեց:

-Քեզ ընկերներ կբերենք,-ասաց:

-Էնտեղ, որտեղ չափումներ էիք անում, ազատ տարածություն չկա,-ասաց ծերունին. կարծես մնացած ամեն բան բնական էր համարում:

-Կբացենք,-ասաց մարդը:

-Ահռելի աշխատանք է,-ասաց ծերունին,-ո՞վ է գժվել:

Ո՛չ: Մարդը, որ ուղարկել էր նրանց այս աշխատանքի համար, ամենևին էլ չէր գժվել: Նոր ճանապարհի կառուցմամբ մի իսկական խանութ-ռեստորան, այլ ոչ թե կրպակ-սրճարան, ինչպիսին իրենցն էր, մեծ շահույթ կունենար: Ռեստորանի շուրջբոլորը լույսեր կդներ` կարմիր, կապույտ, կդներ ռադիոընդունիչ ու բարձրախոս, բեմահարթակ կկառուցեր, որտեղ կպարեին զույգերը:

-Լավ է,-ասաց ծերունին, ու նրա աչքերը ծիծաղեցին երեխայի պես,-ես էլ կգնամ նրանց նայելու ու ուրախանալու մի քիչ: Բայց ի՞նչ են անելու ձմռանը:

Պայուսակով մարդը բացատրեց` ինչպես էր ամեն բան լինելու, այսինքն` ինչպես էր խանութ-ռեստորանի բացվելուց շատ չանցած՝ կառուցվելու նաև մայրուղի հասնող ճանապարհը, որպեսզի Աթենքից իրենց քաղաք եկող զբոսաշրջիկների մեքենաներն անցնեն գետափով: Այնտեղ լինելու էր նաև վաճառակետ բենզինի, գինու և այլ խմիչքների համար:

-Հասկանո՞ւմ ես:

-Հասկանում եմ,-ասաց ծերունին,-գուցե կարմրախայտներ էլ ուզեն:

-Եթե էսպիսին են, կուզեն, իհարկե, էլ ի՞նչ ես տանջվում էս կրպակի ձեռքը,-ասաց մարդը, ու երեքով ծիծաղեցին:

Ցիաղալոսը նրանց էր նայում իր խանութի դռան մոտից ու չէր կարողանում պոկվել տեղից: Տքնում էր, որ մի բան լսի, բայց գետի խշխշոցը թույլ չէր տալիս: Մի պահ մտածեց` երևի ճանապարհաշինարարներ են մայրուղու համար, և մի պահ ուրախացավ, որ դա էլ կկառուցվի ճիշտ ժամանակին: Բայց քանի որ ոչինչ չգիտեր, ոչինչ չէր լսել ու չէր կարդացել ճանապարհի մասին, հասկանում էր, որ չի կարող հանկարծակի այդպիսի բան լինել։ Անհանգիստ էր:

Երբ անծանոթները հեռացան, մի փոքր սպասեց, որ Սպուրղոսն ինքը գա` պատմելու տեղի ունեցածը: Բայց երբ վերջինս մտավ կրպակ ու դուրս եկավ ուռկանը ձեռքին, այլևս չհապաղեց. առաջին անգամ իր կյանքում ուղևորվեց ու գնաց դեպի Սպուրղոսի կրպակ:

-Բարի լույս, հարևա՛ն.-նրան հարևան էլ ասաց:

-Բարի օր քեզ,-պատասխանեց ծերունին:

-Էդ ովքե՞ր էին:

Սպուրղոսը նայեց նրան ու գլուխը կախեց. կարծես ամաչում էր, որ ուրախացել է լույսերի համար, կարծես ինքն էր մեղավոր նոր խանութի բացվելու համար:

-Ի՞նչ ասեմ քեզ, իմ սիրելի՛ պարոն Անտոնիս... Լավ բան չէին ուզում անել:

-Այսինքն ի՞նչ:

-Խանութ... են ուզում բացել:

-Էստե՞ղ:

-Չէ, էնտեղ ազատ տարածք են բացելու:

 Նրան պատմեց նաև կարմիր ու կապույտ լույսերի, ցեմենտի ու բարձրախոսի մասին: Ասաց նաև բենզինի ու ավտոմեքենաների մասին, որ գալու էին ու կանգնելու այնտեղ:

-Մեր այս տարածքո՞ւմ:

-Մեր չէ, ասացի քեզ. էնտեղ են տարածք բացելու:

-Իսկ մենք ի՞նչ ենք անելու:

-Ի՞նչ կարող ենք անել:

-Ա՛յ մարդ, ախր պայմանագիր ունենք քաղաքապետարանի հետ:

Ավելի շատ բարկանում էր, որ Սպուրղոսն ուրախանում է մի բանի համար, որ իր դժբախտության պատճառն էր դառնալու:

-Այնտեղ պետական տարածք է,-հանգիստ ասաց ծերունին:-Ու ճանապարհն էլ, դե, կառուցելու են Աթենքից եկող զբոսաշրջիկների համար:

Այս խոսքի վրա գլուխն օրորեց, կարծես մի բան էլ էր ուզում ասել, բայց չասաց, կրկին բռնեց բարձունքի ճանապարհը` կարմրախայտներ որսալու:

Պարոն Անտոնիս Ցիաղալոսը մնաց այնտեղ: Սոսիները ճոճվում էին նրա շուրջը, ամեն ինչ ընկնում էր քաոսի մեջ։ Միտքը կանգնեց, աչքերը մշուշվեցին: Երբ նորից ուշքի եկավ, փակեց կրպակն ու գնաց քաղաք:

Գնաց քաղաքապետի մոտ, որպեսզի կանգնեցնի նրանց: Քաղաքապետը թոթվեց ուսերը. իրե՞ն ինչ, ինքը ոչ մի գործ չուներ նոր խանութի ու տուրիզմի հետ: Ասաց, որ մնացած հարցերում միշտ պատրաստ է օգնելու: Իր հավաքած փոքր գումարը պարոն Անտոնիսը ծախսեց փաստաբանների ու թերթերի վրա: Ոչինչ դուրս չեկավ: Գնաց պատվարժան ու հարգված քաղաքացիների մոտ, ասաց նրանց աղջիկների մասին, որ պարելու էին անծանոթ տղաների ձեռքերում: Ոչ ոք չլսեց նրան. արդեն երկար ժամանակ է, ինչ աղջիկները պարում էին այդպես, ու թեկուզ ինչ-որ մեկն ասի, թե իր աղջիկները ոչ մի կապ չունեն ոստիկանների հետ... բայց ավելի լավ չխոսենք այդ մասին: Քաղաքի հրապարակում գտնվող մի քանի խանութպաններ հավանություն տվեցին նրա խոսքերին ու մի քիչ գոռգոռացին նոր խանութի մասին: Բայց շուտով հոգնեցին ու իրենց գործերին անցան. շատ էլ նրանց պետքը չէր: Պարոն Անտոնիսը մենակ մնաց` տեսնելով ամեն օր` ինչպես են մաքրում տարածքը, շարում պատերը, առաջանում, շտապում ոչնչացնել իրեն կարմիր ու կապույտ լույսերով, բեմահարթակին պարող զույգերով, բենզալցակայաններով, զբոսաշրջիկներով, ճանապարհով ու ավտոմեքենաներով, շտապում թաղել իրեն այնտեղ` իր սեփական գետափին:

Այդ ամենն իրենն էր, ամբողջովին իրենը: Հաջորդ ամիս, ըստ պլանավորածի, գնացին ու բռնեցին Սպուրղոսին: Այդ ժամանակ քաղաքում խոսում էին, որ գիշերով գնացին, հանեցին նրան կրպակից ու կապկպած տարան ինչ-որ մի տեղ Պելոպոնիսոյում փախստական լինելու մեղադրանքով: Ցիաղալոսը մի փոքր անգամ խղճի խայթ չզգաց նրան անօգուտ հալածելու համար ու ոչ էլ ուրախացավ մյուս կրպակը ձեռք բերելու համար: Կարիք չեղավ էլ այն իրենով անելու, ինչպես որ ծրագրել էր այդքան տարի, քանի որ ծերունին հեռանալիս ոստիկանի մոտ էր թողել իր կրպակի բանալիներն ու խնդրել, որ դրանք Ցիաղալոսին տա: Հիմա արդեն իր տնօրինության տակ էր նաև երկրորդ կրպակը, ու չգիտեր՝ ինչին է պետք, ոչ էլ վախենում էր, որ հանկարծ իր ձեռքից կվերցնեն այն. ոչ ոքի այլևս դա պետք չէր նոր կառուցվող խանութի կողքին: Վերցրեց միայն աթոռներն ու սեղանները: Եվ երկրորդ կրպակը մնաց այնտեղ` կողպված, լուռ, շարունակ կանգնած իր դեմ որպես շիրիմ:

Գետափը ծաղկել էր կրկին, կանաչել, գեղեցկություն ու խաղաղություն էր շուրջբոլորը, զովություն: Ճանապարհն անընդհատ իջնում էր: Մեր համաքաղաքացիներն արդեն հեշտությամբ էին գնում այնտեղ, նստում էին պարոն Անտոնիսի սեղանների մոտ, զվարճանում: Իսկ ծառերի մեջ արդեն տարածք էին բացել, սալարկել, ու նոր խանութը ուր որ է բացվելու վրա էր. ամեն օր շալակած ինչ-որ իրեր էին բերում այնտեղ:

Եւ ահա, հուլիսի սկզբներին բացումն արվեց: Վերևում ծածանվում էին դրոշակները, բարձրախոսները գոռում էին, ամբողջ ժողովուրդն այնտեղ էր. ովքեր էլ տեղ չունեին սեղանների մոտ նստելու, թրև էին գալիս տարածքում: Պարոն Անտոնիս Ցիաղալոսը նայում էր նրանց իր կրպակից: Այնտեղ էին բոլորը՝ քաղաքապետը, որ այս անգամ իր ընկերն էր, ոստիկանը, որ եկավ-գնաց իր տուն ու այդպես էլ չնշանվեց իր աղջկա հետ, հարգարժան պարոնները, որ միշտ նախընտրում էին իր սեղանները... Միայն ավտոմեքենաներն էին բացակայում դեռ: Երեկոյան, երբ լույսերը վառվեցին ու լուսավորեցին շրջակայքը, և զույգերը սկսեցին պարել, դուրս եկավ ու մի կարճ ժամանակ կանգնեց դռան մոտ` նայելով իր դատարկ մնացած սեղաններին: Նորից ներս մտավ ու հանգցրեց բոլոր լույսերը, որպեսզի հանկարծ չտեսնեն իրեն. ամաչում էր: Եւ նույնիսկ ամաչում էր տուն գնալ` վախենալով հանդիպել կնոջ ու աղջիկների հայացքներին: Նստեց մթան մեջ ու անիծեց ճանապարհը, որին սպասել էր այդքան տարի:

Մի քանի հաճախորդ մնաց իրեն կիրակի օրերին: Նոր խանութը չէր կարող տեղավորել բոլորին։ Բացի այդ, աղքատներն այնտեղ չէին գնում պատշաճ հագուստ չունենալու պատճառով և նախընտրում էին փոքրիկ ու խեղճ կրպակը:  Պարոն Անտոնիս Ցիաղալոսը հիմա գիտեր, որ այդ աղքատները, որոնք ամաչում էին գնալ նոր խանութ, իր աշխարհն էին: Նրանց թշվառությունից էր վաստակում իր հացը. մի կտոր հաց և ուրիշ ոչինչ: Ու այլևս ոչնչի չէր սպասում: Ոչինչ այլևս երբեք չէր կարող ինչ-որ բան փոխել իր կյանքում: Սպուրղոսի կողքին անցկացրած ժամանակները, կածանը, իրեն նախընտրող ու հարգող պատվարժան քաղաքացիները մնացել էին անցյալում, կորչում էին որպես հեռավոր երազ: Մնացել էին միայն իր հուշերում որպես երջանիկ ժամանակներ: Իր շուրջը` գետափին ծավալվող նոր աշխարհը, բարձրախոսները, լույսերը, ավտոմեքենաները, զբոսաշրջիկները... օտար էին, չափազանց օտար: Անտարբեր ու անմարդկային մի աշխարհ էր դա: Սուտ է, որ իբր ինքը սպասում էր ճանապարհի կառուցմանը. երբեք էլ դա չէր ուզել: Սաստիկ կարոտում էր անցյալը, հոգին արյունահոսում էր հիշողություններից:

Եվ մի առավոտ իջնելով կրպակը բացելու՝ հանկարծ տեսավ Սպուրղոսին: Հանգիստ նստած էր իր կրպակի դռան առաջ: Չցնցվեց նրան տեսնելուց. գիտեր, որ կվերադառնա: Ոչ էլ ամաչեց այդ պահին, որ հալածել ու վռնդել էր ծերուկին: Չանհանգստացավ էլ, որ վերադառնալով իր սակավաթիվ հաճախորդների կեսը կվերցնի իրեն: Հին ժամանակներից, որոնցից մնացել էին հիշողություններ ու արյունոտ վերքեր, հանկարծ հորդաց ուրախության ալիքը ու խեղդեց նրան: Միայն նրան` Սպուրղոսին կարող էր սպասել հիմա, միայն նրան էր ցանկանում պահել այնտեղ` իր կողքին, որպես վերջին մխիթարություն, որպես այն միակը, որ մնացել էր երջանիկ ժամանակներից ու դեռ կար այդ դժբախտ ներկայում: Վազեց մոտը, քիչ էր մնում գրկեր նրան:

-Հարևա՜ն...

-Բարև,-պատասխանեց Սպուրղոսն այնքան հանգիստ, կարծես երբեք էլ չէր բացակայել, կարծես ոչինչ էլ չէր եղել, ու անգամ չբարձրացավ տեղից:

-Վերադարձե՞լ ես, հարևա՛ն: Ու ո՞նց... Ի՞նչ պատահեց:

-Թե ինչ պատահեց, գիտես,-ասաց ծերունին առանց չար մտքի:-Մի՛ դառնացիր, ճշմարտությունն եմ քեզ ասում: Վատ չէր, ճանապարհորդեցի էլ։ Կասես՝ կապկպված, բայց էդ հարցն էլ լուծվեց․ կապկպված գնացի, ազատ եկա։ Մենակ եկա: Ծանոթ մարդկանց ու վայրերն էլ տեսա։ Տեսնո՞ւմ ես, լավ էր, էլի։ Ու նորից վերադարձա էստեղ, էնտեղ էլ ոչի՛նչ չէր մնացել: Էստեղ եմ ուզում մեռնել:

-Թո՛ղ հիմա մահը... Սպասի՛ր՝ քեզ տամ աթոռներդ...

-Պահի՛ր քեզ, ընտանիք ունես... Հիմա այլևս դրանք չեմ ուզում: Միայն բանալի՛ն ինձ տուր, որ քնեմ:

-Չե՞ս ուզում բացել խանութդ:

-Ո՛չ,-ասաց ծերը:

Լռեցին:

-Ուզո՞ւմ ես... միասին...,-հարցրեց Ցիաղալոսը:

Ծերունին օրորեց գլուխը:

-Չէ,-ասաց,-էլ խանութ չկա, իմ սիրելի՛ պարոն Անտոնիս, ոչնչացրիր այն: Փչացնում եք ամեն ինչ: Ինչո՞ւ... Տո՛ւր ինձ բանալին, ուռկանս վերցնեմ: Ասացին, որ կարմրախայտներ են գնում:

Ցիաղալոսը նրան տվեց բանալին: Ծերունին դանդաղ վեր կացավ ու բացեց կրպակի դուռը: Դուռը ճռռաց ժանգոտված ծխնիների վրա: Ներս մտավ, դուրս եկավ ուռկանը ձեռքին, կանգնեց մի փոքր։ Ուզում էր մի բան ասել, բայց չասաց, խոնարհեց գլուխը ու գնաց դեպի իր ժայռերը: Քամին խաղում էր նրա ճերմակած մազերի հետ: Պարոն Անտոնիս Ցիաղալոսը կանգնել ու նրան էր նայում: Էլ խանութ չկա, իմ սիրելի՛ պարոն Անտոնիս, ոչնչացրիր այն․․․ Եվ վերադարձել էր` մեռնելու այստեղ: Այստեղ են միայն մեռնում... Ու դժբախտությունն ու աղքատությունը չէին, որ խեղդում էին նրան այդ պահին: Պարոն Անտոնիս Ցիաղալոսը անհուն մենակություն զգաց իր ներսում: Զգաց շիրիմի պաղությունը:

Թարգմանությունը հունարենից՝ Տաթևիկ Ստեփանյանի

[1] «Փոքրիկ քաղաք» ասելով՝ հեղինակը նկատի ունի իր ծննդավայր Յոանինան՝ քաղաք Հունաստանի հյուսիս-արևմտյան մասում։

[2] Հարավային Հունաստանում գտնվող մեծ թերակղզի:

  • Hits: 43519

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: