Մոջթաբա Բոզորգ Ալավի․Սենյակիս պատմությունը

 

 

              
Վերջապես ազատվեցի այն կեղտոտ թաղամասից: Այլևս ստիպված չեմ լինի ամեն երեկո սմբուկով խավարտ ուտել: Ազատվեցի թեթև ոտք ունեցող Բաջիի ու Ֆաթեմե Սոլթանի բղավոցներից: Այլևս որևէ մեկը չի համարձակվի առավոտյան, երբ քնած եմ, սենյակիս դռան հետևում քստքստացնելով ավել անել ու աղյուսների արանքի փոշին իմ սենյակ լցնել: Այլևս որևէ մեկը չի համարձակվի գրքերիս ձեռք տալ: Սառցաջրի թասից էլ ազատվեցի: Ամեն անգամ, երբ սիրտս տա, գրամոֆոնը կլարեմ ու երգ կլսեմ: Հիմա՝ հորաքույր Ղեզիի մահից ավելի քանի մեկ տարի անց, երաժշտությունը մեր տանն արդեն արգելված չէ: Սգո օրերին էլ կարող եմ երգ լսել: Ընթրիքիս ժամերն այլևս կախված չեն լինի «Պարոն, համեցեք»-ից: Ուրբաթ օրերը հորաքույր Ղեզիի երեխայի լացի ձայնը ինձ քնից չի հանի:

Քաղաքի վերևի թաղամասում՝ մի հայի տանը, երկու սենյակ եմ վարձակալել: Այստեղ այս երկու սենյակները ճիշտ իմ ճաշակով եմ կահավորել: Գրքերս սրտիս ուզածի պես դրել եմ ձեռքիս տակ: Մի սեղան ունեմ, մի քանի աթոռ: Սենյակիս վարագույրները ղալամքար են: Ոտքերիս տակ գեղեցիկ գորգ չկա, բայց այս կարպետն ավելի է դուրս գալիս. այն նոր է գործվել, իսկ մեր տան գորգերը երկու հարյուր տարվա կլինեին: Այս կարպետն իմ ճաշակով եմ գնել: Համոզված եմ՝ խոլերայով հիվանդ մեկն այս կարպետի վրա չի մեռել: Մի աշխատասենյակ ու մի ննջարան ունեմ: Բոլոր ընկերներս ինձ նախանձում են: Նրանցից մեկն այսօր այստեղ էր եկել: Սենյակներս հավանեց: Ասում է. «Ձանձրացել եմ ծեր հորաքրոջիցս ու մորիցս: Էդտեղ էլ դատարկ սենյակ չկա՞»: Ասացի. «Ինչո՞ւ ոչ: Հարևան սենյակը դատարկ է, բայց տեղյակ չեմ՝ վարձով տալի՞ս են, թե չէ: Մինչև հիմա առանձնապես չեմ տեսել, որ այդ սենյակի դուռը բացվի: Այսօր կհարցնեմ մադամ Հակոբյանից՝ տանտիրուհուցս, և վաղը երեկոյան, երբ տեսնվենք, քեզ տեղյակ կպահեմ»:


****

 - Մադա՛մ Հակոբյան, Ձեր տան պայմաններն ընկերներիցս մեկին դուր են եկել: Կարո՞ղ եք նրան վարձով մի սենյակ տալ:

- Չէ, ես սենյակ չունեմ:

- Ինչպե՞ս թե. սենյակիս կողքինը մի՞թե դատարկ չէ:

- Դատարկ է, բաց ես այդ սենյակը որևէ մեկին վարձով չեմ տալիս:

- Տարօրինակ է, որովհետև գիտեմ՝ երբ Ձեր որդին՝ Արտաշեսը, շահական պալատից գալիս է, այդ սենյակում չի մնում:

- Դուք իրավացի եք, սակայն այդ սենյակը Արշավիրինը՝ ավագ որդունս էր: Նրա մահից հետո սիրտս չի տալիս՝ այն որևէ օտարի վարձով տամ: Լավ էլ սենյակ է, կարող եք տեսնել:

Մադամ Հակոբյանը վեր կացավ, ես էլ գնացի նրա հետևից: Այս կինը մոտ քառասունհինգ տարեկան կլիներ: Նախկինում հաստատ գեղեցիկներից է համարվել, սակայն հիմա շատ էր կոտրված: Իրանում է ծնվել, բայց պատանեկությունը Ռուսաստանում է անցկացրել: Լավ ռուսերեն է խոսում (ինձանից լավ գիտի): Ամուսնանալուց ի վեր՝ քսանհինգ տարի, Իրանում է ապրում: Պարսկերեն էլ է լավ խոսում, բայց հայկական առոգանությամբ: Ինձ հետ ռուսերեն է խոսում: Մադամ Հակոբյանն աշխարհիս ամենաճարպիկ ու գործնական կանանցից է: Ամուսնու մահից հետո տասնյոթ տարի ինքն է հոգ տարել երկու որդիների՝ Արշավիրին ու Արտաշեսի մասին: Ինքն է նրանց դպրոց ուղարկել, ռուսերեն սովորեցրել: Հայտնի է, որ ավելի շատ սիրել է Արշավիրին՝ ավագ որդուն, որը հիմա մահացած է: Ասում են, թե նա շատ նման էր հայրիկին՝ ճիշտ ինչպես խնձորի երկու կես: Սենյակում նրանից մի լուսանկար տեսա: Կլոր ու հրապուրիչ դեմք ուներ: Արշավիրն արտաքնապես, մարմնով ու բնավորությամբ հորն էր նման:

Մադամ Հակոբյանը բերեց բանալին: Բացեց սենյակի դուռը: Սկզբում ինքը ներս մտավ, այնուհետև ինձ ներս թողեց: Պատուհանի մոտի սեղանի վրա բազմաթիվ թղթեր ու թափթփված գրքեր էին գցված: Այնտեղ գրքեր կազմելու պարագաներ կային: Դրանց բոլորի վրա փոշի էր նստել: Մյուս կողմում նստարան կար՝ վրան մի կարպետ: Սենյակի դեմ դիմացը երկաթե փոքրիկ բուխարի կար: Չնայած ամենուրեք թափթփված այս փոշեկոլոլ իրերին՝ սենյակը մաքուր էր թվում: Այնտեղ մարդու հետաքրքրությունը շարժող ոչինչ չէր երևում:  
Մադամ Հակոբյանը, որ դեռ կանգնած էր դռան շեմին, մոտենալով և պատը մատնացույց անելով, ասաց.

- Նայեք, սա որդուս ափի արյան հետքն է: Մինչև հիմա սիրտս չի դիմանում, որ այս բծերը մաքրեմ: Այդ պահից մինչ հիմա պարագաների փոշին էլ չեմ սրբել: Փոշուն նայեք: Նրա յուրաքանչյուր տարեդարձին մի փունջ ծաղիկ եմ դնում սեղանին՝ լուսանկարի կողքին: Դրանք չորանում են և հենց այստեղ մնում:

Հետո կրծքերի արանքից թաշկինակը հանելով՝ սկսեց լաց լինել: Սիրտս իրոք ճմլվեց: Հասկացա, որ այս կնոջ ծերության պատճառը հենց այդ պատահարն է եղել: Նրան թևերիս տակ առնելով՝ իմ սենյակ տարա և մխիթարելու համար ասացի.

- Մադա՛մ, Դուք իսկապես շատ եք տառապել. ես ոչինչ չգիտեի: Այն մի քանի անգամը, երբ Արտաշեսն այստեղ էր, ինքն էլ այդ դեպքի մասին ինձ հետ չի խոսել: Մի՞թե Ձեր որդին ինքնասպան է եղել:

Մադամ Հակոբյանը նստեց բուխարու մոտ՝ իմ աթոռին, ու ասաց.

- Ո՛չ, ինքնասպան չի եղել: Ինչքան էլ չլինի, ես կին եմ, լացում եմ, սիրտս մի քիչ հովանում է, բայց խեղճ Արտաշեսը: Գիտե՞ք՝ ինչքան է տառապել: Գիտե՞ք, խիղճը հանգիստ չէ, և մինչև հիմա կարծում է, թե Արշավիրի մահն իր մեղքով է եղել:

Երբ մադամ Հակոբյանից Արշավիրի մահվան պատմությունը հարցրի, նա այսպես պատմեց.

- Ինչ եղավ, Ձեր այս սենյակում եղավ: Այս սենյակը պատմություն ունի: Մոտ չորս տարի առաջ մի կին ու ամուսին եկան և այս երկու սենյակները վարձակալեցին: Տղամարդը գերմանացի էր՝ պատերազմի գերիներից, որ մնացել էր Ռուսաստանում, ապա գաղթել Իրան: Կինը ռուս էր: Դուք Փահլավիում եղել եք: Նախկինում հենց այդ թաղամասի տեղում, որն այժմ Բուլվարն է, մի ռուս մարդու հյուրանոց կար: Այդ կինը նրա դուստրն էր: Չգիտեմ՝ որտեղից էին լսել իմ տան մասին: Ըստ երևույթին, քանի որ ռուսերեն գիտեին, ուզում էին բնակվել մի ընտանիքում, որ ծանոթ է այդ լեզվին: Մի օր նստած էինք: Կեսօրին մոտ էր: Տեսանք՝ մադամ Շուլցը մեր տուն մտավ: Այդ կինը երիտասարդ էր ու բարձրահասակ, կանաչ աչքեր ուներ ու խարտյաշ մազեր: Շատ գեղեցիկ չէր, բայց մի այնպիսի բան ուներ, որ տղամարդկանց հետաքրքրում էր: Գիտե՞ք, մշտապես զվարթ էր ու մաս-մաքուր: Ինձ ասաց.

- Ամուսինս Փահլավիում ինժեներ է եղել և երկար ժամանակ աշխատել այնտեղ: Որոշ ժամանակ առաջ, մի օր շինության վերևում երկաթե հաստ ձողերը ոտքի տակից փախել են, և գետնին է ընկել: Այդ ժամանակից ի վեր նյարդային հիվանդություն է ձեռք բերել, և ինչքան ժամանակ է՝ տեսողությունը վատացել է, իսկ հիմա ընդհանրապես չի տեսնում: Նրան բերել ենք, որ Թեհրանում բուժեն:

Նա իր ամուսնու կուրանալն այսպես ներկայացրեց, սակայն հետո ուրիշներից շատ այլ բաներ լսեցի. ամեն դեպքում, վերջնական պատճառը չպարզվեց: Ես ասելու բան չունեի, մտածեցի՝ շատ լավ. եթե մարդ ու կին բնակվեն այս սենյակներում, ինձ համար գլխացավանքն ավելի քիչ կլինի, սակայն չգիտեի, որ ավելի մեծ փորձանքների մեջ եմ ընկնելու: Երբ մադամ Շուլցն ուզում էր գնալ, արդեն մթնել էր, ես ձայն տվեցի Արշավիրին, որն իր սենյակում աշխատում էր.

- Այս կնոջը ճանապարհիր. հանկարծ աստիճաններից չընկնի:

Երբ Արշավիրը երկրորդ հարկ բարձրացավ, ինձ ասաց.

- Մամ, այս կինն ո՞վ էր:

- Այս կինը գերմանացի է: Անունը մադամ Շուլց է: Այս երկու սենյակները վարձով տվել ենք նրան ու ամուսնուն:

Հաջորդ օրը մսյո Շուլցն ու կինը ներս մտան: Ես սենյակները (հենց այս երկուսը) ցույց տվեցի նրանց: Նրանք գույք չունեին, ես կահ-կարասի տվեցի: Սենյակը սիրուն պատրաստել էի. հիմիկվանից ավելի գեղեցիկ էր: Մսյո Շուլցը կույր էր, բայց մի հատուկ կուրություն ուներ: Նրան տարել էին բոլոր հայտնի բժիշկների մոտ, նրանք բոլորը միաձայն ասել էին, թե Ձեր աչքերում ոչ մի խնդիր չենք տեսնում: Եթե ինչ-որ բան կա, նյարդային հիվանդություն է, այն էլ միայն Փարիզի, Բեռլինի ու Վիեննայի հատուկ բժիշկները կարող են բուժել:

Երբ մադամ Հակոբյանն ասաց, որ բժիշկները նպատակահարմար են գտել, որ մսյո Շուլցը դիմի Փարիզի, Բեռլինի ու Վիեննայի բժիշկներին, մտածեցի, որ նրա կուրությունը հաստատ այլ պատճառներ ունեցած կլինի, քան այն, ինչ մադամ Հակոբյանն էր պատմել, և ցանկացա նրանից իմանալ այն դեպքերի մասին, որ մյուսներից էր լսել, սակայն մադամ Հակոբյանը խոսում էր և շատ ազդված էր:

- Օր օրի այդ մարդու աչքերը վատանում էին: Վերջերս ընդհանրապես ոչինչ չէր տեսնում: Ինքը բազմիցս ասում էր. «Եթե Գերմանիայում լինեի, այսպիսի ցավի չէի առերեսվի»: Բայց բժիշկներն ասել էին, որ հնարավոր է՝ մի օր հանկարծ տեսողությունն ինքն իրեն վերականգնվի:

Որոշ ժամանակ անց նրանց գումարը վերջացավ: Մի Կոլոնել կար, նրանց օգնում էր, սակայն դրանով ապրել չէր լինի: Կինը լավ ասեղնագործություն գիտեր: Մի պաշտոնավոր մարդու միջոցով, որին Փահլավիից էր ճանաչում, մուտք էր գործել հարուստների տուն և նրանց աղջիկներին քարգահակար, կար ու ձև, հելյունագործություն էր սովորեցնում, և այս ճանապարհով իրենց կենսական կարիքները որոշ չափով լուծվում էին:

Ամուսինը՝ մսյո Շուլցը, հաճախ միայնակ էր: Նստում էր հենց այս պատուհանի կողքին, իսկ ամռանը՝ պատշգամբում ու մտածում էր. Աստված գիտի՝ ինչ էր մտածում, մինչև այն օրը, երբ մի դեպք պատահեց: Սիրտս նրա համար նվաղում էր: Ընդհանրապես, նրան որդուս նման սիրում էի: Ախր գիտե՞ք, դա շատ ցավալի է. մարդ աչքեր ունենա, իսկ հետո կուրանա: Խեղճը առավոտից երեկո, հենց այստեղ նստած, մտածում էր: Երբեմն, երբ որևէ մեկը սենյակ էր գալիս ու խոսում հետը, նա ինքն իր մեջ պարփակված էր լինում և չէր հասկանում: Կեսօրից հետո, երբ տղաս՝ Արտաշեսը, դպրոցից տուն էր գալիս, նրա սենյակ էր գնում և այնտեղ նրա համար գիրք կարդում: Շուլցը Դոստոևսկու գրքերն էր շատ հավանում: Ռուսերեն թարգմանված գերմանական գրքեր էր գնում, և Արտաշեսը, երբեմն էլ կինը (իհարկե, շատ հազվադեպ) կարդում էին նրա համար: Առհասարակ սիրալիր ամուսիններ էին: Օրինակ, հիշում եմ, որ մսյո Շուլցը շիկահեր էր, և երբեմն ճաշելիս ճակատին մի մազափունջ էր ընկնում: Ինքը դա չէր տեսնում. կինը մի տեսակ նազանքով ձեռքը պարզում էր և մատներով նրա խոպոպները հեռացնում ճակատից: Այդպիսի դեպքերում մսյո Շուլցը համբուրում էր կնոջ ձեռքը: Առհասարակ, երբ ամուսինը նայում էր, թվում էր՝ ուզում է նրան աչքերով այնպես շոյել, որ չնայած կուրությանը՝ կարողանա զգալ: Մսյո Շուլցը կնոջը շատ սիրում: Օրինակ, սիրտը չէր տալիս, երբ կինն անտեղի իր կողքն էր նստում: Հաճախ էր կնոջը ստիպում, թե՝ «Անիմաստ տանը մի՛ մնա, գնա կինո, պարելու գնա, այստեղ միայնակ մի՛ նստիր»: Չնայած այս ամենին՝ կնոջ հանդեպ շատ խանդոտ էր, և սիրտը վրան դողում էր: Եթե մի երեկո առանց զգուշացնելու ժամը ութից ուշ էր տուն գալիս, գլուխը կորցնում էր, շփոթվում: Անընդհատ պատերը շոշափելով պատշգամբ էր հասնում, կանգնում աստիճանների վերևում և առանց ինչ-որ բան ասելու՝ նայում մթության մեջ: Տեղում շարժվում էր, ում տեսնում, հարցնում էր. «Կնոջս չե՞ք տեսել»: Այնուհետև ձեռքերը պատին՝ սենյակ էր հասնում: Հենց այսպես, մինչ կինը կգար: Երբեմն էլ պատահում էր, որ մադամ Շուլցը ավագ որդուս՝ Արշավիրի, ինչպես նաև Արտաշեսի հետ գնում էր կինո: Սակայն պարելու Մադամ Շուլցը միայնակ գնալ չէր ցանկանում: Ասում էր. «Երբ դու ինձ հետ չես, ես պարահրապարակ գնալուն պատրաստ չեմ. ուրիշ մեկի հետ գնալն էլ սրտովս չի»:

1931-ի Սուրբ Ծնունդն էր: Բոլորս հավաքվել էինք և տոնում էինք գերմանական ձևով: Եղևնի էինք զարդարել, հենց Ձեր գրասեղանի ներկայիս տեղում՝ մի պատվանդանի վրա էինք դրել: Ես մսյո Շուլցին մի գրքի ռուսերեն թարգմանություն էի նվիրել: Ամենքս իրար համար նվերներ էինք գնել, յուրաքանչյուրինը առանձին դրել մի սեղանի վրա: Երգում էինք ու գինի խմում: Կեսգիշերին բոլորս հոգնած քնեցինք: Լուսադեմ էր (դեռ լուսումութ էր), երբ նկատեցի՝ մսյո Շուլցի սենյակից ձայներ են գալիս: Հենց տեղիցս վեր կացա, աղմուկ-աղաղակը շատացավ, մսյո Շուլցը Քաչա, Քաչա էր ձայն տալիս. Քաչան նրա կնոջ անունն էր: Ես գլխապատառ միջանցքի կողմը թռա: Տեսա՝ տղաներս ու մադամ Շուլցն էլ են միջանցքում: Հենց սենյակի դուռը բացեցի, տեսա, որ մադամ Շուլցն ամուսնու սենյակ գնաց: Կարծեցի, թե մսյո Շուլցի զայրույթի նոպան է բռնել, մադամ Շուլցի հետևից սենյակ գնացի: Մսյո Շուլցը ձայնս լսելուն պես ասաց.

- Մադա՜մ, աչքերս հենց նոր բացվեցին, երկնքի աստղերը տեսա, - ապա կնոջը հարցրեց, - դու որտե՞ղ էիր:

Ես չսպասեցի մադամ Շուլցի պատասխանին: Սենյակից դուրս եկա, տեսա՝ Արտաշեսն ու Արշավիրը գիշերազգեստներով կանգնած են կողք կողքի. երկուսն էլ գունատ էին: Արտաշեսն ավագ եղբորն ասաց.

- Քո սենյակում ի՞նչ էր անում:

Մադամ Հակոբյանն այստեղ հառաչեց ու ասաց.

- Մարդկանց գլխին ինչ փորձանք գալիս է, վատ կանանց ձեռքով է…

Ես միայն մի բառ ասացի՝ հետաքրքիր է:

- Բայց հաջորդ օրը մսյո Շուլցը կրկին կույր էր: Նրան գերմանական դեսպանատան բժշկի մոտ տարան: Ասաց. «Այո՛, մենք ասել էինք, որ նրա ակնախոռոչում ոչ մի հիվանդություն չկա: Նյարդային տրավմայի է ենթարկվել, և հենց այդ պատճառով էլ հնարավոր է, որ մի օր աչքերը բացվեն: Գերմանիայում նրան շուտ կբուժեն»:

Սակայն այդ օրը կեսօրին՝ ճաշի ժամանակ, մեր տանը մի տարօրինակ իրավիճակ էր տիրում: Արտաշեսը դառնացած էր, ոչ ոքի հետ չէր խոսում: Արշավիրն ընդհանրապես չմոտեցավ ճաշի սեղանին՝ պատճառաբանելով, թե իր համար մի նոր գիրք են բերել, և պետք է մինչև երեկո դրա կազմարարական աշխատանքն ավարտի: Մսյո Շուլցը վատ էր զգում. չէր ուզում ճաշել: Մադամ Շուլցն այլևս չուղղեց ամուսնու ճակատին թափված մազափունջը: Միայն մեկ անգամ անձեռոցիկը նրա ձեռքը տվեց, որ շուրթերն ու բերանը մաքրի. այնինչ ուրիշ անգամները մադամ Շուլցն ինքն էր դա անում: Միայն ես՝ խեղճս էի միամիտ: Ամենից սարսափելին այն է, որ մենք՝ մայրերս, կարծում ենք, թե ամենից մոտն ենք մեր զավակներին, այնինչ այդպես չէ. մայրն իր երեխաներին ամենքից շատ է խորթ: Զավակներն իրենց ընկերներին հազար ու մի բան են պատմում, որոնցից ոչ մեկն էլ իրենց մայրերին չեն ասում: Ո՛չ Արշավիրը, ո՛չ Արտաշեսը ինձ մի բառ անգամ չասացին, թե նրանց միջև ինչ է պատահել: Աստված սիրեք, տեսեք՝ այդպիսի դեպքերում մարդու հետ ինչ է կատարվում: Այդ օրը՝ հետմիջօրեին, Արտաշեսին ինչքան համոզեցի, չցանկացավ այլևս մսյո Շուլցի համար գիրք կարդալ: Ասում էր. «Ինչո՞ւ մի երեկո չեղավ, որ կինը կողքը մնա, նրան ջերմացնի»: Իրավացի էլ էր, ասում էր. «Մենք հո նրանից ավելի հարազատ չե՞նք»:

Մոտ մեկ տարի կլիներ, ինչ մադամ Շուլցն ամուսնու գործերին ընդհանրապես չէր խառնվում: Ճիշտ է, ամուսնու կարիքները հոգում էր, բայց այլևս մատը մատին չէր տալիս: Երբեմն պատահում էր, որ ամուսինը, երեք օր անկողնում հիվանդ պառկած, դժվարությամբ էր սենյակից դուրս գալիս, կինը հանուն նրա ո՛չ քնահարամ էր լինում, ո՛չ էլ նրան սենյակից դուրս բերելու համար ձեռքից բռնում: Բայց երկու-երեք ժամով նստում էր որդուս՝ Արշավիրի սենյակում: Նրա հետ էր զրուցում, նայում, թե ինչպես էր աշխատում: Մի անգամ Արշավիրը մի քանի օր վատառողջ էր, և գիշեր էր լինում՝ մադամ Շուլցն անընդհատ նրա մոտ էր մնում: Նրան կերակրում էր, տեղաշարժում, ճաշը եփում: Մի անգամ հետս վիճեց, թե՝ «Դու ինչո՞ւ տղայիդ համար չես անհանգստանում»: Ես նրան դառնացած ասացի. «Խնդրում եմ, մորից ավելի հոգատար խնամող չլինեք»: Չնայած այս ամենին՝ չէի համարձակվում այս կնոջ մասին վատը մտածել և չթողնել, որ այս տանը մնար:

Այդ գիշերվանից հետո Արտաշեսն այլևս չգնաց մսյո Շուլցի սենյակ: Սակայն մի կողմից էլ մեր ու ամուսինների միջև վիրավորական խոսակցություն չեղավ: Բայց գիտե՞ք, ինչպես հենց գերմանացիներն են ասում, մեր տան մթնոլորտը հղի էր կայծակով ու ամպրոպով: Հասկանո՞ւմ եք, թե ինչ եմ ուզում ասել: Մեր տանը կասկածի ոչ մի նշույլ չկար. բոլորն իրար հետ խոսում էին, ոչ ոք ոչ ոքից խռով չէր: Եթե անծանոթ մեկը մեր տուն գար, այդ մասին ոչինչ չէր կասկածի: Ցերեկները ես էի գնում, մսյո Շուլցի սենյակը կարգի բերում. հաճախ հենց այստեղ նստած էր լինում, քանի որ եղանակը սառն էր, և այստեղ էլ բուխարի կար (մադամը ձեռքով ցույց տվեց): Արտաքուստ ոչ մի տարբերություն չկար, բայց մթնոլորտը հղի էր կայծակով ու ամպրոպով: Ես զգում էի, որ մի որոտ ու կայծակ էր պայթելու:

Այն գիշերվա դեպքից անցավ մեկ շաբաթ: Երբ Նոր տարվա առաջին երեկոն եկավ (հիշո՞ւմ եք, 1932-ի առաջին երեկոն շատ ցուրտ էր), մենք այն սենյակից, ուր ցերեկները ճաշում ենք Ձեզ հետ, եկանք այս սենյակ, քանի որ այստեղ ավելի փոքր է ու հանգիստ: Որպեսզի երկու եղբայրներին ու այդ ամուսիններին ազատեի իրենց լարվածությունից, որն ամենից շատ ինձ էր վշտացնում, իմ գումարով տեղը տեղին խնջույք կազմակերպեցի: Ընթրիքի համար սագ էի պատրաստել: Գիտե՞ք՝ գերմանացիները սագն ինչպես են եփում. այն ուրցով, բայց առանց յուղի դնում են մի կաթսայի մեջ, որ իր ճարպով կարմրի: Չնայած նրանք այդ սագը Սուրբ Ծննդին են ուտում, սակայն մեզ համար ոչ մի տարբերություն չկար: Նպատակս այն էր, որ սեղանին մի լավ ուտեստ լինի: Մի ընտիր գինու պատրաստություն էի տեսել, գերմանական գարեջուր գնել: Գերմանական այլ սովորույթներն էլ, որքան որ այստեղ հնարավոր էր, պահապանել էի: Օրինակ՝ նարինջը, մանդարինը, ընկույզը, պնդուկն ու ծիրանի չիրն առատ էին: Երեխաները սև շորեր էին հագել, մսյո Շուլցը՝ նույնպես: Նրա կինը մի ճերմակ, գեղեցիկ հագուստով էր: Այդ երեկո իսկապես գեղեցկացել էր: Ես քրոջս որդուց գրամոֆոնի սկավառակներ էի վերցրել. տանը հաճույքի ու զվարճանքի բոլոր միջոցները պատրաստել էի. ամեն ինչ: Բայց գիտե՞ք, այն, ինչ բնորոշ է մտերմիկ հավաքույթներին՝ մաքուր սիրտը, ատելությունից զուրկ սիրտը, դա ես չէի կարող պատրաստել: Ինչ արեցի, մեր խնջույքը հոգի չառավ: Գինի խմեցինք, մադամ Շուլցը ռուսական մի ռոմանս երգեց, հավաքվածներս ձայնակցեցինք: Գրամոֆոնը միացրինք, նույնիսկ մսյո Շուլցը մի փոքր գինովցավ: Բոլորս ծիծաղում էինք: Բայց նորից եմ ասում՝ մեր տան մթնոլորտը լարված էր: Ես այդ օրն ու այդ գիշերը՝ զգում էի դա՝ անշուշտ ոչինչ չիմանալով: Եթե իմանայի, որ այսպես կլիներ, կկանխեի: Համարյա ժամը ինը եղավ: Դուք ևս եղել եք Եվրոպայում և գիտեք, որ տարվա առաջին երեկոյի համար ժամը ինը նոր-նոր գիշերվա խրախճանքի սկիզբն է: Բայց բոլորը հոգնել էին: Մսյո Շուլցը միանգամից կնոջը հարցրեց.

- Քաչա, հոգնե՞լ ես:

- Չէ, չեմ հոգնել, բայց ի՞նչ անեմ:

- Քաչա, վե՛ր կաց, գնա պարելու: Գնա՛ «Էնսուրիա», «Բեռլիներ Հուֆ» գնա:

- Ինչե՞ր ես խոսում: Ես մենակ գնամ էնտեղ, ի՞նչ անեմ:

Մսյո Շուլցը, աթոռին նույն դիրքով նստած, առանց նրա դեմքին հայացք գցելու, ասաց.
- Ո՞վ ասաց, որ դու մենակ գնաս: Ես պարոն Արշավիրին կխնդրեմ, որ քեզ հետ գա: Պարո՛ն Արշավիր, Դուք միանշանակ իմ խնդրանքը չեք մերժի, չէ՞:

Արտաշեսը միանգամից տեղից վեր կացավ ու սենյակից դուրս գնաց: Սակայն մինչ Քաչան կխոսեր, Արշավիրն ասաց.

- Ես, իհարկե, պատրաստ եմ: Եթե տիկինը ցանկություն ունի, ես նրա հետ անպայման կգնամ, - մսյո Շուլցի կամ նրա կնոջ պատասխանին չսպասելով՝ բաժակը գլուխը քաշեց, տեղից վեր կացավ և շարունակեց, - ես գնամ, փոխվեմ:

Քաչան էլ ուզած-չուզած վեր կացավ: Համբուրեց ամուսնուն, սև վերարկուն հագավ, գլխին մի շալ գցեց ու գնաց: Սենյակում ես ու մսյո Շուլցը միայնակ մնացինք: Ասացի.

- Մսյո՛ Շուլց, կցանկանա՞ք՝ Ձեզ համար մի փոքր ընթերցեմ:

- Մեծ հաճույքով: Արթուր Շինդլերի այս գիրքը նոր եմ գնել, այնտեղ մի պատմվածք կա՝ «Գիտնականի կինը» վերնագրով, եթե կցանկանաք, ինձ համար դա կարդացեք:

Եվ ես սկսեցի կարդալ: Պատմվածքի կեսերից Արտաշեսն էլ սենյակ եկավ, նստեց աթոռին: Համարյա ժամը տասն էր: Նրան աչքով նշան արեցի, որ մի քիչ էլ ինքը կարդա, սակայն նա կարդալու ցանկություն չուներ: Անպատեհ չի լինի, եթե այժմ Ձեզ պատմեմ, թե որն էր այդ պատմվածքի թեման, քանի որ, ըստ իս, խնդիրն ըմբռնելու համար անհրաժեշտ է նշել, որ մսյո Շուլցն այդ գիրքը պատահաբար չէր գնել և հաստատապես ցանկանում էր, որ այդ պահին այս հատվածն ընթերցվեր. «Մի տղամարդ յոթ տարի անց իր սիրուհուն է տեսնում: Նա մի պրոֆեսորի կին էր, մի գիտնականի կին, և տղամարդն այդ պրոֆեսորի տանն էր բնակվել ու նրա ուսանողը դարձել: Յոթ տարի առաջ՝ մի օր, երբ այդ տղամարդն իր սիրուհու հետ սիրային կապի մեջ էր, այն պահին, երբ սիրուհին (այսինքն՝ պրոֆեսորի կինը) ընկած էր նրա ոտքերի առաջ ու գլուխը թաքցրել էր նրա ոտքերի արանքում, պրոֆեսորը բացում է սենյակի դուռը և նրանց այդ վիճակով տեսնում: Դուռը նորից կամաց փակում է ու շրջվում: Այս տղամարդը սաստիկ ամոթից, որ իր դասախոսն իրեն տեսել էր այդ վիճակում, անմիջապես ճամպրուկը վերցնում է և տնից դուրս գալիս: Այսօր՝ յոթ տարի անց, սիրուհուց ցանկանում է լսել, թե այդ դեպքից հետո ի՞նչ էր տեղի ունեցել: Սակայն ոչինչ էլ չէր պատահել: Քանի որ սիրուհին այդ վիճակում չէր հասկացել, որ պրոֆեսորն իրեն տեսել էր, իսկ նա էլ այս յոթ տարվա ընթացքում այդ հարցը կնոջ հետ չէր քննարկել»:

Ես կարդացի պատմությունը, հասա մինչև վերջին նախադասությունը. «Ուրեմն նա երբեք այդ հարցը նրա (կնոջ) հետ չի քննարկել: Այս կինը չգիտի և երբեք չի իմացել, որ ամուսինը նրան տեսել է իմ ոտքերի առաջ ընկած: Նա այդ օրը հենց դռան շեմից դանդաղ, այնպես, որ ոչ ոք գլխի չընկնի, շրջվեց և… հետո՝ ժամեր անց, տուն եկավ և նրա (կնոջ) հետ ոչինչ չխոսեց»:     
Երբ հասա այստեղ, մսյո Շուլցը զայրացած ասաց.

- Չէ՛, դա անհնար է: Բավական է: Այլևս մի՛ կարդացեք:

- Ձեր կարծիքով, ի՞նչն է անհնար, - զարմացած հարցրի:

- Ինչպե՞ս է հնարավոր՝ տղամարդը մի ամբողջ յոթ տարի տեսնի իր կնոջ անառակություններն ու նրան այդ մասին չասի: Այլևս մի՛ կարդացեք:

Ես օգտվեցի առիթից: Տեղիցս վեր կացա, քանի որ զգացի՝ կարդալու ընթացքում տանն ինչ-որ մեկի ոտնաձայնը լսվեց: Արտաշեսին ասացի.

- Դու այստեղ եղիր, և եթե մսյո Շուլցը ցանկանում է, նրա համար պատմվածքներից մեկ ուրիշը կարդա, մինչև ես մի փոքր տաք գինի պատրաստեմ:

Թե ինչեր էին տեղի ունեցել Արտաշեսի ու մսյո Շուլցի միջև, ինչ էին խոսել, ես հստակ չգիտեմ: Սակայն մնացածը հետո հասկացա: Երբ մադամ Շուլցն ու Արշավիրը դուրս էին գնացել, Արտաշեսը նրանց հետևել էր ու տեսել, որ ընդհանրապես պարելու չէին գնացել, այլ երկուսով նորից տան ճամփան էին բռնել: Շուտ տուն գալով՝ նա փողոցին նայող պատշգամբում նրանց էր սպասել: Քանի որ եղբայրը տեսել էր, որ նրանք երկուսով տուն եկան, հանգստացել էր և այդ ժամանակ եկել, սենյակի դռան մոտ սպասել, որ մադամ Շուլցն ու Արշավիրն էլ գան, սակայն նրանք Արշավիրի սենյակ էին գնացել:

Հետո Արտաշեսը կարծես ասել էր մսյո Շուլցին, որ նրանք այն սենյակում են: Ես տաք գինի էի պատրաստում. այդ խմիչքը գերմանացիները հատկապես տարեմուտի առաջին երեկոյին են շատ սիրում: Կարմիր գինին, մի փոքր ռոմը, շաքարը, դարչինն ու մեխակը միասին խառնում են, եռացնում ու խմում: Ես զբաղված էի, երբ հանկարծ միջանցքից լսվեց մսյո Շուլցի բղավոցը: Դռները շրխկացին, նա վազքով դուրս գնաց, նախ իր սենյակ մտավ, բայց ոչ թե ձեռքերով պատերը շոշափելով, այլ վազելով: Ես, բանից անտեղյակ, հանկարծ մի բարձր ձայն լսեցի: 

Շուլցն Արշավիրի սենյակում իրար հետևից երեք անգամ կրակել էր: Երբ սենյակ մտա, տեսա՝ որդիս ու մադամ Շուլցը գետնին են ընկած…     
Մսյո Շուլցի աչքերը բաց էին, և տեսնում էր, սակայն հենց աչքը վրաս ընկավ, ձեռքն աչքերին դրեց, որ այդ ամենը չտեսնի:


****

Երեկոյան, երբ ուզում էի ընկերներիս մոտ գնալ, հայացքս գցեցի սենյակին. այն նույն չորացած երկու ծաղկեփնջերն այնտեղ էին: Ընկերս եկավ, հարցրեց՝ սենյակի հարցը լուծվե՞լ է, այդ մասին խոսե՞լ եմ տանտիրոջ հետ, թե՞ ոչ: Ասացի.   
- Մեր տանը դատարկ սենյակ չկա: Մի ազատ սենյակ կա, բայց տանտերն այն վարձով չի տալիս:        

 

 

                                                                                                     

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

  • Hits: 3407

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: