Աննա Մարիա Մատտաար․Աննա Ֆրանկի «Հետնատունը»

«Հետնատունը» Աննա Ֆրանկի կյանքն է՝ 1942 թ. հունիսի 12-ից մինչև 1944 թ. օգոտոսի 1-ը։ Օրագրի միջոցով մենք նորովի ենք ընկալում հոլոքոսթը  պատերից ներս ապրող մարդու աչքերով։ Աննան զտարյուն հրեա էր։ 13 տարեկանում գիտեր ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն։ Երազում էր գրող դառնալ։ Բնագրով կարդում էր ամբողջ համաշխարհային գրականությունը։ Աննայի հայրը «Հետնատան» բնակիչներից միակն էր, որ վերապրեց համակենտրոնացման ճամբարները՝ կյանքը նվիրելով իր դստեր օրագրին և այդտեղ զետեղված ու ամբողջ մարդկությանն ուղղված խոսքերին: Բնօրինակ լեզվից՝ հոլանդերենից, հայերեն է թարգմանել Աննա Մարիա Մատտաարը։ Սա գրքի առաջին բնագրային թարգմանությունն է, որ հրատարակել է «Վերնատուն»-ը:

Աննը Ֆրանկը 1942 թվականի հունիսի 12-ից մինչև 1944 թվականի օգոստոսի 1-ը օրագիր է պահել: Նա միայն իր համար էր գրում այս օրագրային նամակները մինչև 1944 թվականի գարունը, երբ Լոնդոնից հեռարձակվող «Օրանյը» ռադիոալիքով լսեց Նիդերլանդների կրթության նախարար Բոլկեստեյնի ելույթը: Նախարարն այդ ելույթում ասաց, որ պատերազմի ավարտից հետո պետք է հավաքել և հրապարակել գերմանական լծի տակ տառապող Հոլանդիայի ժողովրդի բոլոր վկայությունները, այդ թվում՝ օրագրերը: Նախարարի ելույթից ոգևորված՝ Աննը Ֆրանկը որոշեց պատերազմից հետո գիրք հրատարակել: Հիմքը լինելու էր իր օրագիրը:

Աննան սկսեց արտագրել և վերամշակել օրագիրը, խմբագրել՝ դուրս թողնելով այն հատվածները, որոնք իրեն անհետաքրքիր էին թվում։ Գրի առավ այլ հիշողություններ: Միաժամանակ շարունակում էր գրել իր նախնական օրագիրը: Աննա Ֆրանկի օրագրի 1986 թվականի գիտական հրատարակությունում նախնական օրագիրը անվանվել է «Տարբերակ Ա», իսկ երկրորդ, վերամշակված օրագիրը՝ «Տարբերակ Բ»: Աղջկա վերջին գրառման ամսաթիվը 1944 թվականի օգոստոսի 1-ն է: Օգոստոսի 4-ին ֆաշիստական «Կանաչ ոստիկանները» ձերբակալեցին «Հետնատանը» թաքնվող ութ բնակիչներին:

Ձերբակալման օրը Միպ Խիսն ու Բեպ Վոսկայլը ապահով տեղ հասցրին գրառումները: Միպ Խիսը դրանք պահեց իր գրասեղանի դարակում և առանց ընթերցելու հանձնեց Աննըայի հայր Օտտո Ֆրանկին, երբ վերջնականապես հաստատվեց, որ Աննան այլևս ողջ չէ:

Երկար վարանումներից հետո Օտտո Ֆրանկը որոշեց իրականացնել մահացած դստեր ցանկությունը՝ գրքով հրատարակելով նրա գրառումները: Այդ նպատակով հայրը կազմեց օրագրի կրճատ, երրորդ (Գ) տարբերակը՝ համադրելով հատվածները Աննայի սկզբնական (Ա) և վերամշակված (Բ) տարբերակների հետ: Օրագիրը պիտի լույս տեսներ գրքերի մի շարքում, որոնց տեքստերի ծավալը որոշել էր հրատարակչությունը:

1947 թվականին, երբ գիրքը լույս ընծայվեց, դեռ ընդունված չէր ազատորեն գրել սեռական թեմաների մասին, հատկապես՝ պատանեկան գրականությունում: Որոշ հատվածներ կամ արտահայտություններ չտպագրելու մեկ այլ, նույնքան կարևոր պատճառն այն էր, որ Օտտո Ֆրանկը չէր ուզում բիծ դնել իր կնոջ և «Հետնատան» մյուս բախտակիցների վրա: Բանն այն է, որ Աննա Ֆրանկը տասներեք տարեկանից մինչև տասնհինգ տարեկանը գրված իր օրագրի գրառումներում պարզորոշ արտահայտել էր ինչպես իր համակրանքը, այնպես էլ՝ հակակրանքն ու վրդովմունքը:

Օտտո Ֆրանկը մահացավ 1980 թվականին: Նա դստեր գրառումները կտակեց Ամստերդամի Պատերազմի վավերագրերի ազգային ինստիտուտին: Քանի որ հիսունական թվականներից սկսած՝ պարբերաբար կասկածի տակ էր դրվում օրագրի իսկությունը, ինստիտուտը ստուգել տվեց բոլոր գրառումները: Երբ բոլոր կասկածները փարատվել էին, օրագիրը հրատարակվեց ստուգումների արդյունքների հետ: Ուսումնասիրվել էին ընտանիքի պատմությունը, ձերբակալման և տեղահանման փաստերը, կիրառված գրենական պիտույքները և Աննա Ֆրանկի ձեռագիրը:

Շվեյցարիայի Բազել քաղաքում գործող Աննա Ֆրանկի հիմնադրամը, որը Օտտո Ֆրանկի իրավահաջորդն է և ժառանգել է նրա դստեր գործերի հեղինակային իրավունքները, հասանելի դարձած տեքստերի հիման վրա որոշեց պատրաստել օրագրի նոր հրատարակություն: Այն ոչնչով չի վնասում Օտտո Ֆրանկի խմբագրածին, որի շնորհիվ օրագիրը լայն տարածում ունեցավ՝ ստանալով նաև քաղաքական նշանակություն: Նոր հրատարակության խմբագրումը ստանձնեց գրող, թարգմանիչ Միրյամ Պրեսլերը: Հիմքը Օտտո Ֆրանկի հրատարակությունն էր, որին ավելացվեցին հատվածներ «Ա» և «Բ» տարբերակներից: Միրյամ Պրեսլերի առաջարկած և Աննա Ֆրանկի ֆոնդի հավանությունը ստացած տեքստը քսանհինգ տոկոսով ավելի ծավալուն է նախորդ տարբերակից։ Ընդլայնման նպատակն էր ընթերցողին ավելի հստակ պատկերացում տալ Աննա Ֆրանկի աշխարհի մասին:

Իննսունական թվականների վերջում հայտնվեցին մինչև այդ անհայտ հինգ ձեռագիր էջեր: Բազելի Աննա Ֆրանկի ֆոնդի թույլտվությամբ այս գրքում 1944 թվականի փետրվարի 8-ի թվագրությամբ երկար հատված է ավելացվել նույն ամսաթվով արդեն հրատարակված նամակին: 1942 թվականի հունիսի 20-ի ամսաթվով մի կարճ հատված չի ընդգրկվել գրքում, քանի որ օրագրում արդեն կար նույն դեպքի վերաբերյալ առավել մանրամասն գրառում: 1942 թվականի նոյեմբերի 7-ի նամակը տեղափոխվել է 1943 թվականի հոկտեմբերի 30, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ դա է նամակի ճշգրիտ թվականը: (Ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Աննը Ֆրանկի օրագրերի հինգերորդ հրատարակությունը, Պատերազմի վավերագրերի հոլանդական ինստիտուտ, Ամստերդամ, «Բերտ Բակկեր» հրատարակչություն, 2001 թ.):

Երբ Աննա Ֆրանկը գրեց երկրորդ (Բ) տարբերակը, նշեց այն կեղծանունները, որոնցով ուզում էր իրական անձանց ներկայացնել հրատարակվելիք տարբերակում: Սկզբում որոշել էր ինքն իրեն անվանել Աննա Աուլիս, հետո՝ Աննա Ռոբին: Օտտո Ֆրանկը չի օգտագործել այս անուններից ոչ մեկը, այլ պահպանել է իր ազգանունը. մնացած անձանց անվանափոխումները պահպանվել են: Հետնատան բնակիչներին օգնողներն արժանի են, որ աշխարհն իմանա իրենց անունները: Այն դեպքերում, երբ անձերը նախընտրել են անուն-ազգանունով չնշվել, Ազգային ինստիտուտն ընտրել է պատահական սկզբնատառեր:

Հետնատան բնակիչների իրական անուններն են՝

Վան Պելս ընտանիքը (Օսնաբրյուկ քաղաքից)՝

Աուգուստը (ծնվել է սեպտեմբերի 29-ին, 1900 թ.), Հերման (ծնվել է մարտի 31-ին, 1898 թ.), Պետեր (ծնվել է նոյեմբերի 9-ին, 1926 թ.)։ Աննըն նրանց անվանել է՝ Պետրոնելլա, Հանս և Ալֆրեդ վան Դաան, իսկ գրքում՝ Պետրոնելլա, Հերման և Պետեր վան Դաան:

Ֆրից Պֆեֆֆեր (ծնվել է 1889 թվականին Գիսենում). Աննըի ձեռագրում և գրքում նրա կեղծանունն է Ալբերտ Դասսել:

  • Created on .
  • Hits: 34914

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: