Անի Հովհաննիսյան․ Էսսե շրջապտույտի, բայց խաղաղության մասին

 

Պտտվում է երկրագունդը, բայց պտույտն այդ սովորական չէ, որովհետև արեգակնային սկավառակը առաջացնում է խավարածիրը, որին զուգորդում է գիշերը, հետո ցերեկը, նորից գիշերը, և այդպես արդեն միլիարդավոր տարիներ:

Երանի գիշերահավասարին, երբ ռեֆրակցիան՝ լույսի անդրադարձումը հավասարաչափ է բաշխվում, ու ո՛չ բևեռային ցերեկները, ո՛չ էլ գիշերներն են անտանելի թվում: Բայց ավելի երանի այն աստղակերպերին, որտեղից անգամ Արեգակը չի երևում, ու նրա ճառագայթների պակասը ոչինչ չի փոխում:

Սարեր, ձորերի, ռելիեֆների վրայով է ցատկում գիշերը՝ ստվերի պես պատում ցամաք ու օվկիանոս: Երանի տիեզերք թռչողներին, որ վերից տեսնում են ամեն բան, բայց հազար երանի Աստծուն, որ ավելի վեր է: Մասնիկ առ մասնիկ, բջիջ առ բջիջ գիտի ամեն գոյին, երևի հոգնում է նույն շրջապտույտից ու ցիկլերից:  Հազար մխիթարություն Աստծուն:

Խժռում է գիշերը հավատացյալներին, որ աղոթքով են լուսացնում ու քնում միայն լուսաբացին: Երանի անհավատներին, որ չգիտեն Աստծո մասին, բայց առավել երանի նրանց, ում կրոնը հեռու է մարդասիրությունից, ու ապտակից կարմրած այտը երկրորդ անգամ պարզելու կարիք չի լինում:

Ճահիճների վրայով է անցնում գիշերը ու խրվում խորը տիղմի մեջ: Երանի գորտերին, որ ճահճախոտերի հասակով են չափում աշխարհի մեծությունը, բայց առավել երանի ավելի խորը ընկղմված օրգանիզմներին, որոնք պատկերացում անգամ չունեն աշխարհի մասին:

Պատերազմների թիկունքով է անցնում գիշերը, որ մարդկանց տուն վերադարձնի Եռաբլուրից: Երանի նրանց, ում բարձը չի թրջվում կարոտից, բայց հազար երանի նրանց, ովքեր հեռավոր սրճարաններում չխկացնում են գարեջրի բաժակներն առանց իրար խաղաղություն մաղթելու, որովհետև խաղաղությունն ընդամենը բառ է, բարի գիշերը՝ good night, իսկ քնելը՝ սովորական բան:

Գիշերը սահում է փոքրիկ քարտեզի վրայով և ամեն գիշերից հետո ավելի է փոքրանում քարտեզն այդ: Երանի այն տարիներին, երբ քաղաքակրթությունն այսքան տրորված չէր, բայց առավել երանի, երբ քաղաքակրթություն բառն անգամ հայտնի չէր աշխարհին:

Հիվանդանոցի պատերից ներս է ճեղքում գիշերը, որ պանդեմիայի հերթական ալիքի ընթացքում ճանկի մեկի կյանքը ու անօգնական, բարակ ճիչի ընթացքում նվիրի մյուսին: Երանի նրանց, որ նոր են ծնվում, բայց հազար երանի գնացողներին, որովհետև նորից մահվան դեմ կանգնելու առիթ չի լինի բնավ:

Երանի, հազար երանի նրանց, ովքեր քնում են գիշերը ու արթնանում սովորականի պես: Քնում են, նորից արթնանում, քնում են, նորից արթնանում:

Խաղաղություն գիշերներին, վերևներին ու ներքևներին, դրսին, ներսին, առանձնությանն ու ամբողջին, ու նույնիսկ Աստծուն խաղաղություն, որ խաղաղեցնի:

  • Created on .
  • Hits: 32155

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: