Ջեք Քերուաք. Գրող դառնո՞ւմ են, թե՞ ծնվում

 

Գրող դառնում են, քանզի ցանկացած մեկը, որ անտառաճանաչ չէ, կարող է գրել, բայց գրելու արվեստի հանճարները, ինչպիսիք են Մելվիլը, Ուիթմենը կամ Թորոն, ծնվում են։ Եկեք քննենք «genius» (հանճար) բառը։ Այն չի նշանակում  խելացնորություն, տարօրինակություն կամ էլ չափից դուրս «տաղանդավոր»։ Այն ծագում է լատիներեն gignere (ծնել, առաջ բերել) բառից, և հանճարը պարզապես այն մարդն է, որը առաջացնում է նախկինում անհայտ եղած ինչ-որ մի բան։ Մելվիլից բացի ոչ ոք չէր կարող գրել «Մոբի Դիքը», նույնիսկ Ուիթմենը կամ Շեքսպիրը։ Ոչ ոք, բացի Ուիթմենը չէր կարող հղանալ, առաջացնել ու գրել «Խոտի տերևները»․ Ուիթմանը ծնվել էր «Խոտի տերևները» գրելու համար, Մելվիլը՝ «Մոբի Դիքը»։ «Կարևորն այն չի՝ ինչ ես գրում», - Սայ Օլիվերը ու Ջեյմս Յանգն էին ասում, - «այլ՝ ինչպես ես գրում»։ Գրելու դասընթացի հինգ հազար ուսանողներ, որոնք ուսումնասիրում են «պարտադիր ընթերցանություն», կարող են փորձել վերծանել Ֆաուստի լեգենդը, բայց միայն մեկ Մառլո էր ծնվել՝ իր պես դա անելու համար։

Միշտ ծիծաղս գալիս է, երբ լսում եմ՝ Բրոդվեյի իմաստուն ջահելների զրույցը «տաղանդի» ու «հանճարի» մասին։ Ինչ-որ կատարյալ վիրտուոզ, որը կարող է ջութակի վրա մեկնաբանել Բրամսին, «հանճար» է համարվում, բայց հանճար լինելը, առաջացնող ուժը, իրականում պատկանում է Բրամսին․ ջութակահար վիրտուոզը պարզապես տաղանդավոր մեկնաբան է, այլ բառերով՝ «Տաղանդ»։ Կամ էլ լսում ես՝ մարդիկ խոսում են, թե այսինչ-այնսինչը «մեծ գրող է»՝ ի շնորհիվ իր «ահռելի տաղանդի»։ Չի կարող լինել և ոչ մի մեծ գրող առանց օրիգինալ հանճարի։ Հանճարի արտիստները, ինչպես Ջեքսոն Պոլլոքը, այնպիսի բաներ են նկարել, որոնք նախկինում չտեսնված են եղել։ Յուրաքանչյուրը, որ տեսել է նրա գույնի առհելի Սամապատիսը, իրավունք չունի քննադատելու նրա` աղմուկ բարձրացնելու, անտեղի խոսելու ու պարելու «ցնդած մեթոդը»։

Որպես օրինակ վերցրեք Ջեյմս Ջոյսին․ մարդիկ ասում էին՝ նա «վատնում էր» իր «տաղանդը» գիտակցության հոսքի ոճի վրա, երբ իրականում ծնված էր դա ստեղծելու համար։ Ինչպե՞ս կուզենայիք Ձեր ծերությունն անցկացնել, կարդալով նախաջոյսյան ոճով գրված գրքեր ժամանակակից կյանքի մասին, ասենք, գրված Ռասկինի կամ Ուիլիամ Դին Հաուելսի կամ Թայնի գրչով։ Որոշ հանճարներ ծանրաքայլ են գալիս ու հանդիսավոր կերպով առաջ շարժվում Դրայզերի պես, բայց և այնպես ոչ ոք երբեք չի գրի իր Ամերիկայի մասին այնպես լավ, ինչպես նա։ Հանճարները կարող են պայծառ լինել և կարող են լինել մռայլ, բայց այդ նրանց անխուսափելի տառապալի խորությունն է, որ առկայծում է ներսից՝ յուրահատկությունը։

Ջոյսը ողջ կյանքի ընթացքում ծաղրուծանակի ու վիրավորանքների է ընթարկվել բառացիորեն ամբողջ Իռլանդիայի և աշխարհի կողմից՝ հանճար լինելու համար։ Կելտական Մթնշաղի որոշ հիմարներ նույնիսկ ընդունել են, որ նա ինչ-որ տաղանդ ունի։ Ուրիշ ի՞նչ կարող էին ասել, եթե շուտով սկսելու էին ընդօրինակել նրան։ Բայց համալսարան ավարտած  հինգ հազար գրողներ կարող էին փորձել գրել 1904 թվականի հունիսյան մի օրվա մասին Դուբլինում, կամ մի գիշերվա երազների, և երբեք չանել այն, ինչ արեց Ջոյսը․ նա պարզապես ծնվել էր դա անելու համար։ Մյուս կողմից, եթե հինգ հազար «վարժված» գրողներ, այդ թվում և Ջոյսը, միասին փորձեին գրել Reader’s Digest-ի ոճի հոդվածներ «Առաջարկներ արձակուրդի համար» կամ «Խորհուրդներ տնային տնտեսուհու կողմից», նույնսիկ այդ ժամանակ էր Ջոյսն առանձնանալու իր՝ լեզվի ըմբռնման բնածին առանձնահառկությամբ։ Լավ պահեք մտքներումդ, թե ինչ էր Սինքլեր Լյուիսը ասել Թոմաս Վուլֆին․ «Եթե Թոմաս Հարդիին պայմանագիր տրված լիներ՝ պատմություններ գրել Saturday Evening Post-ի համար, ըստ քեզ նա գրելու էր Զեյն Գրեյի՞, թե՞ Թոմաս Հարդիի նման։ Կարող եմ պատասխանել այս հարցիս։ Կգրեր Թոմաս Հարդիի պես։ Նա չէր կարող գրել ինչ-որ այլ մեկի նման։ Կշարունակեր գրել իր պես՝ լիներ դա The Saturday Evening Post-ի, թե «Կապիտան Բիլլի սուլոց»-ի համար»։

Ուստի երբ հարցում են՝ «գրող դառնո՞ւմ են, թե՞ ծնվում», պետք է սկզբում հարցնել՝ «նկատ ունեք տաղանդավո՞ր գրողներ, թե՞ օրիգինալ»։ Որովհետև ցանկացած մեկը կարող է գրել, բայց ոչ բոլորը կարող են նոր գրելաոճ հնարել։ Գերթրուդ Ստայնը հնարել է գրելու նոր ձև, իսկ նրան կրկնօրինակողները պարզապես «տաղանդներ» են։ Հեմինգուեյն ավելի ուշ ստեղծեց նաև իր ոճը։ Եթե բանականությամբ շարժվենք գրաֆների այս աշխարհում, տաղանդը կամ հանճարը գնահատելու չափանիշը անցողիկ է, բայց մարդը հաստատ զգում է, երբ հանճարեղ գրողը զարմացնում է նրան՝ լինելով նախկինում երբեք չտեսնված, բայց և հետապնդող ծանոթ (Վիլսոնի հայտնի «ճանաչելու շոկը»)։ Ես այդ զգացողությունն ունենում եմ «Սվանի ճանապարհ»-ից, ինչպես նաև «Որդիներ և սիրեկաններ»-ից։ Չեմ զգում դա Կոլետից, բայց զգում եմ Դիքինսընից։ Զգում եմ Սելինից, բայց ոչ Քամյուից։ Հեմինգուեյից, բայց ոչ Ռեյմոնդ Չենդլերից, բացառությամբ երբ մահու չափ լուրջ է։ Զգում եմ Բալզակից կամ Կուզինա Բեթից, բայց ոչ Պիեր Լոտիից։ Եվ այպես շարունակ։

Կարևորը հիշելն է, որ տաղանդը ընդօրինակում է հանճարին, որովհետև ուրիշ ընդօրինակելու բան չկա։ Քանզի տաղանդը չի կարող սկզբնավորել, ստիպված է ընդօրինակել կամ բացատրել։ New York Times-ի 2-րդ էջի պոեզիան իր ողջ «հրատապության լուռ թևերով՝ մութ ու սակավ պատահող փայտի մեջ» և այլ կարճ ու կտրուկ զգայություններով պարզապես աղքատիկ իմիտացիան է այնխիսի հանճարեղ գրողների, ինչպիսիք են Եյթսը, Դիքինսընը, Ապոլիները, Դոնը, Սաքլինգը․․․

Հանճարը ծննդաբերում է, տաղանդը՝ ընդունում ծնունդը։ Ինչ որ տեսնում էին Ռեմբրանտը կամ Վան գոգը գիշերում, էլ երբեք չի տեսնվի։ Ոչ մի գորտ չի կարող ցատկել լճակը այնպես, ինչպես Բաշոյի գորտը։ Ապագայի ծնված գրողները արդեն իսկ ապշահար են՝ ինչ են տեսնում հիմա, ինչ որ մենք կտեսնենք ժամանակին առաջին անգամ և հետո՝ ընդօրինակված բազմաթիվ անգամներ դարձած գրողների կողմից։

Ուստի, բնածին գրողի դեպքում հանճարը ներառում է նոր ոճի օրիգինալ ձևավորորւմը։ Թեև Կիդի լեզուն հնարավորին չափ Եղիսաբեթյան է, Շեքսպիրի լեզուն կարող է իրապես կոչվել միայն Շեքսպիրյան։ Հաճախ է պատահում, որ լեզվի նոր ոճերի ստեղծողը «հավակնոտ» է համարվում նախանձ տաղանդների կողմից։ Բայց «կարևորն այն չի՝ ինչ ես գրում, այլ՝ ինչպես ես գրում»։

 

 

1962 թվական

Անգլերենից արգմանեց Անահիտ Ղազախեցյանը

  • Created on .
  • Hits: 30852

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: