Գարունը՝ դիմադրություն

Գարունը սովորաբար գալիս է լույսով, օդի թեթևությամբ, ձմռան երկար լռությունից հետո բացվող ծաղիկներով։ Գարունը պատկերացնում ենք որպես վերածնունդ, կյանքի վերադարձ, փրկող երևույթ։ Բայց կա մի գարուն, որ գալիս է ճեղքելով։ Մարմնիդ մեջ փոփոխություններ կատարելով։ Ինքդ քեզ զրույցի հրավիրելով։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի և Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի համագործակցությամբ բեմ բարձրացավ «Հայոց գարնան ծեսը» ժամանակակից խորեոգրաֆիկ ներկայացումը՝ Լու-Անն Մերկյուրիի և Ալեսիա Մարինոյի խորեոգրաֆիայով և Պասկալինա Նոելի գեղարվեստական ղեկավարությամբ։ Հենց այդ գարունն է պատկերված այս ներկայացման մեջ։

Իգոր Ստրավինսկու «Գարնան ծեսը» ստեղծագործությունն այս բեմադրության մեջ անհանգստությանն ու պայքարին կենդանություն է հաղորդում։  Հերբերտ ֆոն Կարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ երաժշտությունը բեմական ներկայություն է ապահովում վայրի ուժով, բայց հետո այն ոչ թե հնչում է, այլ շնչում է դերակատարների մարմինների մեջ։ Եվ մարմիններն սկսում են խոսել։ Չորս երիտասարդ պարողներ, ԵԹԿՊԻ-ի ուսանողներ՝ Մելինե Արշակյան, Մարգարիտա Բադոյան, Էլեն Ղազարյան, Տաթև Վիրաբյան։ Չորս մարմին, որոնք սկզբում կարծես առանձին են հանդես գալիս, բայց քիչ-քիչ սկսում են ձուլվել ընդհանուրի մեջ, դառնալ մեկը։ Հետո՝ բաժանվել։ Հետո նորից հավաքվել։ Եվ այդ հավաքվել-բաժանվելու մեջ աստիճանաբար ծնվում է ներկայացման գլխավոր թեման՝ մենք և մյուսը, անհատը և խումբը, ենթարկվելը և չհնազանդվելը։

Hayoc garnan tsesy 2

Այստեղ պետք էր ոչ թե փայլել, այլ դիմանալ։ Դիմանալ ռիթմին, ֆիզիկական ծանրությանը, լարվածությանը, միմյանց էներգիային։ Եվ կատարողներն այդ ամենն անում էին մեծ վստահությամբ ու ներքին կենտրոնացմամբ։ Նրանց շարժման մեջ կար ոչ միայն հստակ տեխնիկա, այլև բնազդ։ Երբեմն թվում էր՝ նրանք պարում են ոչ թե երաժշտության ուղեկցությամբ, այլ երաժշտության ներսում։ Լու-Անն Մերկյուրիի և Ալեսիա Մարինոյի խորեոգրաֆիան նոր ճանապարհներ է առաջարկում։ Նրանք չեն գնում դեպի հայկական ֆոլկլոր, չեն փորձում Ստրավինսկու երաժշտությանը հայկական արտաքին նշաններ տալ։ Եվ որքան էլ տարօրինակ հնչի, հենց այդ հրաժարումից է ծնվում ներկայացման հայկականությունը։ Ոչ մի տարազ, ոչ մի ճանաչելի ժողովրդական շարժում, ոչ մի դեկորատիվ ազգայինը հիշեցնող նշան։ Փոխարենը՝ լարվածություն։ Հիշողություն։ Դիմադրություն։ Մի բան, որ նստած է մարմնի խորքում և կարիք չունի վերամբարձ խոսքերի։

Առաջին հատվածում՝ «Երկրի պաշտամունքում», շրջան է ձևավորվում։ Շրջանը սկզբում թվում է ապահովության նշան։ Մարդիկ միասին են, իրար կողքի, իրար ներսում։ Բայց շատ արագ հասկանում ես, որ նույն շրջանը կարող է դառնալ փակ տարածք։ Այն կարող է պաշտպանել, բայց կարող է նաև վերահսկել։ Հենց այստեղ է սկսվում ծեսի մութ կողմը։ Խումբը, որը սկզբում ուժ է տալիս, քիչ-քիչ դառնում է մեկ այլ ուժ, որից պետք է պաշտպանվել։ Եվ ինչ-որ պահի տոնախմբությունն այլևս տոնախմբություն չէ։ Այն պահանջ է։ Պարտադրանք։ Հնազանդության փորձ։ Բայց բեմադրությունը հետաքրքիր է հենց նրանով, որ չի գնում սպասելի ճանապարհով։ Երբ թվում է՝ հիմա պիտի լինի զոհը, զոհաբերության տրամաբանությունը սկսում է ճաքել։ Մենապարի պահին մարմինը հասնում է իր սահմանին։ Պարուհուն հասցնում են ծայրահեղ ֆիզիկական լարվածության, բայց այդ մարմինը չի հանձնվում։

Երկրորդ հատվածում՝ «Զոհաբերությունում», ծեսն արդեն կարծես կորցնում է իր սահմանները։ Խումբը սկսում է հավատալ սեփական ստեղծած բռնությանը։ Բռնությունը դառնում է սովորույթ, հետո՝ օրենք, հետո՝ ճակատագիր։ Սա, թերևս, ներկայացման կարևոր շեշտադրումներից է, որ մարդը կարող է իր իսկ ստեղծած մեխանիզմը մի օր ընկալել որպես անխուսափելիություն։ Բայց այստեղ էլ բեմադրությունը մեզ չի տալիս սպասված ավարտը։ Չկա զոհ, որին պետք է զոհաբերել, որպեսզի մնացածները փրկվեն։ Կա մի պահ, երբ հավաքական ուժը շրջվում է դեպի իրեն։ Եվ այդտեղ ծնվում է մի ուրիշ տեսակի ծես՝ անհնազանդության ծեսը։

Hayoc garnan tsesy 3

Լռությունները նույնքան խոսուն են, որքան շարժումները։ Դադարները՝ նույնքան կարևոր, որքան երաժշտության պայթյունները։ Շարժման կրկնությունը դառնում է օրենք, իսկ օրենքի խախտումը՝ ազատության առաջին նշանը։ Այն պարզապես հիշեցնում է Հայաստանը։  Հայաստան, որ հիշում է։ Հայաստան, որ լարված է։ Մի Հայաստան, որ դեռ փորձում է հասկանալ՝ ինչպես ապրել իր հիշողությունների, կորուստների, վախերի ու դիմադրությունների հետ։

Գուցե հենց դրա համար էլ այստեղ գարունը գեղեցիկ չէ։ Գարունը վտանգավոր է։ Գարունը վտանգավո՞ր է։ Որովհետև իսկական վերածնունդը միշտ էլ ինչ-որ բան կոտրում է։ Հին ձևը։ Հին օրենքը։ Հին վախը։ Հին համոզմունքը, թե ինչ-որ մեկի զոհաբերությունն անհրաժեշտ է, որպեսզի մյուսները շարունակեն ապրել։ «Հայոց գարնան ծեսը» այդ իմաստով միայն պարային ներկայացում չէ։ Այն մարմնի միջոցով ձևակերպված հարց է։ Ի՞նչ է լինում համայնքի հետ, երբ այն այլևս չի ուզում զոհ ունենալ։ Ինչպե՞ս մնալ միասին՝ առանց միմյանց ճնշելու։ Ինչպե՞ս վերածնվել։

Վովա Արզումանյան

230
Սեպտեմբեր 13, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: