35 տարվա սպասումից հետո Համազգային թատրոնն ունեցավ իր նոր շենքը
«35 տարի առաջ՝ 1991 թվականին, Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբում Հայաստանի մի շարք լավագույն դերասանների և ստեղծում Համազգային թատրոնը: Այն սկզբում գործում էր Ժուռնալիստների միությունում և բացումը եղավ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» ներկայացմամբ: Այդ օրն էլ այսպիսի ձյուն էր գալիս: Կա տեսագրությունը, թե ինչպես են վառարանի մոտ կանգնած ասում՝ «այսօր մեր տանկն էլ կրակեց»: Երևի հիշում եք՝ այդ տարիները ինչ ծանր էին Հայաստանի համար»,- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Թատրոնի գործունեությանը հետադարձ հայացք գցելով` նա նշեց, որ Ժուռնալիստների միությունից հետո թատրոնն իր գործունեությունը շարունակել է Գրողների միությունում, ապա Թատերական ինստիտուտում ու այդպես անվերջ դեգերումների մեջ էր:
«Այն ինչ այսօր կատարվում է՝ հրաշք է: Մեզ համար շատ հուզիչ է, նունիսկ տեքստը գրելիս՝ թատրոնը 35 տարի սպասում էր իր շենքին, անվերջ հուզվում ենք: Այսօր պատմական օր է մեզ համար և մենք այն սերունդն ենք, որը կվայելի այդ պահը»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Թատրոնի նորակառույց շենքը գտնվում է Անրի Վերնոյի 3 հասցեում: Այն կառուցվել է պետության և մասնավոր կառույցների համագործակցությամբ:
«Որոշել ենք, որ թատրոնը պիտի բացվի առաջնախաղերով: Ամեն ինչ պիտի նոր լինի, իհարկե, հին ներկայացումներն էլ պիտի համապատասխանեցվեն այս բեմին»,- նշեց Նարինե Գրիգորյանը:
Ըստ այդմ՝ ստեղծագործական նոր փուլի մեկնարկը տրվեց Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղով:
«Ինչու՞ այս ներկայացումը, որովհետև այն թատրոնի մասին է, այսինքն՝ թատրոն է, թատրոնի մեջ: Ուզում ենք ինչ-որ չափով պատմել՝ ինչ հրաշք է թատրոնը»,- մանրամասնեց Նարինե Գրիգորյանը՝ հավելելով, որ առջևում կլինի ևս 2 նոր ներկայացման պրեմիերա՝ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե» և Անդրանիկ Միքայելյանի «Քարը»՝ հիմնված Երվանդ Քոչարի ստեղծագործությունների վրա:


«Ես այսօր բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել տարբեր երկրներից: Գործընկերներս ասում էին՝ ինչ հրաշք է տեղի ունեցել այսօրվա ժամանակներում, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով սովորաբար ավելի շատ փակվում են թատրոնները, քան բացվում»,- պատմեց Գրիգորյանը:
«Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ թատրոն է բացվում»,- մատնանշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ըստ նրա՝ թատրոնի շենքը հիանալի տանիք ունի և արդեն իսկ խոսում են այնտեղ տարատեսակ մշակութային միջոցառումներ անցկացնելու մասին: «Ամեն ինչ մտածված է, նոր դիզայն, նոր տեխնիկական լուծումներով դահլիճ և կառույց»:


Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի խոսքով՝ շենքի բացումն իրականացվում է փուլային տարբերակով, նախ կգործեն այն հատվածները, որոնք անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործունեության համար, ապա կգործարկվեն մյուսները: Դահլիճը նախատեսված է 230 հանդիսականի համար: Բարեկարգման, լուսաձայնային տեխնիկայով հագեցվածության աշխատանքները դեռ շարունակվում են:
«Ավելի քան 6 ամիս մենք չենք ունեցել մեր տանիքը և շրջագայել ենք Հայաստանի տարածքում և դրսում: Ավելի քան 20 հազար հանդիսատես ենք ունեցել մարզերում, որը կարելի է ասել ռեկորդային է կիսամյակի համար: Սա նաև համահունչ էր «համազգային» կոչվածին, որ մենք գնացինք այն վայրեր, որտեղ հանրությունը չէր կարող ինքը գալ: Եղել ենք Բերդում, Կապանում, Սիսիանում…և այս գործունեությունը շարունակվելու է՝ անկախ այն հանգամանքից, որ մեր շենքն արդեն կա»,- ասաց Ղուկաս Մադոյանը:


Թատերախումբը մինչ այս «Փափլիկը» ներկայացմամբ եղել էր Սանկտ Պետերբուրգում, Թունիսում, Նովոսիբիրսկում, իսկ հունվարի 25-ին հյուրախաղերով կմեկնի Հնդկաստան:
«Ես միշտ ասում եմ՝ աշխարհի թատրոն պիտի դառնանք: Նույնիսկ հրավիրյալ ռեժիսորները, դրամատուրգները հայազգի կայացած մարդիկ են, բայց իրենց էլ ենք ուզում համախմբել մեր շուրջը և համազգային շարժում անել»,- խոստովանեց Նարինե Գրիգորյանը:
Մարջան Չոբանյան
- Hits: 172