ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել միջազգային ակադեմիական և ստեղծագործական համագործակցությունը թատրոնի, կինոյի, աուդիովիզուալ արվեստների և նոր մեդիաների ոլորտներում։ Ծրագրի շրջանակում երկու բուհերի ուսանողները կմասնակցեն համատեղ ստեղծագործական արվեստանոցների, որոնք կխթանեն փորձի փոխանակումը, միջառարկայական համագործակցությունը և նոր ստեղծագործական մեթոդների յուրացումը։

Kinoyi ev tatroni arvestanoc 2

Հուլիսի 6-ից Երևանում անցկացվում է առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցը, որը միավորել է 20 ուսանողի՝ 10-ը Հայաստանից և 10-ը՝ Ֆրանսիայից։ Դասընթացները վարում են Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի դասախոս-հետազոտողներ Լորան Բերժեն և Վենսան Դևիլը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ այս համագործակցությունը կարևոր քայլ է բուհի միջազգայնացման ռազմավարության իրականացման գործում։

Kinoyi ev tatroni arvestanoc 4

«Ծրագիրը մեր ուսանողներին հնարավորություն է տալիս աշխատել միջազգային ակադեմիական միջավայրում, ծանոթանալ եվրոպական կրթական և ստեղծագործական փորձին, ինչպես նաև ներկայացնել իրենց մասնագիտական ներուժը միջազգային գործընկերներին։ Վստահ եմ, որ նման համագործակցությունները ոչ միայն նպաստում են մասնագիտական զարգացմանը, այլև հիմք են ստեղծում երկարաժամկետ ստեղծագործական և ակադեմիական կապերի ձևավորման համար»,-նշում է Սառա Նալբանդյանը։

Kinoyi ev tatroni arvestanoc 3

Համագործակցության երկրորդ փուլը նախատեսված է 2026 թվականի աշնանը։ Այդ ժամանակ ծրագրի 10 հայ մասնակիցները կմեկնեն Մոնպելիե՝ շարունակելու համատեղ աշխատանքը, իսկ արվեստանոցը կվարեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոսները։

Kinoyi ev tatroni arvestanoc 5

Արվեստանոցի ծրագիրը հիմնված է երկակի հիբրիդության սկզբունքի վրա՝ համադրելով թատրոնն ու կինոն, տեսական ուսումնասիրությունն ու գործնական աշխատանքը։ Մասնակիցները կվերլուծեն ամերիկացի ռեժիսոր Քելի Ռայխարդտի ֆիլմերը, կստեղծեն վիդեոաշխատանքներ և կզարգացնեն պերֆորմատիվ ու վիդեոինստալացիոն նախագծեր։ Ծրագրում ներառված են նաև գործողության դեկոմպոզիցիայի, նարատիվ և դերասանական ֆրագմենտացիայի, ինչպես նաև ստոպ-մոշն տեխնիկայի վերաբերյալ գործնական վարժություններ։

Այս մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից

127
Հուլիս 15, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: