Որտե՞ղ է թաքնված «Լույսի ծածկագիրը»

Վերջին տարիներին թատերարվեստում նկատելի է մի հետաքրքիր միտում՝ դուրս գալ ավանդական թատերական տարածքից և յուրացնել այլընտրանքային տարածքներ։ Այս առումով առանձնակի ուշադրության է արժանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում իրականացված նախագիծը, որի շրջանակում վարպետի տունը դարձել է ներկայացման օրգանական մասը, դրա գաղափարական և տարածական հենքը։

«Լույսի ծածկագիրը» ներկայացումը (ռեժիսոր՝ Քրիստինե Ասրյան) հաջողված փորձ է՝ միավորելու թանգարանային միջավայրը, գրողի գրական ժառանգությունը և ժամանակակից տիկնիկային արվեստի լեզուն։

Luysi cackagir 1

Ներկայացումը չի սկսվում ցուցասրահ-դահլիճից։ Այն սկսվում է հենց մուտքից, երբ երեխաները շրջում են վարպետի գրադարանում։  Ներկայացման հիմքում ընկած է բավականին բարդ դրամատուրգիական խնդիր։ Ի տարբերություն պատրաստի պիեսների, այստեղ գործ ունենք կոլաժային տեքստի հետ, որը հյուսված է Իսահակյանի հեքիաթների, բանաստեղծությունների և պատմվածքների պատառիկներից։ Այս տարաբնույթ տարրերը մեկ ամբողջական սյուժետային գծի մեջ միավորելը պահանջել է նուրբ ռեժիսորական աշխատանք, որպեսզի անցումները լինեն սահուն, իսկ գաղափարական առանցքը՝ հստակ։

Բեմադրության ողջ ծանրությունը կրում է մեկ դերասանուհի՝ Ալլա Սահակյանը։ Մոնոներկայացման ձևաչափը, հատկապես փոքրիկ հանդիսատեսի համար, միշտ ռիսկային է, քանի որ պահանջում է դինամիկա և ուշադրության բացառիկ կենտրոնացում։ Ալլա Սահակյանը հանդես է գալիս որպես հեքիաթասաց, որը ոչ միայն պատմում է, այլև իր մարմնի, ձայնի և տիկնիկների միջոցով կենդանացնում է գրողի ստեղծած կերպարները։

 Այստեղ հերոսները հանդիպում են, խոսում միմյանց հետ, խնդիրներ լուծում և միասին փորձում գտնել լույսի ճանապարհը։  «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը գունեղ ու հեքիաթային ճանապարհորդություն է, որի ընթացքում բացահայտվում է կյանքի արժեքը։ Հերոսները որոնում են  ուղի դեպի արևը, իսկ «Նուկիմ քաղաքի խելոքների»  պատմությունները համեմված են հումորով ու բազմազան տրամադրություններով։

Բեմում ներդաշնակորեն միաձուլվում են տասնյակից ավելի տարբեր ոճի տիկնիկային կերպարների խոսքը, շարժումներն ու երաժշտությունը։ Ներկայացման տեսողական լեզուն հետաքրքիր է իր սինթեզով։ Մի կողմից՝ Սուսաննա Հախվերդյանի բեմանկարչական լուծումներն ու Նանե Զուրաբյանի ստեղծած տիկնիկները, մյուս կողմից՝ արհեստական բանականության (AI) կիրառումը։ Հատուկ ներկայացման համար ԱԲ-ով ստեղծված մուլտֆիլմն ու «Գիտության լույսը» երգը դառնում են այն կամուրջը, որը Իսահակյանի դասական աշխարհը կապում է թվային սերնդի հետ՝ դարձնելով այն առավել ընկալելի և ռիթմիկ։

Luysi cackagir 2

Դերասանուհի Ալլա Սահակյանի խաղն աչքի է ընկնում անմիջականությամբ և էմոցիոնալ ճկունությամբ, ինչը թույլ է տալիս առաջին իսկ վայրկյաններից հաստատել կապ լսարանի հետ։ Դերասանուհին ներկայացման ընթացքում մարմնավորում է շուրջ տասներեք կերպար։ Նա չի խաղում երեխաների համար, նա խաղում է երեխաների հետ։ Բեմադրությունը հագեցած է ինտերակտիվությամբ։ Դերասանուհին հաղորդակցվում է փոքրիկ հանդիսատեսի հետ, հարցեր տալիս, ներկայացման մասնակից դարձնում։

Ամենատպավորիչ և գաղափարական առումով կարևոր պահերից մեկը ներկայացման ավարտն է, երբ դերասանուհին երեխաներին է փոխանցում փոքրիկ, վառվող մոմեր։ Սա դառնում է բեմադրության առանցքային մետաֆորը՝ լույսի փոխանցումը, որը հանդիսատեսը տանում է իր հետ։

«Լույսի ծածկագիրը» ավելին է, քան պարզապես մանկական ներկայացում։ Ռեժիսորական և դերասանական հաջողված աշխատանքի շնորհիվ Ավետիք Իսահակյանի խոսքը դառնում է շոշափելի։ Բեմադրությունը հաջողությամբ լուծում է իր գլխավոր խնդիրը՝ ոչ թե պարզապես զվարճացնել երեխաներին, այլ նրանց մեջ սերմանել սեր դեպի գիրը, թատրոնը և, ամենակարևորը` դեպի այն ներքին լույսը, որը թաքնված է գրողի յուրաքանչյուր բառում։

Luysi cackagir 2

Հավելենք, որ ներկայացումն իրականացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կողմից՝ վարպետի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։ Ներկայացումը նախատեսված է 3 տարեկանից սկսած փոքրիկների համար։ Բեմականացման հեղինակ և ռեժիսոր՝ Քրիստինե Ասրյան, դերասանուհի՝ Ալլա Սահակյան, բեմանկարիչ՝ Սուսաննա Հախվերդյան, տիկնիկագործ՝ Նանե Զորաբյան, երաժշտությունը՝ Էլլադա Սայադյանի: «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ այս ներկայացումը հաղթող է ճանաչվել «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում։

Վովա Արզումանյան

1616
Ապրիլ 19, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: