Գյումրու դրամատիկական թատրոնը շարունակում է հոբելյանական տարվա միջոցառումները

Հայ մշակութային կյանքի կարևորագույն օջախներից մեկը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արդեն մեկուկես դարից ավելի հանդիսանում է ազգային թատերարվեստի զարգացման առանցքային կենտրոններից մեկը։ 2025 թվականին նշելով իր հիմնադրման 160-ամյակը՝ թատրոնը ոչ միայն ամփոփեց անցած հարուստ ուղին, այլև նոր շունչ հաղորդեց իր ստեղծագործական գործունեությանը՝ շարունակելով պահպանել ավանդույթները և համարձակորեն դիմել նորարարական լուծումների։

Թատերաշրջանի շրջանակում իրականացված բազմաբնույթ միջոցառումները, միջազգային հյուրախաղերը և նոր բեմադրությունները վկայում են, որ թատրոնը շարունակում է մնալ ժամանակակից մշակութային գործընթացների ակտիվ մասնակից։ Այս համատեքստում հատկապես նշանակալի է մայրաքաղաքում նախատեսված հյուրախաղերի շարքը, որի նպատակն է ներկայացնել թատրոնի ստեղծագործական ներուժը ավելի լայն հանդիսատեսին և ամրապնդել մշակութային կապերը երկրի ներսում։

«Ամբողջ տարին թատերական էր: Մեր թատրոնն ունեցավ հյուրախաղեր ԱՄՆ-ում, նաև Ղազախստանում մասնակցեց փառատոնի: Թեև տարին անցյալ տարի նոյեմբերին ամփոփեցինք տոնական համերգով, այնուամենայնիվ, որոշեցինք շարունակել միջոցառումները, քանի որ դեռ թատրոնի 160-րդ թատերաշրջանի ընթացքն է»,-ասում է Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Gyumru tatron asulis 2

Ամեն տարի թատրոնը մի քանի օրով մեկնում է Հայաստանի տարբեր մարզեր և մայրաքաղաք հյուրախաղերի: Այս տարին նույնպես բացառություն չէ: Երևանյան հանդիսատեսը ապրիլի 17-ին Կ.  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կդիտի «Արտիստիկ համերգ» ներկայացումը, ապրիլի 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Ինկած բերդի իշխանուհին», իսկ ապրիլի 19-ին՝ «Բոհեմ» ներկայացումը Համազգային թատրոնում:

«Երևանյան հյուրախաղն այս անգամ առանձնահատուկ է մասշտաբայնությամբ՝ գալիս ենք մեծ խմբով ու 3 ներկայացումներով: Իհարկե, հատկապես մայրաքաղաքից մենք շատ հանդիսատես ունենք, բայց որոշեցինք, որ թատրոնը պետք է պարտադիր իր 3 լավագույն և պահանջված ներկայացումներով հանդես գա մայրաքաղաքում: Բացի նրանից, որ Թատրոնի միջազգային օրը մեր թատրոնը յուրաքանչյուր տարի մասնակցում է «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, մենք ինքներս նշում ենք մեր մասնագիտական տոնը: Այս տարի մեզ համար նվեր էր մեր նոր ներկայացումը, որը մայրաքաղաքից հրավիրված Արինա Արարատյանն էր իրականացրել: Խոսքն ըստ Մարկեսի բեմադրված «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» ներկայացման մասին է, որն արդեն 2 անգամ խաղացել ենք Գյումրիում»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը:

160-րդ թատերաշրջանի շրջանակում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն հրավիրվելու են տարբեր ռեժիսորներ՝ նոր ներկայացումներ բեմադրելու:

«Վստահ եմ՝ մինչև տարեվերջ ևս 3 նոր առաջնախաղ կունենանք, կլինեն նոր ռեժիսորներ և նոր մեկնաբանություններ: Մեր թատրոնը երբևէ սիրո մասին պատմող «Արտիստիկ համերգ» ներկայացման ձևաչափով այլ ներկայացում չի ունեցել, այստեղ դերասանները ոչ միայն խաղում են, այլ կենդանի նվագակցությամբ երգում ու պարում: «Ինկած բերդի իշխանուհին» քանիցս խաղացել ենք Երևանում: Հիմնական ուղերձն այն է, որ պետք է գտնել մեր սխալները և գիտակցել, որ ամենակարևորը համերաշխությունն ու սերն են, իսկ վրեժը ոչ մի լավ տեղ չի տանում»,- Լյուդվիգ Հարությունյան:

Gyumru tatron asulis 3

Գյումրու թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանի խոսքով էլ թատրոնի համար 30 մլն դրամ է ներդրվել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում թատրոնի վրա արվել է մոտ 180 մլն դրամի ներդրում, մի բան, որ վերջին 30 տարվա ընթացքում միասին վերցված չի եղել:  

«Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը կապիտալ մեծ ծախսեր է արել թատրոնի վրա, միայն 90 մլն դրամի սահմաններում լուսային տեխնիկան է թարմացվել, 43 մլն դրամ ներդրվել է ձայնային տեխնիկայի վրա: Մենք միշտ կապիտալ ծախսերի հետ կապված խնդիր ենք ունեցել, լուսային համակարգը 1968-70 թվականների էր, լամպերն արդեն անհնար էր գնել, քանի որ արտադրությունից դուրս էին եկել: Մեկնարկել է նաև թատրոնի կաթսայատան վերազինումը: Մինչ այդ թատրոնը տաքանում էր 1968-70 թվականների սարքերով: Այժմ 30 մլն դրամ է ներդրվել և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այդ ամենը փոխվում է»,- ասաց տնօրենը:

Ալմաստ Մուրադյան

125
Ապրիլ 17, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: