«Պենելոպե, օ՜, Պենելոպե». առաջնախաղ Համազգային թատրոնում

Փետրվարի 25-28-ը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի կունենա մեծ պրեմիերա՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը:  Պիեսի հեղինակը, բեմադրիչն ու բեմանկարիչը  ֆրանսահայ ռեժիսոր Սիմոն Աբգարյանն է:

Այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի և Ա.Պ.Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ:

Հայաստանյան առաջնախաղին ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը պատմեց, որ Սիմոն Աբգարյանի հետ համագործակցելու ցանկություն է ունեցել դեռ 2021 թվականից, երբ նրանցից յուրաքանչյուրն իրենց թատերախմբով մասնակցում էին Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին: Տարիներ անց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի օժանդակությամբ առիթ է ստեղծվել  հանդիպելու ֆրանսահայ ռեժիսորին, ինչից հետո ստեղծագործական համագործակցության հիմքեր են դրվել:

«Այդպես սկսվեց երազանքի ճանապարհը»,- պատմեց Նարինե Աբգարյանը:

Penelope o Penelope 3

«Ինձ համար այսօր ամենամեծ իրադարձություններից մեկն այն է, որ մենք Սիմոն Աբգարյան դրամատուրգ ենք բերել Հայաստան: Շատ վատ էր, որ մինչև հիմա Հայաստանում չէր բեմադրվել նրա գործերից: Կարծում եմ՝ հայկական թատրոններում նրա պիեսները պիտի լինեն: Ինքս էլ կուզեմ, որ մենք  բեմադրենք»:

Մինչ այս շենք չունենալու պատճառով Գ. Սունդուկյանի անվան թատրոնում են Սիմոն Աբգարյանի հետ փորձեր արել, ինչից հետո ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայում` Չեխովյան փառատոնի շրջանակում: «Մեծ հիացմունք կար թե՛ ներկայացման, թե՛ պիեսի հանդեպ: Քանի՜ թատրոն ուզեց, որ այս պիեսը բեմադրեն: Այդ ամենի մասին միայն լավ բաներ կարող եմ ասել և կարծում եմ, որ դրա շարունակությունն արդեն Հայաստանում կլինի»:

Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը կապվում է ուժեղ կնոջ և հավատարմության գաղափարի հետ: Այն նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի հիմնական կերպարներից մեկի պատմությանը: Ներկայացման հերոսուհին՝ Դինահը 20 տարի սպասում է, որ ամուսինը վերադառնա պատերազմից: Եվ սա ոչ միայն սպասում է, այլև հավատարմություն աշխարհի բարոյական արժեքներին, ընտանիքին, սեփական արմատներին ու դրանց անդավաճան մնալուն: Եվ հատկանշական է, որ պիեսի հեղինակի մայրն էլ ութ տարի իր ամուսնու վերադարձին է սպասել:

«Սա դրամա չէ, մենք հոգեբանական թատրոն չենք խաղում, մենք էպիկական թատրոն ենք խաղում: Այստեղ կերպարները զերծ են ավելորդաբանություններից, մաքուր, մոնումենտալ կերպարներ են: Մեզ դժվար էր գալ սրան, էպոս պատմելու մեծության հասնել, բայց շատ լավ առաջնորդ ունեինք և շնորհակալ եմ այս նոր զգացողության համար»,- ասաց Ն.Աբգարյանը՝ խոսելով Սիմոն Աբգարյանի հետ աշխատանքի մասին: 

«Սիմոնը շատ խորություն, փիլիսոփայություն ունեցող է և կարծում եմ դա է նաև պատճառը, որ հունական դիցաբանության մեջ հարցեր է բարձրացնում, պատասխաններ փնտրում, բայց դրա հետ մեկտեղ նա ժամանակի շնչի հետ ապրող արվեստագետ է»,- նկատեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

 Penelope o Penelope 2

«Մենք երջանիկ ենք, որ նրա պես արվեստագետ ունենք: Բազմիցս ասել եմ, հիմա էլ կասեմ՝ Հայաստանի բոլոր պետական թատրոնների դռները բաց են Սիմոն Աբգարյանի առաջ»:

Նա հիշեցրեց, որ երբ երկու տարի առաջ Սիմոն Աբգարյանն իր թատրոնով եկավ Հայաստան ու երկու օր  «Էլեկտրան թշվառների աշխարհից» հեղինակային ներկայացմամբ հանդես եկավ, դահլիճում ազատ աթոռ չկար: Դա ցուցիչ էր, որ հայ հանդիսատեսը կարող է այդպիսի ներկայացում դիտել օտար լեզվով (ֆրանսերեն) և միտքը նոր միտք ծնեց: Եվ ահա այդ համագործակցությունը շարունակվում է նորովի:

«Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման մեջ, բացի Նարինե Գրիգորյանից, դերեր ունեն նաև Վարշամ Գևորգյանը, Ալլա Սահակյանը, Նարեկ Բաղդասարյանը, Միլենա Ղազարյանը, Տաթև Հովակիմյանը, Անդրանիկ Միքայելյանը:

«Այս թատրոնի տղաներն ու աղջիկները հերոսներ են: Թատրոն պահելն այսօր հերոսություն է»,- նշեց Սիմոն Աբգարյանը: «Ինձ համար արվեստագետները, դերասանները իշխանաձկներ են, եթե ջուրը թունավորվի, առաջին զոհերն իրենք կլինեն: Կարծում եմ՝ առողջացման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսի շենք, խումբ կա, ապրելու ենք, իրար հետ շփվելու ենք»:

Հավատացած է՝ թատրոնը մարդկության հայելին, արձագանքն է: Իրենք էլ փորձում ենք մոռացված բաներն էլի ասել, կրթել:

Նարինե Գրիգորյանի խոսքով՝ ներկայացումն արդեն բացել է իր ճանապարհը: Հրավեր ունեն Վլադիվոստոկից, Բեյրութից, Սանկտ Պետերբուրգից, Խաղաղ օվկիանոսյան փառատոնից:

Մարջան Չոբանյան

174
Փետրվար 25, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: