• cultural.am
  • Թատրոն
  • «Հեքիաթն է մարդուն մարդ դարձնում». Տիկնիկային թատրոնը տոնում է 90-ամյակը

«Հեքիաթն է մարդուն մարդ դարձնում». Տիկնիկային թատրոնը տոնում է 90-ամյակը

1935 թվականի հունիսի 1-ին Պատանի հանդիսատեսի թատրոնին կից հիմնադրվեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը: Տարիներ շարունակ թատրոնը դարձել է Երևանի մշակութային, թատերական կյանքի հիմնաքարերից մեկը, որը մշտապես հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և հանդիսատեսին: Իսկ ամենաքմահաճ հանդիսատեսի՝ երեխաների համար թատրոնը տարբեր ժամանակներում տարբեր երևակայական մոդելներ է ստեղծում ու հրաշքների սպասման առիթներ ընձեռում: 1938 թվականից թատրոնը կրում է է Հովհաննես Թումանյանի անունը։ Թատրոնի առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը։ Առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։ Թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք։ 1970-1980-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրել Ռուբեն Մարուխյանը, Տիգրան Զահալյանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը: Բեմադրվում են «Երեք նարինջ», «Ալադինի կախարդական լամպը», «Եղեգնուհին», «Ամենից լավ տունը» ստեղծագործությունները: Տիգրան Զահալյանը բեմադրել է «Ջոնին և ավազակները», «Համեղ պատառիկ», «Ոսկի ձկնիկ», «Թզուկի երգը», «Գիտության բանալին» և այլ բեմադրությունները: 1984 թվականին էլ Երվանդ Մանարյանը բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»՝ «Ծաղկի փողոց թիվ 2» վերնագրով:

Tiknikayin 90 3

Թատրոնի առաքելությունն է լինել մանուկ և երիտասարդ սերնդի մշակութային կողմնորոշիչը՝ ապահովելով մշակութային կրթության առաջին և հիմնավոր քայլերը: 1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը Ռուբեն Բաբայանն է: Այս տարի թատրոնը մեծ շուքով նշեց հիմնադրման 90-ամյակը: Ռուբեն Բաբայանը հիշեցրեց թատրոնի անցած բարդ դրվագները, որոնք չեն խոչընդոտել առաջ շարժվել ու հավատարիմ մնալ արժեքներին: Ինչպես Բաբայանն է նշում՝ տիկնիկներն այստեղ խաղալիք չեն, ոչ էլ միայն խաղացող, դրանք անձ-կերպարներ են, որոնք մանկական մտքին ներկայացնում են լուրջ պատմություններ և ստեղծում մշակույթի յուրովի հարուստ պատմությունը։

Tiknikayin 90 6

«1951 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը  լուծարել էր Տիկնիկային թատրոնը, սակայն դերասանները չեն հանձնվել, վերցրել են տիկնիկներն ու Հայաստանով մեկ խաղացել թատրոնի ներկայացումներն ու նորերն են բեմադրել։ 1957 թվականին կառավարությունը, տեսնելով, որ թատրոնը փակել հնարավոր չէ, նրան է վերադարձրել պետական կարգավիճակը: Տիկնիկային թատրոնների քանակն ու առկայությունը երկրում խոսում են այդ երկրի քաղաքակրթական ընտրության մասին։ Երկիրը չի կարող իրեն առաջադեմ ու քաղաքակիրթ համարել, եթե չունի տիկնիկային թատրոն: Թատրոնը տարիք ունի, բայց չի ծերանում․ երիտասարդները մշտապես նոր երանգներ են բերում, նոր շարժում ու շունչ, իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են թատրոնում, հոգով միշտ երիտասարդ են»,- ասաց Բաբայանը:

Tiknikayin 90 5

Թատրոնի հիմնադրման օրը նշվեց հոբելյանական արարողությամբ, երաժշտական շոու ծրագրով և մրցանակաբաշխությամբ: Հոբելյանական ծրագիրը հագեցած էր նորարարական լուծումներով շոու ծրագրով, որը միավորել էր տիկնիկներին, նոր հերոսներին: Շոուի ռեժիսորը թատրոնի բեմադրիչ Սամսոն Մովսեսյանն է:

«Տիկնիկային թատրոնում հեքիաթն է ծնվում։ Մենք ամեն ներկայացմամբ փորձում ենք այդ հեքիաթն առավել գեղեցկացնել, հանդիսատեսին էլ դարձնել դրա մի մասնիկը։ Այս թատրոն են գալիս երեխաներն իրենց ծնողների հետ, ուստի այն սերունդների միջև կապ ստեղծող կարևոր օղակ է»,- ասում է Սամսոն Մովսեսյանը:

Tiknikayin 90 2

Տիկնիկային թատրոնը բազմիցս համագործակցել է այլ թատրոնների և մշակութային ու պետական կառույցների հետ: Թատրոնում իրականացվում են նաև կրթական ու ճանաչողական ծրագրեր: Կարևորելով համագործակցություններն ու փոխադարձ շփումները՝ 90-ամյակի առթիվ թատրոնը անակնկալներ էր պատրաստել նաև գործընկերների համար: Միջոցառման շրջանակում թատրոնը խորհրդանշական «Տիկնիկոն» մրցանակներ հանձնեց այն կառույցներին, որոնք տարիներ շարունակ աջակցել են թատրոնին։ «Տիկնիկոն» տրվեց ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցաբերած մշտական հոգատարության և աջակցության համար։

Tiknikayin 90 4

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց․

«Թատրոնի առանցքային առանձնահատկություններից մեկն այն է, որ Տիկնիկայինը ոչ թե հասարակության որևէ շերտի համար ստեղծված թատրոն է, այլ բոլորինն է։ Իննսուն տարի տարբեր սերունդների ներկայացուցիչներ են անցել այս թատրոնով։ Գուցե շատ մարզաբնակներ այդ հնարավորությունը չեն ունեցել, բայց այսօր թատրոնը պարբերաբար ներկայացումներով հանդես է գալիս նաև ՀՀ մարզերում՝ տեղի երեխաներին հասանելի դարձնելով թատերական արվեստը: Շատ կարևոր է նաև Տիկնիկայինի կարևոր առանձնահատկություններից մեկը, որ բեմադրությունները դրական ավարտ են ունենում, պիեսներում էլ միշտ բարին հաղթում է չարին։ Սա կարևոր  ուղերձ է մեր երեխաներին ու երիտասարդներին այն մասին, որ խաղաղության աղավնին միշտ հաղթելու է, իսկ կրկռան ագռավները պիեսից հետո կհեռանան»,- ասաց փոխնախարարը։

Հանդիսավոր հոբելյանական արարողության շրջանակում նաև անդրադարձ կատարեցին թատրոնի նվիրյալներին: Նրանց թվում վերը նշված գործիչներն են, որոնք ոսկե տառերով են իրենց անունը գրել թատրոնի պատմության էջերում և այսօր արժևորվում ու փառաբանվում են:

Ալմաստ Մուրադյան

  • Hits: 2248

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: