• cultural.am
  • Թատրոն
  • «Տանիքի Կառլսոնը» բեմադրությունը՝ «Թատրոն Տանիքում»

«Տանիքի Կառլսոնը» բեմադրությունը՝ «Թատրոն Տանիքում»

Շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում» պատմվածքը չի կորցնում իր արդիականությունը սերնդեսերունդ։ Գաղտնիքը, թերևս, պատմվածքի գլխավոր  հերոս Կառլսոնի կերպարի մեջ է՝ մեջքին պտուտակ ունեցող, թռչող, չարաճճի հաստլիկ մարդուկ, որը առանձնանում է բացառիկ հումորով և արկածախնդրությամբ։ Նա կարողանում է դառնալ միամիտ ու խոցելի Մանչուկի ամենամտերիմ ընկերը, զվարճացնել նրան տխուր պահերին։ Կառլսոնը Մանչուկի մխիթարությունն է, նրա ուրախ և տխուր պահերի ընկերը։

«Տանիքի Կառլսոնը» բեմադրությունը, որը տևական ժամանակ է, ինչ Թատրոն Տանիքի խաղացանկում է, արդեն հասցրել է սիրվել փոքրիկ հանդիսատեսի կողմից, կառուցված է հայտնի պատմվածքի առանցքային դրվագների վրա։ Ներկայացման նպատակն է հայ փոքրիկ հանդիսատեսին մասնակից դարձնել հայտնի հերոսի չարաճճիություններին և արկածներին։ Ներկայացման բեմադրիչն է Գայանե Անդրեասյանը, բեմանկարիչն ու հագուստի նկարիչը՝ Եվգինե Օհանյանը, դերասաններ՝ Ռուդիկ Մարտիրոսյան, Հայկ Հովհաննիսյան, Սաթենիկ Հազարյան, Լյովա Խուրշուդյան, Ցողիկ Մարտիրոսյան։

Մտահղացումը հետաքրքիր է նրանով, որ տանիքում ապրող հերոսի մասին բեմադրությունը խաղարկվում է հենց տանիքում։ Բեմադրությունը կառուցված է այնպես, որ գլխավոր հերոսը կարողանում է «թռչել» և դուրս գալ բեմական տարածքից՝ պատուհանից։

Գործող կերպարներն են Մանչուկը, Կառլսոնը, հանրահայտ Ֆրեկեն Բոկը և պատմվածքի անբաժան հերոսները՝ երկու գողերը, որոնք բեմադրության մեջ ներկայացված էին մի փոքր այլ կերպարային լուծումներով։

Բեմադրությունը նախատեսված է 3 տարեկան և ավելի տարիքային խմբի  համար, չնայած՝ այն երբեմն նաև գրավում է ավելի փոքր հանդիասատեսին։ Բեմը բավականին գրավիչ է և՛ լուսային լուծումներով, և՛ ռեկվիզիտներով։ Ներկայացումից առաջ փոքրիկ հանդիսատեսին թույլատրվում է վազվզել բեմում, խաղալ բեմի վրայի խաղալիքներով։ Լուսային լուծումները տպավորիչ են, փոքրիկներին գրավում է գունավոր բեմը։

Մանչուկի ու Կառլսոնի տանիքային հանդիպումների իմիտացիան տեղի է ունենում բեմական դեկորատիվ տնակի տանիքին, ինչը թերևս լավագույն լուծումն է այս պարագայում։

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում պատմվածքի հանրահայտ գողերը, որոնցից մեկն այս ներկայացման մեջ հանդես է գալիս կանացի կերպարով։ Այս նորովի կերպարային լուծումը յուրօրինակ գրավչություն է հաղորդում ներկայացմանը և խանդավառություն արթնացնում դահլիճում։ Երկու գողերն էլ իրենց տեսակով զվարճալի են և ինքնատիպ։ Թերևս այս երկուսին կարելի է համարել ներկայացման ամենահաջողված կերպարները։

Վերջիններիս մասնակցությամբ շատ տպավորիչ կերպով խաղարկվում է ուրվականի հայտնի տեսարանը, որտեղ Կառլսոնը սավանի միջոցով ներկայանում է որպես ուրվական և վախեցնում Մանչուկի տուն մտած գողերին։ Լուսային, ձայնային էֆեկտները, դերասանների խաղը բեմում կարողանում են ստեղծել սարսափազդու-զվարճալի մթնոլորտ։ Այս տեսարանը, թերևս, կարելի է համարել ներկայացման ամենահիշվող ու զվարճալի տեսարաններից մեկը:

Ներկայացման մեջ Կառլսոնն ավելի բարի է, զուրկ իրեն բնորոշ սուր կատակներից և ամբարտավանությունից։

Այնուհանդերձ, «Կառլսոնի և Մանչուկի» ընկերության մասին պատմող ներկայացման միտքը նորարարական է, բեմական ձևավորումը՝ հիանալի մտածված։ Կարելի է առանձնացնել բեմի ճիշտ դիրքը փոքրիկ հանդիսատեսի դիտանկյունից․ բեմին մոտ լինելն ու դահլիճի փոքրությունը նույնպես գործում են ի նպաստ հանդիսատեսի և ներկայացման։ 

Ներկայացման վերջաբանը համընկնում է գրքային վերջաբանի հետ՝ մի փոքր ավելի այլ արժեքային շեշտադրումներով։ Վերջում հաղթում է բարին, ինչպես շատ մանկական հեքիաթներում։ Գլխավոր հերոսների կոչն է չտրվել գումարային գայթակղություններին, այլ գնահատել իրական ընկերությունը և լինել ներողամիտ։   

Որպես փոքրիկների համար նախատեսված ներկայացում՝ այն արժե դիտել և՛ ինտերակտիվության, և՛ հետաքրքիր բեմադրության, նաև դերասանական խաղի համար։ Ի՞նչ է տալիս ներկայացումը փոքրիկ հանդիսատեսին՝ ուրախություն, եռանդ, ապրումակցում, մի փոքր ավելի լայն աշխարհընկալում, քան բնորոշ է այդ տարիքային խմբին։

Հայրապետ Հակոբյան

  • Hits: 735

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: