Տեղի է ունեցել «Ականատեսի հուշեր. Բոդիլ Կատարինե Բյոռնի ժառանգությունը» գրքի շնորհանդեսը

1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված Հայոց ցեղասպանությունը և զանգվածային կոտորածները, որոնք աղետալի հետք են թողել հայոց պատմության մեջ, ժամանակին դեպի հայկական հարց են ուղղել բազմաթիվ եվրոպացի միսիոներների: Նրանցից շատերի մասին է պատմությունը հիշում, մարդկանց մասին, որոնք փորձել են աջակցել հայ ժողովրդին, բարձրաձայնել միջազգային հրապարակում և մարդասիրական մեծ գործ կատարել Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայկական կոտորածների (1894-1896 թթ.) և ցեղասպանության ժամանակ։ Մի շարք միսիոներներ անգամ կյանքի գնով համախմբել են որբ երեխաների, որբանոցներ բացել և փրկել բազմաթիվ հայերի: Իմանալով Օսմանյան կայսրությունում հայերի ճակատագրի մասին` մարդու իրավունքների շատ պաշտպաններ են ստանձնել հայերին օգնելու գործը: Մարդասիրական մեծ նախաձեռնության հեղինակ է եղել նաև նորվեգացի միսիոներ Բոդիլ Կատարինե Բյորնը:
Բյորնը 1905 թվականին Գերմանիայում բուժքույրի մասնագիտությունը ուսանելուց հետո «Կանանց միսիոներական կազմակերպության» կողմից ուղարկվել է Օսմանյան կայսրություն և աշխատել որպես միսիոներ բուժքույր Խարբերդ նահանգի Մեզերե քաղաքում, ապա՝ Մուշում: Օսմանյան կայսրությունում իր ծառայության ընթացքում նա համագործակցել է Հյուլֆսբունդի գերմանացի միսիոներների հետ՝ այրիներին և որբերին օգնելու գործում: 1915 թվականին նա ականատես է եղել Մուշի կոտորածներին, այդ թվում՝ իր խնամակալության տակ գտնվող որբերի հալածանքներին և ոչնչացմանը, ինչպես նաև բազմաթիվ հայ քահանաների, ուսուցիչների և օգնականների սպանությանը։ Ցեղասպանության ժամանակ Բոդիլ Կատարինե Բյորնը դարձել է ականատես և մեսիա՝ փրկելով հարյուրավոր անօթևան հայ կանանց և երեխաների կյանքը:
Ցեղասպանությունից հետո վերադառնալով Մերձավոր Արևելք՝ Բոդիլը հոգ է տարել Սիրիայում, Լիբանանում և Կոստանդնուպոլսում ապրող հայ որբերի մասին։ 1922 թվականին որդուն Բեյրութի ֆրանսիական դպրոցում թողնելով՝ Բյորնը, տեղափոխվելով Խորհրդային Հայաստան, Ալեքսանդրապոլում հիմնադրել է «Լուսաղբյուր» որբանոցը, որը փակվեց 1924 թվականին: Փակվելուց հետո Բյորնը տեղափոխվել է Սիրիա՝ օգնելով Սիրիայում և Լիբանանում գտնվող հայ փախստականներին։
Բոդիլ Բյորնը փաստաթղթավորել է իր տեսած իրադարձությունները օրագրի և լուսանկարների միջոցով։ Ազդեցիկ է հատկապես լուսանկարչական ալբոմը՝ բաղկացած ցեղասպանության տարբեր պատկերներից՝ յուրաքանչյուր լուսանկարի հետևի մասում նկարագրական մեկնաբանություններով։ Բոդիլ Բյորնի կողմից արված 300 արխիվային լուսանկարները կարող եք գտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առցանց ցուցահանդեսում և Նորվեգիայի պետական արխիվում (տե՛ս, www.arkivverket.no):
Պատմական փաստագրման և մարդասիրական գործի փաստաթղթավորման տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունեն նաև Բոդիլ Կատարինե Բյոռնի օրագրային գրառումները: Օրերս դրանք ներկայացվեցին հավաքական տարբերակով՝ գրքի տեսքով: Նախաձեռնության հեղինակը, իհարկե, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Նորվեգիայի թագավարության Արտաքին գործերի նախարարությունը: «Ականատեսի հուշեր. Բոդիլ Կատարինե Բյոռնի ժառանգությունը»/Memoirs of an Eyewitness: The Legacy of Bodil Katharine Biørn խորագրով գրքի շնորհանդեսին ներկա են եղել Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոսը, պատմաբաններ Հայաստանից ու արտերկրից:
Ինչպես հայտնում են ՀՑԹԻ-ից, ցեղասպանությունից 110 տարի անց հին նորվեգերենից թարգմանվեցին ու հրատարակվեցին նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյոռնի օրագրային գրառումները՝ գրքի տեսքով: Այդ փաստաթղթերը սկզբնաղբյուրային արժեք ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար: Միջոցառումն ուղեկցվել է նաև «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ժամանակավոր ցուցադրության ներկայացմամբ՝ ծանոթացնելով նորվեգացի մարդասերներին նվիրված հատուկ բաժնին, ցուցադրության շրջանակում ներառված թեմատիկ նմուշներին, այդ թվում` Բոդիլ Բյոռնի անձնական իրերին:
ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է.
«Բոդիլ Բյոռնի կյանքը, գործունեությունը և մարդասիրական առաքելությունն այսօր այստեղ հնչում են որպես վկայության, խիզախության և բարոյական տոկունության խորհրդանիշ։ Ի հեճուկս բռնապետական լռության՝ Բյոռնը նախընտրեց պայքարել, օգնել հայերին և վավերագրել հանցագործությունը»:
Էդիտա Գզոյանը շնորհակալություն է հայտնել Բոդիլ Բյոռնի թոռանը, ով տարիներ առաջ թանգարանին էր նվիրաբերել իր տատիկի օրագրերը, նամակները և անձնական իրերը, որոնք դարձել են Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի կարևոր մաս՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս ներկայացնելու ցեղասպանության ողջ խորությունը՝ Բյոռնի անկեղծ ու խորապես մարդասիրական հայացքի միջոցով։
Իսկ գրքի խմբագիրը՝ ՀՑԹԻ-ի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Ռեգինա Գալուստյանը ներկայացրել է Բյոռնի գործունեության և նրա թողած ժառանգության կարևորությունը: Գրքում ընդգրկված են նորվեգացի միսիոներուհու ամբողջական ձեռագիր օրագրերն ու հուշերը։ Ութ տետրակից կազմված այս ժողովածուի ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1905–1934 թվականները: Օսմանյան կայսրությունում իր մարդասիրական առաքելության ընթացքում Բյոռնը բացառիկ պարզությամբ ու կարեկցանքով է փաստագրել հայ ժողովրդի կյանքը և ցեղասպանության զարգացումները՝ թողնելով հարուստ ազգագրական, աշխարհագրական ու պատմական տեղեկություններ։ Վերջին երկու տետրակներում (1927–1934 թթ.) նա մանրամասնորեն նկարագրում է Հայոց ցեղասպանությունից հետո Հալեպում իրականացրած աշխատանքները՝ ուղեկցվող բազմաթիվ լուսանկարներով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ երեխաների հաշվառման հստակ գրառումներով և այլ վիճակագրական տվյալներով։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 105