Հայտնի են «Անահիտ 2024» մրցանակաբաշխության հաղթողները

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, արդեն չորրորդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Առաջինը 2017 թվականին էր, երկրորդը՝ 2019-ին, համավարակի և հետպատերազմյան իրավիճակի պատճառով 2021 թվականի մրցանակաբաշխությունը հետաձգվել էր ու միանգամից կայացել 2022-ին:

Հայկական ազգային կինոակադեմիան դեռ տարիներ առաջ որոշեց ու 2016 թվականին սահմանեց «Անահիտ» մրցանակը, որ կինոյի մարդիկ իրենց աշխատանքն ավելի գնահատված զգան։ Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս իրադարձության նպատակը մեկն է՝ վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:

ANahit mrtsanakabashxutyun 3

12 անվանակարգում առաջադրված լավագույններին ազգային կինոակադեմիայի բոլոր անդամները որոշում են փակ քվեարկությամբ։ Նրանցից ոչ ոք մինչև վերջին պահը տեղյակ չի լինում, թե ովքեր են հաղթել:

Cultural.am-ը ներկա էր միջոցառմանը և առանձնացրել է հետաքրքիր դրվագներն ու կադրերը։

Պրոդյուսեր, դերասան Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմը մի քանի անվակարգերում էր առաջադրված։ Ասում է՝ ֆիլմի սցենարը համամարդկային պատմություն է, այն ասելիք ունի՝ մարդկությանը դեպի հավատք տանելու։

 Anahit mrtsnakabashxutyun

«Մարդ ինչ-որ բան անում է արդյունքի համար, բայց երբ ֆիլմը ստեղծվում է գրականության հիմքով, ես այդպես եմ որոշում՝ կմասնակցե՞մ ֆիլմին, թե՞ ոչ։ Գրականությունից ելնելով հասկացա, որ ինչ էլ լինի ֆիլմը կունենա մեծ ասելիք ու բարի տեղ կտանի այն մարդկանց, որոնք կդիտեն այն։ Սպասելիքները արդարացվել են, ու գոհ եմ, որ ֆիլմի մի մասնիկն եմ կազմել»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է պրոդյուսերը։

Միջոցառման սկզբում էկրաններից նախ արհեստական բանականությամբ ստեղծված հեղինակավոր ռեժիսորի պատկերն է հայտնվում ու Փարաջոնովի խոսքերը հնչում՝ մրցանակը խորհրդանշում է ոչ միայն հաղթանակը, այլ նաև սերը։ Իսկ առաջին մրցանակի՝ «Կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի հաղթողին Հարություն Մկրտչյանն է հայտնում․ «250 ԿՄ» Հասմիկ Մովսիսյան։

 ANahit mrtsanakabashxutyun 6

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում առաջադրված էին՝ Մարջան Ավետիսյանը «Գարուն ա» ֆիլմով, Նարինե Գրիգորյանը՝  «Ամերիկացի», և Ռուզաննա Խաչատրյանը՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»։ Մրցանակին արժանանում է դերասանուհի Նարինե Գրիգորյանը։

«Չնայած վատառողջ էի, բայց անպայման ուզում էի ներկա գտնվել, ասել՝ բոլորիդ շատ եմ սիրում։ Ես ստացա այս մրցանակը, երջանիկ եմ, որ այդ կինոյի մի լուման եմ, շատ եմ սիրում այն ու ուրախ եմ, որ իմ դերն ունեցա»,- մեզ հետ զրույցում ասում է դերասանուհին։

 Anahit mrtsanakabashxutyun 10

Դերասանուհին պատմում է՝ իրեն առանց քասթինգի են ընտրել, պրոդյուսեր Արման Նշանյանն էլ անկեղծանում է՝ «Նարինեն չէ, բա էլ ո՞վ»․ «Երբ կարդացի սցենարի այդ հատվածը, միանգամից պատկերացրի Նարինեին»։

«Տղամարդու լավագույն դերակատարում» մրացանակն էլ տրվում է Մայիս Սարգսյանին․ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի համար։ Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ինքն է անձամբ գրել սցենարը, պատմում է, որ ֆիլմը ծերունու մասին է, որը հեռացել է իրականությունից ու այլ շրջանում է ապրում․ «Ինքն այսօրվա Երևանում է ապրում ու ընկերություն է անում միայն Լեոնիդ Բրեժնևի հետ, որը, ինչպես «Ալիսան հեքիաթների աշխարհում» է,  հերոսին տանում է այն շրջան, որտեղ շատերն արդեն մահացել են։ Հերոսի ճակատագիրն այդքան էլ հեշտ չէ»։

ANahit mrtsanakabashxutyun 2 

«Թովմասյան» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակը Արտակ Թովմասյանը հանձնեց  ՀՀ ժողովրդական արտիստ Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանին։

Կինոգործիչների հոտնկայս ծափահարությունների ներքո մաեստրոն ստացավ արժանի մրցանակը՝ հայ կինոյի ու երաժշտարվեստի անգնահատելի ավանդի համար․ «Շատ ոգևորված եմ, ոչ թե մրցանակի համար, այլ այն պահերի, երբ մենք միասնական ենք»,- ասում է մաեստրոն։ Մինչ բեմից հեռանալը կատարում է «Տղամարդիկ» ֆիլմի երաժշտությունից մի փոքր հատված։

ANahit mrtsanakabashxutyun 1

Կինոաշխարհը չէր մոռացել նաև իրենց ուրույն դերն ու տեղը ընդգծած հայ կինոյի այն արտիստներին, որոնք, ցավոք, այլևս մեզ հետ չեն․ Ռաֆայել Քոթանջյան, Ռուբեն Կարապետյան, Վրույր Հարությունյան, Լուսինե Կիրակոսյան և այլոց անունները ցուցադրվեցին մեծ էկրանից։

 ANahit mrtsanakabashxutyun 4

Միջոցառման գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հայկական ազգային կինոակադեմիան մրցանակաբաշխության կազմակերպիչն է «Sharm Holding» ընկերությունը՝«Tovmasyan» միջազգային հիմադրամի աջակցությամբ։  Ինչպես նաև  «Ohanyan Brandy Company», «AMIO BANK» ընկերությունները,  «FtNFT» հայկական առաջին NFT հարթակը, «Rouge Beaute» ընկերությունը։ Ինֆորմացիոն գործընկեր՝ «Armenia TV» հեռուստաընկերությունը։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 488

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: