• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Սերգեյ Ռախմանինովի մասին պատմող բացառիկ ցուցանմուշների ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Սերգեյ Ռախմանինովի մասին պատմող բացառիկ ցուցանմուշների ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Այս կոմպոզիտորի ճակատագիրը բարդ է եղել` նման Լիստի և Ռուբինշտեյնի ճակատագրին, որոնք ճանաչվել են առաջին հերթին որպես եզակի դաշնակահարներ, և նրանց կոմպոզիտորական աշխատանքը ընկալվել է թերահավատությամբ։ Ժամանակակիցները նրան ոչ միանշանակ էին ընկալում. ոմանք նրա մեջ նոր ոճ չէին տեսնում, իսկ մյուսները՝ ընդհակառակը․ որոշ ստեղծագործություններ համարեցին հարգանքի տուրք մոդեռնիզմին։ Իսկ եկեղեցու ներկայացուցիչներն անգամ կշտամբել են կոմպոզիտորին՝ եկեղեցական երաժշտությունը աղավաղելու համար՝ նշելով, որ նրա «Պատարագը» չափազանց զգացմունքային է և տեխնիկապես բարդ։ Արտերկրում էլ կոմպոզիտորին ըկալում էին որպես տաղանդավոր դաշնակահար։ Իսկ այսօր ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովն ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից է համարվում։ Ռախմանինովը ռուսական մշակույթի արծաթե դարի իսկական զավակն է եղել՝ ներկայացնելով դարասկզբի ռուսական մշակույթի կարևորագույն տարրերը: Հենց այդ տարրերով Ռախմանինովի երաժշտությունը կապվում է ժամանակաշրջանի գրականության ու արվեստի տարբեր երևույթների հետ։ Կոմպոզիտորի ստեղծագործություններում նկատելի են գեղագիտական ​​և փիլիսոփայական հայացքները, նա արվեստը հասկանում էր որպես մարդկային որոնումների վեհության արտահայտություն, մարդու հոգևոր մտքերում գեղեցիկի արտահայտություն: Իսկ երաժշտությունը զգայական գեղեցկության արտահայտություն է։ Ռախմանինովը նաև մտերիմ էր նրանց հետ, ովքեր փորձում էին բացահայտել Ռուսաստանի հոգևոր արմատները, վերակենդանացնել հին ռուսական երաժշտությունը, 18-րդ դարի հոգևոր երաժշտության ավանդույթները։

Sergey Rakhmaninov 1

Ռախմանինովի վրա հսկայական ազդեցություն են թողել 19-րդ դարի նշանավոր քնարերգուները՝ Ֆ. Շոպենը, Ռ. Շումանը, Գրիգը, իսկ հոգևոր ուղղափառ մշակույթում՝ Մուսորգսկու և Բորոդինի ստեղծագործությունները։ Ժամանակի ընթացքում Ռախմանինովի արվեստը կլանում է շատ նոր բաներ, տեղի է ունենում երաժշտական ​​լեզվի էվոլյուցիան։ Կլանելով իմպրեսիոնիզմի և ավանգարդիզմի բազմաթիվ նվաճումներ՝ Ռախմանինովի ոճն այնուամենայնիվ մնաց եզակի անհատական ​​և ինքնատիպ։

Կոմպոզիտորի 150-ամյակի միջոցառումները, որոնց մեկնարկն ազդարարվել է ՌԴ նախագահի հրամանով, շարունակվում են նաև Հայաստանում։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի համագործակցությամբ կազմակերպված «Սերգեյ Ռախմանինով. Ես ռուս կոմպոզիտոր եմ» խորագրով ցուցահանդեսը Ռախմանինովի երաժշտության սիրահարներին հնարավորություն կտա ծանոթանալ կոմպոզիտորի անձնական և ստեղծագործական արժեքավոր փաստաթղթերին՝ ախիվային հազվագյուտ փաստաթղթեր, լուսանկարներ, կոմպոզիտորի ընտանիքի և երաժշտական ստեղծագործությունների ձեռագրեր։

Sergey Rakhmaninov 4

 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը փաստում է՝ Ռախմանինովյան երաժշտությունը ցուցահանդեսում ներկայացվում է նաև ժամանակակից տեխնոլոգիական նորամուծություններին համապատասխան, այցելելով թանգարան՝ կարող եք QR կոդերի միջոցով ունկնդրել Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ նշանավոր երաժիշտների, ինչպես նաև հենց իր կատարմամբ։

«Ուրախ եմ այսօր ազդարարել մի ցուցահանդեսի մեկնարկը, որը շատ կարևոր գործչի է անդրադառնում, և այսօր մեր կողքին են մեր շատ լավ գործընկեր-բարեկամները։
Ամեն ինչ սկսվեց դեռ 2013 թվականին, երբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Մոսկվայում համագործակցության հուշագիր կնքեց Ռուսաստանի լավագույն թանգարաններից մեկի՝ Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի հետ։ Դրան հետևեցին մի շարք համատեղ նախագծերը, համերգները։ Իսկ այս տարի, քանի որ լրանում է մեր շատ սիրելի կոմպոզիտորի՝ Սերգեյ Ռախմանինովի 150 ամյակը, սա շատ կարևոր առիթ է համագործակցությունը խորացնելու առումով։ Դիմեցինք և շատ ուրախ ենք, որ թանգարանը մեզ հետ կիսվեց շատ կարևոր, բացառիկ էքսպոնատներով։ Ցուցադրությանը ներկայացված է նաև աուդիո ձայնագրություն, որը այցելուներին թույլ կտա ծանոթանալ մեծ կոմպոզիտորի երաժշտական ստեղծագործությանը»,- ասում է Արմինե Գրիգորյանը։

Sergey Rakhmaninov 8

Այցելուների ուշադրությունն է գրավում նաև կոմպոզիտորի ընտանիքի ծագումնաբանական ծառը, որը դարավոր ավանդույթներ ունի։ Ըստ ընտանեկան ավանդույթի՝ Ռախմանինովների տոհմը ծագում է մոլդովյան իշխան Ստեփան Մեծի թոռից՝ Վասիլիյից, որին Ռախմանին էին կոչում։

Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալովի խոսքով՝ Ռախմանինովի ստեղծագործությունն առանձնանում է 20-րդ դարի համաշխարհային երաժշտության էվոլյուցիայում: Դրան միանում է նաև Ռախմանինով անհատի դերը։ Թերևս շատերին է հայտնի, թե ինչպես է Ս. Ռախմանինովն աչքի ընկել նաև հայրենանվեր բարեգործական գործունեությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա համերգների հասույթն ուղղվել է Կարմիր բանակին և ԽՍՀՄ պաշտպանությանը։

Sergey Rakhmaninov 10

«Անչափ ուրախ եմ, որ ցուցադրությունը նշանավոր երաժշտի` Արամ Խաչատրյանի տանն է անցկացվում։ Այն նաև շատ պարտավորեցնող է ու ոգևորող, և, անշուշտ, շատ կարևոր է մեր նշանավոր գործչին նվիրված ցուցադրությունը բերել Հայաստան։ Այսօր երիտասարդներից գուցե շատերը գիտեն, թե ով է Սերգեյ Ռախմանինովը, սակայն ծանոթ չեն նրա երաժշտական ստեղծագործություններին։ Մեր նպատակն է, որ բոլորը ծանոթանան Ռախմանինով երաժշտին և անհատին»,- ասում է Միխայիլ Բրիզգալովը։

Անսովոր բազմակողմանի ստեղծագործողն իր ողջ կյանքի ընթացքում դիմել է ամենատարբեր երաժշտական ​​ժանրերին և իրական գլուխգործոցներ ստեղծել դրանցից գրեթե յուրաքանչյուրում: Իսկ ստեղծագործություններում հայրենիքի նկատմամբ սերն ու կապը ռուսական մշակույթի հետ անհերքելի են: Ռուս կոմպոզիտորի երաժշտության մեջ զգալի է հայրենասիրական զգացմունքների խորությունը։ Դրան միանում է նաև քնարականությունն ու սիմվոլիզմը։ Բարդ սիմվոլներով պատված մոտիվների օգնությամբ, որոնցից գլխավորը միջնադարյան Dies Irae երգչախմբային մոտիվն է, Ռախմանինովը թույլ կտա ընկալել խորհրդավոր աշխարհի էությունը։ Դրվագ, որը խորհրդանշում է աղետի, «աշխարհի վերջի», «հատուցման» կանխազգացումը։ Դրանից զատ շատ կարևոր են նաև
Ռախմանինովի ստեղծագործության քրիստոնեական մոտիվները։ Անշուշտ, հսկայական է կոմպոզիտորի ներդրումը ռուսական հոգևոր երաժշտության զարգացման գործում․ հիշենք «Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգությունը»։

Sergey Rakhmaninov 11

Հարկ է նկատել, որ Ռախմանինովն ամենամեծ սիմֆոնիստներից է։ Ռախմանինովի սիմֆոնիկ երաժշտությունը հզոր ժառանգություն է, որն անցյալից պահել է լեզուն, որտեղ նկատելի է Պ. Ի. Չայկովսկու, ինչպես նաև գերմանացի ռոմանտիկ կոմպոզիտորների ազդեցությունը։ Այն նաև ինչ-որ չափով մարգարեական է՝ ներկայացնելով վրա հասնող համաշխարհային աղետի զգացումը։ Նշանավոր են կոմպոզիտորի «Ժայռ», «Էլեգիական տրիո, «Երաժշտական ակնթարթներ», «Գարուն», «Ժլատ ասպետը», «Ֆրանչեսկա դա Ռիմինի», «Մեռյալների կղզին» ստեղծագործությունները։

Ցուցահանդեսի բացման ավարտին հնչեցին կոմպոզիտորի տեղծագործությունները։ Համերգային ծրագիրը ներկայացրեցին Խաչատրյանի անվան տրիոն, Ռուբեն Կոզինը (դաշնամուր), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Տիգրան Հակոբյանը(տենոր), Ելենա Վարդազարյանը (դաշնամուր)։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 556

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: