«Մենակության գովաբանված տեսակը գրականության մեջ և այլուր այնքան էլ չեմ ընդունում». Գուրգեն Խանջյան

«Հիվանդանոց», «Լուր չկա», «Տուր ձեռք, պստլո», «Համավարակ». սրանք արձակագիր, դրամատուրգ, «Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթի խմբագիր Գուրգեն Խանջյանի  գրչին պատկանող ստեղծագործություններից են: Օրեր առաջ «Գրե լույս» գրական ակումբը ընթերցասերներին հնարավորություն ընձեռեց անձամբ հանդիպել Գուրգեն Խանջյանի հետ և  զրուցել հետաքրքրող թեմաների մասին: Cultural.am-ը մի շարք հարցեր է առանձնացրել հեղինակի հետ զրույցից:

Այսօր բազմաթիվ գրքեր են հրատարակվում, ֆեյսբուքը շատ լավ հարթակ է դարձել` սեփական ստեղծագործությունները տարածելու համար, բայց որո՞նք են գրող լինելու/չլինելու չափանիշները, եթե այդպիսիք կան:

Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ հազար փորձողից մեկն է հաջողում. դա շատ բարդ գործ է: Նախ և առաջ պիտի գրելու տաղանդ ունենաս: Երբ դա կա, գալիս է նաև ազատությունը, համարձակությունը, անկեղծությունը: Բայց երբեմն այդ բոլորը անում ես, հետո էլի տեսնում, որ ստեղծածդ գրականություն չդարձավ: Ինչու՞, ի՞նչն է պակաս, տեսնում ես` կարոտն է պակաս, սերն է պակաս: Այսինքն՝ անհատականության խնդիր է, այդ բոլորը քո մեջ պիտի լինի, բացի աշխատասիրությունից ու տաղանդից: Պիտի չափի, ճաշակի, ռիթմի զգացում ունենաս: Արձակ գրականությունը, ի տարբերություն պոեզիայի, պիտի ընդգրկող լինի, շատախոսություն չէ, բայց իր մեջ շատ բան պիտի պարունակի: Եթե հնարավոր լինի սեղմացնել այդ բոլորը առանց կորցնելու, դա արդեն գրողի շնորհքը կլինի:

Ձեր առաջին վեպը ՝ «Հիվանդանոց»-ը,  հանրության շրջանում լայն արձագանք է գտել: Ի՞նչ եք զգացել այն գրելուց  առաջ և հետո:

«Հիվանդանոցը» իսկապես առանձնանում է, որովհետև այն  սկսվեց գրվել սովետի մեջ, այսինքն՝ այն  պիտի  լիներ  այլաբանություն, որովհետև չէր կարելի խոսել սովետի մասին: Դրա համար ընտրվեց հիվանդանոցի այլաբանությունը. հիվանդանոցի տակ այդպես քողարկված, ծածուկ կոմունիստական կուսակցության գլխավոր «ցեկան» էր (խմբ.՝ կենտկոմ): Եվ մարդ, որը հայտնվել է այս իրավիճակում, հետո` ուրիշ, ո՞նց է տանում այդ բոլորը:

«Հիվանդանոցը» սկսեցի գրել սովետի փլվելուց շուրջ երկու տարի առաջ ու անպատկերացնելի էր, որ այդպես հանկարծակի կփլվի: Բայց սկսվեց ուրիշ կյանք. մութ, ցուրտ, սով, պատերազմ: Իբր եղածը քիչ էր, սա էլ մի նոր անհայտություն: Մարդն ինքնաբերաբար ընկավ դեպրեսիվ վիճակի մեջ իր նմանների հետ ու հայտնվեց այդ տարածքում՝ հիվանդանոցում: Անկեղծ եմ արել այս գործը, երևի ամենաանկեղծ գործս  է:

Gurgen Khanjyan 1

Կյանքին պատկանող շերտեր կա՞ն, որոնք դեռ չեք բացահայտել:

Պարզապես իմ բախտը բերեց կամ ուրիշ մի բան: Հաջողվեց մեծ ու խորը կյանք ապրել: Ապրեցի մի կայսրությունում, որի նմանը չկա ու գուցե ոչ էլ լինի: Այդ կայսրության բոլոր շավիղներով անցա. բանակ, ինստիտուտ, փողոցային կռիվներ: Շփումները հարստացրին այն կյանքը, որով ես ապրել եմ: Դրանից անմիջապես հետո այդ կայսրության փլուզումը, պատերազմը, դրանից առաջ`երկրաշարժը…Լավ կլիներ՝ ես այդ փորձը չունենայի ու առհասարակ գրող չլինեի, քան թե այդ արհավիրքները…Բայց կյանքը շարունակվում է, պատերազմը շարունակվում է: Մարդը երբեմն պատերազմից դադար է առնում, հետո նորից սկսում է պատերազմել, սիրում են պատերազմը, սիրում են իրարից բան խլել, գրողի համար լիքը լավ նյութ, բայց գրողական էգոիզմը և կյանքը էլի…

Ինչպիսի՞ն պիտի լինի ուրիշ հեղինակի ստեղծագործությունը, որ Ձեզ գրավի ու սկսեք կարդալ:

Պիտի անկեղծ լինի, իմ հետ խաղեր չանի: Չփորձի ուրիշի ապրածը սեփականի տեղ ներկայացնել, որովհետև դա շատ արագ բացվում է: Պիտի լինի ճաշակով, չձանցրացնի:

Կա՞ն ժամանակակից գրողներ, որոնց ստեղծագործությունները կարդացել եք, արժեք տեսել դրանցում ու մյուսներին ևս խորհուրդ կտաք կարդալ:

Տարօրինակ չհնչի, բայց դրանք այնքան շատ են: Ամեն անգամ «Գրեթերթ»-ի նոր համար կազմելիս ինձ թվում է վերջ, էլ ինչ պիտի լինի, մեկ էլ հայտնվում են հեղինակներ, որ ապշում եմ՝ որտեղից եկան, ինչ են գրում: Մի քիչ ուրիշ սերունդ է: Անուններ չեմ ուզի տալ. գուցե մեկին մոռանամ:

Ձեր «Համավարակ» վեպի հերոսներից մեկն ասում է՝  հոգեպես իսկապես առողջ մարդը չի կարող երկար ժամանակ սիրել մենակությունը, այսինքն՝ մենակյացությունը հոգեկան խանգարում է: Դուք ինչպե՞ս եք կարծում:

Մի հոգեկան թերության կամ հիվանդության պատճառով ես չէի կարողանում մարդկանց հետ շփվել. միշտ մենակ, միշտ մենակ, բայց ուզում էի փախչել այդ մենակությունից, որովհետև զգում էի դա վիճակ չէ, դա մարդու համար չէ: Մենակության գովաբանված տեսակը գրականության մեջ և այլուր այնքան էլ չեմ ընդունում. օրիգինալ է, հա՛, բայց մարդը չի կարող այդպես ապրել: Եթե միշտ մենակ ես, ինչքա՞ն կարող ես գրել դրա մասին, կամ ո՞ւմ կարող է դա շատ հետաքրքիր լինել: Եթե շատ ես գրում դրա մասին ու ծավալուն՝ ուրեմն այդքան էլ մենակ չես: Այդ տեսանկյունից Կաֆկան է ինձ ապշեցրել, որովհետև իր ամբողջ գրականությունը մենակի գրականություն է, մեկ էլ հանկարծ ինքնակենսագրականում կարդում ես՝ մտել է գարեջրատուն, խմել, նույնիսկ ծառայել է բանակում: Զարմացա, նրան այլ կերպ էի պատկերացնում, բայց դա իհարկե չի խանգարում, որ նա ինձ համար մնա այնպիսին, ինչպիսին կա:

Gurgen Khanjyan 2

Ասում են՝ հեղինակի երկրորդ և հաջորդ գրքերը ունենում են առաջին գրքի մասնիկները, ասես լրացնում են դրան, շարունակությունն են կամ պատառիկները: Ի՞նչ կասեք սրա մասին:

Քո հիմնական գիրքը մանկությունն է: Բոլորս այնտեղից ենք գալիս, դրա տվածից  խուսափել չես կարող և ինչ էլ գրես՝ դա մեջն է լինելու: Ես հիմա ինչ գրում եմ, գնացքը մեջն է, ինչու՞, որովհետև Թիֆլիսում  կայարանի կողքն ենք ապրել, և ես քնում էի գնացքի դղրդոցի տակ: Գիտեի՝ երբ է անցնում ծանրաքարշ գնացքը, երբ է անցնում Երևանի գնացքը, առավոտյան երբ է այն վերադառնում Երևանից: Երկաթգծով էի գնում դպրոց, ճանապարհն այդպես էր, և դա մտավ իմ մեջ: Հիմա եթե գնացքները վերանան, իմ միջից հո՞ չեն վերանա, ինչ էլ գրեմ, գնացքի ռիթմը մեջն է:

Այդ դեպքում ինչի ՞  մասին պիտի գրի նոր սերունդը, որի մանկությունը սկսվում է հեռախոսից, ինտերնետից:

Տրանսպորտում իրար կողք նստած տղան ու աղջիկը իրար չեն տեսնում` գրում են: Կարող է դու գրում ես ու հենց այդ աղջկան ես փնտրում, մի հատ շրջվիր, նայիր: Թվում է, թե դա շփվելու միջոց է հենց, բայց այդպես չի լինում, մարդիկ իրարից կտրվում են: Մարդը կողքդ է, շփվի, ինչի՞ց ես վախենում, դա ի՞նչ մարդավախություն է: Միջնորդավորված երևի հեշտ է:

Սա իսկապես խնդիր է: Ես շատ եմ մտածել այս  մասին, չգիտեմ…

Ի՞նչն է պակասում այսօր  Երևանին:

Ես հարյուր անգամ կարող եմ նայել «Հայրիկ» ֆիլմը: Անգիր գիտեմ` ինձ դա չի հետաքրքիր, պարզապես այդտեղ տեսնում եմ նույն Երևանը, իմ քաղաքը, իմ սիրած գինետունը… Այսօր անընդհատ ավելանում են բաներ, որ Երևանինը չեն, Երևանն արդեն չկա:

Gurgen Khanjyan 3

Արդյո՞ք խաղաղ եք հասարակության հետ:

Չէ՜, եթե խաղաղ լինեի առհասարակ չէի գրի: Սկզբում նույնիսկ թշնամական, ըմբոստ պահեր կային, հիմա մի քիչ խաղաղվել եմ, որովհետև ապրում ես, փորձ ես ձեռք բերում, հասկանում ես՝ կյանքը սա է, չի փոխվում: Մարդն էլ սա է, մեկ այսպիսին է, մեկ այնպիսին, ինքը մեղք չունի, որ այդպես է, որովհետև ժառանգաբար այդ կերպն է ստացել, հետո ինչ-որ միջավայրում թրծվել է, պիտի փորձի փոխվել, եթե տեսնում է, որ ինչ-որ բայն այն չէ: Բայց թշնամանալ` արդեն չէ, առաջ՝ կարող էի:

Վերջին տասնամյակում սկսել եք ծանր ռոք սիրել, գուցե քչերը գիտեն, բայց նաև նկարում եք:  («Սպանել փրկչին» գրքի շապիկին հենց այդ նկարներից մեկն է): Նկարչության, երաժշտության ու գրականության փոխհարաբերությունը ինչպե՞ս է լինում: Առհասարակ որտե՞ղ են  սրանք հատվում կամ լրացնում իրար:

Ինձ ավելի շատ երաժշտությունն է օգնում: Վերջին տասը տարում սկսել եմ ռոք լսել. բաներ կան, որ դու էլ չես զգում`  ինչիդ է խփում. այնպիսի տեղ է խփում, որ մտածում ես՝որտեղից իմ մեջ սա:  Այդ երաժշտությունից աչքիդ առաջ պատկերներ են գալիս, որ երբեք չեն եղել:

Կան բաներ, որ բառերը չեն կարող արտահայտել, չեն հերիքում: «Meshuggah» շվեդական ռոք խումբ կա, ամենածանր խմբերից է, այնպիսի տպավորություն է` ոնց որ ճոպաններ լինեն իրենց կիթառները, ոչ թե լարեր ու ոչնչի վրայով անցկացված լինեն: Նկարներից շատերը երաժշտության զգացողությունից են ստեղծվել: Մառլյա եմ վերցրել, ինչ-որ խոռոչ արել, սև կետեր, վրան ներկեր լցրել, բայց  դա սեփական հոգու համար է արվել, նկար չի, որը կարող է ցուցադրվել: Դա պոռթկում էր,  որը տևեց հինգ-վեց տարի, հետո դադարեց, և դրանից ուրիշ զգացողությամբ դուրս եկա:

Հիմա դեթ մետալ եմ լսում, որն առանձնապես երաժշտություն չի, ըմբոստություն է: Այդ տղերքը հայհոյում են իրենց մոլորակի վրա եղած այն բոլոր բաները, որ ես էլ հաճույքով կհայհոյեի: Այդպիսով՝ ես ոնց որ իրենց միանամ, իմ միջից լարվածությունը հանեմ: Այդ հարցում նրանք ինձ օգնում են, դրա համար այսօր ավելի շատ դա եմ լսում, թեև դա երաժշտություն չի, անընդհատ կրկնություն է:

Բայց սրանք, անպայման, իրար օգնում են, գրելու ընթացքում քեզ չափի, ճաշակի ու թիռմի մեջ են դնում և, վերջապես, հարստացնում են այն:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 741

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: