Խոստանում են զարմացնել հայ հանդիսատեսին․ Յակոբսոնի անվան բալետի թատրոնը Հայաստանում կներկայացնի «Դոն Կիխոտ»-ը

Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այս տարի ևս խոստանում է զարմացնել հայ հանդիսատեսին․ Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան աշխարհահռչակ բալետի պետական ակադեմիական թատրոնի արտիստները Հայաստանում ժամանակակից մոտեցմամբ կներկայացնեն Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը:
Ներկայացումը թատրոնում տեղի կունենա մարտի 3-ին և 4-ին։ Մարտի 2-ին լրագրողների հետ թատրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը նկատեց՝ Յակոբսոնի անվան թատրոնի արտիստներին հյուրընկալելը մեծ պատիվ է:
Ասուլիսին ներկա էին նաև Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ֆադեև Անդրիան Գուրիևիչը, բալետի առաջատար պարողներ Ելենա Չերնովան ու Վյաչեսլավ Սպիլչևսկին, որոնք մարմնավորում են գլխավոր հերոսներին: Թատրոնի կազմը ոգևորված է հայաստանյան հյուրախաղերով, և հայ հանդիսատեսին խոստացան ցուցադրել նոր «Դոն Կիխոտ»՝ օրիգինալ բեմադրությամբ ու ինքնատիպ մոտեցմամբ:
Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը եզակի արտիստական կոլեկտիվ է. թատրոնն ունի 50-ամյա պատմություն և պատվով կրում է 20-րդ դարի ռուս ականավոր պարուսույցի անունը։ Թատրոնը Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցույթի մրցանակակիր:
Դուրգարյանը հիշեց նաև թատրոնի և հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի միջև եղած կապը, վերհիշեց հետաքրքիր պատմություն․ «Ինձ համար շատ հաճելի է, որ այս թատրոնը կրում է ականավոր խորեոգրաֆ Լեոնիդ Յակոբսոնի անունը, որն իր ժամանակին յուրահատուկ ու նորարարական ներկայացումներով մեծ հեղափոխություն է արել բալետային արվեստում։ Յակոբսոնին Հայաստանի հետ է կապում մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Առաջին անգամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը բեմադրվել է Մարիինյան թատրոնում: Բեմադրիչը եղել է Յակոբսոնը: Մոտավորապես 800 կոստյում է կարվել այդ ներկայացման համար, և այն համարվել է ամենաշքեղ բեմադրություններից մեկը: Շատ հաճելի է, որ այդ երկու մեծերը համատեղ աշխատել են: Մի ուշագրավ դեպք է պատահել նրանց միջև: 1956 թվականին Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի վրա երկու ջենթլմեն լուրջ վիճում են. վեճը վերածվում է կռվի: Անցորդները ոստիկանություն են կանչում, և ոստիկանները ջենթլմեններին տանում են բաժին: Պարզվում է՝ վիճում են Խաչատրյանն ու Յակոբսոնը: Վեճի պատճառն այն է, թե ինչու է կրճատվել բալետի այս կամ այն մասը և այլն: Սանկտ Պետերբուրգում հաճախ են պատմում այս պատմությունը, երբ խոսում են Խաչատրյանի ու բալետի մասին: Պատմությունն անգամ գրքերում է ներառվել»,- ասաց թատրոնի տնօրենը։
Հայաստանում լինելու և «Դոն Կիխոտ» բալետը հայ հանդիսատեսին ներկայացնելը մեծ պատիվ համարեց նաև Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ֆադեև Անդրիան Գուրիևիչը։ Նա խոստովանեց՝ մի փոքր անհանգստանում են, քանի որ առաջին հանդիպումն է հանդիսատեսի հետ, և նրանց ու արտիստների միջև եղած կապն ու հույզերը թատերական լավ մթնոլորտի առաջնային պայմաններից են․ «Երբեմն պատահում է՝ հանդիսատեսն ասես սառչում է, թվում է՝ չի շնչում, հետո քննարկում է այն, ինչ տեսել է: Մենք մի քիչ անհանգստանում ենք»,- խոստովանեց նա։
Արամ Խաչատրյանի մասին նա նույնպես խոսեց․ «Ինչպես ասվեց, ժամանակին մեր թատրոնի հիմնադիրն ու Խաչատրյանը համատեղ հրաշք են ստեղծել: «Սպարտակ» բալետով նրանք պարզապես պայթեցրել են ոլորտը, զարմացրել համաշխարհային բալետը: Նրանք «Սպարտակ»-ի հիմքում ոչ դասական ուղղվածության բալետն են դրել, նոր, համարձակ բեմադրություն են արել, որը հեղափոխություն է համարվել բալետային արվեստում: Խաչատրյանն ու Յակոբսոնը նորարարներ են եղել և դասականներ են դարձել իրենց բնագավառներում՝ մտնելով համաշխարհային արվեստի պատմության մեջ»,- շեշտեց Գուրիևիչը:
Նա անդրադարձավ նաև ներկայացման գլխավոր բեմակատարներին՝ Ելենա Չերոնովային և Վյաչեսլավ Սպիլչևսկիին՝ նրանց անվանելով թատրոնի փայլուն պարողներ։ Յակոբսոնի թատրոնի առաջատար մենակատար Ելենա Չեռնովայնն էլ նշեց՝ իրենց ներկայացումը հեռանում է դասական կանոններից։ Նա համոզված է, որ հանդիսատեսն այն ըստ արժանվույն կգնահատի:
«Դոն Կիխոտ» բեմադրությունը Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկունն է, լիբրետոն և վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգինինը, բեմադրության և զգեստների նկարիչը Ժերոմ Կապլան է, լուսային ձևավորումը՝ Վինսենթ Միլլեինն է, դիրիժորը` Իգոր Տոմաշևսկին: Թատերախումբը հանդես կգա Երևանի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը կղեկավարի դիրիժոր Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկին:
Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը ԽՍՀՄ-ում առաջին բալետային թատրոնն էր, որն օպերային թատերախմբից առանձին է ստեղծվել։ 2011 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն Անդրիան Ֆադեևն է։
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 363