Չարենցյան սիմվոլիզմը՝ արդեն հասանելի նաև ֆրանկոֆոն ընթերցողներին
Գրող Եղիշե Չարենցն իր կյանքը Հայաստանից դուրս չի պատկերացրել (Խաչիկ Դաշտենցին է ասել Չարենցը, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում), բայց նրա ստեղծագործությունները Հայաստանից դուրս գտնվող ընթերցողներին մշտապես գերել են ու գրավել։ Ֆրանկոֆոն հանրությանը նոր հնարավորություն է տրվում՝ ծանոթանալու Եղիշե Չարենցի բանաստեղծություններին, մասնավորապես չարենցյան սիմվոլիզմին։
Եղիշե Չարենցի ծննդյան 125 և մահվան 85-ամյակների առիթով ընթերցողների սեղանին դրվեց Եղիշե Չարենցի «Ծիածանը» և…» երկլեզու՝ հայերեն և ֆրանսերեն գիրքը։
Գիրքը վերնագրված է «Ծիածանը» և…», քանի որ այնտեղ զետեղված են Եղիշե Չարենցի «Ծիածանը» շարքը, ինչպես նաև բանաստեղծություններ «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից, ընդհանուր` թվով 74 ստեղծագործություն (հայերեն և ֆրանսերեն լեզուներով):
Ֆրանսերեն թարգմանիչն է Արամ Բարլեզիզյանը, ում հիշատակին նվիրված ցուցադրվեց նաև «Ծիածանը» և…» գրքի թարգմանության ընթացքում նրա ձեռագրով արված նշումների թուղթը, որը պահվել է Ե.Չարենցի տուն-թանգարանում։
Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը՝ գրականագետների, չարենցագետների, Չարենցի տուն-թանգարանի բարեկամների, թարգմանիչ Արամ Բարլեզիզյանի ընտանիքի անդամների, գործընկերների մասնակցությամբ։
Գրքի շնորհանդես-ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն կարևորեց այն փաստը, որ հնարավորություն են տալիս ֆրանկոֆոն հանրությանն ավելի լավ ճանաչել տաղանդավոր բանաստեղծ Եղիշե Չարենցին ու նրա ստեղծագործությունները։
«Ուրախ ենք, որ աջակցել ենք Չարենցի անվան թանգարանին թարգմանել և խմբագրել այս գիրքը»,- նշեց նա։
ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ասաց, որ դեռևս 2021 թվականին՝ Չարենցի հոբելյանական տարվան ընդառաջ, հանձնաժողովի կողմից առանցքային նշանակություն տրվեց հենց թարգմանական ծրագրերի իրականացմանը, ուրախ են, որ հոբելյանական տարվա ավարտին այսօր արդեն «Ծիածանը» և…»-ը ներկայացվեց ֆրանսերեն և հայերեն։
«Ընդհանրապես, Չարենցն և իր ստեղծագործությունները 20-րդ դարի հայ գրականության ներկապնակի ամենախիտ և հիմնային գույներից է, և նմանօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են հայ գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու, Հայաստանի մասին ճանաչելիությունը բարձրացնելու տեսանկյունից։
Ավելի քան 30 լեզուներով թարգմանված չարենցյան ստեղծագործությունները նորովի բացահայտման բազմաթիվ շերտեր ունեն, և վստահ ենք` այս գիրքն իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հասարակության, հատկապես ֆրանկոֆոն մշակույթի դաշտում»,- նշեց նա։
Աստղիկ Մարաբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը գրքի հրատարակմանն աջակցելու, ընդհանրապես՝ բոլոր այն ծրագրերի համար, որոնք ուղղված են հայկական մշակույթի տարածմանը, պահպանությանը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը պատմեց, որ Չարենցի ստեղծագործությունները ֆրանսերեն թարգմանելու նախաձեռնությունը ծնվել է դեռևս նախորդ տարի Գիյոմ Նարժոլեի և դեսպանության աշխատակիցների՝ Չարենցի տուն-թանգարան այցից։
«Թանգարանում շրջելուց հետո ունեցանք փոքր քննարկում թանգարանի և դեսպանատան միջև համագործակցության հնարավորության շուրջ։ Հաշվի առնելով, որ թանգարանի ռազմավարական ուղղություններից մեկն է Չարենց անհատը, կերպարը միջազգայնացնելը և այդ նպատակի իրականացման ճանապարհին է նաև իր գրական ժառանգության թարգմանությունները` թանգարանի կողմից առաջարկ եկավ դեսպանությանը հնարավորության դեպքում որոշ ստեղծագործություններ թարգմանել ֆրանսերեն, և, ի ուրախություն մեզ, այդ առաջարկը չմերժվեց, Ֆրանսիայի դեսպանությունն աջակցեց մեզ։ Արդյունքում այսօր արդեն սեղանին դրված է երկլեզու՝ հայերեն և ֆրանսերեն գիրք»,- ասաց Ժաննա Մանուկյանը։
Նա նաև նշեց, որ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները հանրայնացնելու, տարածելու, թանգարանի՝ ոչ տեղացի այցելուներին առաջարկելու համար շատ լավ հնարավորություն է այս գրքի լույս ընծայումը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը պատմեց, որ պապը՝ Եղիշե Չարենցը, շատ սիրում էր ֆրանսիացի իմպրեսիոնիստներին, ասում էին՝ ժամերով կարող էր կանգնել, մեկնաբանել, շատ լավ գիտեր համաշխարհային գեղանկարչություն, ճարտարապետություն, չնայած չէր ավարտել համալսարաններ, բայց կարող էր ամեն ինչի մասին մի ամբողջ դասախոսություն կարդալ։
«Երևի թե պատահական չէր, որ հենց այս ժողովածուն ընտրեցինք ֆրանսիացի ընթերցողի համար։ Կարծես նրանց սա ավելի մոտ է՝ իրենց հույզերով, կապույտը որպես երազ, սեր, ոսկին իրականությունը և երբ որ խամրում է սերը, գալիս է մի մշուշ, ինչպես Չարենցն էր ասում՝ խամրող մշուշ մանուշակագույն»,- ասաց Գոհար Չարենցը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանի ներկայացմամբ՝ անցած տարի, երբ խոսք է եղել Չարենցի ստեղծագործությունները ֆրանսերեն թարգմանելու մասին, անմիջապես անդրադարձել են բանաստեղծի սիմվոլիստական ստեղծագործություններին։
«Եթե սիմվոլիզմ, ապա ֆրանսերեն։ Գրքում հավաքվեցին Չարենցի սիմվոլիստական շրջանի ստեղծագործություններից մի փոքր փունջ։ Առանց երկմտելու անդրադարձանք «Ծիածանը» շարքին, մի քանի այլ ստեղծագործություններ ծաղկաքաղ արեցինք այլ շարքերից»,- ասաց նա, ապա անդրադարձավ գրքի շապիկին. «Քանի որ գրքում ներկայացված ստեղծագործությունները սիմվոլիստական են, շապիկին էլ նման լուծում տրվեց։ Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում պահպանվում է Կառլեն Հովսեփյանի 1987 թվականին արած այս աշխատանքը։ Սիմվոլիզմ է ամբողջությամբ՝ Չարենցն է, մյուս կողմից կինը, անուն չկա, ընդհանուր սիրած կինն ու սիմվոլիստական գույն»։
Ասուլիս-շնորհանդեսի վերջում ելույթ ունեցավ Կոմիտասի անվան լարային քառյակը։ Դասական երաժշտության ուղեկցությամբ կատարվեց Եղիշե Չարենցի «Ծիածանը» և…» գրքի կոնյակաձոն և մակագրություններ գրքի՝ թանգարանի օրինակի վրա։
«Սովորաբար գինեձոն են անում, բայց մենք կազմակեպում ենք կոնյակաձոն՝ հաշվի առնելով Չարենցի սերը կոնյակի հանդեպ»,- ասաց Ժաննա Մանուկյանը։
Նաիրա Տիգրանյան
- Created on .
- Hits: 1258