Այսօր քայլում ենք ականների վրայով. Արվեստաբան Վիգեն Գալստյանը՝ Կամո Նիգարյանի գործերի ցուցադրության մասին
«Թղթե ականներ․ Կամո Նիգարյանի պայթուցիկ պաստառային արվեստը, 1970-2000ականներ» վերնագիրը կրող ցուցահանդեսը փետրվարի 4-ից մինչև մարտի 6-ը կլինի Ազգային պատկերասրահում: Սա հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունն է։ Ցուցահանդեսը կազմակերպել է «Թեք տեղ» թատրոնը՝ Երևանի Գյոթեի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այն ընդգրկում է ավելի քան 70 տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-աններին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին։
Cultural-ը խոսել է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյանի հետ, որի խոսքով` պաստառային արվեստը միտված է որոշակի պայթեցումներ անելուն մեր գիտակցության մեջ, հատկապես եթե խոսքը գնում է քաղաքական կամ սոցիալական պաստառների մասին:
«Կամո Նիգարյանն իր գործերում ունի նման մոտեցում, քանի որ նա պաստառային արվեստը դիտարկում էր՝ որպես տեսողական լեզվի հզոր միջոց, որն անմիջապես կարող է հաղորդակցվել այն թաքնված և ներքին բնազդների հետ, որոնք կարծրացած են մեր գիտակցականում: Նիգերյանն ունի քննադատական մոտեցում, և նրա պաստառները ևս այդպիսին են: Մեր իրականությունում մի փոքր այլ կերպ է հնչում ցուցահանդեսի վերնագիրը, որովհետև ցուցահանդեսը ծրագրվել էր մինչ պատերազմը՝ 2019 թվականին: Այսօր կարծես այդ ականների վրայով ենք քայլում, կարևոր է կողքիդ ունենալ նման արվեստագետ, որը հասարակությանը ճիշտ ուղով կտանի»:
Կամո Նիգարյանը այն արվեստագետներից է, որը սկսել է իր ստեղծագործական ուղին դեռ լճացման տարիներին, որի ժամանակ նրա բողոքը ուղղված էր այդ ժամանակվա գերիշխանությանը, գաղափարական լճացմանը, որը տեղի էր ունենում ԽՍՀՄ-ում, այդ թվում` Հայաստանում:
«Եթե արթուն արվեստագետ ես, այդ ժամանակվա իրավիճակը պետք է լիներ անհանդուրժելի, չգնայիր կոմպրոմիսների ու տեսնելով դա` պայքարեիր: Նիգերյանը արվեստի միջոցով փորձում էր ներազդել առօրյա կյանքի վրա: Նա ինձ համար հայաստանյան այն քիչ արվեստագետներից է, որը հարուստ ժառանգություն է թողել արվեստի տարբեր ձևաչափերում՝ դիզայն, լուսանկարչություն, գեղանկարչություն: Շատ լուրջ է մոտեցել յուրաքանչյուր բնագավառին, և դա էր պատճառը, որ կարիք եղավ առանձին ցուցահանդեսներով հանդես գալ: Առաջինը նրա վերացական արվեստին նվիրված ցուցադրությունն էր, 2015 թվականի Շիզո պոլիս ցուցահանդեսն էլ երկրորդն էր, որը փորձ էր ներկակայցնելու Կամո Նիգարյան արվեստագետի հավաքական կերպարը: Երրորդն էլ սա է: Առաջիկայում ևս ցուցադրություններ կլինեն»,- ասաց Վիգեն Գալստյանը:
Նատալի Մկրտչյան
- Created on .
- Hits: 3822