ԱՎԱԶԵ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՈՒՅՍԻ ՈՒ ՍՏՎԵՐԻ ԽԱՂ

Ավազե նկարչությունը սկիզբ է առել 1970-ական թվականներից և հետագայում լայն տարածում ունենալով՝ դարձել է ժամանակակից նկարչության կարևոր ճյուղերից մեկը:
«Ավազե նկարչությունը մեխանիկական աշխատանք չէ միայն, այն ուղեկցվում է դինամիկ շարժումներով՝ ստեղծելով ձեռքերի պար»,- ավազե նկարչության իր առաջին սեմինարի ժամանակ ասաց երիտասարդ նկարիչ Արմեն Մխոյանը:
Սեմինար-դասընթացի ընթացքում Երիտասարդական ՀԿ-ի նախագահ Գևորգ Մկրտչյանը ներկայացրեց երիտասարդ նկարչի կատարած աշխատանքներից մի քանիսը: Նա բացատրեց մեզ սեմինարի նպատակը. «Ծանոթ լինելով Արմենի գործերին՝ որոշեցի համագործակցել նրա հետ և ներկայացնել արվեստի այս ճյուղը, որը դեռ նոր է Հայաստան գալիս»:

Այնուհետև նկարիչը մասնակիցներին ներկայացրեց նկարչության հիմնական «օրենքները» և հիշեցրեց, որ նկարչությունը հոգեվիճակի արտացոլում է, ցանկացած տարիքում այն կարելի է սովորել. «Նկարչությունը տարիքային սահմանափակում չունի: Սկսած 5-6 տարեկանից՝ մարդիկ կարող են նկարել: Եթե կարողանում ես գրել-կարդալ, ապա կարող ես նաև նկարել»: Արմենը նկարչության մեջ առանձնակի կարևորեց ոգեշնչումը, որը երբեմն ստիպում է անել անհնարինը:
Սեմինար-դասընթացի նպատակներից մեկը մանակիցներին ծանոթացնելն էր արվեստի այս նոր ճյուղի առանձնահատկություններին:
«Այս արվեստում կարևորվում է լույսի ու ստվերի խաղը, ինչի շնորհիվ էլ կառուցվում են պատկերները: Բայց միայն դա բավարար չէ. պետք է ամբողջական պատկերացում ունենալ օբյեկտի մասին, հասկանալ կառուցվածքը»,- ասաց նկարիչը: Արմենը ավելացրեց նաև, որ ի տարբերություն նկարչության մյուս տեսակների, որտեղ օգտագործվում են տարբեր գունանյութեր, մատիտներ, վրձիններ, ավազե նկարչության մեջ օգտագործվող միակ տարրը սեփական ձեռքերն են, որոնց շնորհիվ էլ հետագայում ստեղծվում է պատկերը:

Արմեն Մխոյանի ավազե նկարչության «Ժամանակ» ստեղծագործությունից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան նկարելու և փորձելու իրենց երևակայությունն ու հմտությունները:
Սեմինարին մասնակցում էր նաև երիտասարդ ռեժսոր, նկարիչ Հարություն Գալֆայանը, ում հետաքրքրել էր ավազե նկարչությունը և որոշել էր ներկա գտնվել սեմինարին: Նրա կարծիքով ավազե նկարչությունը արվեստի ժամանակակից և հետաքրքիր ճյուղ է, որը կարելի է կապել նաև թատերական արվեստի հետ:
Ամալյա Մարգարյան
- Created on .
- Hits: 4960