ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ
Ամերիկահայ գրող Դանա Ուոլրաթը «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում հանդիպեց ընթերցողների հետ: Հեղինակը ներկայացրեց իր «Ինչպես ջուրը քարին» (Like Water on Stone) գիրքը:
Ուոլրաթը Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է։ «Ինչպես ջուրը քարին» չափածո վեպում պատմվում է գրողի տատիկի 100 տարի առաջ կատարած ճամփորդության մասին։
«Տատս մինչև իմ ծնվելն էր մահացել: Տասը տարեկանում մորս հարցրի՝ ինչպիսին էր տատիս կյանքը: Մայրս պատմեց ինձ ցեղասպանության մասին և թե ինչպես է ծնողների սպանվելուց հետո փոքր քրոջ և եղբոր հետ փախել. գիշերը փախել են, իսկ ցերեկը թաքնվել: Փախուստը ոչ թե մի գյուղից մյուսն էր, այլ Բալուից (գյուղ Դիարբեքիրում) Հալեպ»,-պատմում է հեղինակը:
Ուոլրաթը փորձել է գնալ նախնիների հետքերով, այցելել է Բալու, որտեղից նրա տատն էր. «Գիտեի, որ տատիս ընտանիքը ջրաղացպան է եղել: Բալու գնալու համար մի քիչ թուրքերեն սովորեցի, որ կարողանայի ինձ հուզող հարցերը տալ: Հենց հասա այնտեղ, անընդհատ նույն հարցն էի տալիս՝ այստեղ ջրաղաց կա՞: Ինձ ուղղություն ցույց տվեցին՝ ասելով, որ հատեմ կամուրջն ու գնամ գետի հոսանքի ուղղությամբ…. Հետևելով գետի հոսանքին՝ մտա անտառ, որտեղ էլ տեսա մի ջրաղաց: Հարևան տան թուրքերը հյուրասեր գտնվեցին և մեզ հրավիրեցին թեյելու: Որոշ ժամանակ զրուցելուց հետո ես հարցրի ջրաղացի մասին: Տանտիկինն անկեղծացավ՝ ասելով, որ վաթսուն տարի է այն պատկանում է իր ընտանիքին, բայց մինչ այդ եղել է հայերինը»:
Գրող Ալան Ուայթհորնը, ով Հայաստան է ժամանել Կանադայից, Դանա Ուոլրաթին բնորոշում է որպես գիտնական, բանաստեղծ և արտիստ. «Դանային հանդիպել եմ երկու տարի առաջ, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մենք հարազատ հոգիներ ենք: Երկուսս էլ հայկական արմատներ ունենք, ներկայացնում ենք Սփյուռքը: Տարիների ընթացքում փորձել ենք հասկանալ՝ ինչի՞ն ենք պատկանում մենք՝ նոր, թե՞ հին աշխարհի մշակույթին»:
Դանա Ուոլրաթի «Ինչպես ջուրը քարին» (Like Water on Stone) գրքի հիման վրա արդեն նկարահանվել է կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի հեղինակները ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողներն են: Յոթ հոգուց բաղկացած թիմը մոտ մեկ տարի աշխատել է նախագիծն իրականություն դարձնելու համար:
«Անիմացիայում գրքի ամբողջական կոնցեպտը չենք ներառել: Հիմնվել ենք միայն մի քանի տեսարանների վրա, որովհետև ամբողջը հնարավոր չէր տեղավորել քսանչորս րոպեանոց անիմացիայի մեջ: Գիրքն, իհարկե, ընթերցել եմ, բայց կդժվարանամ կարծիք հայտնել. տպավորություններս արդեն ներառված են անիմացիոն ֆիլմում»,-նշեց ԹՈՒՄՈ-ի ուսանողուհի Լիլիթ Մինասյանը:
Դանա Ուոլրաթը գիտնական է, մարդաբանության վերաբերյալ առաջատար դասագրքերի համահեղինակ։ Նրա գրքերին ու գիտական թեզերին ծանոթ են նաև Ամերիկայում և Եվրոպայում։ Հեղինակի «Ինչպես ջուրը քարին» (Like Water on Stone) գիրքն արժանացել է «Համաշխարհային հանրության համար հռչակավոր գիրք», «Բենք Սթրիթ քոլեջի կրթության լավագույն գիրք» մրցանակներին։
Ամերիկահայ գրող Դանա Ուոլրաթի հետ հանդիպումը կազմակերպվել էր «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակներում: Այս փառատոնն (ապրիլի 20-29) անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպութունը: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3067