Մեկ օր գրքի շնչառությամբ

Արդեն վեցերորդ տարին է, ինչ փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Գրադարաններում և գրախանութներում գիրք են նվիրում, «գրքախաղ» կազմակերպում, լսում և խոսում գրքի մասին: Հենց այն, ինչ պետք է իսկական ընթերցասերին լավ տրամադրության ունենալու համար:
Արդեն երկրորդ տարին է, ինչ իրարանցում են ստեղծում նաև ընթերցողների ֆեյսբուքյան «հավանել»-ները հանուն գրքի: Այս տարի նույնպես «Էդիթ Պրինտ» և «Անտարես» հրատարակչությունները, իրականացնելով ֆեյսբուքյան մրցույթը, կատարեցին իրենց «խոստումը»՝ նվիրելով խոստացված գրքերը: Այսօր «Անտարես» հրատարակչություն 200 ընթերցողի հանձնեց նրանց շահած գրքերը: Հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշում է, որ հետաքրքրությունը մեծ էր հատկապես հայ և համաշխարհային գրականության նկատմամբ, չնայած անվանակարգերը չորսն էին` «Հայ ժամանակակից գրականություն», «Հայ և համաշխարհային գրականություն», «Մանկական գրականություն» և «Գիտական գրականություն». «Գայթակղությունը մեծանում է, երբ խոսքը գնում է Ջորջ Օրուելի, Հենրի Միլլերի, Լևոն Խեչոյանի մասին»:
«Էդիտ Պրինտ» հրատարակչությունն իր հերթին կուրախացնի 250 ընթերցողի, ովքեր իրենց նվեր գրքերը կստանան վաղը:

Ժամեր շարունակ մարդաշատ էր նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը: Գրադարանն իր ընթերցողներին յուրովի շնորհավորեց և նվիրեց շուրջ 2000 անուն գիրք: Գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը իր ուրախությունն է հայտնում՝ նշելով, որ գրքի նկատմամբ վերաբերմունքը, սերը պահպանվել է, մարդիկ անտարբեր չեն գրականության, լեզվի ու մշակույթի նկատմամբ: Ոչ միայն գրադարանը, այլև ինքը տիկին Ռուզաննան այս օրը ոչ միայն ստանալու, այլև նվիրելու ավանդույթ ունի. «Ամեն տարի մայրիկիս, եղբորս և մի քանի հարազատներիս համար գիրք եմ ընտրում: Անցած տարի եղբորս Գարեգին Նժդեհի մասին գիրք նվիրեցի, որոշ ժամանակ անց նա «Գարեգին Նժդեհ» մեդալի արժանացավ: Կարծում եմ` պատահական չէր»:

Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3585