«Նաղաշ» անսամբլի միջոցով Հայաստանի պատմության մի փոքր մաս ներկայացնում ենք ամբողջ աշխարհի հանդիսատեսին. Ջոն Հոդյան
Ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի կողմից 2012 թվականին ստեղծված «Նաղաշ» անսամբլն ավելի քան տասը տարի է` իր կազմով, երաժշտացանկով և նպատակներով բացառիկ և արվեստագիտական բարձր հավակնություններով նախագիծ է։ Անսամբլի երգացանկի հիմքում հայկական արմատներով նորագույն երաժշտությունն է, որի հեղինակը հենց Ջոն Հոդյանն է:
«Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ»։ Ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. ««Նաղաշի» երաժշտության հոգևոր գեղեցկությունն արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։
Փետրվարի 25-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Նաղաշ» անսամբլը հանդես կգա «Երգեր պանդխտության» ծրագրով։ Իսկ մարտին անսամբլն իր անզուգական կատարումներով Հյուսիսային Ամերիկայի հանդիսականին կգերի։
Երևանյան ու ամերիկյան համերգներին ընդառաջ՝ Cultural.am-ի հարցերին պատասխանել է «Նաղաշ» անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ջոն Հոդյանը:
Մարտին «Նաղաշ» անսամբլը ելույթ է ունենալու Հյուսիսային Ամերիկայում։ Ի՞նչ ծրագրով եք հանդես գալու։
Մենք կկատարենք վերջին 15 տարիների ընթացքում ստեղծած մեր ստեղծագործություններից տարբեր հատվածներ: Փորձերի ժամանակ հաճախ դժվարությամբ եմ որոշում կայացնում, թե որ ստեղծագործությունները ներկայացնեմ այն հանդիսատեսին, որն առաջին անգամ է լսում մեզ: Սիրում եմ թե՛ մեր վաղ «Երգեր պանդխտության»-ը, որը հիմնված է Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների վրա, և թե՛ վերջին՝ Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված «Աստվածային իմաստության երգեր» ժողովածուի ստեղծագործությունները։ Այս շրջագայությունը դրանք բոլորը կատարելու հնարավորություն է տալու մեզ։
Մինչ այդ ելույթ եք ունենալու Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Ի՞նչ ստեղծագորություններ են ընդգրկված ծրագրում։
Մենք մեր ամբողջ երգացանկից կներկայացնենք մեր նախընտրած մի քանի ստեղծագործություններ՝ և՛ հին, և՛ նոր։ Նախքան միջազգային հյուրախաղերի գնալը ես միշտ սիրում եմ նոր ստեղծագործություններով կիսվել երևանյան հանդիսատեսի հետ։
Արդյոք ծրագիրը կազմելիս հաշվի՞ եք առնում, թե որ երկրում եք ելույթ ունենում։
Սովորաբար այդպես չէ, բայց Հայաստանում ելույթ ունենալը մեզ համար շատ կարևոր է, և մենք միշտ ցանկանում ենք լավագույնս հանդես գալ։
Ծրագիրը, որը կատարելու ենք, կազմվել է շատ վայրերում՝ Երևանից մինչև Բեռլին և Միացյալ Նահանգներ: Իմ սիրելի աշխատավայրը պարզապես մի փոքրիկ, հանգիստ սենյակ է, որտեղ ես կարող եմ աշխատել այնպես, որ որևէ մեկը ինձ չլսի: Կարևորն այն է, որ ես կարողանում եմ խորասուզվել այս տեքստերի տիեզերքում: Իմ հայերենը լավագույնը չէ, ուստի տեքստերն արտասանում է սոպրանո Տաթևիկ Մովսեսյանը: Այսպես բանաստեղծությունների ներդաշնակ արտասանության զգացողություն եմ ստանում լեզուն կրողից։ Դրանից հետո ես պարզապես հետևում եմ իմ երաժշտական ազդակներին։ Այն շատ ոգեշնչված է հայկական մշակույթով, բայց չի սահմանափակվում Հայաստանի ֆիզիկական սահմաններով:
Ինչպե՞ս առաջացավ գաղափար, որ դիմեք միջնադարյան տաղերգու, նկարիչ, եկեղեցական գործիչ Մկրտիչ Նաղաշի տաղերին: Ո՞րն է Ձեր հիմնական ասելիքը այդ ստեղծագործությունների միջոցով։
Երբ առաջին անգամ ծանոթացա Մկրտիչ Նաղաշի պոեզիային, ինձ խորապես տպավորեց այն փաստը, որ այս քիչ հայտնի հայ քահանան ու բանաստեղծը վեր է հանում այնպիսի թեմաներ, որոնք արդիական են, նաև այսօրվա հայությանն են վերաբերվում։ Նաղաշը խոսում է համաճարակների ու պատերազմների միջով ապրելու դժվարությունների մասին։ Սա և այն փաստը, որ բոլոր բանաստեղծությունները կատարյալ հանգավոր քառատողերով էին, և տեքստերն ունեին հարուստ երաժշտականություն, դրանք դարձրեցին իմ նպատակների համար օգտագործելու իդեալական տեքստեր:
Նաղաշի տեքստերից շատերը խոսում են պանդուխտ կյանքի մասին և այն մասին, թե ինչպես մենք պետք է ապրենք մեր կյանքը՝ պատրաստվելու հավերժական տան համար: Եթե կարդում եք, թե ինչպես է նա պատկերում պանդուխտի վիճակը կամ ճակատամարտում իր որդու կորուստը, ապա թվում է, որ մարդկությունը չի առաջադիմել վերջին հինգ հարյուր տարվա ընթացքում:
Դուք համադրում եք դասական վոկալն ու ազգային նվագարանները՝ ուդ, դուդուկ, դհոլ` միաժամանակ միավորելով դաշնամուրի և լարային նվագարանների հետ: Ինչո՞վ է պայմանավորված հենց այդ երաժշտական գործիքների ընտրությունը և ինչքանո՞վ է հեշտ ստացվում այդ համադրությունը։
Ես կենտրոնանում էի տեքստի և ձայնի վրա, որը լսում էի իմ գլխում և թույլ տվեցի, որ դրանք թելադրեն այն գործիքները, որոնք ես օգտագործելու եմ: Գործընթացը լիովին ինտուիտիվ էր, բայց հետ նայելով` ես հասկացա, որ ազգային գործիքների համադրությունը, հավասարակշռված եվրոպական դասական գործիքների հետ, հիանալի կերպով արտացոլում էր Նաղաշի գրելու ոճը, քանի որ նա առաջին բանաստեղծներից էր, որը գրել էր թե՛ վերնախավի, թե՛ հասարակ մարդկանց համար:
Առհասարակ, ըստ ձեզ, Ձեր կողմից ներկայացվող երգերը հեշտությա՞մբ է ընկալում հանդիսականը, մասնավորապես, արտերկրում՝ հաշվի առնելով, որ միջնադարյան բանաստեղծությունների հիման վրա են գրված։ Ինչպիսի՞ն է լինում արձագանքը։
Մենք այս ստեղծագործությունները կատարել ենք ամբողջ Եվրոպայում, և ես զգում եմ, որ այս երաժշտությունը սահմաններ չի ճանաչում: Ֆրանսիացիները նույնքան զգացմունքային են արձագանքում, որքան Նորվեգիայի կամ Կիպրոսի բնակիչները, երբ լսում են այս երաժշտությունը: Այն խոսում է ձեզ հետ շատ ուղիղ և անմիջական ձևով:
Համերգների ժամանակ անսամբլի անդամներից մեկն արտասանում է բանաստեղծություններից հատվածներ այն երկրի լեզվով, որտեղ մենք հանդես ենք գալիս, քանի որ ցանկանում ենք, որ հանդիսատեսը հասկանա, թե ինչի մասին է խոսքը: Բանաստեղծությունների թեմաներն արդիական են Հայաստանի և ամբողջ աշխարհի մարդկանց համար:
«Նաղաշ» համույթի աշխատանքում ինձ ամենից շատ ուրախացնում է այն, որ մենք կարող ենք Հայաստանի պատմության մի փոքր մաս ներկայացնել ամբողջ աշխարհի հանդիսատեսին:
Դուք ստեղծագործում եք տարբեր ժանրերում՝ դասականից ավանգարդ, երբեմն ռոքի, ջազի էլեմենտները միախառնվում են իրար։ Այնուհանդերձ, ո՞ր ժանրն եք ավելի նախընտրում, ո՞ր ժանրում եք ձեզ ավելի ազատ զգում։
Դժվար է որոշել այս երաժշտության ժանրը։ Դա բնական սինթեզ է այն բոլոր բաների, որոնք ես զգացել եմ իմ կյանքում: Ես մեծացել եմ ամերիկա-հայկական ամուր ընտանիքում։ Հորս բոլոր ձայնագրությունները հայկական էին, եկեղեցում, երեկույթներին, հարսանիքներին, հուղարկավորություններին և այլ վայրերում լսած երաժշտությունը հայկական էր: Բայց ես շատ ֆորմալ կրթություն ունեի արևմտյան դասական երաժշտության ոլորտում և ստացա կոմպոզիցիայի և դիրիժորության մագիստրոսի կոչում:
Ես իմ կյանքում ունեցել եմ տարբեր երաժշտական մոլուցքներ՝ միջնադարյան պոլիֆոնիկ վոկալ երաժշտությունից մինչև ժամանակակից դասական երաժշտություն: Իհարկե, մեծանալով 1960-ական և 70-ական թվականներին Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում, ես ծանոթանում էի հանրաճանաչ երաժշտության բոլոր տեսակներին, որոնք կարելի է պատկերացնել:
Երբ նստում եմ գրելու, այս բաներից ոչ մեկի մասին չեմ մտածում։ Ես ուղղակի կենտրոնանում եմ տեքստի վրա և թողնում եմ, որ ինչ լինում է, լինի: Այն, ինչ ստացվում է, չի առնչվում հստակ որոշված ժանրի, բայց պարունակում է բոլոր այն ժանրերի տարրերը, որոնց ես առնչվել եմ:
Ի՞նչ գիտեք ձեր արմատների մասին։ Ե՞րբ և որտե՞ղ եք առաջին անգամ լսել հայկական երաժշտություն։
Ես մեծացել եմ Ֆիլադելֆիայում: Մարիամ տատիկս ցեղասպանությունը վերապրած էր։ Նա շատ մեծ էր, երբ մահացավ, իսկ ես բավականին փոքր էի, մոտ տասը տարեկան էի, բայց ես նրան շատ լավ հիշում եմ։ Մարիամը Խարբերդից էր և վերապրել էր բոլոր հնարավոր ողբերգությունները, ներառյալ օսմանյան թուրքերի ձեռքով ամուսնու և երկու որդիների սպանությունը: Նրան ստիպել են մահվան երթ կատարել Սիրիայում, սակայն ողջ է մնացել: Նրան փրկեցին ճամբարից և տարան Փարիզ, ապա Բոստոն, որտեղ նա նորից ամուսնացավ և երեք երեխա ունեցավ, որոնցից մեկը հայրս էր: Նա 60 տարի ապրել է Ամերիկայում և ոչ մի բառ անգլերեն չի սովորել:
Հայկական երաժշտության մասին ի՞նչ կարծիք ունեք։ Ըստ Ձեզ, առավել ո՞ր ժանրի երաժշտությունն է Հայաստանում զարգացած ու օտարազգի ունկնդրի կողմից հայկական ինչպիսի՞ երաժշտությունն է ավելի շատ ընդունվում, նաև գովերգվում։
Երբ ես 15 տարի առաջ առաջին անգամ եկա Հայաստան ապրելու, այդ ժամանակ մեծ զարթոնք էր հայկական երաժշտության բազմաթիվ ուղղությունների համար: Հայկական երաժշտությունը, որ ես լսել եմ մեծանալուս ընթացքում, միանշանակ Սփյուռքինն էր: Երևան գալը ինձ թույլ տվեց լսել բազմաթիվ վարպետ երաժիշտների կատարումները դուդուկով, քամանչայով, դհոլով և զուռնայով, և դա հրաշալի կրթություն էր։
Ի՞նչ եք զգում, երբ ելույթ եք ունենում հայ հանդիսականի առջև։
Շատ ուրախ եմ, որ «Նաղաշ» համույթի երաժշտությունը Հայաստանում արժանացել է բազմաթիվ մարդկանց բուռն ընդունելությանը: Երբ մենք այստեղ ելույթ ենք ունենում, արձագանքը բավականին լավ է, թեև երաժշտությունը հայկական ավանդական, հոգևոր կամ ժողովրդական երաժշտություն չէ:
Հայաստանում շատ ֆանտաստիկ անսամբլներ պահպանում են ավանդական ոճերը, բայց մարդիկ նրբաճաշակ են և ցանկանում են նաև նոր բան լսել: Իհարկե, միշտ էլ հրաշալի է լսել ինչ-որ նոր բան, որը հստակ արմատներ ունի, կապված է ավանդականի հետ։
Շնորհակալություն
Տ. Մ.
- Created on .
- Hits: 1807