Հայ-ֆրանսիական միջմշակութային կապեր․ հարցազրույց Սաթէ Խաչատրյանի հետ

«Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության հիմնադիրներ Սաթէ Խաչատրյանի և Էդգար Մանուկյանի ջանքերով ամեն տարի Հայաստանում և Ֆրանսիայում ուշագրավ մշակութային նախագծեր են իրականացվում։ Նախորդ տարի ամռանը թատերական միության ջանքերով, Մուրադ Մերզուկի կատարմամբ Օպերայի մեծ փորձասենյակում անցկացվել է հայ երիտասարդ պարողների հետ կազմակերպված վարպետության դաս, որի շրջանակում ներկայացվել է հիփ հոփն ու դասական բալետը միաձուլող հնարամիտ խորեոգրաֆիա։

Փետրվարի 21, 22 և 23-ին Գավառի պետական դրամատիկական թատրոնի բեմում նոր ներկայացում է սպասվում։

Իրականացված և ընթացիկ մշակութային նշանակալի նախագծերի մասին զրուցել ենք «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանի հետ։

Սիրելի՛ Սաթէ, Դուք, լինելով նաև բանասեր, ռեժիսոր և թարգմանիչ, բեմադրել եք բազմաթիվ գործեր և մեծ չափով անդրադարձել եք հայկական ու ֆրանսիական գեղարվեստական ստեղծագործություններին՝ փորձելով համադրել դրանք և ներկայացնել թե՛ հայկական, թե՛ ֆրանսիական միջավայրում։ Ո՞ր գրողները/դրամատուրգները և կամ ո՞ր գործերն են հատկապես թիրախային Ձեզ համար։ Ընտրություն կատարելիս ի՞նչն եք առավել կարևորում։

Իմ և իմ ղեկավարած թատերական միության գլխավոր նպատակներից է Հայաստանում ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի հանրահռչակումը։ Ես շատ զգայուն եմ դրամատուրգիական երկերի նկատմամբ և դրանք շատ կարևոր եմ համարում թատրոնի կայացման գործում։ Իհարկե կան ռեժիսորներ, որոնք կարող են ներկայացում բեմադրել՝ հիմնվելով գրական ցանկացած ժանրի վրա, ես՝ ոչ։ Ինձ համար թատերական երկը ներկայացման շարժիչն է, նրա հզորությունից է կախված ներկայացումը։ Պիեսը պետք է ամուր լինի ոճի, կառուցվածքի ու հատկապես խոսքի տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ ինձ համար խոսքը թատրոնում շատ կարևոր է, այն մեզ հնարավորություն է տալիս վերարժևորելու բառի գործառույթը։ Լավ գրական հենքով պիեսը պատարագ է, վատ գրված պիեսը՝ էժան երաժշտություն։ Դրամատուրգիայի հանդեպ իմ բծախնդրությունն, անշուշտ, նաև մասնագիտական է, ես թե՛ Հայաստանում և թե՛ Ֆրանսիայում ուսումնասիրել ու գիտական աստիճան եմ ստացել հայ և եվրոպական ժամանակակից դրամատուրգիաների գծով։ Հետևաբար ես պիեսը դիտարկում եմ թե՛ իբրև տեսաբան, թե՛ որպես գործնականում թատրոնով զբաղվող մարդ։ Ես բեմադրության համար պիես ընտրելիս չեմ առաջնորդվում առաջին հերթին իր ասելիքով, պիեսում եղած հաղորդագրություններով, եթե պիեսի բեմադրությունը չունի ի սկզբանե քաղաքական կամ բարոյական շարժառիթ (օրինակ՝ ես Ֆրանսիայում բեմադրել եմ ցեղասպանությանը նվիրված և արցախյան վերջին 44-օրյա պատերազմի մասին պատմող ներկայացումներ, որոնց նպատակը լայն լսարանին մեզ պատուհասած այս երկու ողբերգությունների մասին իրազեկելն էր)։

Նկատելի է, որ ֆրանսիական դրամատուրգներից նախապատվությունը տալիս եք ժամանակակիցներին։ Ընդ որում, հաճախ ստեղծագործաբար եք մոտենում նրանց գործերը բեմականացնելիս և փորձում եք ապահովել նրանց ներկայությունը Հայաստանում բեմադրվող ներկայացմանը։ Ինչո՞ւ։ Ինչպիսի՞ն են նրանց արձագանքները։

Այո՛, ժամանակակիցներին անդրադառնալն իբրև թարգմանիչ և ռեժիսոր սկզբունք է։ Ինձ հետաքրքիր է մարդն առհասարակ, իսկ ժամանակակից մարդն՝ առավել ևս։ Ես ուզում եմ տեսնել, թե ամեն անգամ ինձ ու իմ նմանին ինչպես է տեսնում ու մեկնաբանում երրորդ անձը (այս դեպքում դրամատուրգը)։ Եվ հետո ժամանակակից լավ դրամատուրգիան նոր տեսակի թատրոն է պարտադրում՝ նոր լուծումներով ու նոր ասելիքով։ Ցավոք, միայն մեկ անգամ է առայժմ հաջողվել հեղինակին Հայաստան բերելը, առայժմ միայն Քզավիե Դյուրանժեի դեպքում էր, որ դա հնարավոր եղավ, բայց լիահույս եմ, որ հետագայում այլ հեղինակների հետ ևս այդ հրաշալի փորձառությունը հնարավոր կլինի իրագործել։ Մեր թատերական միության անդրադարձած դրամատուրգներից բոլորն էլ տեղյալ են եղել, որ Հայաստանում իրենց դրամատուրգիային նվիրված համալիր միջոցառումների շարք է լինում, և մեր նախագծերը մենք իրականացնում ենք հեղինակների իմացությամբ և թույլտվությամբ։ Եվ ես ուրախ եմ, որ իրենք էլ են ուրախ Հայաստանում իրենց երկերի հանրահռչակման համար։

Sate khachatryan 1

Առհասարակ ինչպե՞ս է առաջացել միջմշակութային այսպիսի գործունեություն ծավալելու գաղափարը։ Որտեղի՞ց եք սկսել և ո՞ւր եք գնում։

Ես ասել ու կրկնում եմ, որ երկու հայրենիք ունեմ, երկուսին էլ շատ եմ սիրում ու երկուսի հանդեպ էլ որդիական պարտավորություն ունեմ՝ ինձ տվածի համար։ Հայաստանն ինձ սովորեցրել է, որ պետք է պինդ պահես քո մշակույթը, որ չգողանան, իսկ Ֆրանսիան սովորեցրել է, որ պետք է առատաձեռնորեն կիսվես քո մշակույթով, որ չգողանան։ Ամեն մեկը ճիշտ է յուրովի, բայց անհրաժեշտ էր գտնել ոսկե միջինը, իսկ ոսկե միջինը հնարավոր եղավ մշակույթների երկխոսությամբ։ Հայաստանում ֆրանսիական մշակույթի, իսկ Ֆրանսիայում հայկական մշակույթի հանրահռչակումը լավագույն միջոցն է ինձ լիարժեք զգալու։ Մեր թատերական միության առաջին ներկայացումը Ֆրանսիայում Թումանյանի հեքիաթներն են եղել, որ բեմադրել եմ ուղիղ 10 տարի առաջ և որը մինչ օրս խաղում ենք (մարտի 11-ին այն կներկայացնեմ Դեսինի Տոբոգանի գրադարանում)։ Երկլեզու ներկայացում է, որտեղ հայկական խոսքն ու երգը միախառնված են Կարիբյան մշակույթի հետ՝ համեմված ֆրանսիական բույրով։ Եվ նման ներկայացումներ մեր միության խաղացանկում շատ կան։

Այս անգամ նոր նախագիծ եք ներկայացնում Գավառում, նախորդ անգամ Գյումրու դրամատիկական թատրոնում եք նոր ներկայացում բեմադրել։ Նպատակայի՞ն է մարզերի մշակութային կենտրոնների հետ համագործակցությունը։ Ինչո՞ւ։

Նախ շատ կարևոր է մշակույթի ապակենտրոնացումն ամեն գնով։ Երևանը Հայաստանը չէ, այլ Հայաստանի մայրաքաղաքը։ Չափազանց շատ է ամեն բան կենտրոնացած մայրաքաղաքում, իսկ մարզերին քիչ բան է մնում, որովհետև մարզերի համար ժամանակն է քիչ։ Մենք դեռ 2016թվականին Ադամովին նվիրված մեր միջոցառումների շարքն արեցինք՝ ընդգրկելով մարզերը՝ Գյումրի, Գորիս, Վանաձոր։ Անցյալ տարվանից ակտիվ համագործակցություն կա նաև Գավառի դրամատիկականի հետ։ Անցյալ տարվա համար ընտրված հեղինակը Ժոել Պոմրան էր և գլխավոր միջոցառումը Գյումրու դրամատիկական թատրոնում էր, իսկ հիմա հեղինակի մեկ այլ պիես բեմադրվում է Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ուրախ եմ նաև, որ այս նախագծի համար մենք ունենք ոչ միայն ֆրանսիական կառույցների, այլև Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությունը։ Մենք մշտապես համագործակցում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և ֆրանսիական պետական այլ կառույցների հետ, ինչպես օրինակ Ռոն Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, Լիոնի Մետրոպոլը, ֆրանսիական ինստիտուտը և Իրապա հարթակը։

Sate khachatryan 2

Հայ-ֆրանսիական միջմշակութային կապերը ինչպե՞ս են կազմակերպվում։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում միջմշակութային ծրագրեր իրականացնելիս, ինչպե՞ս եք հաղթահարում դրանք։

Մեր նախագծերի կազմակերպչական աշխատանքները մշտապես սկսվում են նախագծի մեկնարկից մեկ տարի առաջ։ Ամեն նախագծի ետևում երկար կազմակերպչական պրոցես կա, որի մեջ մտնում է նաև ադմինիստրատիվ աշխատանք, որը ես շատ չեմ սիրում, բայց անում եմ։ Ամեն նախագծի ավարտին, իհարկե, ես պատրաստում և հանձնում եմ նաև հաշվետվություն իմ գործընկերներին, որոնց աջակցությամբ իրականացվում են նախագծերը։ Թե՛ ստեղծագործական, թե՛ կազմակերպչական աշխատանքներում ինձ մշտապես օգնում է ամուսինս՝ Էդգար Մանուկյանը․ առանց նրա պարզապես անհնար կլիներ այս ամենը կյանքի կոչել։ Մենք նաև թիմակիցներ ենք, հավատում ենք իրար և մեր գործին։

Նման ծրագրերի իրականացումը սոսկ միջմշակութային կապերն ամրացնելու համա՞ր են, թե այլ նպատակներ ևս ունեք ձեր առջև դրված։

Մեզ համար շատ կարևոր է Հայաստանում ժամանակակից համաշխարհային թատրոնի ճանաչողության բարձրացումը, այդ առումով մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ միայն ֆրանսիական և ֆրանկոֆոն դրամատուրգիայի հանրահռչակման   գործում։ Կարևորում ենք մեր թատրոնների խաղացանկերում ժամանակակից պիեսների առկայությունը, որն այսօր, ցավոք, բավարար չէ։ Բայց լիահույս ենք, որ մեր տեսլականը կիսող արվեստագետները կշատանան և այլ երկրների ժամանակակից թատրոնը հնարավորության չափով կբերեն Հայաստան։ Ժամանակակից պիեսների թարգմանությունն ինչ-որ առումով ժամանակակից թատրոնի պատմության փոխանցում է, որի կարիքն իսկապես մեծ է։ Իսկ Ֆրանսիայում մեր ծավալած մշակութային գործունեությունը ուղղված է հայկական մշակույթի հանրահռչակմանը, կարևոր է, որ մեր մշակույթը ճանաչելի դառնա պրոֆեսիոնալ մակարդակով, և այդ ուղղությամբ մենք աշխատում ենք 2013 թվականից։

Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրագործել ապագայում։

Այս տարի մեր թատերական միությունն ընտրել է Ֆիլիպ Մինյանային՝ իբրև ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ, և նրա թատրոնին նվիրված միջոցառումների շարքը կիրականացվի թե՛ Երևանում և թե՛ Երևանից դուրս։ Այս տարվա մեր գլխավոր միջոցառումը կիրականացնենք Վանաձորում՝ Գորիսի դրամատիկական թատրոնի հետ համատեղ։ Վստահ եմ, որ այդ համագործակցությունը ևս կպսակվի հաջողությամբ։       

Զրուցեց Հասմիկ Հակոբյանը      

  • Created on .
  • Hits: 2788

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: