Մի անգամ աշխարհում
Ճակատին բացված անարյուն վերքի թռիչքից շագանակագույն կեղև էր կախվել: Ծառի քնքուշ բույրը դաղում էր մաշկը: Չէր տեսնում, բայց գիտեր կեղևի մասին: Ճակատին տրոփող ծառի քնքուշ բույրը ապստամբում էր ցավի դեմ և ուզում էր տևի: Գլխարկը վաղուց էր կորցրել ու քայլում էր մերթ փակ, մերթ բաց աչքերով` խփվելով ծառաբներին, ընկնելով խայթող դալարիքների մեջ: Աչքից հոսած ցեխաջուրը կարծրացել էր այտին, ձգվել մինչև բերանը: Բղավում էր, ճանկռում թշերը: Եղունգների տակի ցարյանգծեր էին հոսում: Ցավն անակնկալ էր սաստկանում, ասես գանգի մեջ տարբեր դիրքերից երկաթե կեռեր էին խրում, ձգում վեր ու անխնա թափահարում: Երկու ձեռքը սեղմած ատամի կողմը՝ փլվում էր գետնին ու սկսում թպրտալ, մի քանի անգամ գոռում էր, հետո տնքում՝ ուշադրություն դարձնելով ատամների արանքից դուրս պրծնող ձայնին: Սկզբում ձայնը խռպոտություն ուներ, հետո գնալով դեֆորմացվում էր, վերածվում սուլոցի, վերջում հնչում էր երկար ու աղերսոտ: Երկու ժամ դիտախորշում: Շնագայլի ձագէր: Բարուրի մեջ փաթաթված երեխա: Մառախուղի մեջ երեխա կա: Չէ, շնագայլի ձագ էր: Պիտի տարբերել: Կրակահերթ էր թողնում, ու փամփուշտներըխրվում էին ձագի բերանը: Ձագը ատամ չի ունենում: Հենակետում դեղատուփի մեջ ցավազրկող չկար. յոդ, վիրակապեր, նշտար, անտիսեպտիկներ ու վերջ: Շաքարավազը անձրևի պես մաղվում է ծխախոտի գլխին: Խորըծուխ: Չես լիզում թոքերին նստող շարբաթի բարակ շերտը: Ձայնը լռում էր: Փամփուշտները հալվում էին ստամոքսի ջերմությունից: Էլ ե՞րբ պիտի կրակեր մառախուղի մեջ ու ե՞րբ պիտի տեսներ լուսատտիկ փամփուշտների հալոցքը: Խաղաղվելով՝ գլուխը խրում էր փխուր ու դուրեկան ցեխի մեջ: Մառախուղը ծվծվում էր: Ցեխը սեղմում էր ձգանը:
Պուլպիտ էր:
Գումարտակի բժիշկը, առանց ցավազրկելու, փորձեց ատամը քաշել: Հետին պատը ղրճտոցով փլվեց, անսարք իծոտնուկը խրվեց ներվի մեջ: Ուշքը գնաց: Մինչև մարտական հենակետ բարձրանալը ողջ օրը ատամի փշուրներով շաղախված մածուցիկ արյուն էր թքում, բերանը ողողում սոդայաջրով ու բոլորից մեկ առ մեկ ցավազրկող խնդրում: Պաղ օդի շոյանքից բորբոքված ներվը հանդարտվեց: Ճաշելու ու զենքը մաքրելու ընթացքում էլ ատամը լուռ էր, բայց դիտախորշում հերթապահելիս հանկարծ մանկան սուր լաց լսվեց, ու թվաց, թե աշխարհը սրընթաց հետ-հետ գնաց` իր հետ տանելով մտքի ուղիղ կեսը: Հետո տեսավ զենքի փողն ու փողի պռնկին նստած տեսավ խորշի մեջ կծկվող ու բացվող շերեփուկ մարմինը: Ցավը ծովի պես հետ էր քաշվումու խփում ահռելի թափով: Երկու ձեռքով բռնվելով ծառի ճյուղից՝ գոռում էր ու հառաչանքներ թողնում: Սպազմները հրավառության նման ճարճատում էին բերանում:
Հեռվում, ատամնաբույժի աթոռին նստած, սևեռուն նայում էր տատիկի բարի ու խոնավ աչքերին: Բռի մեջ սեղմել էր նրա նվերը: Կավե ձուկ էր, երեք թեփուկով, պոչին գրված էր՝ «Յո-Յո»: Տատիկը մատները հպել էր շրթունքներին ու համբույրներ էր հղում: Բժիշկը փորում էր ատամը, իսկ ինքը նայում էր տատիկին: Տատիկն էր ասել, որ աչքերը ուրիշ ոչ մի տեղ չտանի, միայն իրեն նայի ու սեղմի ափի մեջ դրված ձկանը: Նրա բարակ թևերի ու ոտքերի վրա «յոյոներ» կային: Հանկարծ մինչև կոկորդը հասնող սուր ծակոց զգաց: Ճչացին միասին: Հետո, երբ բացեց աչքերը, տատիկը չոքել էր դիմացը ու համբուրում էր թաթիկը: Զորակոչից առաջ, ատամնաբուժարանում, նույն բռի մեջ ընկերուհու սպիտակ թաշկինակն էր ու նուրբ ժպիտը: Ատամնաբույժի աթոռից տեսնում էր աղջկա երկար վարսերը, քթիկն ու ներքևի շրթունքը: Ասեղը մտավ պուլպայի մեջ, քերթելով պոկեց ու դուրս բերեց: Բժիշկը հաղթական ժպիտով աչքի առջև պահեց փքված նյարդաթելը, ասես սոված նախամարդու պես ցցով լճից ձուկ էր որսացել: Աղջկա ներքևի շրթունքը համբուրել ուզեց:
Վաղուց անտառից դուրս էր եկել ու կունձոտ բլուրն էր հաղթահարում: Հիմա ատամն անընդհատ էր ցավում: Կտրտվող ցավի ժամանակ ուժերը մի փոքր վերականգնվում էին, բայց անընդհատ ցավը վերջնականապես ջախջախեց կամքը: Թվում էր՝ մեկը փորի մեջ մկրատով ներքին օրգաններից նախշեր է կտրատում: Գլուխն ափերի մեջ էր առնում ու կենդանական ձայներ արձակելով՝ վազում: Ցավը վազում էր, երբ վազում էր: Կանգնում էր՝ կանգնում էր: Քայլում էր՝ քայլում էր: Նա լայն բացում էր բերանը, երկու մատով բռնում ատամը ու ինչքան ուժ ուներ՝ սեղմում: Զենքի փողը դնելով ոսկորին` փորձում էր կամացուկ կտկտացնել: Մտածում էր՝ տեղաշարժումից գուցե մեղմվի: Զառիթափին ոտքը դիպավ հողի մակերեսին տարածված արմատի: Երբ սթափվեց, դեմքն ու բերանը եռում էին: Ձեռքը տարավ քթին` լխկվել էր: Նույն պահին ատամի մեջ սրեր խլրտացին: Ճչաց:
Շուտով բլուրից ներքև բացվեցին դաշտերը: Զենքն ուսից նետեց, հանեց խեբեն ու սկսեց դանդաղ իջնել: Հառաչանքներ, գոռոցներ, ճիչեր այլևս չէին լսում: Հեռու և հնացած ձայներ էին: Գիտեր, որ ծնվել ու ապրում են հետը, սիրում են իրեն, ուզում են սիրվել, եկել են ինչ-որ բանի համար, ինչ-որ խոսք ասելու, ուզում են ցուցադրվել, զգուշացնել, զրուցել: Բայց տրամադրություն չուներ, շփման եզրերը սպառված էին, մենակ բթացած ցավն էր ուղեկցում` ձեռքն ուսին դրած հավատարիմ ընկերոջ պես, ով երբեք իրեն ավելորդություններ թույլ չի տալիս, չի շատախոսում, չի հեգնում, չի կեղծում, պարզապես առանց խանգարելու քայլում է` հարգելով որոշումները, հարգելով արյունն ու հիշողությունը:
Դիմացը անվերջանալի տարածություն էր, ասես աշխարհը սկսում ու ավարտում էր սփռված գարու դաշտը, որ բաց կանաչ կյանք ըսկսող լուսաբացի գույն ուներ, և հասկերը ծփում էին արևի ցոլքերից, և դաշտը փոխում էր երանգը` խայտալով ու ցնծալով արեևի խոր համբույրների տակ: Գլխիկոր քայլում էր դաշտի միջով ու մտածում երջանկության մասին, որ կար, այստեղ էր` ջինջ տարածության մեջ, ուր բացակա էր մահը, հնարած երանգը, հնարած աշխարհը: Միայն զմայլող շրշյուն էր, մենակության մեջ զվարթ վեհության հասնող հպանցիկ կատարելություն ու հասկեր, հասկեր, հասկեր, հասկեր:
Բժշկի տան տեղը մանրամասն բացատրել էին: Կարմիր տանիքով ու մոշուտով շրջապատված ցանկապատի դիմաց կանգնել-ցնցվում էր: Սառը քրտինքը պսպղում էր մաշկին: Կոտրված քիթը փակել էր ձախ աչքի տեսադաշտը: Բերանը բաց էր, շրթունքներին` լերդացած արյուն ու հող: Մի քանի անգամ պտտվեց տան շուրջը: Դարպասը չգտավ: Մոշուտ նայնքան խիտ էր, որ ոչ մի ճիգով ցանկապատի որևէ բացվածք չերևաց: Որոշեց փշրելով ճեղքել: Հետ-հետ գնաց ու թափով խփվեց մոշուտին: Նորից ու նորից, նորից ու նորից: Մարմնից մաշկի կտորներ էին թռչում: Փշերը խրվում էին ճակատը, կոպերը, դեմքը, ուսերը, փորը: Ընձյուղները ջարդելով՝ փոքր անցք բացեց ու սողոսկեց բակ: Տան դուռը կիսաբաց էր: Ճոճվելով՝ մտավ հյուրասենյակ: Ժամացույց էր տկտկում: Սենյակի մեջտեղում սեղան կար, որի վրա՝ սուրճի բաժակ, մոխրաման ու մի տուփ «Նոյ» ծխախոտ: Ստվերի մեջ դուռ նկատեց ու շարժվեց առաջ: Կիսակոշիկի քիթը կոշտ իրի կպավ: Նայեց ոտքերի տակ` բաց դեղատուփ էր: Դողդողալով կքվեց, բարձրացրեց տուփն ու մատներով սկսեց քչփորել: Յոդի մի սրվակ գտավ, տարբեր չափերի ներարկիչներ, ռետինե ձեռնոցներ, գլխարկներ, վիրակապ: Ցավազրկող չկար: Ձեռքից գցեց տուփը ու սենյակի դռնից ներս մտավ: Պատուհանի դիմաց մեջքով դեպի դուռը մարդ էր նստած: Ճերմակ, երկար մազերը թափվում էին աթոռի ճաղերին: Քայլելով մոտեցավ, շրջանցեց աթոռն ու կանգնեց դիմացը: Բժշկական ճղրտված խալաթը հագին, աչքերը փակ, կապտավուն մորուքով նիհար պապիկ էր: Նա ձեռքը տարավ պապիկի զարկերակին, հետո դանդաղ ծնկեց, ցավող ատամի կողմով այտը դրեց նրա վտիտ ծնկին ու հեկեկաց:
Ասեղի երազը
Չրկոյին, Գուգոյին, բանակում զոհված բոլոր տղերքի հիշատակին
Քնա՞ծ ես: Չէ: Ինչի՞ կուլ տվեցիր: Չգիտեմ: Մի խաբի, վախենո՞ւմ ես: Չէ: Ինչի՞ կուլ տվեցիր: Չգիտեմ: Գիտես: Չէ: Ո՞նց կուլ տվեցիր, չէ՞ր ծակում: Բամբակ փաթաթեցի, բայց էլի ծակում էր: Սա՞ռն էր: Հա: Ասեցիր՝ բամբակ: Հա, բամբակ: Ինչի՞: Որ սրությունը մի փոքր կոտրվեր: Վախենո՞ւմ էիր: Չգիտեմ: Լացո՞ւմ ես: Չէ: Մի խաբի՝ արցունքներդ փայլփլում են: Չեմ խաբում: Մի քաշվի, եթե ուզում ես՝ լացի, մենակ վերմակով բերանդ ծածկի՝ չլսեն: Հիմա ծակծկոցներ զգո՞ւմ ես: Չէ: Ծպտուն չի՞ հանում: Չէ: Երևի երազ տեսնելու գնաց: Եսի՞մ: Խնդո՞ւմ ես: Չէ: Խնդում ես, մի խաբի: Ինչի՞ հեչ չես պատմում քո մասին: Եսի՞մ: Քանի՞ ամսվա ծառայող ես: Վեց: Ավարտա՞ծ ես: Չէ: Ընկերուհի ունե՞ս: Հա: Սիրո՞ւմ ես: Հա: Շա՞տ: Շատ: Քնե՞լ ես հետը: Չգիտեմ: Ամաչո՞ւմ ես: Չգիտեմ: Հանված տեսե՞լ ես: Հա: Լրի՞վ: Հա: Իրար գրկած պառկե՞լ եք: Հա: Որտե՞ղ: Ընկերոջս վարձով տանը: Բանալին ուզե՞լ էիր: Հա: Երկա՞ր պառկեցիք: Հա: Լավ էր, չէ՞: Շատ: Մամադ գիտի՞, որ կուլ ես տվել: Չէ: Չե՞ս ասել: Ասել եմ՝ թոքաբորբ: Հավատա՞ց: Հա, վաղը մամայիս ծնունդն ա, այսինքն՝ արդեն էսօր: Լո՞ւրջ: Հա, պիտի գա ինձ տեսնելու: Ուտելիք կբերի, չէ՞: Հա: Ուխխ: Բա ի՞նչ ես նվիրելու: Չգիտեմ: Փող չունե՞ս: Չէ: Կուզե՞ս խմորից վարդ սարքել տամ: Չէ: Մի բան պիտի մտածենք, առանց նվեր չի լինի: Որ մամայիդ տեսնես, ձեռքդ փորիդ վրայից կհանես, թե չէ գլխի կընկնի: Հա, կփորձեմ: Տեսակցությունից առաջ կշնչեմ, նոր կգնամ: Լավ, չմտածես, բարակ տոպրակներից դեռ մի հատ կա, քեզ կհյուրասիրեմ: Մերսի: Խնդրեմ: Լսի, մամադ ծաղիկներ սիրո՞ւմ ա: Հա: Այգուց էն կողմ դաշտային ծաղիկներ եմ տեսել, լուսաբացին կգնանք- կքաղենք, կնվիրես մամայիդ: Սիրո՞ւն են: Շա՜տ:
Ծնունդդ շնորհավոր, մա՛մ: Տարիքդ հաշվելու հավես չունեմ: Ամեն անգամ փող էի հավաքում, որ նվեր առնեի, բայց հենց օրը գալիս էր, տանում-մսխում էի: Կամ մեռնելու աստիճան լափում էի, կամ «Totto» խաղում ու առավոտյան չէի էլ ասում` «ծնունդդ շնորհավոր, մա՛մ», դու էիր թուշդ դեմ տալիս` հայտնելով, որ անցյալ դարում էս օրը մի քանի ժամ առաջ լույս աշխարհ եկան քո դիմագծերի մեղմությունը, քո անինքնասիրությունը, քո խեղճությունը, անօգտակարությունը, չաչանակությունը, կանացի չվերջացող հիվանդությունը, որի մանրամասներն ամեն օր ժամերով պատմում էիր քրոջդ: Սրտխառնոցով հիշում եմ քո բոլոր բողոքները, շարժումները, հաց ուտելու ձևը, խռմփոցը, բանակի քեֆիս իրարից չտարբերվող ողբն ու ծիծաղը: Լավ պրծա: Հիմա ինչքան ուզում ես՝ բողոքի, ոռնա, կիլոմետրերով հեռու եմ, չեմ լսի: Գիտեմ, էնքա՜ն ծեծված բան կա քեզնից դժգոհելու, ամենակեղտոտ բառերը քեզ ասելու մեջ, բայց ի՞նչ անեմ, մամ, ես ոչ ֆուտբոլ նայել եմ սիրում, ոչ էլ շախմատ խաղալ: Ամեն օր իմ բաժին կաթիլայինը ստանալուց հետո մատիտն ու թուղթը դնում եմ գրպանս, իջնում բակ, անցնում եմ հոսպիտալի այգով, դուրս գալիս ցանկապատի փոքր դռնից ու բաց դաշտի մինչև ծնկներս աճած սրթսրթան խոտի միջով հասնում ճահճուտին:
Մամուկս, ճահճուտը մոծակների սեփական պարս ունի, սեփական գորտ, ջրի վրա պառկած սեփական մամուռ, երեք հատ սեփական ղամիշ ու ափին՝ մաշկի պես նուրբ քար: Ես նստում եմ մաշկի պես նուրբ քարին, հանում եմ մատիտն ու թուղթը ու սկսում քո հասցեին քֆուրներ գրել, հետո բարձր կարդում եմ, հետո ուժեղ լացում, հետո խնդում ու նորից քրֆում: Մոծակները չեն ցրվում, գորտը չի ցատկում, մամուռը` նույն տեղում: Ինձ մոծակները չեն տարբերում, գորտը չի տարբերում, մաշկի պես նուրբ քարը ծանրությունս չի զգում: Ես ճահճուտի սեփական զինվորն եմ` խալաթը հագիս, կրծած գլխով մատիտը հանդիսավոր բռնած: Մեկ-մեկ երկար նայում եմ գորտին ու հիշում քրոջս պատմածը, թե ոնց էին համալսարանում, դասերի ժամանակ, գորտերի վրա փորձեր անում: Ասեղը մտցնում էին գորտի մեջքն ու խառնում, իսկ էդ ընթացքում դասախոսը պատմում էր նրա նյարդային ու էլի ինչ-որ համակարգերի ֆունկցիաների մասին: Ասում էր, որ գորտը բժշկության առաջընթացի համար կարևոր դեր ունի, որ նրա պատվին Եվրոպայում արձան են կանգնեցրել: Ես գորտի մասին շատ եմ մտածում, բայց սիրտս մի տեսակ հանգիստ ա, որովհետև դժվար թե ճահճուտի տեղը գտնեն, դժվար թե գորտիս տանեն: Չեմ հավատում:
Մա՛մ, ես ոչ մի բան կուլ չեմ տվել, ուղղակի չեմ կերել: Տասը օր չկերա: Գյուղում սիրած ունեմ: Մեծ կնիկ ա` մազերը լրիվ սպիտակ: Ինչ եփում էր, չէի ուտում, ափսեները ոնց դնում էր սեղանին, էդպես էլ հավաքում էր: Ընկճված հարցեր էր տալիս, ձեն չէի հանում: Գլուխը դնում էր ուսիս, հեկեկում էր, մտածում էր՝ հիասթափվել եմ, մտածում էր՝ կգնամ-ուրիշին կգտնեմ: Երբ գումարտակ էի քայլում, հետևիցս սկսել էր վազել: Հեռվից խաղողի հատիկներ հիշեցնող ծաղիկներով գոգնոցը կապած՝ վազում էր ու մեջքիցս գրկում, հետո գոգնոցի տակից հոգապահուստ փողը հանում էր, խցկում գրպանս: Երազում էր, որ ես լավ լինեմ, մա՛մ: Մի քանի օր հետո, ճաշարանի վերակարգն ընդունելիս, ուշքս գնաց: Կրկնվող գոռոց էի լսում` «Մաաաաաաաաաամ, ախխխխխխխ, մամմմմմմմմ, մ ա մ»: Գոռոցը հոսում էր, ծվծվում, բայց չէր կտրվում: Աչքերս բացեցի հոսպիտալի հիվանդասենյակում` փափուկ տեղաշորի մեջ պառկած: Քրտնել էի, թևիս տակ ջերմաչափ էին դրել, ճակատիս՝ թրջոց: Կեսօրին, երբ բուժքույրը ջերմաչափը հանելով սկսեց թափ տալ, հանկարծ հիշեցի գոռոցը: Ինձ թվաց՝ երազիս մեջ քեզ եմ կանչել, արագ կողքերս նայեցի` մահճակալները դատարկ էին:
Հանգիստ շունչ քաշեցի: Մի քանի օր հետո ճաշարանում տղերքը պատմեցին, որ իմ սենյակում աչքի բիբը հանած զինվոր են բերել: Առավոտյան մարզանքին, նախաճաշին ու տողանին չներկայանալու համար շտաբի պետն իր մոտ էր կանչել, ասել էր` «ուղիղ նայի աչքերիս մե՛ջ», հետո ձեռքի դանակը խրել էր զինվորի բիբը: Գիշերը նրան հասցրել էին հոսպիտալ, պառկեցրել իմ սենյակում ու լուսաբացին տեղափոխել քաղաք: Գոռացողը ես չեմ եղել, մա՛մ: Աչքի բիբը պայթած զինվորն էր: Քեզ հույս մի տուր: Դժվար թե ցավի մեջ մորը հիշելով գոռար: «Մամ»-ը կապ չունի ոչ ցավի, ոչ դանակի, ոչ ծակոցի, ոչ ծորող բիբի հետ. ուղղակի բառ` հնացած, սովոր, հարազատ, խաղաղ, ապահով, որ չի լսում, չի տեսնում, չի արձագանքում, չի օրորում գլուխը: Ու բառը գոռում էր, բառը մինչև մեռնելը խնդրում էր:
Մի քանի օր հետո Մովսեսի գումարտակից զինվոր բերեցին, ածականը՝ Տանձ: Պառկեցրին իմ սենյակում: Տխուր աչքեր ունի, մեծ, շատ մեծ գլուխ: Վատ տղա չի: Ասեղ ա կուլ տվել: Վաղը, այսինքն՝ արդեն էսօր, իր մամայի ծնունդն ա: Պատկերացնո՞ւմ ես, դուք նույն օրն եք ծնվել` Առյուծի համաստեղության տակ: Էդ մեկը գիտեմ, որովհետև ամեն օր զարթնում ու քնում էիր՝ հորոսկոպը ձեռքիդ: Դու հաստատ գիժ ես, մամ: Առյուծի մասին ինչ կարդում էիր` հը, հը, հը, խը, խը, խը անելով ասում էիր, որ լրիվ բռնում ա, դեմքիդ կնճիռները երջանկությունից ճաքերի էին վերածվում: Ինձ թվում էր՝ դեմքդ ծլեփ-ծլեփ կթափվի: Խոհանոցում էլ օրվա մեջ լսվում էր քո «հը, հը, հը, խը, խը, խը»-ն, որովհետև ուղեղիդ մեջ փռված առյուծը մեկ-մեկ հորանջում էր:
Էսօր կնշես ծնունդդ: Կհագնես նույն տոնական շորդ` խաղողի մի քանի հատիկ ձախ թևին, կկապես գոգնոցդ ու խնձորով թխվածքի խմոր կխփես, հետո ճակատիդ ընկած մի քանի մազը մատներիդ թույլ կծկումով կհավաքես, կհիշես առյուծին ու կծիծաղես` հը, հը, հը, խը, խը, խը: Հետո սեղանի համար սփռոց կընտրես: Գիտե՞ս, ես կտորը հաստ էն՝ աֆրիկացի աղջիկներով սփռոցն էի սիրում, հենց էդ հանում էիր, օգնում էի քեզ, եզրերից բռնելով փռում:
Տանձը համարյա չի խոսում` դինջ, ձեռքը միշտ փորին: Չգիտեմ, երևի ուզում ա ասեղի շարժումը կռահի ու կանխի: Կլեյ ա շնչում: Երկրորդ օրը ինձ փող տվեց, խնդրեց, որ քաղաք իջնողներից մեկնումեկին ասեմ կլեյ ու բարակ տոպրակներ գնի: Խնդրանքն արեցի: Մենք ամեն օր միասին գնում ենք ռենտգենի սենյակ ու նորից լսում` «ասեղը նույն տեղում է, պիտի սպասել»: Տարբեր հարկերում պառկած զինվորները օրը մի քանի անգամ գալիս են, հետաքրքրվում ասեղով, հարցեր են տալիս Տանձին: Զինվորական դատախազությունից քննիչը գալիս, երկար-բարակ ցուցմունքներ ա վերցնում: Բացի Տանձից, բոլորը սպասում են: Նրա կլեյը ես եմ սարքում: Մածուկը խնամքով լցնում եմ թափանցիկ տոպրակի մեջ, լղոզում, տալիս ձեռքը, հետո թիկնապահի պես կանգնում դռան մոտ, որ հանկարծ մարդ չմտնի: Տանձը գլուխը մի կերպ խոթում ա տոպրակի մեջ, մի քանի անգամ խորը շնչում-դուրս հանում ու նորից խոթում: Ուժեղ թմրելով` աչքերը հայելիների պես ջինջ են դառնում: Տանձը` խալաթը չհանելով, գնում-պառկում ա տեղաշորի մեջ, ձեռքը դնում փորին ու խոր քուն մտնում: Ես օդափոխում եմ սենյակը ու հարմար առիթի դեպքում պոկվում ճահճուտ: Գնում եմ ցերեկը, գնում եմ գիշերը, միշտ մատիտով ու թղթով:
Տա՞նձ: Հա: Զարթնե՞լ ես: Հա: Արդեն լուսանում ա, դրսից նոր եկա, ընտիր էր` օդը փափո՜ւկ, փափո՜ւկ: Մենակ տեսնես ծիծեռնակներն ինչ սիրուն են թռչում. լսո՞ւմ ես, կտուցով խփում են մեր պատուհանին: Ի՞նչ, խնդո՞ւմ ես վրաս: Չէ: Էէէէէէ, մի խաբի, լավ էլ խնդում ես: Բա ո՞ւր էիր գնացել: Հե հեեեե, չեմ ասի. լավ տեղ, շատ լավ, ու մենակ ես գիտեմ: Դե լավ, վեր կաց, ժամանակ չկա, պիտի գնանք, որ հասցնենք: Ծաղիկները սպասում են: Էէէէէ, էլի խնդո՞ւմ ես: Չէ: Մի խաբի: Հա, խնդում եմ: Ես էլ:
Մենք դուրս ենք գալիս, քայլում այգու միջով: Խնձորենիների տերևները ծովի ձայն են հանում: Փոքր դռնով ելնում ենք բաց դաշտ: Դանդաղ ենք քայլում, որ հանկարծ ասեղը չզարթնի: Կանաչ խոտերի արանքում ձյան փաթիլների պես պսպղում են դաշտային սպիտակ, մանուշակագույն, դեղին ու կարմիր ծաղիկները: Ծիծաղում ենք ու, մի փոքր բաժանվելով, սկսում հավաքել: Ծաղիկների պոչերը կարճ են: Ես նստում եմ խոտերի մեջ ու քաղում ամենասիրունները, ամենաթաքնվածները, ամենաքնքուշները: Ձեռքը փորի վրա՝ Տանձը նրբորեն կռանում է ու քաղում ընտրած ծաղիկը: Նրա կճուճած բռի մեջ դեռ չորս ծաղիկ կա` երկու սպիտակ, մեկը՝ դեղին, մեկը՝ կարմիր: Հավաքում ենք երկար, հետո նստում ենք, դեմքներս պարզում բուրող քամուն ու ծաղիկների փնջերը միացնում իրար: Շունչ առնելով՝ հետ ենք դառնում սենյակ: Ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնում ենք: Բոլորը դեռ քնած են:
Ծաղիկները կապում ենք կոճի թելով, դնում ջրով լի բաժակի մեջ: Տանձը մանրակրկիտ պատրաստվում է տեսակցության: Ես կատարում եմ իմ խոստումը, կլեյը սարքում եմ, տալիս ձեռքը, գնում-կանգնում եմ դռան մոտ: Նա շնչում է խորը, բուի պես կկոցում աչքերն ու խաղաղվում: Դեմքի առջև պահում եմ ձվաձև հայելին, որի մեջ երկար սանրում է մազերը, հետո մի քանի անգամ արձակում ու կապում խալաթի գոտին: Ծաղիկների փունջը տալիս եմ ձեռքը: Մենք իջնում ենք ներքև: Հերթապահներին զգուշացնում ենք, որ հենց Տանձի մայրը գա, ուղեկցեն այգու նստարաններ: Քայլում ենք, նստում լայն ճյուղերով ծառի տակ: Տանձի ձեռքը ինքնաբերաբար գնում է փորին: Նորից հիշեցնում եմ նրան: Նեղվելով՝ ետ է տանում: Անցնում է մեկ ժամ, երկու ժամ: Հանկարծ տղերքից մեկը հևիհև վազում է դեպի մեզ: «Տանձ, մերդ եկավ»,- ասում է ու հետ դառնում: Հանդիսավոր կանգնում ենք: Ուղղում եմ Տանձի խալաթի ճմռթված ծալքերն ու հեռանում:
Ես թափառում եմ այգու մեջ, գնում եմ հեռու ու թաքուն նայում դաշտային ծաղիկների փունջը ձեռքին մորը սպասող ընկերոջս, մամ: Ծաղիկների փունջը դրել է նույն տեղում, որտեղ միշտ ձեռքն է: Հիմա մայրը կմոտենա ու կգրկի նրան, Տանձը կնվիրի ծաղիկներն ու կասի. «Ծնունդդ շնորհավոր, մա՛մ»:
Ես թափառում եմ այգում ու հեռվից նայում նրանց.մենակ ասեղը չզարթնի, երազը երկարի
Կեսար
1
Գոլորշու տակ կարմիր ու խմոր: Բադակտուց բերանով սափորը թեքվում է, ջուր հորդում: Բերանից վարդի թերթիկներ են ընկնում. թև, թևը գոլորշուց դուրս է, հանգչում է լպրծուն մարմարին: Սրբազան ջուրը թևի տակ ճոճվում է մանկան օրորոցի քնքշությամբ, ցուցամատին արյուն չի խփում, գետերը տանում են նոր կճպված կեղևների հոտը, հազարավոր ծաղիկների կտրված գլուխներից ճզմված ու եփված մեռոնը, բազիլիկաների սյունաշարերն ու մանրակտոր հատակները: Խտությունից անշարժացած յուղերի միջով հոսում է արծաթի մանրափոշին, օշինդրը՝ խաղաղեցնող բալզամներն ու քաղցրիկ թմրադեղերը:
Հաճույքի ցավից թևի մեջ տրոփում են գետերը, ու ամեն զարկի հետ նա զգում է իր մարմնի անխուսափելի ծավալը.հեշտանքից կիսափակ փեղկերը սևեռում է ցուցամատի ծայրին, որից կառչել է աշխարհը: Բերանը կափկափում է թռչուններ չունեցող տիեզերքին. «Աշխարհը հոսում է թևիս միջով: Իմ վաշտը միշտ առաջինը կլինի, առաջինը ամեն ինչում` զորավարժություններում, շարայինում, հրաձգարանում: Իր վրա առաջինը կվերցնի թշնամու հարվածը, առաջինը հետ կմղի նրան, առաջինը կմտնի քաղաք, բոլորին կհրամայեմ խփել, բոլորին` կին, երեխա, ծեր, բութս կպարզեմ ներքև ու կհրամայեմ` կրա՛կ. թող մենակ պատերազմ սկսվի, մենակ սկսվի պատերազմը»:
Ափը դանդաղորեն դեմքին տարավ, գոլորշու կաթիլներն ասես խառնեցին հայացքը, որ նրան թվում էր՝ միշտ անշարժ է, որովհետև ժամանակ առ ժամանակ հայելու առջև մարզում էր.երկար նայում էր հայելու մեջ ու միանգամից սաստում դեմքին հայտնված մկանի ամեն մի կծկում, նյարդի թրթիռ: «Ոչ մի զգացմունք, ոչ մի հույզ»,- կրկնում էր ինքն իրեն ու մտածում մարդկային կամքի զորության ու ինքնակառավարման համակարգի անխափան աշխատանքի մասին, որը լիարժեք գործի դնելուց հետո վերջնականապես կքերթեր դիմախաղի մնացուկները:
2
Անկողնու գունատ սավանը կինը խնամքով ծալել-դրել էր թիթեղյա տաշտի լայն թռիչքով բռնակին: Երբ տաշտի պռունկներին հենվելով բարձրացավ, ուսից ու կոնքից գոլորշու փոքր պատառներ պոկվեցին: Կապիտանը մատներով խոցեց պատառները, վերցրեց սավանը, փաթաթեց մարմնին ու գոռաց կնոջը` «Գիրքս բեր»: Հաճելի եղանակ էր, քամին խփում էր երկար հոսքերով ու իր հետ տաք երակ էր բերում, որի մեջ նոր թխած հացի համ կար: Երկինքն առանց թռչունների էր: Կապիտանը, ոտնաթաթերին հետևելով, առաջացավ այգու ցանկապատին հենված շան բնի մոտ, որի կողքը դրված էր իշոտնուկը: «Պիտի նուրբ քայլել, ոտնաթաթերը դնել մի փոքր իրարից հեռու, աստվածների պես` փափուկ ու վստահ, որ ջրի կաթիլները հատ-հատ ընկնեն` ինչպես հասած մրգերը»:
Մինչ կմոտենար իշոտնուկին, կինը, փսլինքներ թափելով, փլվեց ոտքերին, մեկիկ-մեկիկ հագցրեց հողաթափերը, հետո բարձրացավ, շրթունքների արանքը ծխախոտ դրեց, վառեց ու տվեց գիրքը: Կապիտանը երկու մատը քսեց կնոջ ուսին, որի գզգզված մազերը թափվել-ծածկել էին երեսը: Հետո բերանը մոտեցրեց ականջին ու շշնջաց. «Եթե մեր շան լափը խաշել ես, բեր՝ թող ուտի»:
3
Սվետոնիոս «Տասներկու կեսարների կյանքը», արծաթավուն կազմով գիրքը կապիտանը գնել էր, իր նշանակման հրամանից մի քանի շաբաթ առաջ ու մինչև զորամաս ներկայանալը կարդում էր ամեն օր, էջերին մատիտով նշումներ էր անում, նոթատետրի մեջ արտագրում քառակուսու մեջ վերցված հատվածները: Մի քանի մուխ քաշելով ու կազմին փչելով՝ նա բացեց գիրքն ու սկսեց ընթերցել նշումներից. «Մի հռոմեացի հեծյալի, որը կտրել էր իր երկու պատանի որդիների ձեռքերի բթամատերը, որպեսզի ձերբազատի նրանց զինվորական ծառայությունից, նա հրամայեց աճուրդով վաճառել…
Թշնամու առջև նահանջած փաղանգներում նա մահապատժի էր ենթարկում յուրաքանչյուր տասներորդին… Ռազմակարգը լքող ցենտուրիոններին, ինչպես նաև շարքայիններին պատժում էր մահվամբ, մնացյալ զանցանքների համար տարատեսակ խայտառակիչ տույժեր էր տալիս` հրամայում էր, օրինակ, մի անբողջ օր կանգնել պրետորական վրանի առջև, երբեմն` միայն շապիկով և գոտիով, ուրիշ անգամ՝ ձեռքին կանգունաչափ կամ ճիմ»:
Կապիտանը փակեց գիրքը: Շան բնից հեկեկոցի ձայն լսվեց:
4
Կարճ ժամանակահատվածում նորանշանակ կապիտանը զորամասում աղմկոտ համբավ ձեռք բերեց: Վերցնելով երրորդ գումարտակի ամենաանկարգ վաշտը՝ նրանից ընդամենը մեկ շաբաթ պահանջվեց, որպեսզի գնդի հրամանատարի կողմից արժանանա պարգևատրման ու դրվատանքի: Առավոտյան տողանին վաշտն այնպիսի ճշգրտությամբ ու հուժկու քայլեց, որ ողջ շտաբին թվաց, թե հրապարակի ասֆալտը տատանումից կճեղքվի: Վաշտը շարային էր անում, երբ բոլորը հանգստանում էին: Վաշտը քայլում էր, երբ բոլորը կանգնած էին: Ծնողների հետ տեսակցությունը կապիտանն արգելեց, իսկ նամակներ ուղարկվում էին միայն իր գրասեղանին, իր մասնակցությամբ սղվելուց հետո:
Նա զորքին հրաձգարան էր տանում ամենադժվար եղանակին` սելավին ու սաստիկ տապին մեջքներին կապելով ավազով լցված պարկեր: Հրաձգարանի ճանապարհին նրանք կտրում-անցնում էին համարյա ծանծաղ մի առու: «Ռուբիկոնս», «Իմ Ռուբիկոնը», – առվի վրայով թռչելով՝ մտքում կրկնում էր կապիտանն ու ժպտում: Լինում էր, որ գիշերով գալիս էր առվի մոտ ու վրայով անընդհատ հետուառաջ թռչկոտելով՝ բարձր բղավում. «Ռու-ռու-ռուբիկոն», «Ռուբիկոն»: Հետո, գումարտակ վերադառնալով, կրկին կարդում էր այն հատվածը, որտեղ հիշատակվում էր Կեսարի՝ Ռուբիկոնն անցնելու պատմությունը: Զենքով վարժությունները տևում էին այնքան, մինչև արևը գազարի գույն էր առնում:
Եթե որևէ մեկը չէր ենթարկվում հրամաններին, պատժվում էր ողջ վաշտը: Կարգազանցի աչքի առաջ շարքից յուրաքանչյուր հինգերորդին նա ծեծում էր, հետո անցնում հաջորդ հինգերորդին, հետո՝ հաջորդին: Ճաշարան չէր թողնում մտել այնքան ժամանակ, մինչև բոլորը փակ աչքերով անգիր արտասանում էին զինվորական կանոնադրությունը: Ստուգատեսին ոտքից գլուխ տնտղում էր հագուստները: Զինվորներից մեկի կիսակոշիկին ու գոտուն նայելիս, եթե չէր երևում քթի ծայրը, 10 օր կալանքի էր ուղարկում, իսկ վաշտին երեք օր ստիպում էր քնել առանց կիսակոշիկները հանելու:
Բոլորը շշուկով էին տալիս անունը, գնդի հրամանատարը կապիտանին տեսնելիս մատները խրոխտ աղեղած էր պատիվ առնում: Բոլոր սպաները, զինվորները գալիս էին ու հեռվից ապշանքով նայում շարահրապարակում AK-74-ով կատարյալ վարժություն անող վաշտին: Բոլորը մատով էին ցույց տալիս, ասում էին` «Կեսարի վաշտը», և շարահրապարակի անվերջանալի թվացող տարածությունում չկար մի անկյուն, որտեղ լսելի չլիներ նրա «ի զենը»:
5
Կինը վերադարձավ, ձեռքի ափսեն դրեց բնի դռնից դուրս եկած շղթայի մոտ ու արագ հեռացավ: «Ռեքս, Ռեքս, Ռեքսո,- գիրքը ձեռքից ցած դնելով՝ գոռաց կապիտանը:- Դուրս արի, որ սովից մեռար, հորդ ի՞նչ պատասխան եմ տալու»: Բունը սկսեց ցնցվել: Տախտակների ճեղքերից սրթսրթոցներ էին թռչում: «Քո հետ չե՞մ, ասում եմ դո՛ւրս»: Կապիտանը բռնեց շղթայից ու ուժգին քաշեց: Վզկապով զինվորը դուրս ընկավ ու թաց երեսը սեղմեց կավագույն հողին: Գլխին կեպի չուներ, խեբեն կորել էր ցեխի ու տեղ-տեղ չորացած սննդի թանձրուքի մեջ: Պարանոցից սկսած` մեջքը հանկարծակի ալիքվում էր, թվում էր՝ ողնագծով օձ է իջնում:
Կապիտանը բութ մատի ծայրով երկու անգամ խփեց զինվորի ճակատին: «Բա գիտեիր հեշտ ե՞ս մարսելու՝ վաշտիդ հրամանատարին սաղ զորքի մոտ հայհոյելով ու թռնելով: Դե հիմա էլ փախի, ձենդ փորիցդ դուրս չի գալի՞ս, այ կատու»: Նա աչքերը պտտեց ներքև, զննեց մարմինը ծածկող սավանը, որի մռայլ կնճիռներն ամեն անգամ նույնացնելով հռոմեական տոգայի ծալքերին՝ հաճույքից քարանում էր: «Է՜հ,- հոգոց հանեց կապիտանը,- Ռեքսիկ, Ռեքսիկ, էս ի՜նչ օրն ես ընկել, ո՜ւր հասար, դե գլուխդ բարձրացրու, ձավարդ լըկի»: Զինվորը չէր շարժվում:
Կապիտանը կռացավ, բթով ու ցուցամատով վերցրեց ափսեն, վերևից խաշած ձավարը սկսեց լցնել նրա գլխին: Զինվորը ցատկ արեց ու ատամները խրեց կապիտանի ոտքը: Մի պահ ցավից ու շփոթմունքից անակնկալի գալով` կապիտանը սկսեց բռունցքներով հարվածել տղայի գլխին: Զինվորը ատամներն այնքան պինդ ու խորն էր խրել, որ կապիտանին մի պահ թվաց, թե ոտնաթաթը ուր որ է կկորցնի: Տղայի ուշքը գնաց, բայց ատամները չթողեցին ոտքը: Կապիտանը ցավից տնքում էր, սավանի ծոպերը կարմրել էին: Կաղալով՝ նա մտավ տուն, վերցրեց ատրճանակը, լիցքավորեց ու դուրս եկավ: Զորամասի կողմից լսվեց երբեք անակնկալ չհնչած, բայց ծանոթ տագնապի սուր ազդանշան: «Պատերազմը սկսվեց»,-երջանկությունից գլուխն ափերի մեջ առնելով՝ բղավեց կապիտանը:
6
Զորամասի շարահրապարակում քաոս էր: Գունդը ցաքուցրիվ էր եղել: Զինվորները վազում էին այս ու այն կողմ` ավտոմատներն ու փամփշտակալները թափթփելով ու հավաքելով: Հուսահատ դեմքերով սպաները փորձում էին դասավորել շարքերը: Մեկը սկսեց օդ կրակել: Հառաչանքի ու լացի ձայն լսվեց: Զենքն ուսին կապիտանը կաղալով` շերտ առ շերտ ճեղքեց իրար գլխի լցված դասակները, որոնք փակում էին շարահրապարակն ամբողջապես տեսնելու հնարավորությունը: Վերջապես մեծ ճիգերով նրան հաջողվեց շրջանցել բոլորին:
Երբ բացվեց տեսադաշտը, քիչ հեռվում ուրվագծվեց ժայռի մի կտոր: Զինված վաշտը հրամանի էր սպասում: Նա մոտեցավ իր զորքին ու թոքերում եղած ողջ ուժով ողջունեց: Վաշտը պատասխանեց հրամանատարի ողջույնին, ու թվաց՝ այդ պատասխան թնդյունից զինվորները սթափվեցին ու սկսեցին վերադասավորվել: Կապիտանն արագորեն ստուգատես անցկացրեց ու հանկարծ նկատեց, որ շարքերում երեք զինվոր բացակա է: Նորից հաշվեց դասակները` ճիշտ էր նկատել: Դուրս կանչելով ավագներին ու սերժանտներին՝ հարցրեց զինվորների գտնվելու վայրը: Լռում էին:
Բռունցքներով հարձակվեց զինվորների վրա ու սկսեց անխնա հարվածել. «Դավաճաններ, դավաճաններ, անասուններ, ո՞ւր են դրանք, ո՞ւր են»: Զինվորներից մեկը կամացուկ շշնջաց, որ տագնապի ազդանշանից առաջ նրանց գետի մոտ է տեսել: «Գետի մո՞տ. գետի մոտ ի՞նչ էին անում»: «Լողանում էին»,- հազիվ արտաբերեց զինվորը: Զենքն առաջ պարզելով՝ կապիտանը վազեց: Ցավից ու այտուցից ոտքն այլևս չէր զգում, բայց վազելու ընթացքում մերթընդմերթ նայում էր ներքև, թվում էր՝ զինվորն իր ատամներով դեռ կախված է ոտքից: Դուրս եկավ զորամասի ետնամասից, գետի խշշոցը մոտենում էր: Մթության մեջ կողմնորոշումը թույլ էր, բայց մացառների արանքներում արահետի պոչը բռնելով՝ հեշտությամբ ելավ ուղիղ ափ: Զենքն ուսը գցելով` չորս բոլորը մի քանի անգամ ձայն տվեց: Գետն էր:
Կանգնելով գլաքարին՝ նայեց ջրին: Գետն ասես հոսող խավար լիներ, որ հևում էր շնչասպառ մարդու ծանրությամբ: «Կեսա՛ր»: Շրջվեց: Ավտոմատների երեք փող հպվեցին կրծքավանդակին: Հետո պոկվեց գետնից ու հոսեց` հայացքը տիեզերքից չկտրելով:
- Hits: 34257