Անտոնիո Պորկիա. Ձայներ գրքից

            ***

Գտնվելով ինչ-որ հեռավոր միգամածությունում, ես անում են այն, ինչ անում եմ, այնպես որ համընդհանուր հավասարակշռությունը, որի մասն եմ ես, հավասարակշռությունը չի կորցնում։

            ***

Նա, ով տեսել է ամենայնը դատարկ, համարյա գիտի, ինչով է այն լի։

            ***

Նախքան իմ ուղին անցնելը ես իմ ուղին էի։

            ***

Իմ առաջին աշխարհը, ես լիովին գտա այն իմ հացի փշուրում։

            ***

Հայրս, մեկնելով, կես դար պարգևեց իմ մանկությանը։

            ***

Մանրուքները հավերժ են, իսկ մնացյալը, ողջ մնացյալը, կարճ է, չափազանց կարճ։

            ***

 այս հիմար փառասիրության, որ ներհատուկ է ամենին և ամենքին, մենք ոչինչ չէինք տեսնի և ոչինչ չէր լինի։

            ***

Ճշմարտության ընկերները շատ քիչ են, և այդ քչերը՝ ինքնասպաններ են։

            ***

Վարվիր ինձ հետ այնպես, ինչպես դու պիտի վարվես ինձ հետ, այլ ոչ այնպես, ինչպես ես արժանի էի, որ ինձ հետ վարվեին։

            ***

Մարդը ոչ մի տեղ չի գնում։ Ամենը գալիս է առ մարդը, ինչպես վաղը։

            ***

Նա, ով ինձ պարանով կապած է պահում՝ ուժեղ չի, ուժեղ է պարանը։

            ***

Փոքր ինչ միամտությունը երբեք ինձ չի լքում։ Հենց այն է ինձ պաշտպանում։

            ***

Իմ առջև մի դուռ է բացվում, ես մտնում և հայտնվում եմ բյուրավոր փակ դռների առաջ։

            ***

Իմ աղքատությունը բացարձակ չի՝ կամ նաև ես։

            ***

Եթե աչքերդ չբարձրացնես, կարող ես կարծել, թե դու՝ բարձրագույն կետն ես։

            ***

Ես չգտա իմ ով լինելը, և ես մնացի ահա այսպես՝ որպես ոչ մեկը։

            ***

Անհավատության թերությունը թերահավատությունն է։

            ***

Ես գիտեմ՝ դու  ոչինչ չունես։ Այդու ես խնդրում եմ քեզնից ամեն ինչ։ Որպեսզի դու ամեն ինչ ունենաս։

            ***

Ես եկա մահանալով, այլ ոչ թե ծնվելով․ ծնվելով, ես գնացի։

            ***

Աստված իմ, ես համարյա երբեք չեմ հավատացել քեզ, բայց միշտ սիրել եմ քեզ։

            ***

Եթե ես լինեի ժայռի նման, այլ ոչ թե ամպի, իմ գիտակցությունը, որ նման է քամու, կլքեր ինձ։

            ***

Այն, ինչ ներում է ամեն ինչ, պիտի որ իրեն էլ ներեր ամեն ինչ։

            ***

Իմ հարյուրամյակը դարձավ ոչ թե հարյուր տարին, այլ ինձ հետ մնացած մի քանի ակնթարթը։

            ***

Դու ապրում ես հիշողություն դառնալու հույսով։

            ***

Ես համարյա չեմ դիպել աճյունափոշու, բայց ինքս աճյունափոշուց եմ։

            ***

Ես կարծում եմ, որ հոգեկան տառապանքները հենց հոգին են։ Քանզի հոգին, որ ազատվում է իր տառապանքներից, մահանում է։

            ***

Մարդը խոսում է ամեն ինչի մասին, և այնպես է խոսում  ամեն ինչի մասին, ասես իմացությունն ամենայնի իր մեջ է։

            ***

Այն, ինչ կատարյալ է, չի շնչում։

            ***

Շատն այն բանից, որ ես դադարել եմ անել իմ մեջ, շարունակվում է արվել իմ մեջ, ինքնաբերաբար։

            ***

Այո նրանք ճիշտ չեն, քանզի չգիտեն։ Եվ եթե նրանք իմանային․․․Ոչինչ։ Նրանք նույնիսկ չէին սխալվի։

            ***

Բոլորը, գետերի նման, զառիկող մակերեսներ են։

            ***

Տիեզերքը բացարձակ կարգ չէ։ Չի բավում մարդը։

            ***

Ես կարծում եմ, մենք առկա ենք մեկս մյուսի մեջ, բայց լոկ այնժամ, երբ մյուսը բացակա է։ Չէ որ մենք չէինք կարող ներկա լինել մեկս մյուսի մեջ, երբ մյուսը ներկա է։

            ***

Երազում ես տեսնում եմ նույն երազը, որ տեսնում եմ արթմնի։ Իմ երազն անընդհատական է։

            ***

Բարձունքները ուղի են ցուցանում, բայց բարձունքներում։

            ***

Նրանք դադարեցին խաբել քեզ, չսիրելով քեզ։ Իսկ քեզ թվում է, թե քեզ դադարեցին սիրել։

            ***

Երբեմն ես ասես դժոխքում եմ և չեմ բողոքում։ Ես բողոքելու բան չեմ գտնում։

            ***

Լույսի շողը ջնջեց քո անունը։ Ես այլևս չգիտեմ, ով ես դու։

            ***

Երբ ես համաձայն չեմ ոչնչի, այդժամ ես համաձայն եմ ամեն ինչի։

            ***

Իմ աչքերը, կենալով կամուրջներ, դարձան անդունդներ։

            ***

Եվ առանց այս ամենայնի ինքնակրկնության, ինքզինքդ ինքդ քեզ, յուրաքանչյուր ակնթարթ, ամենայն ինչն էլ կձգվեր մի ակնթարթ։ Նույնիսկ ինքը հավերժությունը կձգվեր մի ակնթարթ։

            ***

Մարդը, երբ լոկ այն է, ինչ թվում է, համարյա ոչինչ է։

            ***

Այո, մտնելով ամեն ինչի մեջ, ես ասես ելնում եմ ամեն տեղից։

            ***

Դու կգտնես, որ տարածությունը, որ բաժանում է քեզ նրանցից, քեզ նրանց հետ միավորում է։

            ***

Հարյուր մարդը միասին՝ մարդու հարյուերորդական մասն է։

            ***

Եվ եթե զորու չեմ քեզ ասելու ոչինչ, չասելով այդ ինձ․ապա այն, ինչ կասեմ ես քեզ, արդյոք դա կլի՞նի այն, ինչ ես կասեմ քեզ, թե՞ այն, ինչ կասեմ ինձ։

            ***

Ես կուզեի լինել ինչ-որ բանում, որպեսզի չլինեմ ամեն ինչում։

            ***

Երբ մակերեսայինն ուժասպառում է ինձ, այն ինձ այնքան է ուժասպառում, որ հանգստի համար ինձ անդունդ է պետք։

            ***

Չարիք բոլորը չեն գործում, բայց այն մեղադրում է բոլորին։

            ***

Մեր կյանքով վճարվածը երբեք թանկ չի։

            ***

Ես կօգնեմ քեզ գալ, եթե դու գաս, և չգալ, եթե դու չգաս։

            ***

Նա, ով իր աշխարհը չի լցնում ուրվականներով, միայնակ է մնում։

            ***

Երբեմն աղքատությունն ինձ այնքան մեծ է թվում, որ ես վախենում եմ դրա կարիքն ունենալուց։

            ***

Դու հավատում ես, թե սպանում ես ինձ։ Ես հավատում եմ, որ դու սպանում ես քեզ։

            ***

Իմ դժգոհությունն ամենքից և ամեն ինչից, դարձավ իմ դժգությունն ինքս ինձնից։ Եվ հար շարունակում է ահագնանալ։

            ***

Քանզի դու լավագույնն ես այս աշխարհում, դու մտածում ես, որ լավագույնն ես այս աշխարհի համար։ Մեր հավատալիքները, ինչպես են նրանք մեզ խաբում։

            ***

Հեռավորը, շատ հեռավորը, ամենահեռավորը, ես գտա այն լոկ իմ արյան մեջ։

            ***

Այո, դա վատ է։ Սակայն դա լավ էր։ Եվ հիմա ես չեմ հասկանում, ինչպես դա կարող էր լավ լինել։ Եվ հիմա ես չեմ հասկանում, ինչպես դա կարող է վատ լինել։

            ***

Գաղտնիքն հանգստացնում է հայացքս, այլ ոչ թե կուրացնում է այն։

            ***

Եվ եթե դու հասել ես մարդուն, ապա էլ  ավելին ինչի՞ն  դու կարող էիր հասնել։

            ***

Երբ քո ցավը փոքր ինչ ավելին է քան իմ ցավը, ես ինձ փոքր ինչ դաժան եմ զգում։

            ***

Ով ասում է ճիշտը, համարյա ոչինչ չի ասում։

            ***

Իրը երբ լրիվ չէ՝ աղմուկ է, իսկ երբ այն լրիվ է՝ լռություն։

            ***

Եթե ես հավատայի, որ այլը միևնույնն է, ապա կյանքն իմ ոչ մի տարածականություն չէր ունենա։

            ***

Կեղտը, կեղտից զատված, այլևս կեղտ չի։

            ***

Չդատարկը, որ հենք է լինում դատարկին, ինքը հենք չունի և ճամփորդում է՝ դատարկությամբ։

            ***

Արդեն հազար տարի ես ինձ հարց եմ տալիս՝ հիմա ես ի՞նչ անեմ։ Եվ դեռևս պատասխանի կարիք չկա։

            ***

Ոչինչը՝ պարզապես ոչինչ չէ։ Դա նաև մեր զնդանն է։

            ***

Կայի ես և կար ծովը։ Ծովը միայնակ էր և ես էլ միայնակ էի։ Մեկին չէր բավում մյուսը։

            ***

Երբ ես հանդիպում եմ գաղափարի՝ ոչ այս աշխարհից, ապա զգում եմ, ասես թե այս աշխարհն ահագնանում է։

            ***

Ծանրությունն իմ անդունդներից է։

            ***

Հողն ունի լոկ այն, ինչ դու բարձրացնում ես հողից։ Այլևս ոչինչ նա չունի։

            ***

Լոկ վերքն է խոսում իր խոսքերով։

            ***

Տուն նոր վիշտ է մտնում, և հին վշտերը դիմավորում են այն իրենց լռությամբ, բայց ոչ մահով։

            ***

Մարդն ամեն ինչի մասին դատում է ներկա վայրկյանից, չհասկանալով, որ դատում է լոկ մի վայրկյանը՝ ներկայի վայրկյանը։

            ***

Այո, ես կջանամ լինել։ Քանզի չլինելը ես ամբարտավանություն եմ համարում։

            ***

Անսանձելին մարդու մեջ նրա արատը չէ, այլ նրա առաքինությունը։

            ***

Օրը չի կարող ծիծաղել նրա վրա, ով չի ծիծաղում գիշերվա վրա։

            ***

Ոչ, ես չեմ մտնի։ Քանզի եթե մտնեմ՝ ոչ մեկը չկա։

            ***

Ոչինչ, ասվում է այսինչի, այնինչի, նույնիսկ ամեն ինչի մասին։ Միայն չի ասվում ոչնչի մասին։

            ***

Ուզում եմ, քանզի ուզում եմ, իսկ այն, ինչ ուզում էի, ես այլևս չէի ուզենա։

            ***

Երբ ես հավատում եմ, որ քարը քար է, իսկ ամպը ամպ, ես չգիտակցվածի վիճակում եմ։

            ***

Այո, միլիոնավոր աստղեր։ Եվ միլիոնավոր աստղերն ըստ էության դրանց նայող երկու աչքերն են։

            ***

Խոսում եմ մտածելով, որ չպետք է խոսեի՝ այդպես էլ խոսում եմ։

            ***

Ծաղիկը, որ դու բռնել ես ձեռքիդ, ծնվել է այսօր և արդեն քո հասակակիցն է։

            ***

Երբեմն ես մտածում եմ, որ ամենը ինչ ես տեսնում եմ գոյություն չունի։ Քանզի այն ինչ ես տեսնում եմ՝ ամենն է, ինչ ես տեսել եմ։ Իսկ ամենը ինչ ես տեսել եմ գոյություն չունի։

            ***

Քիմերները գալիս են միայնակ, բայց հեռանում են ընկերակցությամբ։

            ***

Երբ տեգը նետվում է, որ ինձ վիրավորի, այն հանդիպում է արդեն հասցված վերքին և․․․զորու չէ ինձ վիրավորելու։

            ***

Կան վշտեր, որ կորցրել են հիշողությունը և արդեն չեն հիշում, թե ինչու են վշտեր։

            ***

Մարդը, երբ չի ափսոսում, համարյա չի գոյում։

            ***

Ասում են, դու սխալ ճանապարհով ես գնում, երբ դու գնում ես քո ճանապարհով։

            ***

Թևը ոչ երկինք է և ոչ էլ երկիր։

            ***

Ամեն ոք ունի իր աշխարհը, բայց չկա ամենքի աշխարհը։

            ***

Թույլ չարիքն ինձ վրդովվեցնում է, ուժեղը՝ հանգստացնում։

            ***

Եվ ես կշարունակեմ լողալ օտար ծովերում, մինչեւ որ խեղդվեմ իմ ծովում։

            ***

Ոչինչ չի ավարտվում առանց  բեկվածքի, քանզի ամեն ինչ վերջ չունի։

            ***

Երբ դու ինձ հետ ես, այսինքն երբ ես հավատում եմ, որ մարդ եմ և երբ հավատում եմ, որ դու մարդ ես, հարկ չէ որ դու ինձ հետ լինես, քանզի ես մարդ եմ այնժամ, երբ հավատում եմ, որ մարդ եմ։

            ***

Բանականությունը կորչում է խոհածության մեջ։

            ***

Նայելով ամպերին, ես տեսա, որ միտքս մարմնավորված է ոչ միայն  մարմնումս։

            ***

Ես ամեն ինչից մի քայլի վրա էի։ Այդտեղ էլ մնում եմ, ամեն ինչից հեռու, մի քայլի վրա։

            ***

Բոլոր արևները ջանում են վառել իմ կրակը և մի մանրէն այն մարում է։

            ***

Լացից առավել լացը՝ լաց տեսնելն է։

           ***

Մարդը՝ օդ է օդում եւ որպեսզի կետ դառնա օդում, նրանից անկում է պահանջվում։

            ***

Քանզի ես քեզ բարիք եմ կամենում, ես կուզենայի այնպես անել, որ դու հավատաս այն բանից հետո, երբ ես ինքս դադարեցի հավատալ։

            ***

Գոյություն կունենա՞ր այս հավերժական փնտրտուքը, եթե գոյութուն ունենար որոնելի մեծությունը։

            ***

Դու ինձ ոչինչ չես տալիս։ Քանզի երբ ես քեզնից ոչինչ չեմ խնդրում, դու ինձ ոչինչ չես տալիս։

            ***

Ցավը մեզ չի հետապնդում, այն մեր առջևից է ընթանում։

            ***

Մենք կորզում ենք կյանքը կյանքից, որպեսզի դրա օգնությամբ տեսնենք այն։

            ***

Որքան կարող է սա չլինել, համարյա միշտ կշտամբանք է այն բանին, թե որքան է հնարավոր։

            ***

Ինձ բավ է քո ձեռքը, քանզի այն ծածկում է ինձ ամբողջովին և անթափանց է։

            ***

Դու եկար այս աշխարհ, որը ոչինչ չի հասկանում առանց խոսքերի, համարյա առանց խոսքերի։

            ***

Նա, ով երկար է մնում ինքն իր հետ, արժեզրկվում է։

            ***

Ես այնքան եմ համակերպվել այն բանին, որ ես չունեմ որոշ բաներ, որ արդեն չէի համակերպվի այն բանին, որ ես դրանք ունեմ։

            ***

Մենք ընկալում ենք դատարկությունը, լցնելով այն։

            ***

Աստված շատ բան է տվել մարդուն, բայց մարդն ինչ-որ բան էլ մարդուց է ուզում։

            ***

Երբ ամեն ինչ արված է, արշալույսները տաղտկալի են։

            ***

Ուղիղ ճանապարհը կրճատում է տարածությունները, ինչպես նաև կյանքը։

            ***

Ողջ ստեղծվածը լոկ այն է, ինչ դու կարող ես ստեղծել ողջ ստեղծվածից։

            ***

Կատարյալ լույսի մեջ մենք նույնիսկ ստվեր չենք։

            ***

Եթե դու պատրաստվում ես փակել պատուհանը, ուրկից նայում են քո աչքերը, փակիր նախ քո աչքերը։

            ***

Մահացումն աննկատ է, լրիվ աննկատ, դա համարյա լռություն է։

            ***

Յուրաքանչյուրը համարում է, որ իր բաներն այս աշխարհում այնպիսինը չեն, ինչպես ողջ աշխարհում բոլոր բաները։ Այդ պատճառով յուրաքանչյուրն ունի իր բաները։

            ***

Այնտեղ, ուր ցույց տալու բան չկա, գիշերը լավն է։

            ***

Ծառը մենության մեջ է, ամպը մենության մեջ է։ Ամեն ինչ մենության մեջ է, երբ ես մենության մեջ եմ։

            ***

Հարյուր տարին մահանում է մի ակնթարթում, ինչպես և ակնթարթը մահանում է մի ակնթարթում։

            ***

Որոշ մարդկանց հետ իմ լռությունը բացարձակ է՝ դրսից և ներսից։

            ***

Ցավը գտնվում է վերևում, այլ ոչ թե ներքևում։ Եվ բոլորը կարծում են, թե ցավը գտնվում է ներքևում։ Եվ բոլորն ուզում են վեր։

            ***

Իմ մարմինն ինձ զատում է ամենայն էակից և ամենայն բանից։ Ոչ ավելին քան իմ մարմինը։

            ***

Երբեմն գիշերը ես վառում եմ լույսը, որպեսզի չտեսնեմ։

            ***

Նա, ով չարիքի մեջ է, չի լքում չարիքը, հանդիպման վախից․․․չարիքի հետ։

            ***

Եթե երթուղին փոխելու կարիք չունես, ապա ինչո՞ւ փոխել ուղեկցորդին։

            ***

Որքան ավելի փոքր է մարդն իրեն համարում, այնքան ավելի շատ բան է նա տանում։ Իսկ եթե նա իրեն ոչինչ է համարում, ապա տանում է ամեն ինչ։

            ***

Ես տեսել եմ մեռյալի։ Եվ ես փոքր էի, փոքր, փոքր․․․Աստված իմ, որքան մեծ էր մեռյալը։

            ***

Այո, հարկ է տառապել, նույնիսկ զուր տեղը, որպեսզի դատարկ չապրես։

            ***

Երբ ես զննում եմ այս աշխարհը, ես այս աշխարհից չեմ․ ես աչք եմ ածում այս աշխարհը։

            ***

Ոչ մեկը չի հասկանում, որ դու ամեն ինչ տվել ես։ Դու պիտի ավելին տաս։

            ***

Հոգեսպանը հարյուր հոգի չի սպանում․նա սպանում է լոկ մի հոգու՝ հարյուրապատիկ։

            ***

Այնպես, ինչպես ես ստեղծել եմ ինձ, ես չէի սկսի կրկին ստեղծել ինձ։ Հնարավոր է, ես կրկին ինձ ստեղծեի, քանի որ ես ինձ կործանում եմ։

            ***

Ամեն մի նոր դրամայից առաջ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ սա դրա՞մա է։

            ***

Հավատ չճանաչողը արժանի չէ իմացության։

            ***

Լոկ քչերն են հասնում ոչնչին, քանզի ճանապարհը երկար է։

            ***

Կարելի է կամուրջներ նետել պարապությունները հաղթահարելու համար, բայց ոչ այնպիսի բացարձակ պարապությունները, ինչպես քո բացարձակ դատարկությունը։

            ***

Երբ ես ինքս ինձ վնաս չեմ պատճառում, ես վախենում եմ վնաս պատճառել։

            ***

Փողոցում՝ միայն փողոց, իսկ քո տանը՝ ոչինչ։  Նույնիսկ ոչ փողոց։

            ***

Իմ մեջ այնքան քիչ եմ ես, որ այն, ինչ ինձ հետ անում են, ինձ համարյա անտարբեր է թողնում։

            ***

Այնտեղ, ուր մենք ինչ-որ բան դրել ենք, մենք միշտ հավատում ենք, որ ինչ-որ բան կա, նույնիսկ եթե այնտեղ ոչինչ չկա։

Իսպաներենի տողացիներից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

284
Հոկտեմբեր 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: