Սու Թոն. Ինքնասպանության դեպք

Գործարանի աշխատակցուհի Լի Շուծյունի մահը սկզբում դիտարկվեց որպես ինքնասպանություն։ Անամուսին ու մեկուսի կյանք վարող մի կին, մռայլ, աշնանային անձրևոտ մի գիշեր ընկել էր վեցերորդ հարկի պատուհանից ու մահացել։ Դեպքի վայրում չկային ո՛չ սպանության հետքեր, ո՛չ էլ ականատեսներ. մեր քաղաքային կյանքում նման դժբախտ դեպքերը սև ձիու պես սլանում-անցնում են, ապա մոռացվում։ Ցանկացած  ինքնասպանություն բացատրելու համար մարդիկ մշակել են դատողությունների ու վերլուծությունների մի ամբողջ շարք, Լի Շուծյունի անունը տալիս բոլորի աչքի առաջ գալիս էր շրջազգեստ երբեք չհագնող, տխրամած ու գլխիկոր քայլող մի մանածագործուհի, որը տարիներով ոչ մի տղամարդու հետ չէր խոսել, ուստի մարդիկ առանց երկմտելու որոշեցին, որ նրա խնդիրը հենց դա էր։ Երբ Լի Շուծյունի մահվան լուրը հասավ գործարան, կանայք, չնայած իրենց վշտին, մեկը մյուսի հետևից ասացին, թե նա մահացել էր տղամարդու, սիրո, ամուսնության բացակայության պատճառով։ Նրանց կարծիքով՝ թեև Լի Շուծյունը հեռու էր մնում այդ ամենից, հոգու խորքում երազում էր ընտանեկան ջերմության մասին. նա հաստատ ընկճվել է, իսկ երբ մարդ վհատվում է, կարող է ծայրահեղ քայլերի գնալ։ Բանվորուհիները հետաքննությունը վարող ոստիկաններին ասացին, որ իրենք վաղուց էին վախենում, որ մի օր Լի Շուծյունն ինքնասպան կլինի, բայց բոլորովին չէին սպասում, որ նա իսկապես կգնար այդ քայլին։

Ընտանիքի անդամների հարցաքննությունը ևս ոչ մի բան չտվեց։ Մահացածի ավագ քույրը՝ Լի Լանսինը, անմխիթար լաց էր լինում։ Նա ոստիկաններին պատմեց քառասուն տարվա իրենց՝ քույրերի սերտ կապի մասին ու հասնելով ամենացավալի պահին ուշաթափվեց։ Նրանից անհնար էր իմանալ մահացածի մահվան պատճառը, ու հետաքննիչները դարձան դեպի Լի Լանսինի տասնամյա որդին։ Փոքրիկ տղան սարսափած էր տանը տեղի ունեցածից, ու նրա կցկտուր պատմությունից միայն կարելի էր իմանալ, որ մահացածն այդ օրը շատ սովորական էր պահել իրեն. «Մորաքույրս ինձ համար խնձոր մաքրեց, հետո էլ հետս շաշկի խաղաց»։

Քանի որ Լի Շուծյունը կենդանության օրոք ապրել էր քրոջ ընտանիքի հետ, բնականաբար հարցեր տվեցին տան ամենակարևոր անդամի՝ Յոու Փինի մասին։ Սակայն Լի Լանսինն ասաց, որ ամուսինը դեպքից մեկ օր առաջ գործուղման էր գնացել հյուսիս։ Հետաքննիչները, անշուշտ, չէին կարող անտեսել այս մանրամասնությունը, նրանք մանրակրկտորեն ստուգեցին դեպքի պահին Յոու Փինի գտնվելու վայրը, բայց արդյունքում էլի ոչինչ չգտան. նա իսկապես մեկնել էր հյուսիս, իսկ նրա հետ գնացած երեք գործընկերները հաստատեցին դա։

Լի Շուծյունի մահը տարվա տասնյոթերորդ ինքնասպանության դեպքն էր։ Որոշ «խելոքներ» ենթադրություններ էին անում սեռական բռնության կամ գաղտնի սիրեկանների մասին, բայց դատաբժշկական փորձաքննությունը փակեց բոլորի բերանը. այն հաստատեց, որ Լի Շուծյունը կույս էր։

Գործում բոլոր նկարագրությունները չոր էին ու անհոգի, բայց քրեական հետաքննության ոստիկան Մա Ցիենլիի աչքերը հանկարծակի փայլեցին, երբ նա թերթում էր Լի Շուծյունի գործի թղթապանակը։

Բոլորն ասել էին, որ Լի Շուծյունը երբեք շրջազգեստ չէր հագնում, բայց արձանագրության մեջ նշված էր, որ պատուհանից ընկնելու օրը նրա հագին ժանյակազարդ, վարդագույն գիշերազգեստ է եղել։

* * *

Անանուն զանգահարողը խռպոտ ձայնով մի տղամարդ էր։ Երբ հեռախոսավարուհին զանգը փոխանցեց չբացահայտված գործերի բաժանմունք, դեռ հանգստացնում էր նրան.

-Դանդաղ խոսե՛ք, մի՛ հուզվեք, Ձեր տրամադրած տեղեկատվությունը շատ կարևոր է։

Ուստի Մա Ցիենլին հեռախոսափողը վերցնելով՝ նույնն ասաց.

-Հանգիստ պատմե՛ք, մի՛ հուզվեք, մեզ համար կարևոր է իմանալ այն, ինչ Դուք գիտեք։

Բայց տղամարդը միայն ծանր շնչեց հեռախոսափողի մեջ, ու երկար ժամանակ անց հանկարծ ասաց.

-Ե՞ս։ Հուզվե՞մ։ Ինչո՞ւ պետք է հուզվեմ։ Ես վստահ եմ, որ Լի Շուծյունն ինքնասպան չի եղել։

Մա Ցիենլին միանգամից չսկսեց հարցաքննել նրան. իր փորձից ելնելով՝ գիտեր, որ պետք է թողնել դիմացինին շարունակել խոսքը։ Նա համբերատար սպասեց, ու տղամարդն իսկապես խոսեց որոշ մանրամասների մասին։

-Այդ գիշեր նրանց տնից ձայներ էի լսում. նա ինչ-որ մեկի հետ կռվում էր, հայհոյում էր։

Մա Ցիենլին հարցրեց.

-Իսկ հստակ լսեցի՞ք, թե ինչ էր ասում։

-Չլսեցի, բայց հաստատ հայհոյում էր։

Երբ Մա Ցիենլին պատրաստվում էր հարցնել տղամարդուն, թե որ ժամին է լսել ձայները, տղամարդն ընդհատեց նրան՝ ասելով.

-Հիմա հաստատ հարցնելու եք՝ ժամը քանիսն էր... Դուք միայն դա գիտեք։ Ես նևրոզ ունեմ, գիշերները չեմ քնում ու երբեք ժամացույցին չեմ նայում, -տղամարդը հանկարծ բորբոքվեց, -դուք բոլորդ մի խումբ անպիտաններ եք, այս ու այն դատարկ բաները հարցնելով՝ դուք այդպես էլ ոչնչի չեք հասնում, նույնիսկ սպանությունն ու ինքնասպանությունն իրարից չեք տարբերում։ Մի՞թե դուք մարդկային կյանքերին չեք վերաբերվում այնպես, ասես դրանք ծղոտի արժեք անգամ չունեն։

Մա Ցիենլին դեռ լիովին շփոթված էր այս հանդիմանությունից, երբ տղամարդն անմիջապես անջատեց հեռախոսը։

Մա Ցիենլին դեռ նման մարդու չէր հանդիպել։ Հարցրեց քարտուղարին նրա անունը, բայց վերջինս ասաց, որ նա անուն-ազգանուն չի հայտնել, միայն ասել է, թե ինքը «հասարակ քաղաքացի է»։ Այդպես էլ արձանագրության մեջ գրվեց՝ «Հասարակ քաղաքացի»։

Երբ Մա Ցիենլին եկավ Մանածագործների փողոց, այն արդեն վերադարձել էր իր հանգիստ և մաքուր վիճակին։ Լի Շուծյունի ընկնելու տեղի արյան հետքերն ու ոստիկանության գծած սպիտակ ուրվագիծն աշնան անձրևն ու քամին արդեն սրբել-տարել էին։ Փողոցում մարդիկ գնում-գալիս էին, նրանք արագ անցնում էին մեկ ամիս առաջ տեղի ունեցած դեպքի վայրով, և նրանց դեմքերն ու քայլվածքն այնքան անհոգ էին, կարծես ոչ ոք չէր հիշում այդ անբախտ կնոջը։

Մահացածի քույրը՝ Լի Լանսինը, դեռ խոր վշտի մեջ էր. դա բոլորովին անկեղծ վիշտ էր։ Մա Ցիենլին նկատեց, որ նա թեթևակի շպարված էր, ուներ միջին տարիքի կնոջ հմայք, բայց քրոջ անունը տալուն պես բերանը լայն բացեց ու բարձրաձայն հեկեկաց՝ մի փոքր անգամ չմտահոգվելով իր տեսքի համար։

-Մի մարդ լսել է, որ նա հայհոյում էր, այդ ժամանակ սենյակում կարծես էլի մարդ է եղել։ Դուք կողքի սենյակում էիք, ոչինչ չե՞ք լսել։

-Ուրի՞շ մարդ։ Ո՞վ է ասել, թե էլի մարդ է եղել, -Լի Լանսինը սրբեց արցունքներն ու աչքերը չռեց, -եթե էլի մարդ լիներ, քույրս ցած չէր նետվի։

-Ո՛չ, եթե էլի մարդ է եղել, ուրեմն Ձեր քույրը ինքնասպան չի եղել, հասկանո՞ւմ եք։ Փորձեք հիշել՝ արդյո՞ք նրա սենյակից որևէ ձայն չեք լսել։

-Ինչպե՞ս կարող էր ուրիշ մարդ լինել։ Տանը միայն մենք երեքով էինք, Յոու Փինն էլ գործուղման էր։ Ի՞նչ ձայն։ Ի՞նչ ձայն պիտի լիներ։ Երբ ես ձայներ լսեցի, նա արդեն..., -Լի Լանսինը դարձյալ ափերով ծածկեց դեմքն ու լաց եղավ, -ինչո՞ւ եք նման հարցեր տալիս։ Ինձնից բացի ո՞վ կարող էր մտնել նրա սենյակ։ Մի՞թե ես իմ հարազատ քրոջը կհրեի։

-Ես դա նկատի չունեմ, պարզապես ուզում եմ հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է, որ որևէ մեկը սենյակում լիներ։

-Ոչ, -Լի Լանսինը գլուխը տարուբերեց, -կարծում եք՝ սպանությո՞ւն է։

Մա Ցիենլին, առանց պատասխան տալու, մոտեցավ պատուհանին։ Փողոց նայող պատուհանը բաց էր, պատուհանագոգին հիմա սենյակային բույսի մի թաղար էր դրված։ Նա բարձրացրեց թաղարը. տակը միայն հողի կլոր հետք էր։ Այդ անձրևոտ գիշերը պատուհանագոգին կանգնելու հետքերն այլևս չկային, բայց Մա Ցիենլիի աչքի առաջ լողաց վարդագույն գիշերանոցով Լի Շուծյունի կերպարանքը՝ կանգնած պատուհանագոգին, սարսափած, հուսահատ։

-Ձեր քույրը չէր սիրում շրջազգեստ, բայց տանը հագնում էր, այնպես չէ՞։

-Չէր սիրում, նեղվում էր, որ սրունքները հաստ են։

-Բայց ընկնելու պահին գիշերազգեստով է եղել։

Լի Լանսինն այդ պահին տարօրինակ հայացքով նայեց Մա Ցիենլիին։

-Դրանում ի՞նչ կա որ։ Ինչ էլ լինի, կին էր, բոլոր կանայք էլ սիրում են գեղեցիկ տեսք ունենալ։ Այդ գիշերազգեստն ամռանն էր գնել, այս տարի նա հատկապես հետևում էր իր տեսքին։

-Սիրահարվա՞ծ էր։

-Ո՞վ գիտի։ Որոշ բաներ ինձ չէր ասում։ Եթե ասեր, խորհուրդներ կտայի, միգուցե այսպես չաներ։

Լի Լանսինը նորից փղձկաց, մինչև որ ամուսինը՝ Յոու Փինը, տուն եկավ։ Յոու Փինին տեսնելուն պես Լի Լանսինն արագ սրբեց արցունքները, ուղղեց շորերը։

-Նրանք կասկածում են, թե Շուծյունին սպանել են, -ասաց նա ամուսնուն՝ թաշկինակով աչքերը սրբելով, -ասում են՝ իբր մեկը ներխուժել է նրա սենյակ։ Ես չեմ կարող նրանց հետ խոսել, դո՛ւ խոսիր։

-Ես ի՞նչ խոսեմ, տանը չեմ եղել, -Յոու Փինը անհամբերությամբ հանեց սև վերարկուն ու սև, կլոր գլխարկը, կախեց, ապա թշնամական հայացքով նայեց ոստիկաններին, -ապացույցներ ունե՞ք։

-Փնտրում ենք, -ասաց Մա Ցիենլին։

Յոու Փինը դուրեկան ու հանգիստ տղամարդ էր։ Նա ակնհայտորեն դժգոհ էր իրենց այցից, բայց Յոու Փինի՝ հենց այդ անբարյացակամ վերաբերմունքն ավելի շարժեց Մա Ցիենլիի հետաքրքրությունը։ Դիմելով Լի Լանսինին՝ կատակեց.

-Ձեր ամուսինը բավականին գրավիչ տղամարդ է, չե՞ք անհանգստանում, երբ նա գործուղման է լինում։

Լի Լանսինի դեմքի արտահայտությունը փոխվեց, նա նայեց ամուսնուն, գլուխը կախեց ու ասաց.

-Անհանգստանալու բան չկա, ես լավ եմ ճանաչում իմ ամուսնուն։ Շատ են կանայք, որոնք փորձում են գայթակղել նրան, բայց նա ուրիշների վրա աչք չի դնում։

-Իսկ տա՞նը։ Ձեր քույրն է՞լ էր նրան համակրում։

-Ի՞նչ նկատի ունեք, -Լի Լանսինը հանկարծ ցնցվեց, իսկ հետո խելագարի պես գոռաց, -ինչպե՞ս եք համարձակվում։ Եթե մի անգամ էլ նման բան ասեք, ես կապտակեմ Ձեզ։

-Կատակում էի, մի՛ բարկացեք։

Մա Ցիենլին՝ հետ քաշվելով Լի Լանսինից, մոտեցավ Յոու Փինին ու աչքով արեց, բայց վերջինս քմծիծաղ տվեց ու գնաց խոհանոց։

Հանկարծ Մա Ցիենլիի աչքով ընկավ Յոու Փինի կախած վերարկուն, որի օձիքի մոտ կարված պղնձե կոճակներից մեկը պոկված էր։ Պղնձե կոճակները կամ դրանցից մեկի պակասը սովորական բան էր, ուստի այդ ժամանակ Մա Ցիենլին մեծ ուշադրություն չդարձրեց դրան։ Նրան ավելի շատ հուզեց Լի Լանսինի պահվածքը կատակից հետո, կինն այնպես կատաղի արձագանքեց, կարծես դիպչել էին նրա ամենացավոտ տեղին, իսկ դրանից հետո նրա լացը դարձավ չափազանց ուժգին ու կարճ. դա անօգնական, վիրավորված մարդու լաց էր։

* * *

Մա Ցիենլին նկատեց, որ կարճահասակ, հին զինվորական համազգեստով մի տղամարդ հետևում է իրեն։ Ծիծաղելի էր. միշտ ինքն էր հետևում ուրիշներին, իսկ հիմա իրեն էին հետևում։ Խաչմերուկում գտնվող վարսավիրանոցի մոտով անցնելիս նա սողոսկեց ներս։ Շատ չանցած՝ տղամարդու դեղնավուն ու տխուր դեմքը հպվեց վարսավիրանոցի ապակուն։ Մա Ցիենլին դուրս թռավ ու ամուր բռնեց նրա թևը։

-Հետևո՞ւմ ես ինձ, -ասաց Մա Ցիենլին։

-Հա, հետևում եմ, -տղամարդը՝ հանգիստ նայելով Մա Ցիենլիի աչքերին, շարունակեց, -տեսնենք՝ երբ կգտնես մարդասպանին։

-Ի՞նչ մարդասպան։

-Լի Շուծյունին սպանողին, -տղամարդու դեմքին մի ծուռումուռ ժպիտ նկարվեց, -ես էի ձեզ զանգել։ «Հասարակ քաղաքացին» ես եմ։

-«Հասարակ քաղաքացի՞»։ Անունդ ի՞նչ է։

-Անունս հենց «Հասարակ քաղաքացի» է, չեմ խաբում։

Մա Ցիենլիին թվաց, թե «Հասարակ քաղաքացին» խելապակաս էր։ Նրա ուղեղը մի պահ մթագնեց. եթե Լի Շուծյունի գործի միակ հույսն այդ մարդն էր, ուրեմն իր վերջին օրերի վազվզոցներն անկասկած ծաղրուծանակի առարկա էին։

Վարսավիրանոցից մի մարդ դուրս եկավ, կոպտորեն մի կողմ հրեց «Հասարակ քաղաքացուն»՝ գոռալով.

-Արա՛, էկել ես ստեղ՝ մարդասպան ճարե՞ս։ Մաքրվի՛ ստեղից, ստեղ ոչ մի սպանություն էլ չկա։

-Խելքը տեղը չի՞, -հարցրեց Մա Ցիենլին վարսավիրին։

-Չէ՛, սաղ օրը ստեղ-ընդեղ ընգած մարդասպան ա ման գալիս, -վարսավիրն էլի հրեց «Հասարակ քաղաքացուն» ու դարձավ ոստիկանին, -մի՛ հավատացեք սրան, թե հավատացիք, կրակը կընգնեք։ Մարդասպա՜ն, ի՞նչ մարդասպան, է՜։

-Անբաննե՛ր, առանց ապացույցներ հավաքելու, առանց հետաքննության ո՞նց եք գտնելու մարդասպանին, -զայրացած աղաղակեց «Հասարակ քաղաքացին»՝ բռունցքը թափահարելով Մա Ցիենլիի առաջ, -ես ապացույց ունեմ, Լի Շուծյունի սպանության ապացույցը։ Մարդասպանն իմ ձեռքում է։

Ապա «Հասարակ քաղաքացին» բացեց բռունցքը, ու մի պղնձե կոճակ զնգոցով ընկավ վարսավիրանոցի մուտքի աստիճանների վրա։ Մա Ցիենլին բնազդաբար կոճակը փաթաթեց թաշկինակի մեջ. ծանոթ էր, անմիջապես հիշեց Յոու Փինի վերարկուն, կոճակները։

-Որտե՞ղ ես գտել սա, -Մա Ցիենլին դեմքի մեղմ արտահայտությամբ թփթփացրեց նրա ուսին։

-Որտե՞ղ։ Դեպքի վայրում, էլ որտե՞ղ, -ինքն իրենից գոհ ասաց «Հասարակ քաղաքացին», -գործն արդեն կարելի է գլուխ բերել։ Երբ մարդասպանը Լի Շուծյունին հրել է, Լի Շուծյունը նրա շորից պոկել է էս կոճակը։ Էս կոճակը... ոչ ոք չէր նկատել, ես եմ գտել ջրափոսի միջից։

-Ե՞րբ ես գտել։

-Նրա մահից երեք ժամ անց. էդ ժամանակ բոլորդ գնացել էիք՝ ենթադրելով, թե ինքնասպանություն է, միայն ես էի դեռ ապացույց հավաքում, միայն ես գիտեի, որ Լի Շուծյունին սպանել են։

«Հասարակ քաղաքացին» քիթը սրբեց, լրջացավ, ապա սեղմեց Մա Ցիենլիի ձեռքն ու ասաց․

-Ես քեզ տվեցի ապացույցը, մնացած ծանր գործը թողնում եմ քեզ։

Մա Ցիենլին զսպեց ծիծաղը. «Հասարակ քաղաքացին» հիմա նրան շատ հմայիչ թվաց։ Անկախ նրանից՝ գործը կբացահայտվեր, թե չէ, ասաց.

-Ես կմիջնորդեմ, որ քեզ մի մեդալ տան։

Հետագա հետաքննությունն իսկապես սկսվեց այդ պղնձե կոճակից։ Սև վերարկուի տերը՝ Յոու Փինը, չէր հիշում, թե երբ էր պոկվել օձիքի կոճակը, ու ամենակարևորը՝ պնդում էր, որ գործուղման գնալիս այդ սև վերարկուն չէր վերցրել, ինչպես և չէր վերցրել սև գլխարկը, մի խոսքով՝ երկուսն էլ թողել էր տանը։ Մա Ցիենլին նորից հարցաքննեց նրա հետ մեկնած երեք գործընկերներին, ու երեքն էլ միաբերան հաստատեցին, որ Յոու Փինը մոխրագույն կոստյումով է եղել։

Երբ Լի Լանսինը տեսավ Մա Ցիենլիի ձեռքի պղնձե կոճակը, դեմքին մի պահ տագնապ հայտնվեց, բայց այդ տարօրինակ արտահայտությունն իսկույն չքացավ.

-Ես հենց էս կոճակն էի ման գալիս. Յոու Փինի էն վերարկուն քույրն էր Ճապոնիայից բերել, կոճակը պոկվել էր, չէինք գտնում։ Որտեղի՞ց եք գտել այն։

-Այս կոճակը Ձեզ տալ չեմ կարող, -ասաց Մա Ցիենլին։ -Ձեր քույրն ընկնելու ժամանակ սա պինդ սեղմած է պահել ձեռքում։ Պա՞րզ է։

-Ինչպե՞ս թե, Դուք էլ գիտեք, որ Յոու Փինն էդ ժամանակ տանը չի եղել, չէր կարող նրա սենյակ մտնել։

-Յոու Փինը տանը չի եղել, բայց վերարկուն տանն է եղել։ Ուրիշ մեկը կարող էր հագնել դա ու մտնել Ձեր քրոջ սենյակ, -ասաց Մա Ցիենլին։ -Կա մեկը... Գիտե՞ք, թե ով։

-Ո՞վ, -Լի Լանսինը քմծիծաղ տվեց։ -Կարո՞ղ է արդյոք որդիս լինել, իհարկե ոչ, նա ընդամենը տասը տարեկան է։ Թե՞ կարծում եք՝ ես եմ եղել։ Ես ինչո՞ւ պիտի Յոու Փինի վերարկուն հագնեի ու մտնեի նրա սենյակ։

-Ես չգիտեմ, դրա համար էլ Ձեզ եմ հարցնում։

-Դուք ինձ եք հարցնում, բա ես ո՞ւմ հարցնեմ, -Լի Լանսինը մռայլվեց։ -Միգուցե իսկապես մեկը մտել է մեր տուն, գուցե պատուհանո՞վ է ներս անցել։

-Այդ տարբերակն արդեն բացառված է, -ասաց Մա Ցիենլին։ -Հիմա միայն մի տարբերակ կա.  այդ Դուք եք հագել Յոու Փինի վերարկուն ու մտել Ձեր քրոջ սենյակ։

-Ի՞նչ, -ճչաց Լի Լանսինը։ -Շուծյունը իմ հարազատ քույրն է, գիշերվա կեսին ինչպե՞ս կարող էի վախեցնել նրան։ Ես հո խելագա՞ր չեմ։

-Դուք հաստատ ինչ-որ պատճառ եք ունեցել, ուղղակի չեք ուզում ասել։

Մա Ցիենլիի հայացքն ընկավ դռան հետևի կախիչին. սև վերարկուն ու գլխարկը դեռ այնտեղ էին։ Նա մոտեցավ, վերցրեց դրանք ու ասաց.

-Կարո՞ղ եք մեզ օգնել. դրեք այս գլխարկն ու հագեք վերարկուն, ուզում ենք տեսնել։

-Ո՛չ, -Լի Լանսինի ձայնը ջղային էր, իսկ նրա ճիչերը խառն էին ու վախով լի։ -Ես խելագար չեմ, նա իմ հարազատ քույրն է, իմ հարազատ քույրը...

Մա Ցիենլին նրա խուճապից որոշ հուշումներ քաղեց։ Մի պահ մտորեց ու փոխելով թեման՝ հարցրեց.

-Յոու Փինն ու Ձեր քույրը ոչ սովորական հարաբերությունների մե՞ջ են եղել։

Լի Լանսինը հանկարծ գլուխը բարձրացրեց ու զայրացած նայեց նրան, շուրթերը դողում էին.

-Եթե մեկ էլ համարձակվեք նման բան ասել, մեկ էլ համարձակվեք կասկածի տակ առնել իմ քրոջ մաքրությունը, ես էլ պատուհանից ցած կնետվեմ, մեկ է, ես նույնպես այլևս ապրել չեմ ուզում։

-Ես հավատում եմ Ձեր քրոջ պարկեշտությանը, բայց արդյո՞ք Յոու Փինը նրա նկատմամբ որևէ ոտնձգություն չի արել։

Մա Ցիենլին տեսավ, թե ինչպես կինը ջախջախվեց. նա իսկապես ուզում էր գնալ դեպի պատուհանը։ Նա արագ մոտեցավ, բռնեց դողացող կնոջը, նրա ձայնը դարձավ ավելի մեղմ ու մտերմական.

-Խնդրում եմ, այդպես մի՛ վարվեք։ Եթե հրաժարվում եք պատասխանել հարցերին, մենք գործը կփակենք, Ձեր քրոջ մահը կմնա որպես ինքնասպանություն, ու թող մեղավորն ամբողջ կյանքում տանջվի խղճի խայթից, դա էլ իր պատիժն է։

Լի Լանսինն անզորությունից տապալվեց գետնին, աղիողորմ լաց լինելով՝ ասաց.

-Նրանք երկուսն էլ անմեղ են, ես կործանեցի նրանց, չարությունից կուրացած՝ ես սպանեցի Շուծյունին... Մեռնողը նա չպիտի լիներ, ես պիտի լինեի։

Մա Ցիենլին համբերատար սպասեց, մինչև նա փոքր-ինչ հանդարտվեց։ Մա Ցիենլիի համար այդ անձրևոտ գիշերվա պատմության մեջ դեռ մութ տեղեր կային.

-Ինչո՞ւ էիք Յոու Փինի շորերը հագել ու մտել Ձեր քրոջ սենյակ։

-Ուզում էի ստուգել նրան, -ասաց Լի Լանսինը։

-Մի՞շտ եք կասկածել, որ նրանց միջև մի բան կա։

-Չէ, այս ամառվանից սկսած, -Լի Լանսինը շարունակում էր հեկեկալ։ -Շուծյունը երբեք շրջազգեստ չէր հագնում, բայց այս ամռանը նա գնեց այդ գիշերազգեստը։ Զգում էի, որ մի բան այն չէ, մտածում էի՝ Յոու Փինի համար է հագնում։ Ամբողջ ամառ հագից չէր հանում, ես էլ անընդհատ կասկածների մեջ էի... Մոռացել էի, որ նա էլ է կին, նա էլ է ուզում սիրուն լինել։

-Ինչպե՞ս որոշեցիք այդ ձևով նրան ստուգել։

-Յոու Փինն այդ օրը գնացել էր գործուղման, բայց Շուծյունը չգիտեր դրա մասին։ Ես նրա վերարկուն ու գլխարկը պատրաստվում էի դնել լվացքի մեքենայի մեջ, երբ հանկարծ այդ միտքը ծագեց։ Ես պարզապես ուզում էի ստուգել. նա կարճատես էր, մթության մեջ կարող էր ինձ շփոթել Յոու Փինի հետ։ Հագա վերարկուն, գլխարկը դրեցի, մոտեցա մահճակալին, շոյեցի այտը, դրանից իսկույն արթնացավ։ Ասաց. «Փեսա՛, ի՞նչ ես անում»։ Տեսա՝ ոնց է ձեռքը տանում բարձի կողմը, որ ակնոցը վերցնի, ու խուճապի մատնվեցի. թռա առաջ, պինդ բռնեցի ձեռքը։ Չէի սպասում, որ այդքան ուժեղ կլինի. ձեռքս թոթափեց, ցատկեց մահճակալից, վազեց դեպի պատուհանը. «Փեսա՛, ի՞նչ ես անում, արագ դո՛ւրս արի, թե չէ կգոռամ»։ Ինձ թվաց, որ դեռ լրիվ չեմ ստուգել նրան. չարքը մտավ մեջս, մոտեցա, որ բազուկից բռնեմ։ Այդ պահին նա խելագարի պես սկսեց քաշքշել ինձ, ինչի արդյունքում էլ վերարկուի կոճակը պոկվեց։ Չէի սպասում, որ այդքան համարձակ կլինի. լաց լինելով ու հայհոյելով ելավ պատուհանագոգին, ասաց. «Յոու Փի՛ն, անասո՛ւն, եթե չգնաս, ես պատուհանից ցած կնետվեմ»։ Վախեցա, բարձր գոռացի. «Մի՛ ցատկիր, ես եմ, Յոու Փինը չի»։ Հիմարի մեկն եմ, այդ պահին չպիտի ձայն հանեի, պիտի շրջվեի ու գնայի, ես վախեցրի նրան, տեսա՝ ոնց նրա մարմինը մի ակնթարթում հետ գնաց. նա ուզեց բռնվել պատուհանի շրջանակից, բայց չհասցրեց... Բոլորն ասում են, թե ընկնելիս նրա ճիչը սարսափելի է եղել, բայց դա ոչ թե նրա ճիչն էր, այլ իմ։

Լի Լանսինը սկսեց դառն արցունքներ թափել, ինքն իրեն ապտակել։ Մա Ցիենլին չկանգնեցրեց նրան, նա պատկերացրեց, թե ինչպես է Լի Շուծյունը վեցերորդ հարկից ցած ընկել, ու սրտում սուր ցավ զգաց։ Նա հազար ու մի տարօրինակ գործ էր վարել, բայց դրանցից ոչ մեկն այսքան անսպասելի ավարտ չէր ունեցել։

Մանածագործների փողոցի այս պատմությունը մեծ աղմուկ հանեց. դեպքն էլ, դրա բացահայտումն էլ իրոք աննախադեպ էին, ներառյալ կոճակը գտած «Հասարակ քաղաքացին», որին փողոցի բնակիչները խելագար էին համարում ու չէին հավատում, որ նա կարևոր դեր էր ունեցել գործում։ Մա Ցիենլիի գործընկերները նույնպես կարծում էին, որ «Հասարակ քաղաքացու» հուշումներն անօգուտ էին, բայց Մա Ցիենլին իրենն էր պնդում, նա կարծում էր, որ հանցագործություն բացահայտելիս պետք է հենվել ամբոխի վրա, իսկ ամբոխի մեջ «Հասարակ քաղաքացու» պես մարդիկ էլ են լինում, հազար տեսակի գործ կա, հազար տեսակի էլ բացահայտման ձև, ու եթե խելագարը ճիշտ հետք է տվել, ի՞նչ իրավունք ունես նրան չհավատալու։

* * *

Մա Ցիենլին կատարեց իր խոստումը։ Հաջորդ տարվա գարնանը Մանածագործների փողոցում գտավ դեսուդեն թափառող «Հասարակ քաղաքացուն» ու պարանոցից մի վառ դեղին մեդալ կախեց։ Վերջինս սկզբում շատ ուրախացավ, բարձրացրեց անանուն մեդալը դեպի արևը, բայց դեմքի արտահայտությունը հանկարծ դարձավ արհամարհական ու խիստ.

-Հիմա ո՞նց կարող եմ ընդունել այս մեդալը։ Այս գործում դեռ կասկածելի բաներ կան, պետք է շարունակենք փնտրել։

Մա Ցիենլին նայելով նրա ետևից՝ տեսավ, թե ինչպես նա մոտեցավ Լի Լանսինի տան աղբամանին, արագ մի բան հանեց ու թափահարեց իր ուղղությամբ։ Մա Ցիենլին կռահեց, որ արյունոտ թաշկինակ էր։ Բութ մատը բարձրացրեց, բայց այս անգամ նա չէր ուզում ընդունել «Հասարակ քաղաքացու» ցույց տված ապացույցները, ի վերջո, նա դեռ պատրաստ չէր իրեն օգնական դառնալու։

Նայելով «Հասարակ քաղաքացուն»՝ Մա Ցիենլին ժպտում էր. նա կարծում էր, որ «Հասարակ քաղաքացին» մյուս մարդկանցից շատ ավելի անկեղծ ու հմայիչ էր։ Բայց նրա մտքով էլ չէր անցնում, որ հենց այս մարդն էր նորից խառնվելու Լի Շուծյունի գործին ու արդեն իսկ պարզված գործը բարդացնելու։

* * *

«Հասարակ քաղաքացուն» քննչական բաժանմունք էր բերել Լի Լանսինի ամուսինը՝ Յոու Փինը։ Մա Ցիենլին տեսավ, թե ինչպես Յոու Փինը կատաղած ներս հրեց նրան՝ գոռալով.

-Սա ի՞նչ բան է, ո՞վ է ձեզ թույլ տվել մտնել մարդու տուն ու գողություն անել։

Մա Ցիենլիի երկու գործընկերները՝ Լաո Ման ու Սիաո Ման, վեր կացան, որ վռնդեն նրանց։ Սիաո Ման զայրացած գոռաց.

-Ո՞վ եք դուք, որ էսպես ներս եք խուժում բաժանմունք։ Ո՞վ է ձեր տնից բան գողացել. գող եք բռնել, տարեք ոստիկանական բաժանմունք, ինչո՞ւ եք էստեղ բերել։

Մա Ցիենլին զգաց, որ մի բան այն չէ։ Նրանց տարավ միջանցք ու երկար հարցաքննեց։ Պարզվեց՝ «Հասարակ քաղաքացին» գաղտնի մտել էր Լի Շուծյունի սենյակն ու բռնվել, Յոու Փինն ուզեցել էր տանել ոստիկանություն, բայց «Հասարակ քաղաքացին» պնդել էր, որ Յոու Փինն իր հետ գա այստեղ։

-Ասում է՝ Ձեր օգնականն է, -Յոու Փինը ցույց տվեց նրան, -ա՜խր, օգնակա՞ն։ Մի՞թե այս խելագարը Ձեր օգնականն է։

Մա Ցիենլին խիստ հայացքով զննեց «Հասարակ քաղաքացուն»․

-Ես չեմ ստել, -վախեցած կակազեց «Հասարակ քաղաքացին»՝ պատին հենվելով։ -Քաղաքացիները ոստիկանության օգնականն են, ես էլ քաղաքացի եմ, ինչո՞ւ չեմ կարող օգնական լինել։

-Դու իմ տնից բան ես գողացել, -Յոու Փինը նետվեց նրա վրա, ձեռքը խոթեց գրպանը։ -Ի՞նչ ես գողացել, արագ հանի՛ր։

-Սա ապացույց է, քեզ տալ չեմ կարող։

«Հասարակ քաղաքացին» պինդ բռնեց գրպանն ու թաքնվեց Մա Ցիենլիի ետևում։ Մինչ Մա Ցիենլին կկանգնեցներ նրանց, «Հասարակ քաղաքացին» գրպանից հանեց մի փոքրիկ, կապույտ կազմով օրագիր, թափահարեց Յոու Փինի դիմաց ու գոհունակ ծիծաղեց.

-Դո՛ւ ես Լի Շուծյունի սպանության գլխավոր մեղավորը, սա՛ էլ ապացույցը։ Դուք ասում եք՝ ես ցնդած եմ, ցնդած մարդը կարո՞ղ էր այսքան կարևոր բան գտնել։

Մա Ցիենլին վերցրեց օրագիրը, մի քանի էջ թերթեց ու հասավ «ապացույցին»։ Դա Լի Շուծյունի՝ մեկ տարի առաջվա գրածն էր.

«X թվական, X ամիս, x պայծառ օր

Ամբողջ գիշեր աչք չեմ փակել։

Այն, ինչ կատարվեց գիշերը, ասես մղձավանջ լիներ։ Չէի սպասում, որ նա նման անասուն է. կեսգիշերին մտել էր իմ սենյակ։ Ինձ ո՞ւմ տեղն է դրել։ Ես եթե ամբողջ կյանքում չամուսնանամ էլ, նրա հետ որևէ առնչություն չեմ ունենա։ Սաստիկ բարկացա, նրան դուրս քշեցի. բարեբախտաբար քրոջս չարթնացրի, թե չէ մեծ աղմուկ կբարձրանար։

Չգիտեմ՝ էլի կգա, թե չէ։ Կարծում է՝ ես թույլ եմ ու անպաշտպան, բայց սխալվում է. ավելի լավ է՝ մեռնեմ, քան նրա անամոթ առաջարկին համաձայնվեմ։ Եթե մեկ էլ համարձակվեց գալ, պատուհանից ցած կնետվեմ. մեկ է՝ այս կյանքն ինձ համար ոչ մի իմաստ չունի»։

Կարդալուց հետո Մա Ցիենլիի դեմքի գույնը թռավ։ Նա Սիաո Մային ասաց, որ ուղեկցի «Հասարակ քաղաքացուն», իսկ շվարած Յոու Փինին տարավ ներս։

-Օրագրի «նա»-ն դո՞ւ ես։

-Ես եմ։

Յոու Փինը մի պահ լռեց, ապա գլուխը քորեց ու ասաց․

-Ես եմ, հետո ի՞նչ։ Դա վաղուց էր, այդ օրը հարբած էի։ Ես նրա մահվան հետ ոչ մի կապ չունեմ։ Դա ուղղակի թյուրիմացություն էր։

-Թյուրիմացությո՞ւն, -Մա Ցիենլին քմծիծաղ տվեց, հայացքը լի էր արհամարհանքով ու զայրույթով, բայց սիրտը քարի պես ծանրացել էր։

-Խեղճ կին, -նա շոյեց օրագիրն ու հառաչեց, -այդպես էլ մահացավ, իսկ մեղավորներն ազատության մեջ են։

-Ես մարդասպան չեմ, կինս էլ մարդասպան չէ, -աչքերը լայն բացած գոռաց Յոու Փինը, -Դուք գիտեք, որ նա ինքն է իրեն ցած գցել։

-Դուք մարդասպան չեք, -Մա Ցիենլին որոշ ժամանակ լռեց, ապա շարունակեց, -բայց անմեղ էլ չեք։ Դուք մարդասպան չեք, բայց մարդասպանից շատ ավելի մաքուր էլ չեք. ձեր ձեռքերը թաթախված են Լի Շուծյունի արյունով։

Յոու Փինը գլուխը կախեց, նրա մարմինը դողաց փայտե աթոռի վրա։ Երկար ժամանակ անց գլուխը բարձրացրեց, նայեց Մա Ցիենլիին ու հարցրեց.

-Մեզ կձերբակալե՞ն։

Մա Ցիենլին չպատասխանեց։ Մոտեցավ նրան, վեր քաշեց աթոռից, ապա ուժով հրեց դեպի դուռը։ Յոու Փինը միջանցքում երերաց, հենվեց պատին ու աղերսող հայացքով նայելով Մա Ցիենլիին՝ հարցրեց.

-Մեզ կձերբակալե՞ն։

Մա Ցիենլին սիրտ չուներ պատասխանելու, դուռը շրխկացրեց, կանգնեց դռան մոտ, ծանր հառաչեց ու Սիաո Մային ասաց.

-Ինչ տեսակի հանցագործություն ասես կա... Բայց ինչո՞ւ են որոշ հանցագործներ կարողանում խուսափել օրենքի պատժից։

Ըստ սովորական քննչական ընթացակարգի՝ Լի Շուծյունի գործը պետք է փակվեր, բայց Մա Ցիենլին թղթապանակը թողեց իր դարակում։ Սպանություն՝ առանց մարդասպանի… Չնայած ճշմարտությունը բացահայտվել էր, Մա Ցիենլին ոչ մի ուրախություն չէր զգում։

Ամեն անգամ Մանածագործների փողոցով անցնելիս Մա Ցիենլիին թվում էր, թե ինչ-որ ծանր բան ընկավ հատակին, կարծում էր՝ Լի Շուծյունի հոգին էր լաց լինում. քանի դեռ մահացածը զրպարտված է, ողջերը հանգստություն չեն կարող ունենալ։ Մա Ցիենլին իրեն լավ հետաքննիչ էր համարում, բայց գիտեր, որ շատ գործեր ի վերջո միայն փոշոտվում են դարակներում։

Թարգմանությունը չինարենից՝ Քրիստինե Հովսեփյանի

127
Հոկտեմբեր 26, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: