Ռուզաննա Ոսկանյան․ Նատյուրմորտ կոտլետով

Այս պատմությունն ավարտվելու է իրար գրկած երկու կոտլետի պատկերով։ Ափսեի մեջ սուսուփուս իրենց ուտողին սպասող։ Որ ամենավերջում աղբարկղում են հայտնվելու։ Նատյուրմորտ կոտլետով։

Նա գեղեցիկ էր, խնամված, քայլելիս կիսաժպիտ կար դեմքին, որ բնորոշ է չամուսնացած կնոջը։ Ամուսնացած էր։ Բայց ոչ ամուսինը, ոչ երեխաները այս պատմության մեջ որևէ դեր չունեն։ Թերևս միայն այն բացառությամբ, որ մոր/կնոջ՝ կոտլետների հանդեպ գարշանքը նրանց չէր փոխանցվել։

Կատուներին էլ տանել չէր կարողանում։ Հատկապես կանաչաչյա սևուկին, որին փակել էր պահարանում։ Հույսով, որ վերադարձին մլավոցն է՛լ չի լսի։ Անշնորհակալ սևուկը, որ ճանկռում էր հատկապես նրանց, ովքեր կերակրում էին իրեն։ Կամ էլ ի՛ր բախտը չէր բերել․ հենց կերակրել էր, ճանկերի բարևին էր արժանացել։ Կանաչաչյան այլևս չկա (թեև նրա աչքերի մեջ ես տեսա կատվին), ու բոլորից շատ ինքն է լաց եղել, երբ հասկացել է, որ այդուհետ չի լինի մեկը, որի չլինելն այդքան ցանկանա։ Կամ այլ պատճառով։ Բայց ինքն է լացել բոլորից շատ։ Այդպես ասաց։ Պատճառ չկա չհավատալու։

Kotlet1

Կոտլետները․․․ Միսը մանրակրկիտ աղում են, համեմում, տապակում բոլոր կողմերից, դնում սպիտակ (կամ այլ գույնի․ ուղղակի ես ոսկեզօծված կոտլետը հենց այդպես պատկերացրի) ափսեի մեջ ու ․․․

Ոչ, ոչ, պատկերացնել անգամ չի ուզում։ Այն օրվանից, երբ տեսավ՝ ոնց է սկեսրայրը անլվա միսը ՄԱՆՐԱԿՐԿԻՏ աղում՝ ձեռքերն այդ ընթացքում բոլոր հնարավոր իրերին, տեղերին քսելով, ոնց է մսի մնացորդները սևուկին սիրած ձեռքով պոկռտում մսաղացից՝ մատները ՄԱՆՐԱԿՐԿԻՏ թասի կողքերին քսել-մաքրելով, ոնց է աղալուց հետո թասը դնում կանաչաչյային հասանելի մի տեղ․․․ Ես էլ այդ մսով պատրաստված ոչինչ չէի ուտի։

Դե հա, ինքը չասաց՝ ինչ է տեսել, ինչու է քարից փափուկ ամեն ինչից, հատկապես կոտլետից հրաժարվել, բայց դե երևակայությունն ինչի՞ համար է։ Այդպես է եղել ու վերջ։

Կոտլետ չի ուտում այլևս որևէ տեղ։ Նույնիսկ դրսում։ Նույնիսկ մոր տանը։ Նույնիսկ չծնված մանչուկին կրծքի տակ ունեցած ժամանակ։ Սոված շրջում է։ Կուշաթափվի մի օր շքամուտքում կամ որևէ բարձրահասակ մարդու կողքին (բարձրահասակ, որ անկումն ավելի զավեշտալի-ողբերգական լինի), եթե ամեն Աստծու օր ընկերուհին, զրուցակիցը կամ պարապ մեկը, որ գրեթե ոչինչ չունի անելու՝ ուրիշի մասին հոգ տանելուց բացի, իրեն զբոսնելու, զրուցելու պատրվակով որևէ տեղ չկանչի ու հոգատարություն-փքաբլիթը, հոգատարություն-կարկանդակը բառերի արանքում չմատուցի։

Չհասցրեց ուշաթափվել, ու նրան հիվանդանոց բերեցին։ Հիվանդները, անկախ նրանից՝ ինչու են այդտեղ հայտնվել, անգամ եթե նոր կյանք աշխարհ բերելու համար, պիտի սնվեն։ Հիմար կարգ է, բայց այդպես է։ Այո, կոկիկ, մաքուր հիվանդասենյակում մարդկային այդ թուլությանը՝ սնվելու գայթակղությանը, տրվել կարելի է։ Շիլայի հոտը հեռվից էլ զգացվում է։ Անգամ ծամել պետք չէ։ Կուլ կտա, ու երջանկությունը սպասել չի տա։ Երկու ակնթարթ է մնացել երջանկության փուլ գալուն։ Երկու ակնթարթ, մինչ կբացի տարայի կափարիչը։

Ներսում տաք, համեղ շիլան է՝ վրան երկու կոտլետ․․․

601
Սեպտեմբեր 23, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: