Ֆուգու ձուկը կարելի է բռնել Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան առափնյա ջրերում։ Այս ձուկը յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար, քանի որ մայրս մահացել է դրանցից մեկն ուտելու պատճառով։ Թույնը գտնվում է ձկան սեռական գեղձերում՝ երկու նուրբ պարկերի մեջ։ Ֆուգու ձուկը պատրաստելիս այս պարկերը հեռացնողը գերուշադիր պետք է լինի, քանի որ ցանկացած անզգուշություն կավարտվի նրանով, որ դրանք կծակվեն, ու թույնը կներծծվի փափկամսի մեջ։ Ցավոք սրտի, դժվար է ասել՝ արդյոք այդ գործողությունը հաջողությամբ է կատարվել, թե` ոչ։ Իմանալու միակ տարբերակը ձուկն ուտելն է, և ինչ լինում է, թող լինի։

Ֆուգուով թունավորումը սարսափելի ցավոտ է և գրեթե միշտ մահացու։ Եթե զոհը ձուկը կերել է ընթրիքին, ապա ցավը սովորաբար վրա է հասնում գիշերը՝ քնած ժամանակ։ Մի քանի ժամ շարունակ զոհը գալարվում է ուժեղ ցավերի մեջ և մահանում առավոտվա կողմ։ Այս ձուկը Ճապոնիայում լայն տարածում գտավ պատերազմից հետո։ Մինչև ավելի խիստ սահմանափակումներ կմտցնեին, խոհանոցում գեղձերի հեռացման այդ վտանգավոր գործողությունն իրականացնելը, իսկ հետո ընկերներին և հարևաններին ճաշկերույթի հրավիրելը շատ հարգի էին։

Երբ մայրս մահացավ, ես ապրում էի Կալիֆոռնիայում։ Այդ շրջանում ծնողներիս հետ հարաբերություններս լարված էին, ուստի մորս մահվան մանրամասներն իմացա երկու տարի անց, երբ վերադարձա Տոկիո։ Մայրս երբեք ֆուգու ձուկ չէր ուտում, բայց, ըստ երևույթին, այդ անգամ բացառություն էր արել հանուն իր դպրոցական ընկերուհու, որին չէր ուզում նեղացնել։ Այս ամենը հայրս պատմեց օդանավակայանից իր տուն գնալու ճանապարհին, որը գտնվում էր Կամակուրա[1] քաղաքում։ Երբ վերջապես հասանք, աշնանային արևոտ օրն իր ավարտին էր մոտենում։

-Ինքնաթիռում մի բան կերե՞լ ես,-հարցրեց հայրս։ Նստած էինք թեյելու համար նախատեսված սենյակում՝ տատամիի[2] վրա։

-Հա՛, թեթև նախաճաշ մատուցեցին։

-Երևի քաղցած ես։ Կիկուկոն հենց գա, կընթրենք։

Հայրս աչքի ընկնող արտաքին ուներ՝ անշարժ լայն ծնոտ և կիտված թավ հոնքեր։ Հիմա, երբ հետադարձ հայացք եմ նետում, հորս նմանեցնում եմ Ջոու-էն-Լային[3], չնայած նա այդքան էլ գոհ չէր լինի նման համեմատությունից, քանի որ միշտ հպարտանում էր, թե սամուրայների ազնվական արյունն է հոսում մեր երակներով։ Նրա ներկայությունը ընդհանրապես չէր տրամադրում հանգիստ և անմիջական շփման, ոչ էլ նրա՝ ցանկացած դիտարկում որպես բացարձակ ճշմարտություն մատուցելու տարօրինակ սովորությունը։ Իրականում, այժմ նստած լինելով նրա դիմաց, վերհիշեցի պատանեկության տարիներից մի միջադեպ, երբ մի անգամ ինձ մի քանի քոթակ էր հասցրել «ծեր կնոջ նման շաղակրատելու համար»։ Տարօրինակ չէ, որ ժամանելուցս ի վեր մեր խոսակցությունը ընդմիջվում էր երկար դադարներով։

-Մեծ ափսոսանք զգացի, երբ իմացա ֆիրմայի մասին,- ասացի ես երկար լռությունից հետո։

Նա մռայլ գլխով արեց։

-Իրականում պատմությունն այդքանով չավարտվեց,-ասաց նա։ -Ֆիրմայի փլուզումից հետո Վատանաբեն ինքնասպանություն գործեց։ Չուզեց ապրել այդ խայտառակության մեջ։

-Հասկանում եմ։

-Տասնյոթ տարի գործընկերներ էինք։ Սկզբունքի և պատվի մարդ էր։ Շատ էի հարգում նրան։

-Նորի՞ց ես զբաղվելու առևտրային գործունեությամբ,-հարցրի ես։

-Ես գործս թողել եմ։ Այժմ չափազանց ծեր եմ նոր ձեռնարկումներ սկսելու համար։ Եվ բացի այդ՝ բիզնեսն այսօր է՛լ առաջվանը չէ։ Գործ ունենալ օտարերկրացիների հետ։ Շարժվել նրանց չափանիշների համաձայն։ Չեմ հասկանում՝ ինչպես այս օրն ընկանք։ Վատանաբեն նույնպես չէր հասկանում։ -Հայրս հառաչեց։ -Հիանալի անձնավորություն։ Սկզբունքի մարդ։

Թեյելու համար նախատեսված սենյակը նայում էր դեպի պարտեզ։ Այնտեղից, որտեղ ես նստած էի, կարող էի նշմարել հին ջրհորը․ երեխա ժամանակ մտածում էի, որ դրա մեջ ուրվականներ են ապրում։ Այժմ այն խիտ սաղարթի միջից էր միայն տեսանելի։ Արևը մայր էր մտել, պարտեզի մեծ մասը ընկղմվել էր խավարի մեջ։

-Ամեն դեպքում ուրախ եմ, որ այստեղ ես,-ասաց հայրս։ -Հույս ունեմ՝ երկար ժամանակով։

-Չգիտեմ։ Դեռ հստակ չեմ որոշել։

-Ես որ պատրաստ եմ մոռանալու անցյալը։ Մայրդ նույնպես միշտ պատրաստ էր քեզ հետ ընդունելու, չնայած որ նա շատ վշտացած էր քո պահվածքից։

-Գնահատում եմ ըմբռնումդ, բայց ինչպես արդեն ասացի, ինքս էլ հստակ չգիտեմ՝ ինչ եմ անելու։

-Հիմա հասկանում եմ, որ ոչ մի վատ մտադրություն չես ունեցել,-շարունակեց հայրս։ -Շատերի նման որոշակի ազդեցության տակ էիր ընկել։

-Գուցե։ Ինչպես որ ասացիր, մոռանա՞նք այդ ամենի մասին։

-Ոնց կամենաս։ Էլի թեյ կուզե՞ս։

Հենց այդ պահին տան մի ծայրից մյուսը մի աղջկական ձայն արձագանքեց։

-Վերջապես,-ոտքի կանգնելով՝ ասաց հայրս։-Կիկուկոն եկավ։

Չնայած տարիքային տարբերությանը՝ ես և քույրս միշտ մտերիմ ենք եղել։ Նորից ինձ տեսնելով՝ նա չափազանց հուզվեց և մի որոշ ժամանակ ոչինչ չէր անում՝ բացի նյարդային հռհռալուց։ Հայրս սկսեց հարցուփորձ անել Օսակայից[4], նրա համալսարանից, և նա որոշ չափով հանգստացավ։ Սկսեց կարճ ու պաշտոնական պատասխաններ տալ։ Ապա դարձավ ինձ՝ մի քանի հարց տալով, բայց հետո զսպեց իրեն, քանի որ վախեցավ, որ իր հարցերը կարող են դեպի անհարմար թեմաներ տանել։ Մի փոքր անց զրույցը դարձավ ավելի խղճուկ, քան մինչև Կիկուկոյի գալն էր։ Վերջապես հայրս վեր կացավ՝ ասելով․

-Ես պետք է հոգամ ընթրիքի մասին։ Կներես, որ ստիպված եմ լքել քեզ նման բաների պատճառով։ Կիկուկոն հոգ կտանի քո մասին։

Հենց որ նա դուրս եկավ սենյակից, քույրս նկատելիորեն թուլացավ։ Մի քանի րոպե չանցած՝ նա հանգիստ շատախոսում էր Օսակայի իր ընկերների և համալսարանի դասերի մասին։ Հանկարծ որոշեց, որ պետք է զբոսնենք պարտեզում և մեծ քայլերով դուրս եկավ պատշգամբ։ Ծղոտե ոտնամաններ հագանք, որոնք դրված էին պատշգամբի բազրիքի մոտ, և դուրս եկանք պարտեզ։ Մթնշաղը համարյա թանձրացել էր։

-Կես ժամ է՝ մեռնում եմ ծխելու ցանկությունից,-ասաց նա՝ ծխախոտը վառելով։

-Ինչո՞ւ ավելի շուտ չծխեցիր։

Նա աչքերի թաքուն շարժմամբ տան կողմը ցույց տվեց, իսկ հետո մի չարախինդ քմծիծաղ նշմարվեց նրա շուրթերին։

-Հաա՜, հասկացա,-ասացի ես։

-Լսի՛ր, ես արդեն ընկեր ունեմ։

-Օօօ՜, իսկապե՞ս։

-Բայց մտորում եմ՝ ինչ անել։ Դեռ չեմ որոշել։

-Միանգամայն հասկանալի է։

-Գիտե՞ս, նա պլանավորում է Ամերիկա մեկնել։ Ուզում է, որ համալսարանն ավարտելուն պես իր հետ մեկնեմ։

-Պարզ է։ Իսկ դո՞ւ։ Դու ուզո՞ւմ ես Ամերիկա մեկնել։

-Եթե մեկնենք այնտեղ, ամենուր պետք է ավտոստոպով գնանք, -Կիկուկոն քթիս տակ պարզեց բութ մատը -Ասում են՝ վտանգավոր է, բայց ես մի քանի անգամ Օսակայում փորձել եմ այդպես երթևեկել, և ոչինչ։ Ամեն ինչ հրաշալի էր։

-Հասկանում եմ։ Այդ դեպքում ո՞րն է անվստահությանդ պատճառը։

Գնում էինք նեղ արահետով, որը ոլորվում էր թփերի միջով և ավարտվում էր հին ջրհորի մոտ։ Քայլելու ընթացքում Կիկուկոն շարունակում էր ծխել՝ մերթընդմերթ թատերականորեն ծխի քուլաներ արձակելով։

-Գիտե՞ս, ես շատ ընկերներ ունեմ Օսակայում։ Ինձ այնտեղ դուր է գալիս։ Համոզված չեմ, որ ուզում եմ նրանց բոլորին անցյալում թողնել։ Իսկ Սուիչին․․․ես հավանում եմ նրան, բայց վստահ չեմ, որ ուզում եմ անընդհատ միայն նրա հետ ժամանակ անցկացնել։ Հասկանո՞ւմ ես։

-Օօ՜օ, այն էլ ինչպե՜ս։

Կրկին քմծիծաղ նշմարվեց նրա շուրթերին։ Հետո ցատկոտելով ինձանից առաջ անցավ, մինչև որ հասավ ջրհորին։

-Հիշո՞ւմ ես,-ասաց Կիկուկոն, երբ մոտեցա նրան,-անընդհատ ասում էիր, որ այս ջրհորում ուրվականներ են ապրում։

-Հա՛, հիշում եմ։

Երկուսս էլ ուշադրությամբ նայեցինք դրա մեջ։

-Մայրիկը միշտ ասում էր, որ այդ գիշեր բանջարեղենի խանութի ծեր կնոջն էիր տեսել,-ասաց նա։-Բայց ես չէի հավատում նրան և երբեք մենակ այստեղ չէի գալիս։

-Մայրիկն ինձ էլ էր այդ նույն բանն ասում։ Մի անգամ նույնիսկ ասաց, որ ծեր կինը խոստովանել էր, որ ինքն էր եղել այդ ուրվականը։ Ըստ երևույթին, մեր պարտեզի միջով անցնելով՝ կարճացրել էր ճանապարհը։ Պատկերացնում եմ՝ ինչ դժվարությամբ է մագլցել այս ցանկապատի վրայով։

Կիկուկոն հռհռաց։ Այնուհետև մեջքով շրջվեց դեպի ջրհորը՝ հայացքով չափելով պարտեզը։

-Մայրիկը իսկապես երբեք քեզ չի մեղադրել,- ասաց նա բոլորովին այլ ձայնով։ Ես լուռ էի։ -Միշտ ասում էր՝ իրենց՝ նրա և հայրիկի մեղավորությունն է, որ քեզ ճիշտ չեն դաստիարակել։ Ասում էր, որ ինձ ավելի շատ են ուշադրություն դարձրել, դրա համար ես այդքան լավն եմ մեծացել։

Նա հայացքը բարձրացրեց, և այն չարախինդ քմծիծաղը նորից նշմարվեց նրա դեմքին։

-Խե՜ղճ մայրիկ,-ասաց նա։

-Հաա՜, խե՜ղճ մայրիկ։

-Վերադառնալո՞ւ ես Կալիֆոռնիա։

-Չգիտեմ։ Տեսնենք։

-Ի՞նչ եղավ նրա․․․նրա հետ․․․դե Վիկիի էլի։

-Ամեն ինչ վերջացած է,-ասացի ես։ -Կալիֆոռնիայում ինձ պահող ոչինչ էլ չկա։

-Կարծում ես՝ արժե՞ գնալ այնտեղ։

-Ինչո՞ւ ոչ։ Չգիտեմ։ Հավանաբար քեզ այնտեղ դուր կգա։ -Հայացք ձգեցի տան կողմ։ -Ավելի լավ է տուն վերադառնանք։ Հնարավոր է՝ ընթրիքի հետ կապված հայրիկին օգնելու բան լինի։

Բայց քույրս ևս մեկ անգամ ջրհորի մեջ նայեց։

-Ոչ մի ուրվական էլ չեմ տեսնում,-ասաց նա։ Նրա ձայնը թույլ արձագանքեց։

-Հայրիկը շա՞տ է վշտացած իր ֆիրման կորցնելու պատճառով։

-Չգիտեմ: Երբեք չես կարողանա հասկանալ հայրիկին։ -Հանկարծ ուղղվեց և շրջվեց դեպի ինձ։ -Պատմե՞ց ծերուկ Վատանաբեի մասին։ Գիտե՞ս՝ ինչ է արել։

-Լսել եմ, որ ինքնասպանություն է գործել։

-Դա դեռ ամենը չէ։ Ամբողջ ընտանիքին այն աշխարհ է ուղարկել։ Կնոջը և փոքրիկ աղջիկներին։

-Ի՜նչ ես ասում։

-Այդ երկու սիրունիկ, փոքրիկ աղջիկներին։ Երբ նրանք քնած էին, գազը բաց է թողել, իսկ հետո մսի դանակն իր փորն է խրել։

-Ա՜յ քեզ բան։ Հայրիկն էլ ասում էր՝ Վատանաբեն սկզբունքի մարդ է։

-Հիվանդի մեկը,-քույրս կրկին նայեց ջրհորի մեջ։

-Զգո՜ւյշ, թե չէ կընկնես դրա մեջ։

-Ոչ մի ուրվական էլ չեմ տեսնում,-ասաց նա, - դու ինձ անընդհատ խաբում էիր։

-Բայց ես երբեք չեմ ասել, որ այն ապրում է ջրհորի մեջ։

-Այդ դեպքում որտե՞ղ է այն։

Երկուսս էլ մեր շուրջը նայեցինք՝ ծառերին, թփերին․․․ Համարյա մութ էր։ Վերջիվերջո ցույց տվեցի տասը յարդ հեռավորության վրա երևացող մի փոքրիկ լուսաշերտ։

-Այնտեղ։ Հենց այնտեղ տեսա դրան։

Հայացքներս հառեցինք լուսաշերտին։

-Լավ չկարողացա տեսնել։ Մութ էր։

-Բայց պետք է որ մի բան տեսնեիր։

-Մի ծեր կին էր։ Նա ուղղակի կանգնել էր այնտեղ ու ինձ էր հետևում։

Շարունակում էինք հայացքներս հառել այդ լուսաշերտին․ կարծես հիպնոսացած լինեինք։

-Սպիտակ կիմոնո էր հագել,-ասացի ես։ -Մի քանի մազ ցցվել էին, և քամին ծածանում էր դրանք։

Կիկուկոն արմունկով հրեց ինձ․

-Հանգստացի՛ր, դու կրկին փորձում ես վախեցնել ինձ։

Տրորեց ծխուկը, այնուհետև մի պահ կանգնած մնաց՝ շփոթված տեսքով ոտքերի տակ նայելով։ Ցատկոտելով՝ սոճու փշերով ծածկեց այն, այնուհետև նորից դեմքին քմծիծաղ հայտնվեց։

-Գնանք տեսնենք՝ ընթրիքը պատրաստ է, թե՝ ոչ,-ասաց նա։

Հորս խոհանոցում գտանք։ Նա արագ հայացք գցեց մեզ վրա, հետո շարունակեց գործը։

-Հայրիկը իսկական շեֆ խոհարար է դարձել, ինչ սկսել է տնարարությամբ զբաղվել,- ծիծաղելով ասաց Կիկուկոն։

Նա շրջվեց և մի սառը հայացք ձգեց քրոջս վրա։

-Հպարտանալու բան չկա,-ասաց նա։ -Կիկո՛ւկո, արի՛ այստեղ և օգնի՛ր ինձ։

Քույրս մի պահ անշարժացավ։ Հետո առաջացավ և վերցրեց պահարանից կախված գոգնոցը։

-Մնում է միայն բանջարեղենը եփել,-ասաց նա,-իսկ մնացածն արդեն գազօջախին է, միայն պետք է հետևես։

Հայրս գլուխը բարձրացրեց և որոշ ժամանակ տարօրինակ հայացքով ինձ էր նայում։

-Ենթադրում եմ, որ կուզես տունը տեսնել,-վերջապես ասաց նա։ Մի կողմ դրեց ուտելու համար նախատեսված ձողիկները, որոնք ամբողջ ժամանակ նրա ձեռքին էին։ -Վաղուց է, ինչ այստեղ չես եղել։

Խոհանոցից դուրս գալիս հետ նայեցի, բայց Կիկուկոն մեզ մեջքով էր կանգնած։

-Լավ աղջիկ է,-հանդարտ ասաց հայրս։

Հայրս ինձ մի սենյակից մյուսն էր տանում։ Մոռացել էի, թե ինչքան մեծ է տունը։ Շարժական միջնորմները սահելով բացվում էին, և հայտնվում էր մյուս սենյակը։ Սակայն սենյակները զարմանալիորեն դատարկ էին։ Սենյակներից մեկում լույսը չմիացավ, և մենք պատուհաններից ներս թափանցող աղոտ լույսի մեջ նայում էինք մռայլ պատերին և տատամիին։

-Մի հոգու համար այս տունը չափազանց մեծ է,-ասաց հայրս։-Այժմ այս սենյակների մեծ մասը չեմ էլ օգտագործում։

Վերջապես գրքերով ու թղթերով լի մի սենյակի դուռ բացեց։ Ծաղկամաններում ծաղիկներ էին, իսկ պատերին՝ նկարներ։ Սենյակի անկյունում դրված ցածր սեղանիկի վրա մի բան նկատեցի։ Մոտեցա և տեսա, որ դա գծանավի պլաստմասե մոդել է, գծանավ, որ կառուցում են տղա երեխաները։ Այն դրված էր թերթի վրա, իսկ շուրջը մոխրագույն պլաստմասե կտորներ էին թափված։

Հայրս ծիծաղեց։ Հետո մոտեցավ սեղանիկին և վերցրեց այդ մոդելը։

-Ֆիրմայի փլուզումից հետո,-ասաց հայրս,-ավելի շատ ազատ ժամանակ ունեմ։ Կրկին ծիծաղեց, բայց այս անգամ ավելի տարօրինակ ձևով։ Մի պահ նրա դեմքը գրեթե մեղմ արտահայտություն ընդունեց․

-Ավելի՜ շատ ազատ ժամանակ․․․

-Տարօրինակ է,-ասացի ես։ -Դու միշտ այնքան զբաղված ես եղել։

-Հավանաբար չափից ավելի զբաղված,-մեղմ ժպտալով նայեց ինձ։ -Հավանաբար պետք է շատ ավելի ուշադիր և հոգատար հայր լինեի։

Ես ծիծաղեցի։ Նա շարունակեց մտազբաղ զննել իր գծանավը։ Հետո բարձրացրեց հայացքը․

-Չէի ուզում ասել, բայց երևի թե ճիշտ կլինի ասելը։ Կարծում եմ՝ մորդ մահը պատահականություն չէր։ Շատ մտահոգություններ և հիասթափություններ ուներ։

Երկուսս էլ ակնապիշ նայում էինք գծանավին։

-Հո մայրս չէ՞ր սպասում, որ ողջ կյանքս այստեղ եմ ապրելու, - վերջապես ասացի ես։

-Երևում է՝ դու չես հասկանում։ Չես հասկանում, թե դա ինչ է որոշ ծնողների համար։ Հերիք չէ՝ կորցնում են իրենց երեխաներին, կորցնում են այնպիսի պատճառներով, որոնք անհասկանալի են։ -Ձեռքի մեջ պտտեց գծանավը։ -Չե՞ս կարծում, որ այս փոքրիկ հրետանավը կարող էր ավելի լավ սոսնձված լինել։

-Հնարավոր է։ Կարծում եմ՝ լավ է ստացվել։

-Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ նմանատիպ մի նավի վրա եմ ծառայել։ Բայց միշտ օդային ուժերին եմ ձգտել։ Այսպես եմ պատկերացրել՝          եթե քո նավը թշնամին խոցել է, միակ բանը, որ կարող ես անել ջրի մեջ, հույս ունենալն է, որ քեզ կփրկեն։ Իսկ ինքնաթիռն ուրիշ է․ այնտեղ միշտ վերջին հնարավորություն կա։ -Նա մոդելը հետ դրեց սեղանիկին։ -Քեզ համար պատերազմը, ըստ երևույթին, դատարկ բան է։

-Ոչ այնքան։

Նա արագ աչքի անցկացրեց սենյակը։

-Ընթրիքը պետք է որ պատրաստ լինի արդեն,-ասաց նա։ -Հաստատ քաղցած ես։

Ընթրիքը մատուցված էր խոհանոցի կողքին գտնվող թույլ լուսավորված սենյակում։ Լույսի միակ աղբյուրը մի մեծ լապտեր էր, որը կախված էր սեղանի վերևում, իսկ սենյակի մյուս մասը խավարի մեջ էր։ Մինչև ընթրիքը սկսելը խոնարհվեցինք իրար։

Սեղանի շուրջ համարյա չէինք խոսում։ Երբ մի քանի քաղաքավարի դիտարկում արեցի ուտելիքի հետ կապված, Կիկուկոն կամաց ծիծաղեց քթի տակ։ Նրա նախկին անհանգստությունը կարծես նորից վերադարձել էր։ Հայրս մի քանի րոպե լուռ էր։ Վերջապես ասաց․

-Ճապոնիայում կրկին գտնվելը պետք է որ տարօրինակ լինի քեզ համար։

-Հա՛, մի քիչ տարօրինակ է։

-Հավանաբար արդեն զղջում ես Ամերիկայում ապրելուդ համար։

-Մի փոքր։ Շատ բան չեմ թողել այնտեղ՝ ընդամենը մի քանի դատարկ սենյակ։

-Պարզ է։

Սեղանի վրայով նայեցի նրան։ Այդ թույլ լուսավորության մեջ հորս դեմքը սառը և վախ ներշնչող արտահայտություն ուներ։ Շարունակեցինք ուտել լռության մեջ։

Սենյակի խորքում աչքս մի բան որսաց։ Սկզբում շարունակում էի ուտել, բայց ձեռքերս անշարժացան։ Մյուսները նկատեցին այդ ու ինձ նայեցին։ Իսկ ես շարունակում էի հայացքս հառել հորս մեջքի հետևում գտնվող մթությանը։

-Այդ ո՞վ է այնտեղ։ Այն լուսանկարի վրա։

-Ի՞նչ լուսանկար,-հայրս դանդաղ շրջվեց՝ փորձելով հետևել հայացքիս։

-Ամենաներքևինը։ Սպիտակ կիմոնոյով ծեր կինը։

Հայրս դրեց ուտելու համար նախատեսված ձողիկները։ Սկզբում նա նայեց լուսանկարին, իսկ հետո՝ ինձ։

-Մայրդ է,-դաժանորեն ասաց նա։ -Չե՞ս ճանաչում սեփական մորդ։

-Մայրս․․․ Հասկանո՞ւմ եք, ուղղակի սենյակում մութ է։ Լավ չտեսա։

Մի քանի վայրկյան բոլորը լուռ էին, հետո Կիկուկոն վեր կացավ։ Իջեցրեց պատից կախված լուսանկարը, վերադարձավ սեղանի մոտ ու այն ինձ տվեց։

-Այս նկարում շատ ավելի ծեր է երևում,-ասացի ես։

-Այդ նրա մահից անմիջապես առաջ է արված,-ասաց հայրս։

-Մութ էր։ Լավ չտեսա։

Հայացքս բարձրացրի ու նկատեցի, որ հայրս ձեռքը պարզել է։ Նրան տվեցի նկարը։ Նա սևեռուն նայեց լուսանկարին, հետո այն մեկնեց Կիկուկոյին։ Քույրս կրկին հնազանդաբար վեր կացավ և լուսանկարը կախեց իր տեղը։

Սեղանի կենտրոնում մի մեծ փակ կաթսա էր դրված։ Երբ Կիկուկոն կրկին նստեց, հայրս կռացավ և բարձրացրեց խուփը։ Գոլորշու մի ամպիկ դուրս պրծավ այնտեղից և գալարվելով բարձրացավ լապտերի ուղղությամբ։ Հայրս կաթսան հրեց դեպի ինձ։

-Պետք է որ քաղցած լինես,-ասաց նա։ Նրա դեմքի մի մասը ընկղմվեց ստվերի մեջ։

-Շնորհակալություն,-ուտելու համար նախատեսված ձողիկներս մոտեցրի կաթսային։ Գոլորշին համարյա այրեց մատներս։-Ի՞նչ է սա։

-Ձուկ։

-Համեղ է բուրում։

-Ապուրի մեջ ձկան կտորներ էին լողում, որոնք այնքան էին կլորացել, որ նմանվել էին գնդակների։ Ընտրեցի դրանցից մեկն ու դրեցի թասիս մեջ։

-Էլի՛ վերցրու։ Այստեղ շատ կա։

-Շնորհակալություն,-մի քիչ էլ վերցրի և կաթսան հրեցի հորս կողմ։ Հետևում էի՝ ինչպես է նա մի քանի կտոր դնում իր թասի մեջ։ Հետո երկուսով հետևում էինք՝ ինչպես է Կիկուկոն վերցնում իր բաժինը։

Հայրս դանդաղ կռացավ։

-Պետք է որ քաղցած լինես,- կրկին ասաց նա։ Մի կտոր ձուկ վերցրեց, դրեց բերանը և սկսեց ծամել։ Ես նույնպես մի կտոր ընտրեցի և դրեցի բերանս։ Ձուկը բավականին նուրբ ու փափուկ էր։

-Շատ համեղ է,-ասացի ես,-ի՞նչ ձուկ է։

-Ուղղակի ձուկ է։

-Շատ լավն է։

Մի քանի րոպե բոլորս լռության մեջ ուտում էինք։

-Էլի կուզե՞ք։

-Շատ է, բոլորիս կհերիքի, - հայրս բարձրացրեց կաթսայի խուփը, և նորից գոլորշի բարձրացավ։ Մենք էլի վերցրինք։

-Վերջին կտորը քոնն է,-ասացի ես հորս։

-Շնորհակալություն։

Երբ ընթրիքն ավարտվեց, հայրս պարզեց ձեռքերն ու բավարարված հորանջեց։

-Կիկո՛ւկո,-ասաց նա,-թե՛յ պատրաստիր, խնդրում եմ։

Քույրս նայեց նրան և առանց որևէ մեկնաբանության դուրս եկավ սենյակից։ Հայրս կանգնեց։

-Արի գնանք ուրիշ սենյակ։ Այստեղ լավ շոգ է։

Ես նույնպես կանգնեցի, և մենք գնացինք թեյելու համար նախատեսված սենյակ։ Այնտեղ պատուհանները լայն բացված էին, և պարտեզից եկող զեփյուռը անարգել ներս էր մտնում։ Մի որոշ ժամանակ լուռ էինք։

-Հայրիկ,-ասացի ես վերջապես։

-Հա՞։

-Կիկուկոն ասում է, որ Վատանաբեն իր ողջ ընտանիքին այն աշխարհ է ուղարկել։

Հայրս աչքերն իջեցրեց և գլխով արեց։ Թվում էր՝ մտքերի մեջ էր խորասուզվել։

-Վատանաբեն շատ նվիրված էր աշխատանքին,-վերջիվերջո ասաց հայրս։-Ֆիրմայի փլուզումը սարսափելի հարված էր նրա համար։ Վախենամ՝ դա թուլացրել էր նրա առողջ դատելու ունակությունը։

-Կարծում ես՝ այն, ինչ արել է, սխա՞լ է։

-Իհարկե։ Դու ա՞յլ կերպ ես մտածում։

-Ո՛չ, ո՛չ։ Իհա՛րկե ոչ։

- Կյանքում բացի աշխատանքից շատ ուրիշ բաներ կան։

-Հա՛։

Նորից լռեցինք։ Պարտեզից լսվում էր մորեխների ճռռոցը։ Դուրս նայեցի՝ դեպի մթություն։ Ջրհորն այլևս չէր երևում։

-Ի՞նչ ես հիմա պատրաստվում անել,-հարցրեց հայրս։ -Մի որոշ ժամանակ կմնա՞ս Ճապոնիայում։

-Անկեղծ ասած, այդքան հեռուն չեմ մտածել։

-Եթե ցանկանաս այստեղ ապրել, դե նկատի ունեմ՝ այս տանն էլի, համեցի՛ր։ Այսինքն՝ եթե ծերուկի հետ ապրելը քեզ հարմար կլինի։

-Շնորհակալ եմ։ Պետք է մտածեմ դրա շուրջ։

Նորից հայացքս հառեցի մթությանը։

-Իհարկե,-ասաց հայրս,-այս տունն այժմ այնքան մռայլ է։ Անկասկած, մի որոշ ժամանակ անց կուզենաս վերադառնալ Ամերիկա։

-Հնարավոր է։ Դեռ չգիտեմ։

-Հաստատ։

Որոշ ժամանակ հայրս ծնկներին դրած ձեռքերն էր ուսումնասիրում։ Հետո հայացքը բարձրացրեց և հառաչեց։

-Մյուս գարուն Կիկուկոն կավարտի համալսարանը,-ասաց նա։ -Հնարավոր է՝ նա ցանկանա ապրել այս տանը։ Խելոք աղջիկ է։

-Հնարավոր է։

-Այդ ժամանակ ամեն բան կկարգավորվի։

-Հա՛, ամեն բան կհարթվի։

Նորից լռեցինք՝ սպասելով, մինչ Կիկուկոն թեյը կմատուցի։

 

[1] Կամակուրան Ճապոնիայի հնագույն քաղաքներից մեկն է, որը հիմնադրվել է 1192 թվականին։ Գտնվում է Կանագավայում՝ Հոնսյու կղզու վրա։

[2] Հատուկ գորգ, որով Ճապոնիայում ծածկում են տան հատակը։ Այն հյուսում են եղեգից և լցնում բրնձի ծղոտով, չնայած վերջերս օգտագործում են նաև սինթետիկ բամբակ։

[3] Չինացի քաղաքական գործիչ։ 1949 թվականից սկսած մինչև իր մահը Ջոու-էն-Լան եղել է Չինական Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի առաջին առաջնորդը։

[4] Խոշոր նավահանգստային և առևտրային քաղաք ճապոնական արշիպելագի Հոնսյու կղզում։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 3656

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: